«Հոգեւորականները Նստացոյցերին Առաքելութիւնն Իրականացնում Են Կաթողիկոսի Օրհնութեամբ». Բագրատ Սրբազան
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դէմ բողոքի ակցիաներին օրեր շարունակ ցուցարարների կողքին են եղել նաեւ հոգեւորականները: Նրանք դա արել են՝ հաշուի առնելով անհանգստութիւններն ու մտահոգութիւնը, որ ունէին Ամենայն Հայոց հայրապետն ու ողջ հոգեւոր դասը: «Արմէնպրէս»ը զրոյցել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի հետ:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».-Սրբազան հայր, մի քանի օր շարունակ Երեւանում ընթանում են բողոքի ցոյցեր ընդդէմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Մենք տեսանք, որ յիշեալ գործընթացին մասնակից էիք նաեւ դուք եւ որոշ հոգեւորականներ. ո՞րն է ձեր դիրքորոշումն այս հարցում: ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Առաջին հերթին կ՛ուզեմ արձանագրել, որ այս գործընթացին հոգեւորականներիս ներկայութիւնը պայմանաւորուած է այն մտահոգութեամբ ու անհանգստութեամբ, որ ունեն Ամենայն Հայոց հայրապետը եւ մեր ողջ հոգեւոր դասը՝ կապուած դէպքերի հնարաւոր վատթար զարգացումների հետ:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Իսկ ի՞նչ է ձեր դիրքորոշումը սակագնի բարձրացման առնչութեամբ:
ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Այո՛, ես ցանկանում էի անդրադառնալ այս հարցին, բայց դուք ինձ կանխեցիք: Ակնյայտ է, որ մեր երկիրը բազմաթիւ սոցիալ–տնտեսական խնդիրների առջեւ է կանգնած: Սա գիտակցում են ամէնքը: Սակագների բարձրացումը սոցիալական յաւելեալ բեռ է ենթադրում: Մենք մտահոգուած ենք նաեւ, որ սոցիալական հարցը այլ շահարկումների ենթարկուելով՝ չյանգեցնի վտանգաւոր եւ անկանխատեսելի հետեւանքների: Մենք մեր առաքելութիւնն այստեղ տեսնում ենք հէնց դրանում, որպէսզի մեր հովուական խնամքով եւ ծառայութեամբ նպաստենք գործընթացների մէջ հանդարտութեան, խոհեմութեան ու զգօնութեան պահպանմանը, երկխօսութեան շարունակականութեանը՝ բացառելով բախումներն ու բռնութիւնները:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Սրբազան հայր, լրատուամիջոցներում երբեմն-երբեմն հարցադրումներ են կատարւում նաեւ կապուած նրա հետ, թէ ինչո՛ւ Ամենայն Հայոց կաթողիկոսը խօսքով հանդէս չի գալիս այս իրավիճակում: Ի՞նչ է ձեր պատասխանը:
ԲԱԳՐԱՏ ԵՊՍ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆ.- Գիտեք, այս օրերի ընթացքին իմ կողմից բազմիցս նշուել է, որ հոգեւորականներս մեր առաքելութիւնն այստեղ իրականացնում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ, եւ մեր ծառայութիւնն արդէն արտայայտում է այն դիրքորոշումը եւ ըմբռնումները, որ ունի Նորին Սրբութիւնը ծաւալուող զարգացումների վերաբերեալ: Առիթից օգտուելով՝ ուզում եմ մի դիտարկում եւս կատարել: Տարօրինակ է, որ տարբեր անձեր փորձում են եկեղեցին յարմարեցնել իրենց պատկերացումներին, մի կողմից՝ ոստիկանապետը եկեղեցու սպասաւորներին հարցադրում է կատարում նրանց մոլորուած լինելու մասին, միւս կողմից՝ որոշ ակտիւիստներ մեղադրում են եկեղեցականներին իշխանութիւններից պատուիրակուած լինելու մէջ, շատ յաճախ խոչընդոտում են նրանց հովուական գործունէութիւնը եւ այլն: Ոմանք էլ իրենց պատկերացումներից ելնելով, ինչպէս արդէն իսկ ձեր հարցադրման մէջ արտայայտում էք, պահանջում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը խօսի, այս կամ այն գործողութիւնները ձեռնարկի: Այս ամէնի մէջ ես տեսնում եմ մի կարեւոր բացթողում. հաւանաբար անդրադարձ չի կատարւում, որ եկեղեցին ունի իր գործելակարգը, սկզբունքներն ու մօտեցումները եւ գործում է համապատասխանաբար: Մենք վստահօրէն կարող ենք ասել, որ Մայր Աթոռը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը մինչեւ այս պահը անհրաժեշտը իրականացրել է եւ շարունակելու է իրականացնել: