«Ուժեղ Հայաստան-Ուժեղ Սփիւռք». Սփիւռքի Գործերի Գլխաւոր Յանձնակատարն Ամփոփում Է Տարին
Վարեց՝ ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ
Վեց ամսուայ ընթացքում Սփիւռքի գործերի յանձնակատարի գրասենեակ է այցելել 100 հայրենադարձ, 400ից աւելին դիմել է կապի այլ միջոցներով, խնդիրները հիմնականում իրաւական, մաքսային, կրթական, բնակարանային են: Հայրենադարձուողների մեծ մասը Լիբանանից, Ռուսաստանից, ԱՄՆից, եւրոպական երկրներից են: Այս մասին «Արմէնպրէս»ի հետ ամփոփիչ հարցազրոյցում նշեց Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը:
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ.- Պարոն Սինանեան, աւարտւում է 2019 թուականը, ինչպիսի՞ տարի էր այն յանձնակատարի գրասենեակի համար, ի՞նչ արդիւնքներ կ՛առանձնացնէիք:
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Ինչպէս գիտէք, գրասենեակը մօտաւորապէս 7 ամիս է, ինչ կազմաւորուել եւ գործում է: Ունենալով գործառոյթների լայն շրջանակ եւ կառոյցի առջեւ դրուած լրջագոյն խնդիրներ՝ մենք նախեւառաջ յստակեցրել ենք Սփիւռքի հետ աշխատանքի ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները, որոնք արտայայտուած են նաեւ 2020 թուականի բիւջէում: Այս տարի մեզ համար մեկնարկային էր, այդ առումով եղան ծրագրեր, որ պահպանեցինք եւ յաջող իրագործեցինք, սկսեցինք Սփիւռքի տարբեր համայնքների հետ երկխօսութիւնն ու փոխճանաչումը, առկայ խնդիրների վերհանումը, որոնց հիմա վրայ էլ նոր ծրագրեր ենք մշակել եւ նախանշել գալիք տարուայ անելիքները: Հիմք դրեցինք Սփիւռքի ուսումնասիրման աշխատանքներին, եւ պատահական չէր, որ առաջին այցս եղաւ հէնց Ռուսաստանի Դաշնութիւն, որն իրաւամբ Սփիւռքի ամենամեծ, ամենաբազմազան եւ բարդ համայնքն է: Եւս մէկ այց եմ ունեցել Ռուսաստան, սակայն այս երկու այցելութիւններս, բնականաբար, բաւարար չեն հսկայական համայնքը ճանաչելու եւ բոլոր խնդիրներին ծանօթանալու համար: Արդիւնաւէտ այցեր եմ ունեցել Կիպրոսի, ԱՄՆի եւ Ուկրաինայի հայ համայնքներ: Վերջինս Սփիւռքի մեծութեամբ 4րդ համայնքն է՝ ահռելի, չիրացուած ներուժով, որը երկար տարիներ գտնուել է հայրենի պետութեան հոգածութիւնից եւ ուշադրութիւնից դուրս: Այս այցերով անուղղակիօրէն նախանշեցինք նաեւ Սփիւռքի քարտէզագրման աշխատանքները:
Իրականացրել ենք «Քայլ դէպի տուն» ծրագիրը, որին այս տարի մասնակցեցին 357 պատանիներ՝ 28 երկրներից: Ծրագիրը կարեւորում եմ հոգեբանական հայրենադարձութեան տեսանկիւնից, եւ միւս տարի եւս այն պահպանելու ենք որոշ ձեւաչափային փոփոխութիւններով: Անցկացուեց երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրը, մասնակցեցին 24 երիտասարդ համայնքային գործիչներ՝ 6 երկրից: Համայնքներում առաջնորդութեան խթանման, համայնքային կազմակերպուածութեան եւ համախմբման առումով ծրագիրն արդիւնաւէտ է: Ընդամէնը 10 օր առաջ ամփոփեցինք «Ներուժ» Սփիւռքի տեխնոլոգիական «սթարթափ»ների ծրագիրը, որն այս տարի իրականցուեց Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան հետ համատեղ: 17 երկրից ընտրուած 47 տեխնոլոգիական «սթարթափ»ների 80 ներկայացուցիչներ Դիլիջանի միջազգային դպրոցում զարգացրին իրենց «սթարթափ»ները, ունկնդրեցին ոլորտի լաւագոյն մենթորներին (առաջնորդներու-Խմբ.) ու քոուչերին (վարիչներու-Խմբ.), ստեղծեցին ցանցային յարաբերութիւններ եւ պայքարեցին պետական դրամաշնորհների համար: Հայրենադարձութեան առումով կարեւոր ձեռքբերում էր Ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, Սփիւռքի, սպորտի եւ երիտասարդութեան մշտական յանձնաժողովում Հայրենադարձութեան մասին օրէնքի մշակման աշխատանքների մեկնարկը, որին ակտիւ մասնակցում են մեր գրասենեակը, ոլորտին քաջատեղեակ հասարակական կազմակերպութիւններ, հիմնադրամներ, անհատներ: Այս օրէնքին զուգընթաց՝ օր օրի նկատելի են դառնում հայրենադարձութեան գործընթացին խոչընդոտող օրէնսդրական բացերը, որոնց բարձրաձայնման եւ բարեփոխումների ուղղութեամբ եւս մենք աշխատում ենք: Անցնող տարուայ ընթացքում նաեւ երկու հաւաք ունեցանք. գործարարների համաժողովը, որին մասնակցեցին 197 անձեր 27 երկրներից, եւ Սրտաբանութեան եւրակովկասեան համաժողովը, որին մասնակցեցին 380 սրտաբաններ Հայաստանից եւ Սփիւռքից:
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ.- Ինչպէս նշեցիք, օրերս իր հանգուցալուծմանը հասաւ կարեւոր ծրագրերից մէկը՝ «Ներուժ»ը: Ասացէք խնդրեմ, ընդհանուր առմամբ ի՞նչ ակնկալիքներ ունենք այս ծրագրից, ի՞նչ արդիւնքների ենք սպասում առաջիկայում:
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Դեկտեմբերի 20ին Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփեցինք «Ներուժ»ի այս տարուայ արդիւնքները: Այս տարի ծրագիրն իրականացրինք Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան հետ միասնաբար: 17 երկրից ընտրուած 47 տեխնոլոգիական «սթարթափ»ների 80 ներկայացուցիչներ ժամանել էին հայրենիք: Քառօրեայ հաւաքը բաւականին արդիւնաւէտ ընթացք ունեցաւ, եւ յատկապէս նշանակալի ծրագիր է իր երկու բաղադրիչներով՝ Հայաստանի տնտեսութեան զարգացմանը եւ հայրենադարձութեանը նպաստելու: 15,000 – 30,000 դոլարին համարժէք պետական դրամաշնորհներ ստացան 6 «սթարթափ»ներ: «Սթարթափ»ները վերաբերում են գիւղատնտեսութեան, աղբահանութեան, սպորտի, ծառայութիւնների ոլորտների զարգացման եւ բարելաւման նպատակով էլեկտրոնային հարթակների ստեղծմանը: Միջոցներ կը ներդրուեն «սթարթափ»ների յետագայ ինկուբացիայի (թխսումի-Խմբ.), աքսելերացիայի (բազմացման-Խմբ.) եւ գլոբալ (միջազգային-Խմբ.) շուկաներ դուրս բերելու միջոցառումների իրականացման համար: Վերջինս հասանելի է լինելու ինչպէս դրամաշնորհի արժանացած «սթարթափ»ներին, այնպէս էլ նրանց, որոնք անկախ մրցանակ չստանալու փաստից, ամէն դէպքում կը ցանկանան ռէալիզացնել (իրականացնել-Խմբ.) իրենց գաղափարը հայրենիքում: Մրցանակային պարգեւներից բացի՝ չորս օրերի հաւաքի ընթացքում «սթարթափ»ները հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու եւ շփուելու հայկական «սթարթափ» էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալու գործնական ուսուցում եւ ուղղորդում հայաստանեան եւ միջազգային փորձագէտների կողմից, ներկայացնելու իրենց «սթարթափ»ը ժիւրիի առաջ՝ կազմուած միջազգային եւ տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագէտներից:
«Ներուժ»ն արդէն իսկ յաջողել է, եւ դա են ապացուցում ծրագրի անցած տարուայ յաղթողների յաջողութիւնները: Նրանք հաստատուել են Հայաստանում, հայրենադարձուել են, աշխատատեղեր են բացել, եւ վստահաբար այս տարուայ յաղթողները եւս կարողանալու են նոյն արդիւնքը գրանցել:
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ.- Ձեր պաշտօնավարման ընթացքում բազմիցս ճանապարհորդել էք, եղել էք տարբեր երկրների հայ համայնքներում: Ի՞նչ հարցեր ու խնդիրներ էք վեր հանել: Առանձնացրե՞լ էք արդեօք, թէ Հայաստանը առաջիկայում ի՛նչ հարցերում կարող է աջակցութիւն ցուցաբերել:
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Ինչպէս նախորդ հարցի պատասխանում նշեցի, այցելութիւններ եմ ունեցել Սփիւռքի 4 համայնքներ, որոնք միմեանցից նկատելիօրէն տարբեր են, եւ բնականաբար, բարձրաձայնուած խնդիրները եւս միմեանցից տարբերւում են: Շատ յաճախ համայնքներում պարզապէս առկայ է չհասկացուածութիւն հայրենի պետութեան կողմից, որի համար հիմք են դարձել երկար տարիներ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում առկայ ձեւականութիւնը, անբովանդակ երկխօսութիւնը, անկեղծութեան պակասը: Մի շարք խնդիրներ բխում են հէնց այս պատճառից:
Գաղտնիք չէ, որ Սփիւռքն այսօր, առաւել քան երբեւէ, կանգնած է ձուլման, ինքնութեան կորստի մարտահրաւէրների առաջ: Գալիք տարիները ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Սփիւռքից պահանջելու են ուժերի լարում եւ համատեղ գործողութիւնների իրականացում, որպէսզի դանդաղեցուի եւ կասեցուի ձուլման գործընթացը: Այս կոնտեքստում (բնաբանին մէջ-Խմբ.) եւս մէկ անգամ կարեւորւում է «Ուժեղ Հայաստան-ուժեղ Սփիւռք» բանաձեւը, որտեղ հզօր, զարգացած, առաջադէմ Հայաստանը ամուր Սփիւռք ունենալու գլխաւոր գրաւականն է: Ցանկացած հայ պէտք է ցանկանայ, ոգեշնչուի իր ինքնութիւնը կապել հայրենիքի, հայկականութեան հետ: Այսօր Սփիւռքում խնդիր է արեւմտահայերէնի պահպանումը, ընդհանրապէս լեզուի կորուստը, հայկական դպրոցների մրցունակութեան բարձրացումը, ադապտացուած (համարկուած-Խմբ.), մատչելի եւ ժամանակակից ուսումնական գրականութեան պակասը:
Մի շարք խնդիրներ, օրէնսդրական բացեր են առկայ հայրենադարձութեան գործընթացում, Հայաստանի կեանքին Սփիւռքի ներգրաւուածութիւնն ընդլայնելիս, բարեգործութիւններ իրականացնելիս, հայաստանեան մի շարք պետական օղակների հետ սփիւռքահայերի շփումներում: Այս ուղղութեամբ Սփիւռքն իրապէս ակնկալում է մեր աջակցութիւնն օրէնսդրական բարեփոխումների, ընթացակարգերի դիւրացման, որոշակի ինտեգրացիոն (միացումի-Խմբ.) եւ աջակցման ծրագրեր մշակելու հարցում: Սրանց ուղղութեամբ մենք աշխատում ենք: Ինչ վերաբերում է հայապահպանութեանը, այստեղ էական է պետականակենտրոն մօտեցումը, Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ ֆիզիկական եւ հոգեբանական վստահելի կապերի ստեղծումը, հայաստանեան կեանքում Սփիւռքի լիակատար ներգրաւուածութեան ապահովումը, փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորումը: Վերջերս աշխատանքային այցով ԱՄՆում էի, եւ իմ հանդիպումներից մէկն ամբողջութեամբ նուիրուած էր արեւմտահայերէնի պահպանման, Հայաստանում արեւմտահայերէնի կենտրոն ունենալու խնդրին:
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ.- Բաւական ժամանակ խօսւում է այն մասին, որ մեծացուի Սփիւռքի ներգրաւուածութիւնը հայաստանեան կեանքում: Ի՞նչ ծրագրեր կան նախանշուած այս ուղղութեամբ:
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Այո, արդէն մասամբ անդրադարձայ այս հարցին: Նախեւառաջ անհրաժեշտ են օրէնսդրական դաշտի բարեփոխումներ, որոնք սահմանափակում կամ պարզապէս անհնարին են դարձնում սփիւռքահայերի ներգրաւումը Հայաստանի պետական համակարգում, քաղաքական կեանքին, որոշակի պաշտօնների նշանակուելիս: Վերջերս իմ հարցազրոյցներից մէկում նշել եմ, որ ապազգային մտածելակերպ է, որ սփիւռքահայն իրաւունք չունի խառնուելու Հայաստանի ներքին կեանքին: Եւ այս ուղղութեամբ մենք պէտք է յամառօրէն աշխատենք: Արդէն իսկ միւս տարուայ ծրագրերում առկայ են որոշ բաղադրիչներ, որոնցով նպաստելու ենք յատկապէս պետական համակարգում Սփիւռքի լաւագոյն ներուժի ներգրաւմանը: Այս ամէնին էապէս նպաստելու է նաեւ Սփիւռքի քարտէզագրումը, որով հասկանալու ենք, թէ աշխարհի ո՛ր ծայրում կոնկրետ ինչպիսի ներուժ է առկայ, եւ ի՛նչ հնարաւոր տարբերակներ կան այս ներուժը ինչ-որ կերպ Հայաստանին կապելու, Հայաստան բերելու համար:
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ.- Տարբեր երկրներ այցերի ընթացքում ՀՀ վարչապետը նշում էր, որ չկայ մէկ միասնական Սփիւռքի կառոյց, ըստ այդմ, այս կամ այն հարցի վերաբերեալ չենք կարողանում ունենալ Սփիւռքի միասնական կարծիք: Ըստ ձեզ՝ ի՞նչ անելիքներ կան այս ուղղութեամբ:
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Գալիք տարուայ մեր 3 համաժողովներից մէկը լինելու է համահայկական համաժողովը, որն իր բովանդակութեամբ եւ ձեւաչափով էականօրէն տարբերուելու է նախկինում իրականացուած նմանատիպ համաժողովներից: Հիմնական հարցերից մէկը, որը դրուած է լինելու համաժողովի առջեւ, համահայկական խորհրդի գաղափարի քննարկումն ու դրա ստեղծման հնարաւորութիւններն են լինելու: Յուսանք՝ կը կարողանանք որեւէ ձեւաչափով, լինի դա խորհրդատուական կամ այլ, հասնել նման մարմնի կազմաւորման, որը էապէս կը նպաստի Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ակտիւացմանն ու գործակցութեան արդիւնաւէտութեանը:
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ.- Անդրադառնանք ՀՀ կառավարութեան խոշոր նախաձեռնութիւններից մէկին՝ հայրենադարձութեան խթանմանը: Սփիւռքի գլխաւոր յանձնակատարի հիմնական անելիքը այս գործում ո՞րն է լինելու, եւ ի՞նչ ծրագրեր կան նախատեսուած այս ուղղութեամբ:
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- Հայրենադարձութեան գործընթացի կանոնակարգման եւ ակտիւացման համար անհրաժեշտութիւն է համապատասխան օրէնքի ընդունումը: Արդէն նշեցի, որ Ազգային ժողովի գիտութեան, կրթութեան, Սփիւռքի, սպորտի եւ երիտասարդութեան մշտական յանձնաժողովում՝ յանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետեանի գլխաւորութեամբ, մեկնարկել են «Հայրենադարձութեան մասին» օրէնքի մշակման աշխատանքները մեր գրասենեակի եւ ոլորտին առնչուող այլ շրջանակների հետ: Միեւնոյն ժամանակ, հայրենադարձութիւն այսօր էլ տեղի է ունենում, մեզ ամէն օր դիմում են հայրենադարձներ: 6 ամսուայ ընթացքում գրասենեակ են այցելել 100 հայրենադարձներ, 400ից աւելին դիմել են կապի այլ միջոցներով, նրանց խնդիրները հիմնականում իրաւական, մաքսային, կրթական, բնակարանային են: Հայրենադարձուողների մեծ մասը Լիբանանից, Ռուսաստանից, ԱՄՆից, եւրոպական երկրներից են:
Հայրենադարձութեան բաղադրիչ ունեն նաեւ միւս տարուայ մեր գրեթէ բոլոր ծրագրերը, որտեղ մենք շեշտը դրել ենք, մասնաւորապէս, հոգեբանական հայրենադարձութեան վրայ:
ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ.- 2020 թուականին որո՞նք են լինելու Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակի առանցքային ծրագրերը: Ի՞նչ անելիքներ կան նախատեսուած յաջորդ տարուայ համար:
ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆԵԱՆ.- 2020 թուականին ծրագրերի իրականացումը մենք բաժանել ենք 2 հիմնական ուղղութիւնների՝ Հայաստան-Սփիւռք գործակցութեան իրականացում եւ ՀՀ զարգացման գործընթացներում Սփիւռքի ներուժի ներգրաւում, որոնց համար ընդհանուր կը պահանջուի 775 մլն. դրամ: Կը շարունակենք «Քայլ դէպի տուն» ծրագիրը: Յաջորդ տարի մենք նախատեսում ենք Սփիւռքից հիւրընկալել 13-22 տարեկան՝ մինչեւ 800 մարդ: Ծրագրի նորութիւնն այն է, որ այս տարի երեխաները հնարաւորութիւն կ՛ունենան այցելելու Արցախ: Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագրին կը մասնակցեն մինչեւ 40 երիտասարդներ: Նախաձեռնել ենք բոլորովին նոր մի ծրագիր, որի ընթացքում կազմակերպելու ենք Հայաստանի հանրային ոլորտում աշխարհի լաւագոյն համալսարանների շրջանաւարտ սփիւռքահայ երիտասարդ մասնագէտների պրակտիկան: Այն նպատակաուղղուած է բարձրագոյն կրթութեամբ, մասնագիտական բարձր որակաւորմամբ սփիւռքահայ մասնագէտներին Հայաստան բերելուն: Իրականացնելու ենք Հայաստան-Սփիւռք գործակցութեան վերաբերեալ իրազեկման ծրագիր, որի շրջանակում պատրաստուելու են փոխճանաչութեանն ուղղուած մեծաթիւ մեդիանիւթեր: Լինելու եմ Սփիւռքի բազմաթիւ համայնքներում եւ տեղում ծանօթանալու եմ խնդիրներին, առաջարկներին:
Բոլորովին առանձին եւ մեծ ծրագիր է Սփիւռքի համայնքներում ուսումնասիրութիւնների իրականացմանը եւ ներուժի բացայայտմանն ուղղուած ծրագիր: Սա ենթադրում է բոլոր հնարաւոր եւ արդիական միջոցներով տուեալների հաւաքագրում, մշակում, համադրում: Այստեղ առաջին հերթին մենք գործ ունենք սփիւռքի ներուժի քարտէզագրման հետ, որը պէտք է իրականացուի ամենաբարձր մակարդակով ու անընդհատ թարմացուող ռեժիմով: Վիրտուալացուելու են քարտէզագրման աշխատանքների ընթացքում ձեռք բերուած տուեալները, ընդհանուր նորարարական, պաշտպանուած հարթակ կը ստեղծուի, կը ներդրուեն թարմացման մեխանիզմներ:
Յաջորդ տարի նախատեսում ենք կազմակերպել 3 համաժողով: Հայաստան-Սփիւռք համահայկական համաժողովում ակնկալւում են մինչեւ 1500 մասնակիցներ Սփիւռքի գրեթէ բոլոր համայնքներից: Համաժողովը նախատեսւում է անցկացնել Երեւանում՝ 3 օր տեւողութեամբ: Համահայկական նշանակութեան խնդիրները քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու եւ աշխարհին ճիշտ ներկայացնելու նպատակով նախատեսւում է Երեւանում կազմակերպել սփիւռքահայ քաղաքական գործիչների եւ պետական պաշտօնեաների համաժողով, որին հրաւիրուելու են աշխարհում հայազգի պետական պաշտօնեաները, քաղաքագէտները, միջազգայնագէտները եւ այլն: Ակնկալւում է մինչեւ 100 հոգու մասնակցութիւն Սփիւռքից: Սփիւռքի ներդրումների եւ բարեգործութեան համաժողովի նպատակն է լինելու Սփիւռքի գործարարներին եւ ներդրողներին ներկայացնել ՀՀում ներդրումային պետական քաղաքականութիւնը, Հայաստանի եւ Սփիւռքի գործարարների միջեւ համագործակցութեան հաստատումը, ինչպէս նաեւ համատեղ ներդրումային ծրագրերի կազմումը եւ իրականացումը, համակարգային խնդիրների վերհանումն ու քննարկումը, անցեալի փորձից դասեր քաղելը: Համաժողովի նպատակն է նաեւ ուսումնասիրել Սփիւռքի կողմից տարբեր տարիներին իրականացուած բարեգործական ծրագրերը, դրանց արդիւնքները, համադրել իրականացուող բարեգործական ծրագրերը, բարեգործների միջեւ փոխադարձ համագործակցութեան հաստատումը եւ իրականացուող ծրագրերին Սփիւռքի կողմից վերահսկողութեան մեխանիզմների մշակումը: Համաժողովին նախատեսւում է Հայաստան հրաւիրել մինչեւ 300 սփիւռքահայ գործարարների, ներդրողների, տնտեսագէտների, բարեգործների: