«ԱԿՕՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՎԱՐԴԱՊԵՏԸ» ՖԻԼՄԻՆ ՀԵՂԻՆԱԿ ՍՕՍԻ ԽԱՆԻԿԵԱՆԻ ՀԵՏ
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ
Կոմիտաս Վարդապետի ծննդեան 151րդ տարեդարձին ընդառաջ Սօսի Խանիկեանի հետ մեր զրոյցը Սեպտեմբերի 27ին սկսած Արցախի պատերազմը ընդհատեց: Դեռեւս 2019ին Հանրային հեռուստաընկերութիւնը հեռուստադիտողների դատին ներկայացրեց «Վարդապետը» փաստավաւերագրական ֆիլմը (Սեպտեմբերի 26ին այդ ֆիլմի ստեղծման մասին էինք զրուցում ֆիլմի հեղինակի՝ Սօսի Խանիկեանի հետ): Պատերազմից բացի ինչի՞ մասին պիտի խօսէինք թէկուզ Կոմիտասի տարեդարձին: Յետոյ ի՞նչ իմանայինք, որ պատերազմից յետոյ պիտի խօսէինք նաեւ Կոմիտասի մասին… Հարցրէք հայերին, Սօսիին, թէ ի՞նչ են զգում: Այս օրերին բոլորս դարձանք Կոմիտաս, բոլորս խորապէս զգացինք Կոմիտասի անյատակ լռութեան մէջ զսպուած մահացու ցաւը: Հիմա էլ մե՛ր ականջներում ու մե՛ր հոգիներում Կոմիտասի կենդանի ձայնն է. «Հո՛վ արէք, սարեր ջան, հո՛վ արէք, իմ դարդին դարման արէք…»:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.- Սօսի, ձեր ուսերին դրուած էր լուրջ եւ ծանր պարտականութիւն՝ ծնունդ տալ «Վարդապետը» ֆիլմին. ինչպէ՞ս յաջողեցիք: Չէ՞ որ ֆիլմում սկզբից մինչեւ վերջ պէտք է անցնէիք Կոմիտասի կեանքի ճանապարհը:
ՍՕՍԻ ԽԱՆԻԿԵԱՆ.- Դա իսկապէս բարդ եւ սկզբում անյաղթահարելի թուացող ճանապարհ էր: Առաջին հերթին մեծ պատասխանատուութիւն էր վարդապետի մասին ֆիլմը նկարելը, յետոյ՝ բովանդակային առումով նիւթն անսպառ էր. Կոմիտասի կենսագրութեան իւրաքանչիւր շրջան կարող է առանձին մեծ ֆիլմի թեմա դառնալ: Կոմիտասի կենսագրութեան մէջ շատ էին նաեւ հակասական տեղեկութիւնները եւ պէտք էր շատ մանրակրկիտ ուսումնասիրել ճիշդը գտնելու համար: Մենք որոշեցինք յենուել բացառապէս միայն Կոմիտասի թողած ինքնակենսագրութիւնների եւ նամակների վրայ: Լայն էր նաեւ ֆիլմի աշխարհագրութիւնը եւ այդտեղ նոյնպէս բարդութիւններ կային: Ֆիլմը նկարահանուել է Եւրոպայի եւ Ասիայի ինը քաղաքներում եւ այդ վայրերում նկարահանումների թոյլտուութիւն ստանալը նոյնպէս շատ խնդրահարոյց էր: Կարող եմ ասել ամենադժուարը նախապատրաստական շրջանն էր. օրեր էր լինում, երբ տասնեակ նամակներ էինք գրում: Ինձ շատ օգնեց ֆիլմի ստեղծագործական թիմի անհավանական նուիրուածութիւնը, Հանրային հեռուստաընկերութեան ղեկավարութիւնն՝ ի դէմս Մարգարիտա Գրիգորեանի եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը: Չեմ ուզում զգացական թուալ, սակայն մենք իւրաքանչիւր պահի զգում էինք օգնութիւն նաեւ վերեւից: Անհնարին թուացող արգելքներն ինչ-որ հրաշքով յաղթահարւում էին: Օրինակ, Վիլ-Էվրար հոգեբուժարանից նկարահանման թոյլտուութիւն ստանալը տառացիօրէն անհնար էր: Այնտեղ բոլոր տեսակի նկարահանումներն արգելուած էին, համաշխարահային ճանաչուած գրեթէ բոլոր հեռուստաալիքները մերժուել էին տարիներ շարունակ, բայց մեզ ինչ-որ հրաշքով թոյլատրեցին:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.- Կոմիտասի հայրական տունը գտնելը նման էր իսկական հրաշքի, ասւում է ֆիլմում: Ինչպէ՞ս էք գտել Կոմիտասի հայրական տունը: Դէպի Քիւթահիա ձեր ուղեւորութիւնը ի՞նչ ուշագրաւ դրուագներով է հարուստ:
ՍՕՍԻ ԽԱՆԻԿԵԱՆ.- Նախ ասեմ, որ Թուրքիայի նկարահանումների ժամանակ մեզ շատ օգնեց Սեւ ծովեան տնտեսական համագործակցութեան Հայաստանի ներկայացուցչութիւնը, ուզում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել Սահակ Սարգսեանին եւ Նաղաշ Յակոբեանին: Բանն այն է, որ մենք միայն նկարներ ունէինք Կոմիտաս վարդապետի հայրական տնից, որոնք անգամ արուել էին 15 տարի առաջ: Այն ժամանակ տան վայրը ցոյց էր տուել Կոմիտասի Քիւթահիայում բնակվող վերջին բարեկամը: Մեզ բոլորը զգուշացնում էին, որ անհնար է գտնել վարդապետի հայրական տունը: Հասցէները փոփոխուած էին եւ մեզնից առաջ շատերը բազմիցս փորձել էին գտնել, սակայն ապարդիւն: Մենք որոշեցինք, ինչ էլ լինի փորձել: Ինձ եւ բեմադրիչ Գուրգեն Ճանիբեկեանին ուղեկցում էր Սեւ ծովեան տնտեսական համագործակցութեան Հայաստանի ներկայացուցչութեան աշխատակից պարոն Յակոբը: Մենք երեւի կէս րոպէ էր, ինչ մտել էինք Քիւթահիայի կեդրոն, երբ բեմադրիչը վարորդին պատահական խնդրեց յաջորդ նրբանցքից թեքուել ձախ: Մենք թեքուեցինք ու ես քարացա. մեր առջեւ էր այն տունը, որ պատկերուած էր նկարներում՝ Կոմիտասի հայրական տունը: Տանն այժմ ապրում են մահմետականներ, որոնք գիտեն, որ այստեղ ժամանակին ապրել է մեծ մի երաժիշտ: Կոմիտասի մասին գիտէին ու մեզ ոգեւորուած պատմեցին նաեւ քիչ հեռու կանգնած Իսթանպուլից եկած ճարտարապետական խմբի անդամները, որոնք երբեմնի հայկական այդ փողոցը վերականգնում էին որպէս թուրքական մշակութային արժէք: Բարդ էին նկարահանումները, եւ գրեթէ անհնարին նաեւ քաղաքի երկու հայկական եկեղեցիներից մէկում, որից ընդամէնը մէկ պատ է մնացել, եւ որի տարածքում այսօր գտնւում է թուրքական «Քանալ- 43» հեռուստաալիքը: Միւս եկեղեցին քանդուել է հիմնայատակ: Խիստ գաղտնիութեան պայմաններում մեզ յաջողուեց նկարահանել մի քանի պատկեր: Սրանք ուղղակի խօսքեր չեն, բայց նկարահանման ողջ ընթացքում Գերմանիայից մինչեւ Ֆրանսիա, Վրաստանից մինչեւ Թուրքիա՝ զգում էինք Կոմիտասի ներկայութիւնն ու օգնութիւնը:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ինչպէ՞ս ընդունուեց ֆիլմը հանրութեան կողմից: Ի՞նչ ճանապարհ անցաք ֆիլմի հետ՝ Կոմիտասի հետ:
ՍՕՍԻ ԽԱՆԻԿԵԱՆ.- Ինձ համար մեծ ուրախութիւն էր, որ հասարակութիւնն ու ոլորտի մասնագէտները՝ թէ՛ կոմիտասագէտները եւ թէ կոմիտասասէրները սիրեցին ֆիլմը, եւ հնչեցին բացառապէս դրական կարծիքներ: Միայն մէկ վատ հրապարակում է եղել մամուլում, որն ակնյայտօրէն պատուիրուած յօդուած էր՝ իրականութեան հետ կապ չունեցող պնդումներով: Ցաւօք, համավարակը խանգարեց, որպէսզի ֆիլմի արտերկրեայ նախատեսուած բոլոր ցուցադրութիւնները տեղի ունենան: Ֆիլմում հեղինակի խօսքին զուգահեռ, անընդհատ հնչում էր Կոմիտասի խօսքը՝ մէջբերւում էին հատուածներ նրա ինքնակենսագրութիւններից եւ նամակներից, եւ թէ՛ մենք, թէ՛ հեռուստադիտողն ամէն վայրկեան զգում էր Կոմիտասի շունչը: Ֆիլմի հետ կապուած մի հետաքրքիր բան էլ կար. ֆիլմի վրայ աշխատող իւրաքանչիւր մարդ ինքնամոռաց սիրահարւում էր Կոմիտասին եւ նրա կատարած ազգանպաստ ահռելի գործին: Մեր մոնտաժի ռեժիսորն այնքան էր տարուել Կոմիտասով, որ անգամ նրա ձեռագրերից վերցուած տառերով համակարգչային առանձին ֆոնտ էր ստեղծել:
ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ.- Ինչե՞ր ապրեցիք ու զգացիք այն վայրերում, որտեղ դեռ Վարդապետի հետքերն են ապրում:
ՍՕՍԻ ԽԱՆԻԿԵԱՆ.- Ի հարկէ, զգացմունքային առումով շատ ծանր է քայլել, օրինակ Քիւթահիայում, որը ժամանակին եղել է արհեստաւորների ծաղկուն հայկական քաղաք, եւ որտեղ այսօր հայկական ոչինչ չի մնացել, բացի եկեղեցու մի պատից եւ հայերի կառուցած տներից, որտեղ ապրում են մահմետականներ: Դու կարծես վերադարձած լինես տուն, որն արդէն քոնը չէ: Շատ յուզիչ էր նաեւ լինել իսթանպուլեան այն վայրերում, որտեղ վարդապետն ապրել է ու աշխատել եւ որտեղից նրան տարել են աքսորի (Հայտար Փաշա կայարան): Մահմետականացուած, փոփոխուած Պոլսում այսօր դեռ զգացւում է հայկական ժառանգութեան ազդեցութիւնն ու Կոմիտասի շունչը: Երբեմնի հայաշատ այդ վայրերում էլ աւելի ես արժեւորում պատմութիւնը, նորովի ըմբռնում ներկան ու մտածում ապագայի մասին: