«Որոշումը Կայ Արդէն, Եւ Աշխատանքը Սկսուել Է. Միանշանակ, Պէտք Է Համագործակցել, Աջակցել»
Հեղինակ՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
«Առաջին լրատուական»ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանդահարեանը:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Գանտահարեան, ինչպէ՞ս էք գնահատում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ներկայ փուլը: Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը իր աշխատանքը սկսել Ռուսաստանի սփիւռքից: Ինչպէ՞ս էք գնահատում այդ հանգամանքը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Կարծում եմ՝ յանձնակատարի առաջին այցի վայրը բոլորովին անակնկալ չէր իբրեւ ընտրութիւն՝ յատկապէս նկատի ունենալով Սփիւռքի ամենամեծ համայնք լինելը, այնտեղ ապրող Հայաստանի քաղաքացիների թիւը, Հայաստանից եւ դէպի Հայաստան ամենաշատ թռիչքների առկայութիւնը եւ նման հանգամանքներ: Վայրի առաջնայնութիւնը քաղաքականացնելու մօտեցման անհրաժեշտութիւն չեմ տեսնում: Յանձնակատարը համայնքների հետ առաւելաբար յարաբերուելու խնդիր եւ առաջադրանք ունի եւ ոչ պետական շրջանակների. այցն այդպէս էլ իրականացուել է, այդ շրջանակներում: Եւ եթէ հայրենադարձութիւնը գլխաւոր գործառոյթ պիտի լինի Սփիւռքի հարցերով զբաղուող յանձնակատարի գրասենեակի համար, ապա Ռուսաստանը այդ առումով արդարացուած է իբրեւ առաջին այցի վայր՝ նկատի ունենալով, որ ամենաակտիւ (ամենաաշխոյժ-Խմբ.) կապը ՀՀի հետ Ռուսաստանի համայնքն ունի. գուցէ ոչ կազմակերպ, այնուամենայնիւ, անհատական, ընտանեկան, ֆինանսական առումներով: Ոչ թէ սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.), այլ ուղղակի օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) յանգմանքներ նկատի ունենալով՝ ես կը նախընտրէի՝ այցի առաջին ուղղութիւնը լիբանանահայ համայնքը լինէր: Լիբանանը, ի տարբերութիւն Ռուսաստանի, կազմակերպ դասական Սփիւռքի ամենավառ օրինակներից է: Սակայն հիմնական պատճառը կը լինէր այն, որ Լիբանանում գործում են ազգային, հոգեւոր, հասարակական եւ կրթական համասփիւռքեան կառոյցների կենտրոնները. կայ համակողմանի ընկալում, որ Բէյրութը Սփիւռքի մայրաքաղաքն է, եւ, կարծում եմ, օրինաչափ կը լինէր այցերի շարքն սկսել Բէյրութից:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանում յեղափոխութիւնից յետոյ տեղի ունեցող զարգացումները: Ներդրողները, ըստ ձեզ, ինչու՞ դեռ չեն շտապում Հայաստան: Հնարաւո՞ր է՝ պատճառն այն է, որ դատաիրաւական բարեփոխումների գործընթացը դեռ աւարտին չի հասել, եւ նրանք զգուշաւոր են:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Ներդրումների հոսքի բացակայութիւնը զուտ դատաիրաւական ոլորտի հետ կապելը չեմ կարծում՝ իրատեսական մօտեցում կը լինի: Երկրներ կան, որտեղ փայլուն չի աշխատում դատաիրաւական համակարգը, այնուամենայնիւ, ներդրումային բիզնեսն աճում է: Եւ, հակառակը: Միայն վերջերս է, որ Լիբանանում ներդրումային իրավիճակը վատացել է. մինչ այդ լուրջ ներդրումներ էին այստեղ, եւ Լիբանանի դատաիրաւական համակարգը համաշխարհային դասակարգումներում շատ հեռու է առաջին հորիզոնականներից: Իհարկէ, չափազանց կարեւոր է իրաւական պետութեան կայացումը, այդուհանդերձ, ներդրումային գրաւչութիւնը զուտ ստանալիք շահոյթի ծաւալների փաստերի հետ է կապուած: Այսօր մարդիկ փորձում են ներդրումներ անել քարտէզի վրայ տնտեսական աճի ենթահող խոստացող մեկնարկային զանազան ոլորտներում: Ընդհուպ նոր կառուցուելիք ճանապարհների, քաղաքների ծրագրերում: Շարժիչ գործօնը այստեղ զուտ շահոյթի ակնկալիքն է, որին կը զիջի դատաիրաւական համակարգի վստահելիութիւնը:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ի՞նչ սպասելիքներ կան յանձնակատարից: Յանձնակատարի ինստիտուտով սփիւռքի նախարարութիւնը փոխելը սփիւռքի կողմից միանշանակ չընդունուեց: Դուք նոյնպէս մտահոգութիւններ ունէիք: Հիմա այդ մտահոգութիւնները փարատուե՞լ են:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Համոզուած եմ, որ ազգի համայնքի մեծամասնութիւնը կազմող Սփիւռքի հետ աշխատող անկախ գերատեսչութիւն պէտք է գործէր. Սփիւռքն իրօք բազմաշերտ է եւ բարդ կառուցուածք ունի: Հիմա որոշումը կայ արդէն, եւ աշխատանքն սկսուել է. միանշանակ, պէտք է համագործակցել, աջակցել: Յանձնակատարի յայտարարութիւնները, հիմնաւորումները եւ աշխատակարգի մասին հրապարակած մօտեցումներն ընկալելի են:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Սփիւռքի յանձնակատարն ասում է, որ ամենակարեւորը Հայաստանի հանդէպ Սփիւռքի վստահութեան ամրապնդումն է: Համամի՞տ էք:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Իհարկէ, վստահութիւնն ու վստահելի եւ հաւաստի լինելը երկկողմանիօրէն աւելի քան անհրաժեշտ են: Բայց դա գալիս է աշխատանքային փորձով, իսկ աշխատանքում անպայման պիտի այնպէս անել, որ Սփիւռքը իր խնդիրների լուծման եղանակների որոշման գործընթացներին մասնակից լինի: Որքան շատ լինեն համատեղ խորհրդակցութիւններն ու քննարկումները, այնքան կը հեշտանայ ծրագրերի իրականացման ընթացքը, մանաւանդ երբ այդ ծրագրի մշակման գործընթացին Սփիւռքի կազմակերպութիւնները կամ փորձագիտական մարդուժի ներկայացուցիչները ներառուած կը լինեն: Միասին քննարկելը, միասին որոշելն ու ծրագիր մշակելը իր հերթին կ՛ամրապնդի փոխադարձ վստահութիւնը, որն աշխատանքի արդիւնաւէտութեան կարեւորագոյն բաղադրիչն է:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Հայրենադարձութեան հայեցակարգ է մշակւում: Որքանո՞վ, ըստ ձեզ, այն կարող է կենսունակ լինել: Որքանո՞վ է գայթակղիչ սփիւռքահայերի համար, որ նրանք վերադառնան Հայաստան:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ.- Թւում է, որ հայրենադարձութիւնը Սփիւռքի հարցերի գրասենեակի գլխաւոր գործառոյթներից է, որը ճիշդ է եւ ռազմավարական նշանակութիւն ունի: Հայրենադարձութիւն հասկացութիւնը ենթաընկալումներ ունի: Ուսանողներ, որոնք սովորում են կամ սովորելու են հայրենիքում: Գործարարներ, որոնք ներդրումներ կարող են անել կամ ներդրում են արդէն երկրում: Նրանք, որոնք բնակարաններ են վերցրել, որոնք իբրեւ թոշակառու հաստատուել կամ հողատարածք են գնել Հայաստանում եւ այլն: Սփիւռքը այսօր բազմաթիւ երկրների հետ կապուած երեւոյթ է. այստեղ համեմատական սփիւռքագիտութեան ուսումնասիրութիւնները կարող են օժանդակել հայեցակարգային եւ աշխատանքային ծրագրեր մշակելիս: Հայկական Սփիւռքի տարբեր աշխարհագրական միջավայրերից հայրենադարձութեան տարբեր շարժառիթներ կարող են լինել. մի տեղ՝ պատերազմական ճգնաժամի հետեւանքով, այլ տեղ՝ տնտեսական տագնապի պատճառով, մէկ այլ տեղ՝ թոշակի անցած մարդու՝ հայրենիքում ապրելու մղումով եւ այլ պատճառներով: Ըստ միջավայրային պայմանների՝ անհրաժեշտ է մշակել տարբեր ենթառազմավարութիւններ: 21րդ դարում որեւէ երկրի քաղաքացի կարող է մի քանի հասցէ ունենալ բնակուելու կամ աշխատանքի առումով: Քիչ չեն նաեւ այն հայերը, որոնք տարբեր երկրների հասցէներ են գրանցել իրենց այցեքարտերի վրայ: Հաւատացած եմ, որ հայ մարդը որտեղ էլ բնակուի, իր հասցէների ցանկին պիտի ներառի Հայաստանի Հանրապետութիւնը: Ցանկալի կը լինէր, որ այն ցանկում առաջինը լինէր: