ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ
Ազգային Ժողովի պատգամաւոր
Չորսօրեայ պատերազմի ընթացքում` 2016 թուականի ապրիլի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութիւնը յատուկ հաշուեհամար էր բացել: Այս քայլի նպատակն էր հնարաւորութիւն տալ, որ բոլոր ցանկացողները կարողանան ուղիղ դրամական օժանդակութիւն ցուցաբերել Արցախին: Ապրիլի 4-ից մինչեւ օրս յատուկ հաշուեհամարում կուտակուել է 4 միլիառ 661 միլիոն դրամ, որից յուլիսի 1-ի դրութեամբ ծախսուել է 2 միլիառ 101 միլիոն դրամը:
Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը օգոստոսի սկզբին հանդէս եկաւ նախաձեռնութեամբ` մի խումբ հասարակական-քաղաքական գործիչների Արցախ հրաւիրելու եւ ներկայացնելու, թէ ի՛նչի վրայ են ծախսուել գումարները եւ ինչպէ՛ս: Այդ խմբի կազմում ընդգրկուած էին Ազգային ժողովի պատգամաւորներ Թեւան Պօղոսեանը, Յովհաննէս Սահակեանը, տեղեկատուական անվտանգութեան փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը, razm.info կայքի գլխաւոր խմբագիր Կարէն Վրթանէսեանը, իրաւապաշտպան Արտակ Կիրակոսեանը, Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Անահիտ Բախշեանը, «Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հանրային խորհուրդ» հասարակական կազմակերպութեան նախագահ Մասիս Մայիլեանը եւ ես:
Օգոստոսի 12-15 տեղի ունեցած այցի ընթացքում երկու անգամ հանդիպում ունեցանք Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Յարութիւնեանի, պաշտպանութեան բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանի, Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արշաւիր Ղարամեանի հետ (առաջին հանդիպմանը ներկայ էր նաեւ Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանը): Օգոստոսի 13-14-ին անցանք արեւելեան առաջնագծի ողջ երկայնքով` Արաքսի ափից մինչեւ Թալիշ: Հասկանալիօրէն` հէնց այստեղ է օգտագործուել յատուկ հաշուեհամարի միջոցների առիւծի բաժինը, եւ այցի արդիւնքներով կարելի է ասել` առաջնագծում սկիզբ են առել դրամատիկ փոփոխութիւններ:
Ձախողուած Հրասայլային Պլիցքրիկ
(Արագ Շարժումով Առաւելագոյն Նուաճում)
Հիմա արդէն բոլորն են ընդունում, որ չորսօրեայ պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղտամի) դիմաց ազրպէյճանական Քարադաղլի գիւղի ուղղութեամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարուածն էր, որի ընթացքում ազրպէյճանցիները առնուազն երեք հրասայլ են կորցրել եւ մօտ 200 զոհ տուել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացուել է այն բանից յետոյ, երբ պաշտպանութեան բանակը խորքային հետախուզութեան միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշուած ուղղութեամբ տեղի է ունենում զօրքերի, հրասայլերի խոշոր կուտակում եւ որոշում է կայացուել հրետանային ծաւալուն գործողութիւններով ցրել հակառակորդի կուտակումը: Այցի ընթացքում մեզ ներկայացուեց ապրիլի 4-ի հրետանային գործողութեան տեսագրութիւնը: Ռազմական փորձագէտները համոզուած են. գործողութեամբ կանխուել է հակառակորդի յարձակումը Աղտամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղութեամբ:
Այդ դրուագում հայկական հրետանու ճշգրտութիւնն, ի հարկէ, առասպելների առիթ է դարձել, բայց տուեալ դէպքում առաւել կարեւոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ յայտնաբերուել է թշնամու հրասայլային շարասիւնը, դէպքից ընդամէնը մէկ ամիս առաջ է գործարկուել, ու հիմա ակնյայտ է, որ եթէ այդ համակարգը չլինէր, հետախուզութեան սովորական միջոցները կարող էին եւ չյայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակութիւն կ*ունենար հայկական կողմի համար: Թերեւս հէնց այս դրուագն է պատճառ դարձել, որ Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը որոշել է խորքային հետախուզութեան այդ նոյն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպէս, որ ճակատի ոչ մի հատուած դուրս չմնայ համակարգի տեսադաշտից:
Չորսօրեայ պատերազմից յետոյ առաջնագծում հսկայական փոփոխութիւններ են տեղի ունենում: Առաջին հերթին, ի հարկէ, կազմածների յագեցուածութեան իմաստով: Պաշտպանութեան բանակի առաջնահերթութիւններից մէկն, ակնյայտօրէն, առաջնագիծը կապի այլընտրանքային համակարգերով ապահովելն է, որոնք կ՛աշխատեն նոր սկզբունքով եւ որակով: Գաղափարը հետեւեալն է` ռադիոկապի եւ լարային կապի գործող միջոցներին պէտք է աւելանան նաեւ ռադիոկապի եւ լարային կապի ամէնաարդիական միջոցներ: Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Յարութիւնեանը հաւաստիացրեց, որ չորսօրեայ պատերազմից յետոյ հարիւրաւոր քիլոմեթր ժամանակակից կապի գծեր են անցկացուել առաջնագծի երկայնքով:
Մի քանի դիրքերում կապի նոր միջոցները ամբողջութեամբ գործարկուած էին, եւ կապի նորամուծութեան ամենակարեւոր իմաստն այն է, որ բանակի հրամանատարին հնարաւորութիւն կը տայ արագ կապուել առաջնագծի մի քանի հարիւր յենակէտերից իւրաքանչիւրի հետ եւ ուղիղ խօսակցութիւն ունենալ` առանց հակառակորդի կողմից լսուելու վտանգի: Համակարգը պէտք է զարգանայ այնպէս, որ առաջնագծի ողջ վիզուալ ինֆորմացիան (տեսանելի տարածքի մասին տեղեկութիւնները) իրական ժամանակում հասանելի եւ տեսանելի լինի բարձրագոյն հրամանատարութեանը եւ գլխաւոր շտաբին:
Յաջորդ ամենակարեւոր նորութիւնն այն է, որ առաջնագծի ողջ երկայնքով տեղի է ունեցել գիշերային դիտարկման սարքերի տեղադրում: Հիմա արդէն գրեթէ բոլոր դիրքերը կահաւորուած են այդպիսի սարքաւորումներով: Նոյնքան կարեւոր է, որ առանց բացառութեան բոլոր դիրքերում ի յայտ են եկել գիշերային նշանոցով զէնքեր, ինչը հնարաւորութիւն է տալիս գիշերային ժամերին հէնց զէնքի նշանոցով ճշդել եւ չէզոքացնել թիրախը: Այսուհանդերձ, պէտք է արձանագրել, որ գիշերային նշանոցով զէնքերը դիրքերում շարունակում են մնալ լայնօրէն պահանջուած: Ընդհանուր առմամբ, տարբեր տիպի ու խորութեան դիտարկման սարքաւորումների տեղադրման աշխատանքները շարունակւում են, եւ բանակի հրամանատարութեան հաւաստմամբ` համակարգը ամբողջական կը դառնայ առաջիկայում:
Ուժանիւթային Ճգնաժամ
Առաջնագիծը ելեկտրոնային միջոցներով յագեցնելը իր հետ բերում է նոր մարտահրաւէրներ: Դիրքերում, ինչպէս գիտէք, ելեկտրական հոսանք չկայ, իսկ բոլոր այդ ելեկտրոնային սարքերը լիցքաւորման կարիք ունեն: Հարցը ներկայ պահին լուծւում է հետեւեալ տարբերակներով. այնտեղ, որտեղ հնարաւոր է` մարտկոցները տարւում են մօտակայ զօրամաս, իսկ որտեղ հնարաւոր չէ` գործարկւում են շարժական ելեկտրածին շարժակներ, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով: Սա հասկանալիօրէն բաւական թանկ եւ երբեմն ոչ յուսալի մեթոտ է: Եւ ահա, խնդրի լուծման ճանապարհին Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը որոշել է յոյս դնել նոր արհեստագիտութիւնների վրայ: Մեր այցի նախորդ օրը յենակէտերից մէկում գործարկուել էր Ստեփանակերտում ստեղծուած մի շարժական արեւային ելեկտրակայան: Այս շարժական կայանը արեւային պանելների միջոցով ելեկտրական ուժանիւթ է ստանում եւ կուտակում մարտկոցների մէջ, որը եւ օգտագործւում է մարտական յենակէտի կարիքները հոգալու համար…
Ջուր` Առաջին Գծին
Յատուկ հաշուեհամարի միջոցների ծախսման յաջորդ կարեւոր ուղղութիւնը դիրքերի ապահովումն է ջրամատակարարմամբ: Ընդհանրապէս առաջնագծում եւ մասնաւորապէս հարաւային ուղղութեամբ, խմելու ջուրը մշտական հարց է եղել բանակի համար: Մեր խումբը ականատես եղաւ, որ ջրագծերի անցկացման պրոցեսը լայն թափով իրագործւում է, եւ առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում առաջնագծի տասնեակ յենակէտեր, կորսուած Վարազաթումբ (Լելէ Թեփէ) բարձունքի մօտակայքում, կ’ապահովուեն մշտական ջրով:
Սա էական փոփոխութիւն է, որովհետեւ զինուորները ո՛չ միայն խմելու թարմ ջրի խնդիր չեն ունենայ, այլեւ դիրքերում կարող են ամէնօրեայ լոգանք ընդունել, ներկայիս շաբաթը մէկ անգամի փոխարէն…
Չորսօրեայ պատերազմի ընթացքում, ինչպէս յայտնի է, հայկական կողմը շուրջ 15 յենակէտի կորուստ է ունեցել: Սրա արդիւնքում անօգտագործելի են դարձել միջդիրքային բազմաթիւ ճանապարհներ, եւ նոր, անվտանգ ճանապարհների անհրաժեշտութիւն է առաջացել: Չորսօրեայ պատերազմից յետոյ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հաւաստմամբ, առաջնագծի տարբեր հատուածներում 56 քիլոմեթր նոր ճանապարհ է կառուցուել, բազմաթիւ ճանապարհներ բարեկարգուել են: Այս աշխատանքները շարունակւում են, բայց իրականացուել են հիմնականում մասնաւոր ընկերութիւնների կողմից տրամադրուած կազմածով, որը պատերազմից յետոյ կամաց-կամաց հեռանում է առաջնագծից: Պաշտպանութեան բանակը եղած ճանապարհները սպասարկելու եւ նոր ճանապարհներ կառուցելու համար անհրաժեշտ շինարարական եւ ինժեներական կազմածի կարիք ունի, քանի որ եղած տեխնիկան հնացած է եւ ըստ էութեան դուրսգրման ենթակայ:
Անպատասխան Հարցեր
Մեր խումբը այցելութեան ընթացքում մեծ ծաւալի տեղեկատուութիւն ստացաւ եւ ընթացող մեծամասշտաբ աշխատանքների ականատեսը դարձաւ: Բայց մի շարք կարեւորագոյն հարցեր մնացին անպատասխան կամ մանրամասն պատասխան չստացան: Իսկ ինչո՞ւ կատարուող աշխատանքները չորսօրեայ պատերազմից առաջ կամ տարիներ առաջ այսպիսի ծաւալներով չէին իրականացւում կամ ընդհանրապէս չէին իրականացւում: Իսկ ինչո՞ւ բանակը չունի համապատասխան քանակի եւ որակի ինժեներական կազմած: Այս հարցերին ի պատասխան` Լեռնային Ղարաբաղի պաշտօնեաները առաջարկով էին հանդէս գալիս. եկէք մտածենք ապագայի եւ ոչ թէ անցեալի մասին: Նման դիրքորոշման պատճառը, իմ տպաւորութեամբ, ոչ այնքան պատասխանների բացակայութիւնն է, որքան դրանց հնարաւոր բովանդակութիւնը: Մի բան ակնյայտ է. երկար տարիներ առաջնագիծը չի արժանացել պատշաճ ուշադրութեան, առաջացած հարցերը չեն ստացել համարժէք եւ համապատասխան արձագանգ: Այս ամէնի մասին Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները չեն ուզում խօսել, կարծում եմ նաեւ այն պատճառով, որ սա նշանակում է բախումի գնալ հայաստանեան գործընկերների հետ: Շատերը չգիտեն, բայց առաջնագծի հետ կապուած հարցերում Լեռնային Ղարաբաղի կառավարութեան եւ իշխանութեան, նոյնիսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութեան հնարաւորութիւններն ու լծակները սահմանափակ են: Քատրային, նիւթական, նիւթատեխնիկական բազմաթիւ հարցեր լուծւում են Հայաստանի մասնակցութեամբ:
Հէնց այս իմաստով առանձնայատուկ նշանակութիւն է ստանում յատուկ հաշուեհամարը: Սա այն հիմնական տեղն է, որից Լեռնային Ղարաբաղի կառավարութիւնը կարող է պաշտպանութեանն ուղղուած ծախսեր իրականացնել սեփական հայեցողութեամբ:
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Յարութիւնեանը մեր առաջին հանդիպման ժամանակ չկարողացաւ զսպել իր վրդովմունքը ընկերային ցանցերում տարածուող գրառումների կապակցութեամբ, թէ յատուկ հաշուեհամարի միջոցները մսխւում են: Մատնացոյց անելով բանակի հրամանատարին, ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանին, Արա Յարութիւնեանը հարցադրում արեց. «Բոլորիս ընտանիքները Ղարաբաղում են ապրում. մենք առաջնագծի համար նախատեսուած միջոցները մսխում ենք, որ թուրքերը գան մեր ընտանիքներին կոտորե՞ն»: Այս թեմայի շուրջ բաւականին ծաւալուն ու բուռն քննարկում ունեցանք:
Իմ եզրակացութիւնը մէկն էր. անպատասխան մնացած հարցերը, մարդկանց մեծամասնութեան համոզմունքը, թէ Հայաստանի եւ հետեւաբար նաեւ Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները կոռումպացուած են, այնպիսի միջադէպերը, ինչպիսիք, օրինակ, Լեռնային Ղարաբաղի պատգամաւոր Հայկ Խանումեանի առեւանգումն ու ծեծը, 2015 թուականի բերձորեան յարձակումը Հիմնադիր խորհրդարանի անդամների վրայ` անվստահութեան վիհ են ստեղծել, եւ սա այլեւս ազգային անվտանգութեան հարց է:
Իսկ որ այդ անվստահութիւնը իր սեւ գործն արել է, երեւում է հէնց թէկուզ յատուկ հաշուեհամարին արուած վճարումների աշխարհագրութիւնից: Հաւաքուած 4 միլիարդ 661 միլիոն դրամի շուրջ 50 տոկոսը փոխանցուել է Հայաստանի Հանրապետութիւնից: Այս արդիւնքի մի հսկայական մասը, համոզուած եմ, պետական հիմնարկներում կիսավարչական մեթոտներով հաւաքուած գումարներն են: Ռուսաստանից արուած փոխանցումները կազմում են 20 տոկոս: Բայց ամենակարեւոր եւ սենսացիոն փաստը. Միացեալ Նահանգներից յատուկ հաշուեհամարը ընդամէնը 116 միլիոն դրամի փոխանցում է ստացել, որն ընդհանուրի 2,5 տոկոսն է: Փոխանցող ենթականերու թիւը ընդամէնը 48 է: Ֆրանսիայի հայ համայնքից 26 ենթակայ է փոխանցում իրականացրել` 8 միլիոն 800 հազար դրամի չափով, որը ընդհանուրի 0,2 տոկոսն է:
Ի հարկէ, բազմաթիւ ամերիկահայեր եւ ֆրանսահայեր օգնութիւն են ուղարկել իրենց խողովակներով: Լեռնային Ղարաբաղի Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արշաւիր Ղարամեանը այսպիսի օրինակ պատմեց. մի սփիւռքահայ իր նախաձեռնութեամբ ինֆրակարմիր ճառագայթով աշխատող հեռադիտակների խմբաքանակ է գնել եւ ուղարկել Ղարաբաղ: Որոշ ժամանակ անց սոցիալական ցանցերում գրել, որ ճշդել է` այդ հեռադիտակներից ոչ մէկը առաջնագիծ չի հասել: Ղարամեանը հաստատեց տեղեկութիւնը, որ այո` այդ հեռադիտակներից ոչ մէկը առաջնագիծ չի հասել, որովհետեւ պարզուել է, որ դրանց ճառագայթումը կիրառողին տեսանելի է դարձնում ազրպէյճանցի դիպուկահարների համար: Ղարամեանը պարզաբանեց, որ որեւէ սարք, սարքաւորում չի կարող առաջնագծում գործարկուել, առանց համապատասխան կառոյցների կողմից քննութեան ենթարկուելու: Շատերը մտածում են, որ եթէ սարքը թանկարժէք է, ուրեմն ամենաօգտակարն է: Մինչդեռ կան բազմաթիւ պարամետրեր, որոնք վիճարկում են այս պնդումը…
Լեռնային Ղարաբաղի կառավարութեան եզրակացութիւնը մէկն է. օգնութեան ամէնաարդիւնաւէտ ձեւաչափը ֆինանսական փոխանցումներն են եւ այս պարագայում է միայն երաշխաւորւում, որ այդ միջոցների ծախսման արդիւնքում ձեռք կը բերուի այն, ինչ տուեալ պահին իրօք անհրաժեշտ է: Բայց միւս կողմից, հաշուի առնելով այն ահռելի անվստահութիւնը, որ գոյութիւն ունի, վարչապետն ու նախարարները ընդունում են, որ յատուկ հաշուեհամարի ծախսումները պէտք է լինեն պատշաճ հանրային, համահայկական վերահսկողութեան ներքոյ: Մեր այցի կարեւորագոյն նպատակներից մէկը հէնց այս խնդրի քննարկումն էր. ի՞նչ անել, որ այդ վերահսկողութիւնը լինի արդիւնաւէտ, վստահելի, միւս կողմից` կարելի լինի խուսափել ռազմական գաղտնիքների հրապարակումից:
(Շար. 1)