“Tehcir ve Taktil” Divan-ı Harb-i Örfî Zabıtları. İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, Derleyenler: Vahakn N. Dadrian, Taner Akçam, Bilgi Üniversitesi Yayınları, İstanbul, 2008, 732 sayfa[1]
ՙՍիրելի~ Հրանտ,
Դու շատ էիր ուզում տեսնել այս գիրքը:
Անընդհատ ինձ ասում էիր. ՙՏուր` տպագրեմ ՙԱկօս՚–ում՚:
Դրա մասին անգամ հիշել էիր մահիցդ 13 օր առաջ
Ֆահրիի հետ Բոնջուք ռեստորանում ճաշելիս:
Ահա և իրականանում է քո բաղձանքը:
Ամեն ինչ` հենց այնպես, ինչպես խոսել էինք…
Հանգի~ստ ննջիր՚[2]:
Վերջին տարիներին պատմագրության մեջ ավելի շատ է ուշադրություն դարձվում այն փաստի վրա, որ իթթիհադականների` հայերի բնաջնջմանն ուղղված քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից պաշտոնապես դատապարտվել է 1919-1922 թթ.` ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավել դատավարությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով: Այդ բոլոր դատական գործերը հարուցվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների (tehcir ve taktil) մեղադրանքով: Երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների` 1919 թ. ապրիլ-հուլիս ամիսներին տեղի ունեցած դատաքննությունների համար հիմք են ծառայել ոչ միայն հայերի տեղահանման և ոչնչացման մեջ կարևոր դեր ունեցած ՙՀատուկ կազմակերպությունը՚ հիմնելու, այլ նաև` առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, տնտեսական չարաշահումներ թույլ տալու, սև շուկայում գործունեություն ծավալելու և երկրի անվտանգությունը խախտելու մեղադրանքները:
Սույն դատավարությունների կայացման փաստն ինքնին արժեքավոր է, քանզի ինչպես նշում է Ն.Հ. Հովհաննիսյանը` հենց այս դատաքննությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով Թուրքիան, ի դեմս սուլթանական կառավարության, արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[3]:
Միաժամանակ այս դատավարությունները կարևորվում են նաև Հայոց ցեղասպանության փաստի հաստատման առումով, քանի որ դատական գործերի նիստերում, հատկապես` 1919 թ. երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարության ժամանակ ներկայացված մեղադրական եզրակացությունները, դատաքննության ընթացքում ունկնդրության արժանացած վկաների և ամբաստանյալների ցուցմունքները, ընթերցված ծածկագիր հեռագրերը ու, հատկապես, դատավճիռներն ընդգրկող փաստաթղթերն անհերքելիորեն ապացուցում են, որ հայերի զանգվածային կոտորածները եղել են կանխամտածված և ծրագրված երիտթուրքերի կուսակցության և կառավարության կողմից:
ՙԳլխավոր դատավարություններ՚ անվամբ հայտնի երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատաքննությունների արձանագրություններն արաբատառ օսմաներենով առաջին անգամ հրատարակվել են 1919 թ. վերջերին Ստամբուլումª ՙՌազմական արտակարգ ատյանի արձանագրության մատյաններ՚ վերնագրով (“Divân-ı Harb-i Örfî Zabıt Cerideleri”): Գլխավոր դատավարությունների արձանագրությունները 1919-1920 թթ. սահմանափակ տպաքանակով, դարձյալ արաբատառ օսմաներենով, տպագրվել են նաև Օսմանյան կայսրության պետական պաշտոնաթերթ ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ի (ՙԻրադարձությունների օրացույց՚) հավելվածներում: Այս պաշտոնաթերթում հրատարակված գլխավոր դատավարությունների բոլոր նիստերի արձանագրություններն առաջին անգամ տառադարձվել են Հայրեդդին Այդընի կողմից` 1991-1994 թթ. Համբուրգի ՙՀասարակագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի՚ իրականացրած մի նախագծի շրջանակներում: Հետագայում Անկարայում ու Ստամբուլում մասնագետներից կազմված երկու խմբեր վերանայել են այդ առաջին ամբողջական տառադարձումը, ուղղել տառադարձման ժամանակ թույլ տրված սխալները, սակայն Հայրեդդին Այդընի կազմած և Անկարայի ու Ստամբուլի մասնագետներից բաղկացած երկու խմբերի վերանայած ժողովածուն տպագրվել է սոսկ օսմանյան բառապաշարով և չի համալրվել ժամանակակից թուրքերեն հոմանիշներով:
Այս մեծ բացը լրացրել են միջազգային ճանաչում ունեցող ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանը և Հայոց ցեղասպանության փաստն ընդունող թուրք պատմաբան, ՙԿլարկ՚ համալսարանի ՙՑեղասպանությունների հետազոտման կենտրոնի՚ տնօրեն, պրոֆեսոր Թաներ Աքչամը։ Նրանց համատեղ կազմած ու 2008 թ. Ստամբուլում հրատարակած ՙՏեղահանություն և կոտորածներ. ռազմական արտակարգ ատյանի արձանագրությունները: Միություն և առաջադիմություն կուսակցության դատավարությունը 1919-1922 թթ.՚ վերնագրով արժեքավոր ժողովածուում ոչ միայն ներկայացված է գլխավոր դատաքննությունների ամբողջական արձանագրությունների` արաբատառ օսմաներենից լատինատառ օսմաներենի տառադարձված տարբերակը, այլև դյուրացված է դրանց ընթերցումը` կից բերված թուրքերեն հոմանիշների միջոցով[4]: Բացի այդ, Վահագն Դադրյանի ու Թաներ Աքչամի համատեղ կազմած գրքում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով կայացած դատավարությունների բազմաթիվ փաստաթղթեր գիտական շրջանառության մեջ են դրվում առաջին անգամ:
Ինչպես գրքի առաջաբանում նշում են հեղինակները, ընդհանուր թվով 13 դատական գործերի մեղադրական եզրակացությունները, դատական նիստերի արձանագրությունները և դատավճիռներն ընդգրկող սույն վավերագրերը էական դեր են խաղում` Հայոց ցեղասպանությանն առնչվող դեպքերի վրա լույս սփռելու գործում: Գրքում քննության է առնվում Հայոց ցեղասպանության իրավական չափորոշիչը` Առաջին աշխարհամարտից հետո կայացած դատավարությունների շրջանակում: Ինչպես նշում է Վահագն Դադրյանը` սույն դատավարությունները կարևորվում են հատկապես այն առումով, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ բարձրաստիճան պետական պաշտոնյաներն ու իշխանավորները ենթարկվում էին դատական պատասխանատվության[5]: Քանզի համաձայն Վ. Դադրյանի` այստեղ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, անտեսելով առկա բազմաթիվ վտանգները, վկայություններ են տվել հօգուտ Հայոց ցեղասպանության զոհերի:
Այս դատական վավերագրերը բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ ի նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության Արդարադատության և Ներքին գործերի նախարարություններին ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը: Բացի այդ` շատ դեպքերում մեղադրյալներին ցույց են տրվել փաստաթղթերի տակ դրված սեփական ստորագրությունները, և նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում: Հենց այս ընթացակարգի շնորհիվ էլ սույն դատավարություններն անգնահատելի աղբյուր են ոչ միայն պատմագիտական, այլև` իրավական տեսանկյունից[6]:
Թեև դատավարությունները կայացել են Օսմանյան կայսրության օրենքների հիման վրա, սակայն դրանք նպաստել են նաև միջազգային իրավունքին առնչվող կարևոր չափանիշների ձևավորմանը, քանզի թուրքական կառավարության ներկայացուցիչներն Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո որդեգրել էին պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված գործողությունները դատապարտող կեցվածք և կիրառել ՙմարդկայնության դեմ հանցագործություն՚ հասկացությունը[7]:
Ուստի, ինչպես նշում է Վահագն Դադրյանը, ՙռազմական դատարանների փաստաթղթերի հավաքականությունը ամենաուժեղ հակաթույնն է թուրքական ժխտողականության դեմ՚[8]:
Գրքում հեղինակները ներկայացնում են դատաքննություններից առաջ հայերի կոտորածների հարցի քննարկումները` ժամանակաշրջանի օսմանյան մամուլում, երկպալատ խորհրդարանում, երիտթուրքերի դեմ կատարված հետաքննությունները, Առաջին աշխարհամարտի տարիներին երկիրը կառավարած երկու օսմանյան վարչակազմերի անդամներին 1918 թ. վերջերին հարցաքննած օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնաժողովի իրականացրած հարցաքննության նյութերը և երիտթուրքերի դատաքննությունները:
Հեղինակներից Թաներ Աքչամը գրքի 152-190 էջերում տեղեկություններ է հաղորդում Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական բոլոր գործերի մասին: Առանձին ենթավերնագրերի տակ են ներկայացված այն դատաքննությունների նյութերը, որոնք ամբողջական կամ մասամբ հրատարակվել են ՙԹաքվիմ-ի վեքայի՚ պաշտոնաթերթի էջերում: Եվ հենց այս դատավարությունների արձանագրություններն էլ ներկայացված են գրախոսվող գրքի փաստաթղթային մասում:
Նրանց շարքում են ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության անդամների դատաքննության 7 նիստերը, որոնք կայացել են 1919 թ. ապրիլի 28-ից մինչև մայիսի 17-ը: Կուսակցության անդամների դատավարության ամբողջական արձանագրությունները տպագրվել են ՙԹաքվիմ-ի վեքայի՚ պաշտոնաթերթի 1919 թ. 3540, 3543, 3547, 3549, 3553, 3557 և 3561 համարների հավելվածներում:
Գրքում ամբողջական են ներկայացված նաև Առաջին աշխարհամարտի ժամանակ երկիրը կառավարած 2 վարչակազմերի անդամների դեմ հարուցված դատական գործերը, որոնք քննվել են 1919 թ. հունիսի 3-25-ին` դարձյալ 7 նիստերի շրջանակներում: Սույն դատավարության նիստերի արձանագրությունները պահպանվել են ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ի 1919 թ. 3571, 3573, 3575, 3577, 3593, 3594 և 3595 համարներում: Գլխավոր համարվող այս երկու դատաքննությունների առնչությամբ 1919 թ. հուլիսի 5-ին կայացվել է նաև մեկ ընդհանուր դատավճիռ, որը հրապարակվել է պաշտոնաթերթի 3604-րդ համարում:
Հաջորդ դատական գործը հարուցվել է ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դեմ, որը սկսել է քննվել 1919 թ. հունիսի 21-ին: ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ում հրատարակվել են սույն դատավարության միայն 3 նիստերի արձանագրությունները, որոնց բնագրերը ներկայացված են գրախոսվող գրքում, իսկ այդ նիստերի մասին օսմանյան այլ պարբերականներում հրատարկված տեղեկությունները բերվում են աշխատության վերլուծական մասումª 153-156 էջերում: ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ում տպագրված արձանագրություններն ամփոփված են նրա 1919 թ. 3586, 3589, 3596 և 1920 թ. 3772 համարներում:
Գրքում ներկայացված են նաև այն դատական գործերը, որոնց փաստաթղթերից ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ում հրատարակվել են միայն դատավճիռները կամ սուլթանի կողմից դատավճիռների վավերացումները: Այդ շարքին է պատկանում Բաբերդի հայերի տեղահանության և կոտորածների դատաքննությունը, որի` օսմանյան ՙԹերջյուման-ը հաքիքաթ՚ օրաթերթում տպագրված ամբողջական դատավճիռը զետեղվել է գրախոսվող գրքի 667-672 էջերում, իսկ սուլթանի կողմից դատավճռի վավերացումը հրատարակվել է ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ի 1920 թ. օգոստոսի 8-ի համարի 673 էջում:
ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ի 1919 թ. օգոստոսի 9-ի 3618 համարում տպագրված Բյույուքդերեի կամ Բողազիչի հայերի և հույների ունեցվածքի կողոպտման մեղադրանքով հարուցված դատական գործի դատավճիռը հրատարակվել է գրախոսվող գրքի 685-688 էջերում:
Չանքըրըում ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզի և հարյուրապետ Նուրեդդինի դեմ դատական գործ է հարուցվել Ստամբուլից Չանքըրը տարագրված հայերի սպանության մեղադրանքով: Վերջինս ընդգրկված է եղել նաև կուսակցության պատասխանատու քարտուղարների դատաքննության ամբաստանյալների ցանկում: Նրա գործը պատասխանատու քարտուղարների դատավարության 10-րդ նիստում (1919 թ. դեկտեմբերի 29) ՙհիվանդության պատճառով՚ առանձնացվել է, և 1920 թ. հունվարի 27-ից սկսվել առանձին դատաքննությունը: Դատավճիռը կայացվել է 1920 թ. փետրվարի 8-ին, համաձայն որի` Ջեմալ Օղուզը հանցավոր է ճանաչվել հայ բժիշկ Չիլինկիրյանի և վերջինիս 4 ընկերների սպանության մեջ: Ըստ դատավճռի` Ջեմալ Օղուզը դատապարտվել է ազատազրկման 5 տարի և 4 ամիս ժամկետով, իսկ փախուստի մեջ գտնվող մեղարդյալ Նուրեդդինը` 6 տարի և 8 ամիս տաժանակիր աքսորի: Գրախոսվող գրքի 689-690 էջերում զետեղվել է սուլթանի կողմից սույն դատավճռի վավերացումը, որը հրատրակվել է 1920 թ. հուլիսի 31-ին ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ի 3917 համարում:
Երզնկայի դատական գործը հարուցվել է ՙտեղահանության ընթացքում հայերի սպանությունների և բնաջնջման՚, ինչպես նաև` նրանց ունեցվածքի կողոպտման մեղադրանքներով: Երզնկայի ոստիկանության հրամանատար Հաֆըզ Աբդուլլահ Ավնիի ներկայությամբ անցկացված դատաքննության արդյունքում վերջինիս նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել, որն ի կատար է ածվել 1920 թ. հուլիսի 22-ին: ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ում (1920 թ. հուլիսի 31, N 3917) հրատարակվել է սուլթանի կողմից դատավճռի վավերացումը միայն, որը տեղ է գտել գրախոսվող գրքի 693-694 էջերում, իսկ ահա ՙՎաքիթ՚ օրաթերթում 1920 թ. հուլիսի 29-ին հրատարակված ամբողջական դատավճիռը` 691-693 էջերում:
Մամուրեթ-ուլ Ազիզի կամ Խարբերդի դատաքննությունն իրականացվել է 1919 թ. հուլիսի 28-ից մինչև 1920 թ. հունվարի 10-ը: Խարբերդի դատը հարուցվել էր հետևյալ մեղադրյալների նկատմամբ. Խարբերդի նախկին նահանգապետ Սաբիթ, Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Բեհաեդդին Շաքիր, կուսակցության պատվիրակ Ռեսնելի Նազըմ, Խարբերդի նախկին գավառապետ Ասըմ, Խարբերդի նախկին պատմագավորներ Սաֆվեթ ու Հաջե Սայիդ, Դերսիմի պատգամավոր Մեհմեդ Նուրի և Մամուրեթ-ուլ Ազիզի հանրակրթական տեսուչ Ֆերիդ: Դատավճիռը կայացվել է 1920 թ. հունվարի 13-ին, համաձայն որի` Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվել է մահվան, իսկ Ռեսնելի Նազըմը, դարձյալ հեռակա կարգով, 15 տարվա տաժանակիր աքսորի: Դատարանն արդարացրել է դատին ներկա գտնվող մեղադրյալներին: Սույն դատաքննությունից ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ում է տպագրվել միայն դատավճիռը, որը հրատարակվել է պաշտոնաթերթի 1920 թ. փետրվարի 9-ի 3771-րդ համարում և տեղ գտել գրախոսվող գրքի 695-699 էջերում:
Օսմանյան կայսրության նահիեների (գավառակների) կառավարիչների դատական գործը հարուցվել էր Դերբենդ նահիեի կառավարիչ Վեջիհիի, Բահչեջիք նահիեի կառավարիչ Ալի Շուուրիի, նախկին բանտապետ Իբրահիմի և վերջինիս ընկերների դեմ` ՙթալանի, կողոպուտի, տեղահանության ու կաշառակերության՚ մեղադրանքներով: Ընդհանուր թվով 6 ամբաստանյալների այս դատաքննությունն սկսվել է 1919 թ. նոյեմբերի 27-ին: Նահիեի կառավարիչների դատաքննության չորրոդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. դեկտեմբերի 7-ին, ամբաստանյալների մեղավորությունը հաստատող ցուցմունքներ են տվել ոչ միայն հայ, այլև` թուրք վկաներ, ովքեր հայտնել են, որ բանտապետ Իբրահիմն ու Բահչեջիք գավառակի կառավարիչ Ալի Շուուրին կտտանքների են ենթարկել հայերին և կողոպտել նրանց գույքը: Դատավճիռն ընթերցվել է 1920 թ. փետրվարի 29-ին, որի համաձայն` մեղադրյալներից Իբրահիմը, որը գտնվում էր փախուստի մեջ, դատապարտվել է 15, ժանդարմ Ֆայիքը` 3 տարվա ազատազրկման, Դերբենդ գավառակի կառավարիչ Վեջիհին` 2 և Բահչեջիք գավառակի կառավարիչ Ալի Շուուրին` 1 տարվա տաժանակիր աքսորի: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին` սերժանտ Ահմեդին ու Հասանին, ապա վերջիններս դատապարտվել են 4 ամիս ազատազրկման: Գրախոսվող գրքի 701-703 էջերում զետեղվել է սույն դատաքննության դատավճռի սուլթանական վավերացումը, որը տպագրվել է ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ի 1920 թ. հուլիսի 11-ի համարում (N 3900):
Տրապիզոնի դատական գործը (20 նիստ) տեղի է ունեցել 1919 թ. մարտի 26-ից մինչև մայիսի 20-ը: Դատավճիռը կայացվել է մայիսի 22-ին: Դատին ներկա գտնվող ամբաստանյալները 7 հոգի էին` Մուստաֆա Նուրին, Մեհմեդ Ալին, Յուսուֆ Ռըզան, կայմակամ Թալեաթը, Ալի Սայիբը, Նիազին և Նուրին: Տրապիզոնի դատավարության 16-րդ նիստում Յուսուֆ Ռըզայի գործն առանձնացվել է և կցվել ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատական գործին: Տրապիզոնի դատավարության ընթացքում հեռակա կարգով քննվել են նաև Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի և կուսակցության պատասխանատու քարտուղար Նայիլի գործերը: Դատավճռի համաձայն` Ջեմալ Ազմին և Նայիլը հեռակա կարգով դատապարտվել են մահվան, Մեհմեդ Ալին` 10, իսկ Մուստաֆան և Նուրին` մեկական տարվա ազատազրկման: Գրախոսվող գրքի 705-710 էջերում տպագրվել է սույն դատավարության միայն դատավճիռը, որը հրատարակվել է ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ի 1919 թ. օգոստոսի 6-ի համարում (N 3616):
Յոզղատի դատավարությունն առաջինն էր հայերի տեղահանության և զանգվածային սպանությունների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում: Դատը (18 նիստ) տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 5-ից մինչև ապրիլի 7-ը: Մեղադրյալները սկզբնապես 3 հոգի են եղել` Յոզղատի մութասարրիֆ, Բողազլըյանի կայմակամ Քեմալը, Յոզղատի ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը և Յոզղատի վաքըֆային վարչության նախկին պաշտոնյա Ֆեյյազ Ալին: 17-րդ նիստում վերջինիս գործն առանձնացվել է` հետագայում քննելու նպարակով, բայց մնացել թղթի վրա: Դատավճիռը կայացվել է ապրիլի 8-ին, համաձայն որի` ամբաստանյալներից Բողազլըյանի կայմակամ Քեմալը դատապարտվել է մահվան, իսկ ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թևֆիկը` 15 տարվա տաժանակիր աքսորի: ՙԹաքվիմ-ի վեքայի՚-ում հրատարակվել է սույն դատաքննության միայն դատավճիռը, որը տպագրվել է պաշտոնաթերթի 1919 թ. օգոստոսի 7-ի համարում (N 3617)։ Այն տեղ է գտել գրախոսվող գրքի 711-714 էջերում: Ի դեպ, ինչպես նշում են հեղինակները, մոտ ապագայում իրենց աշխատասիրությամբ լույս են տեսնելու նաև Յոզղատի և Տրապիզոնի դատական նիստերի արձանագրությունները, որոնք հրատարակվել են օսմանյան օրաթերթերում[9]:
Դեր Զորում հայերի կոտորածների առնչությամբ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում կայացել են երեք տարբեր դատավարություններ: Դրանցից մեկը հարուցվել էր Դեր Զորի ոստիկանապետ Մուստաֆա Օքքեշի դեմ, որի դատաքննությունն սկսվել է 1921 թ. հունվարի 20-ին: Նույն տարվա մարտին մեղադրյալն արդարացվել էª ՙնրան հասցեագրվող մեղադրանքները չհաստատվելու՚ հիմքով[10]: Դեր Զորում կազմակերպված հայերի ջարդերի հաջորդ դատական գործը հարուցվել է փախուստի մեջ գտնվող, Դեր Զորի նախկին կառավարիչ (մութասարրիֆ) Սալիհ Զեքիի դեմ: Բավականին կարճ տևած սույն դատաքննության արդյունքում մեղադրյալը հեռակա կարգով դատապարտվել է մահվան: 1920 թ. ապրիլի 28-ին ընդունված դատավճռում ընդգծվում էր« որ ՙդատաքննության ժամանակ հարցաքննված բազմաթիվ վկաների ցուցմունքների համաձայնª Դեր Զորի կառավարիչ Զեքին Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից դեպի Դեր Զորի սանջակ տեղահանված բազմաթիվ հայերի« դարձյալ տեղահանության պատրվակով« աքսորել է այլ շրջաններª իր իսկ կողմից հրոսակներից կազմված հեծյալ ու հետիոտն ավազակախմբերի միջոցով« և որ նրա պարտադրանքով այս հրոսախմբերը ճանապարհին մեղադրյալի ներկայությամբ հարձակվել են հայերի վրա« հափշտակել վերջիններիս մոտ գտնվող դրամները և իրերը« շատերին դաժանաբար սպանել ու ոչնչացրել են Խաբուր գետի ավազանի հեղեղատներում՚[11]:
Դեր Զորում կազմակերպված հայերի կոտորածների առնչությամբ երրորդ դատական գործը հարուցվել է կոմիսար Իբրահիմի դեմ: 1921 թ. փետրվարի 27-ին սկսված այս դատի հետագա ճակատագրի մասին մամուլում տեղեկություններ չեն հրապարակվել[12]: ՙԱլեմդար՚ օրաթերթի 1920 թ. ապրիլի 30-ի համարում հրատարակված Դեր Զորի կառավարիչ Սալիհ Զեքիի մահվան դատավճիռը զետեղվել է գրախոսվող գրքի 715-716 էջերում:
Գրքի 203-221 էջերն ընդգրկող ՙ1915-ի դեպքերը կազմակերպած և իրականացրած որոշ հանցագործների և մեղսակիցների հարցաքննություններն ու ճակատագրերը՚ վերնագրով գլխում հեղինակները փաստերով ժխտում են թուրքական պաշտոնական պատմագրության այն թեզը, ըստ որի` աքսորյալ հայերի սպանությունները կազմակերպած կամ դրանց մեղսակից դարձած պետական պաշտոնյաների դեմ դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին հետաքննություն է սկսվել, և նրանցից մի քանիսն անգամ դատապարտվել են մահապատժի[13]:
Ինչպես նշում են հեղինակները, թեև ՙԹուրքական պատմագիտական ընկերության՚ նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն իր վերոնշյալ պնդումն ապացուցելու նպատակով 12 տարբեր փաստաթղթեր է վկայակոչել, սակայն այդ բոլոր վավերագրերի բովանդակությունների հետ ծանոթանալուց հետո համոզվում ենք, որ դրանցից ոչ մեկում հանցագործությունների կապակցությամբ հետաքննություն սկսելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում[14]: Ընդհակառակը` Հալաչօղլուի ներկայացրած որոշ փաստաթղթերի համաձայն` նույնիսկ նման որոշ պաշտոնյաներ հայերի կոտորածների համար արժանացել են պետության դրվատանքին: Որպես օրինակ է բերվում Ջեմալ փաշայի կողմից պաշտոնազրկված մի կայմակամ, որին պաշտոնում վերականգնել է Թալեաթ փաշան[15]: Նույն հարցի կապակցությամբ հեղինակները կատարում են նաև մի հետաքրքիր դիտարկում. իրականում Հայոց ցեղասպանության տարիներին օսմանյան կառավարության կողմից պատժվել են միայն այն պաշտոնյաները, ովքեր փորձել են առանց կառավարության համաձայնության տիրանալ հայերի ունեցվածքին, և նման հարցաքննիչ հանձնաժողովներն իրականում հիմնվել են` կողոպուտը վերահսկելու նպատակով: Անգամ Յոզղատի դատավարության` 1919 թ. մարտի 5-ին կայացած նիստում, դատախազը հաղորդել է, թե շրջաններ առաքված հանձնաժողովներն իրավասու չեն եղել հետաքննել հայերի կոտորածները[16]:
Գրախոսվող գրքում քննության է առնվում նաև հայերի կոտորածների կանխամտածված լինելու խնդիրը, քանի որ կանխամտածվածությունը (dolus spesialis) կարևոր չափորոշիչ է` կոտորածները որպես ցեղասպանություն որակելու հարցում: Ըստ հեղինակների` ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության երկու պարագլուխներ, ի դեմս ռազմածովային նախարար Ջեմալի և ներքին գործերի նախարար Թալեաթի, ընդունել են, որ Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշվելու որոշումն անմիջականորեն կապված է եղել Հայկական հարցը բոլոր հայերին հավաքաբար վերացնելու միջոցով լուծելու հետ[17]:
Հեղինակների համաձայն` կանխամտածվածության հարցի ամենաէական չափորոշիչը, թերևս, Յոզղատի, Տրապիզոնի և Երզնկայի դատավճիռներում նշված ՙդիտավորություն՚ (kasıt) բառն է, և այն փաստը, որ դատավճիռների` պատիժները սահմանելու հատվածում հղում է արվում օսմանյան քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածին, որում կիրառվում է ՙկանխամտածված կերպով՚ (taammՖden) եզրը[18]:
Ի պատիվ հեղինակների` պարտավոր ենք արձանագրել, որ Օսմանյան կայսրության ռազմական դատարաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով կայացած դատավարությունների մեծ մասն այս գրքի միջոցով գիտական շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Դա նշանակում է, որ Վահագն Ն. Դադրյանի և Թաներ Աքչամի այս աշխատությունը մեծ ներդրում է Հայոց ցեղասպանության փաստագրության մեջ: Գիրքը կարևորվում է պատմագիտական, իրավական և քաղաքական տեսանկյուններից:
Պատմագիտական տեսանկյունից ուսումնասիրության կարևորությունը նոր փաստաթղթերի հրապարակումն է և Օսմանյան կայսրության ռազմական դատարաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված բոլոր դատական գործերի մասին տեղեկությունների հաղորդումն ու վերլուծությունը:
Իրավական առումով հրապարակվող վավերագրերը պարունակում են Հայոց ցեղասպանության փաստը հավաստող անհերքելի ապացույցներ, հաստատում են հայերի կոտորածների կանխամտածված բնույթը։
Քաղաքական տեսանկյունից Վահագն Դադրյանի և Թաներ Աքչամի աշխատությունը ուղղակի սնանկ է դարձնում ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և մեկ անգամ ևս ապացուցում հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման անիմաստ լինելը:
Ուշագրավ է նաև, որ այս արժեքավոր և ստվարածավալ գիրքը հրատարակվել է Թուրքիայում[19]: Ինչպես նշում են հեղինակները` Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Թուրքիայում շարունակում է հիմնական խնդիր մնալ թեմայի վերաբերյալ բնագիր աղբյուրների մասին անտեղյակությունը: Ուստի` հեղինակներն իրավացիորեն հույս են հայտնում, որ հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունների վավերագրերի սույն ժողովածուն կնպաստի նման անտեղյակության վերացմանը:
Վերջում անհրաժեշտ է արձանագրել այն փաստը, որ 2008 թ. Թուրքիայում հրապարակված այս խիստ արժեքավոր աշխատությունը դեռևս չի թարգմանվել հայերեն, ինչը պետք է դառնա մեր գիտնականների առջև կանգնած անհետաձգելի առաջադրանքներից մեկը:
Մելինե Վ. Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
[1] ՙՏեղահանություն և կոտորածներ՚. ռազմական արտակարգ ատյանի արձանագրությունները: Միություն և առաջադիմություն կուսակցության դատավարությունը 1919-1922 թթ.՚, կազմողներ` Վահագն Ն. Դադրյան, Թաներ Աքչամ, Բիլգի համալսարանի հրատարակչություն, Ստամբուլ, 2008 թ., 732 էջ
[2] Գրքի ընծայագիրը:
[3] Ա.Հ. Փափազեան, Հայերի ցեղասպանութիւնը ըստ երիտթուրքերի դատավարութեան փաստաթղթերի, Լոս Անճելես, 2005, էջ 2-3:
[4] Երիտթուրքերի դատավարությունների վերաբերյալ փաստաթղթեր թարգմանվել ու հրատարակվել են նաև հայերեն: Հիշատակման են արժանի Գրիկէրի (Գրիգոր Կերկերյան) և Ավետիս Փափազյանի աշխատությունները, տե’ս Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, Նիւ Եորք, 1980, Ա.Հ. Փափազյան, Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, Երևան, 1989, նույնը տե’ս նաև` Լոս Անճելես, 2005:
[5] Vahakn N. Dadrian, Taner Akջam, “Tehcir ve Taktil”, Divan-ı Harb-i ՃrfՏ Zabıtları, İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, İstanbul, 2008, s. 5.
[6] Անդ:
[7] Անդ:
[8] Անդ, էջ 6:
[9] Անդ, էջ 167:
[10] Անդ, էջ 170:
[11] Անդ, էջ 715-716:
[12] Անդ, էջ 180:
[13] Անդ, էջ 204:
[14] Անդ:
[15] Անդ, էջ 205:
[16] Անդ, էջ 205-206:
[17] Անդ, էջ 97-98:
[18] Անդ, էջ 98-99:
[19] Գիրքը, ունենալով մեծ պահանջարկ, նույն հրատարակչության կողմից վերահրատարակվել է նաև 2010 թ.: