ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Կամ` ինչպէս ծիտը երազում կորեկ տեսաւ
Ինչ խօսք, շփոթել հնարաւոր չէ, հայելին տեղական, այսինքն ազրպէյճական արտադրութեան է եւ, որպէս այդպիսին, դարձեալ ծուռ է: Եւ քանի որ սովորաբար նրա մէջ ամէն ինչ` մարդու պատկեր լինի, թէ առարկայ, աղաւաղուած տեսքով է արտացոլւում, ուստի եւ, իբրեւ խոտան արտադրանք, ապրանքն այդ ամենեւին յարգի չէ ու ենթակայ չէ արտահանման: Բնականաբար պահանջարկ չունենալով համաշխարհային շուկայում` այն սպառւում է բացառապէս արտադրող երկրում` Ազրպէյճանում:
Ընդ որում, հիմնական պատուիրատուն հէնց այդ երկրի` Ազրպէյճանի իշխանութիւններն են, ում համար վաղուց ի վեր արմատացած աւանդոյթի ուժով առաւելապէս ձեռնտու, շահեկան է երեւոյթները, իրադարձութիւններն ու մարդկանց ներկայացնել սեփական արտադրութեան ծուռ ու խոտան, քան Արեւմուտքում առաջարկուող բարձրորակ, յստակ արտացոլանք տուող հայելու մէջ: Թէ ինչո՛ւ, կարծում եմ, առաւել քան հասկանալի է: Ազրպէյճանում խաբկանքի ուժով անհամեմատ հեշտ ու անվտանգ է կառավարել, հնարաւոր է` հաւկուրութեան ախտանիշով տառապող, կարճատես կամ խաւարամիտ հանրութեանը, աւելի՛ն` երկարատեւ լողարկման վստահութեամբ ու յուսալի հեռանկարով պահպանել սեփական իշխանութիւնը, ինչու՞ չէ` նաեւ երեւութական տաքուկ տեղ ունենալ պետութիւնների միջազգային ընտանիքում:
Յետո՞յ ինչ, որ նոյն այդ միջազգային ընտանիքում քաջատեղեակ են իրերի ողջ դրութեանը: Գիտեն, որ հարաւ-կովկասեան երկիրն այդ` Ազրպէյճանը, հանրային-պետական կառավարման իր բնոյթով ըստ էութեան բռնապետական է եւ ժողովրդավարութիւն ասած երեւոյթն օրը ցերեկով անգամ ճրագով էլ ման գաս ու որոնես` չես գտնի: Թէկուզ, ասենք, ինչու՞ ոչ, կարելի է գտնել, բայց միայն բանտային ճաղերի ետեւում` զնդաններ նետուած հարիւրաւոր ընդդիմադիր գործիչների վհատ հայեացքներում:
Գիտեն, որ Ազրպէյճանից արտահանուող ուժանիւթի շահոյթի առիւծի բաժինն ուղղւում է ոչ թէ այն արտադրող ժողովրդի բազում կարիքների բաւարարմանը, այլ սորուն աւազի նման հոսում է երկրի նախագահի ու նրա մերձաւորների անտակ գրպանները, գումարւում եւրոպական օֆշորների դրամատներում բացուած նրանց անձնական հաշիւներում:
Գիտեն, որ այդ երկրի կառավարման ողջ համակարգը ոտից գլուխ, այսինքն բնակշահագործման գրասենեակից մինչեւ նախագահի նստավայր կաշառասուն է, եւ հնարաւոր չէ թէկուզ քո մարդ տեսակը հաւաստող տեղեկանք անգամ ստանալ առանց դիմացինի թաթի մէջ թղթադրամ դնելու, բնականաբար հիմնականում գերադասելի է կանաչ գոյնի: Հանրային քաղցկեղի այդ տեսակը, փաստօրէն, վաղուց հատել է երկրի սահմանները եւ սարդոստայնի պէս ցանցկեն իր որոգայթները հիւսել եւրոպաներում, որտեղ գործող միջազգային կառոյցները, արցախցու ասած, նեղու են եկել ապշերոնեան ծագման այդ համաճարակից:
Գիտեն, որ մարդատեացութիւնը, մանաւանդ հայատեացութիւնը սահմաններ չի ճանաչում Ազրպէյճանում, եւ, Աստուած մի արասցէ, որ պետական սահմանի անցակէտում յանկարծ պարզուի, որ հայ ես եւ կամ, դիցուք, նախապապդ ու նախատատդ երբեւէ, ասենք, թեկուզ հպանցիկ բարիդրացիական շփում են ունեցել հայ ընտանիքի հետ: Երկու դէպքում էլ, ինչպէս ասում են, վայն եկել տարել է քեզ:
Գիտեն, որ ռազմատենչ ու ծաւալապաշտ է այդ երկիրը` աչքը տնկած հարեւան պետութիւնների` Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի «պատմականօրէն ազրպէյճանական» հողերի վրայ, եւ անընդհատ սպառազինւում է, չափազանցութիւն չլինի, եթէ ասենք` իր ամէն մի բնակչի հաշուով առնուազն մէկ հրասայլ ու մէկ հրթիռ ունենալու հեռանկարով:
Գիտեն, ի հարկէ, այս ամէնի մասին, բայց մատների արանքով են նայում ու չեն բարձրաձայնում: Ինչպէ՞ս կարելի է. Ազրպէյճանը նաւթ ու կազ ունի, իսկ Եւրոպան ամառուայ տապին անգամ մրսում է, մանաւանդ` համաշխարհային կլիմայի ներկայիս շեշտակի փոփոխութիւնների պայմաններում:
Եւ վերջապէս. ազրպէյճանական արտադրութեան նոյն այդ ծուռ հայելու արտացոլանքից այս էլ քանի ու քանիերորդ անգամ «պարզւում» է, որ Լեռնային Ղարաբաղը, իմա` հայոց պատմական Արցախ աշխարհը կամ Մեծ Հայքի 10-րդ նահանգը, խոր հնադարից ի վեր եղել է Ազրպէյճանի բաղկացուցիչ մասը, եւ որ նրա ներկայիս կարգավիճակը` անկախ, ինքնիշխան հայկական պետականութիւնը` Արցախի Հանրապետութիւնը ոչ այլ ինչ է, քան` հարեւան Հայաստանի զաւթողական քաղաքականութեան հետեւանք: Բայց, որ մարդկութեան բազմադարեայ պատմութիւնն աշխարհի քաղաքական քարտէսի վրայ Ազրպէյճան անունով պետութիւն չի յիշատակում, բացառութեամբ` վերջին շուրջ երեք տասնամեայ ժամանակահատուածի, եւ տեղական արտադրութեան այդ հայելին պատմական իրողութեան թէկուզ մորսի այբուբենի կէտ-գծի տեսքով նշոյլ անգամ չի արտացոլում, ամենեւին էական չէ Ազրպէյճանի «պատմաքաղաքագիտական մտքի» համար: Ըստ այդ հայելային խաբուսիկ պատրանքի, որ ոչ այլ ինչ է, քան` անհիմն ու անհեռանկար պայծառատեսութիւն, էականն այն է, որ «Գարաբաղ պիզիմտիր», ասել է թէ` «Ղարաբաղը մերն է»: Եւ, քանի որ «Գարաբաղ պիզիմտիր», դատում են Պաքուի, այսպէս կոչուած, «պատմաքաղաքագիտական» ու «վերլուծական» մտքի կետրոններում, ուստի Ազրպէյճանի այդ «բռնազաւթած տարածաշրջանում» անօրինական ու, որպէս այդպիսին, բացարձակապէս անթոյլատրելի է հայկական ցանկացած ինքնագործունէութիւն` սկսած նոր մանկապարտէզների բացումից մինչեւ կառավարման մարմինների ընտրութիւն, կարեւոր չէ` համապետական, թէ տեղական նշանակութեան:
Ո՛չ, ի հարկէ, պատկերացնել պէտք չէ, քանզի սովորաբար երեւակայում, պատկերացնում են այն, ինչ անտեսանելի է: Պարզապէս տեսնել ու լսել է պէտք այն անզուսպ ու համատարած վայնասունը, որ Պաքուն ամէն անգամ բարձրացնում է առանձնապէս ընտրութիւնների կապակցութեամբ, որոնք պարբերաբար` սահմանադրօրէն նշանակուած ժամկէտներում անցկացւում են Արցախի Հանրապետութիւնում` լինեն դրանք նախագահական, խորհրդարանական, թէ տեղական ինքնակառավարման մարմինների:
Եւ որպէսզի յատկանշական օրինակների համար եւս մէկ աւելորդ անգամ չխորանանք անցած տասնամեակների իրադարձութիւնների յորձանուտի մէջ, ուստի բաւարարուենք ազրպէյճանական այդ «համանուագի» սոսկ վերջին հնչերանգներին` կապուած սեպտեմբերի 8-ին Արցախի համայնքներում անցկացուած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրութիւնների հետ:
Ահաւասիկ. «Հայաստանի կողմից մեր երկրի բռնազաւթուած տարածքներում անցկացուող «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնները» պարզապէս հերթական շոու են, որոնք մատուցւում են ինչ-ինչ «ընտրութիւնների» շղարշի ներքոյ», արտայայտելով իշխանութիւնների տեսակէտը, տակաւին ընտրութիւնների նախօրեակին, լրատուամիջոցների վկայութեամբ` դրանք միանգամայն ջղագրգիռ թոնով մեկնաբանել է Ազրպէյճանի ԱԳՆ մամլոյ խօսնակ Լէյլա Ապտուլլայեւան: «Սակայն գոյութիւն ունեն բոլորին հրաշալի յայտնի իրողութիւններ. ինչ «ընտրութիւնների» մասին էլ որ փորձեն խօսել ռազմական նախայարձակման, բռնազաւթման, համատարած ցեղային զտումների եւ այլ ապօրինի գործողութիւնների պայմաններում, ո՛չ այդ ներկայացումը, ո՛չ էլ նրա արդիւնքները չեն ճանաչւում ու չեն ճանաչուելու միջազգային հանրութեան կողմից: Դա լիովին վերաբերում է նաեւ բուն խամաճիկային վարչախմբին, որ Հայաստանը ստեղծել է մեր երկրի բռնազաւթուած հողերում», պնդել է նա: Բայց դա, կրկնում եմ, ասուել է ընտրութիւնների նախաշեմին:
Իսկ ահա թէ ի՛նչ է յայտարարել, Պաքուի մինուալ.ազ լրատուական կայքի փոխանցմամբ, «Ազրպէյճանի Հանրապետութեան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ազրպէյճանական համայնքի ղեկավար» Թուրալ Կեանճալիեւն արդէն Արցախի ՏԻՄ ընտրութիւնների յաջորդ օրը` սեպտեմբերի 9-ին: Նմանակելով Ագն-ում իր նախկին գործընկերուհուն, այսպէս կոչուած` «Լեռնային Ղարաբաղի ազրպէյճանական համայնքի» նորաթուխ երիտասարդ ղեկավարը նրա օրինակով նոյնպէս «ընտրական շոու» է անուանում սեպտեմբերի 8-ին Արցախում անցկացուած ՏԻՄ ընտրութիւնները: Սակայն, ի տարբերութիւն մամլոյ խօսնակ խանումի, ըստ երեւոյթին, նա այլեւս ընդմիշտ հրաժեշտ է տուել մինչ այդ` արտաքին քաղաքական գերատեսչութիւնում աշխատելու տարիներին փոքրիշատէ ձեռք բերած դիւանագիտական չափի զգացողութեանը: Այնպէս որ, յայտարարութիւնը ծայրից ծայր յագեցած է Հայաստանի, Արցախի եւ երկու հայկական պետութիւնների իշխանութիւնների հասցէին ուղղուած, իրականում վայրահաչոց յիշեցնող ստոր արտայայտութիւններով ու բնորոշումներով: Լուսահոգի Հռիփսիմէ տատս նման դէպքերում կ՛ասէր. «Շանը կապիր, գայլին բաց թող»: Դատէք ինքներդ. «Յայտարարում ենք մտացածին խունթայի կեղծ «ղեկավարներ» Բակօ Սահակեանին, Աշոտ Ղուլեանին եւ ժողովրդավարութեան նրանց միւս ջատագովներին, որ ժողովրդավարութեան քօղի տակ թաքնուելու նրանց մտադրութիւնը ծիծաղ է յարուցում, եւ այդ «ընտրութիւնների» արդիւնքները, ընտրութիւններ, որոնք հայաստանի կողմից անցկացուել են բռնազաւթուած եւ ցեղային զտումների ենթարկուած ազրպէյճանական հողերում, միջազգային հանրութեան կողմից չճանաչուած եւ հերթական անգամ նախայարձակին մերկացրած շոու են: Նախայարձակ Հայաստանը եւ արիւնալի խունթան, նման «ընտրութիւններ» անցկացնելով, իրականում զբաղւում են ոչ միայն միջազգային հանրութեան, այլեւ իրենք իրենց իսկ խաբելով»: Կեանճալիեւի հիւանդագին դատողութեամբ` «Կեղծ նտրութիւնները» գործնականում եւս մէկ անգամ բացայայտեցին Հայաստանի իշխանութեան եւ մտացածին վարչախմբի միջեւ առկայ տարաձայնութիւնները: Իսկ դրանից տուժում են ոչ միայն Ազրպէյճանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ազրպէյճանական համայնքը, այլեւ հայկական համայնքը»: Զարմանալի է եւ աններելի` արցախցիներս առ այդ չգիտէինք էլ, որ «բախտակիցներ» ունենք մեր երկրի սահմաններից արեւելք ընկած կամ, այլ կերպ ասած, արցախա-ազրպէյճանական հակամարտ զօրքերի շփման գծից անդին տարածքներում, որոնք մեզ պէս ու մեզ հետ միասին տուժում, տառապում են Երեւան-ստեփանակերտ տարաձայնութիւններից: Երեւի պէտք է փառք տանք ՏԻՄ վերջին ընտրութիւններին, որոնց պարագայում միայն վերջապէս բացուեցին մեր աչքերը: Ի հարկէ` մեր ոխերիմ հարեւանների օգնութեամբ:
Բայց, այնուամենայնիւ, կա՞յ արդեօք որեւէ ելք երկուստեք ծանր այդ իրավիճակից: Ապաւինելով հայրենի արտադրութեան ծուռ հայելու արտացոլանքին` Լեռնային Ղարաբաղի անգոյ «ազրպէյճանական համայնքի» ղեկավարը միանգամայն լաւատեսօրէն է համակուած: Այո՛, կայ, ինքնավստահ ասում է նա. «Մենք լիովին վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն ազրպէյճանցիների հետ միասին, որոնք կը վերադառնան Ազրպէյճանի Հանրապետութեան միջազգային մակարդակով ճանաչուած սահմանները վերականգնուելուց յետոյ, մասնակցութիւն կ՛ունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին, որոնք կ՛անցնեն սահմանադրութեանը եւ տեղական ինքնակառավարման մասին օրէնքներին համապատասխան»:
Է՜հ, ստիպուած եմ նորից հանգուցեալ տատիս խօսքը յիշել: «Ծիտը երազում կորեկ է տեսել», ասում էր նա: