ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18,2 տոկոս:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակն Արցախում:
«Մեր գնահատումներով և ներկայացված տվյալների հիման վրա, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի ցուցանիշը հաշվարկել ենք 199,6 միլիարդ դրամ՝ համախառն ներքին արդյունքի ինդեքս-դեֆլյատորի՝ 103,7 տոկոս ցուցանիշի պարագայում: Համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18.2 տոկոս»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ 2021 թվականին արտադրված համախառն ներքին արդյունքը կազմել էր 162,8 միլիարդ դրամ:
Այդուհանդերձ, ըստ կառույցի ղեկավարի, արձանագրված տնտեսական աճը հեռու է նախապատերազմյան ժամանակահատվածի մակրոտնտեսական ցուցանիշներից:
«Անցած բազային տարում տնտեսական անկման ցուցանիշը կազմել է 26,4 տոկոս (2020 թվականի համեմատ): Անկման ցուցանիշ գրանցվել է նաև 2019 թվականների հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ: Այս ֆոնին մենք դեռևս հեռու ենք նախապատերազմյան ժամանակաշրջանի մակրոտնտեսական ցուցանիշների մակարդակից»,-ընդգծեց Մինասյանը:
Նա մանրամասնեց, որ արձանագրված 18,2 տոկոսի աճի 10,4 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, արտադրանքի հարկերը կազմել են 2,7 տոկոս, առևտրի և ծառայությունների ոլորտին է բաժին ընկել 1,9 տոկոսը, գյուղատնտեսությանը՝ 0,9 տոկոսը, իսկ 0,7 տոկոսը՝ շինարարությանը: