ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 23-ին կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Մասնակցելու են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, գիտական ինստիտուտներից: Մասնակցության իրենց համաձայնությունն են տվել մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Մենք շեշտադրում ենք, որ Արցախյան շարժումը միայն ինքնորոշման իրավունքի համար ծավալված շարժում չէր, այն ազգային ազատագրական պայքար էր, որը տրամաբանորեն հանգեցրեց Հայաստանի անկախացմանը: Ամենակարևորը, կցանկանայինք լսել մեր միջազգային գործընկերների, արտասահմանյան մասնագետների խոսքն Արցախյան շարժման վերաբերյալ»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: