Վերջին տարիների ընթացքում նախկինում Թուրքիայում տաբու եղած մի շարք թեմաներ, պայմանավորված Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու գործընթացով և հարակից այլ գործոններով, սկսել են արծարծվել և համեմատաբար ազատ քննարկվել թուրքական մամուլում: Նման տաբու թեմաներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում և հանրապետական Թուրքիայի այլ շրջաններում մնացած արևմտահայության բեկորների` ծպտյալ և այլադավան հայերի խնդիրն էր:
Թերևս կարելի է արձանագրել, որ թուրքական մամուլում ծպտյալ հայերի հանդեպ ընդհանուր առմամբ նկատելի է երկու տեսակի վերաբերմունք` բացասական և դրական: Բացասական, երբ թուրքական մամուլի էջերում իսլամացված ու հատկապես ծպտյալ հայերը դիտվում են որպես Թուրքիայի ամբողջականությանը սպառնացող վտանգ, ու դրական, երբ թուրքական պարբերականներում ներկայացվում են նման հայերի ապրումները: Եթե բացասական վերաբերմունք արտահայտող հրապարակումներում ընթերցողներին կոչ է արվում զգոն լինել ծպտյալ հայերի, հատկապես` բյուրոկրատական ու կրթական համակարգում բարձր պաշտոնների հասած նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ապա դրական տրամադրված հոդվածներում բերվում են նման հայերի անհատական պատմությունները, և փորձ է արվում ընթերցողների շրջանում էմպատիա առաջացնել բռնի իսլամացված հայերի, հատկապես` Ցեղասպանության տարիներին թուրքերի և քրդերի հետ ամուսնանալ հարկադրված հայ կանանց ապրած ողբերգությունների հանդեպ:
Թուրք մտավորական շրջանակներին, ներառյալ` լրագրողներին առավելապես հուզող խնդիրն է, թե ինչ դեր են կատարել ու շարունակում կատարել բարձր դիրքի հասած հայ և այլազգի կրոնափոխները Թուրքիայի քաղաքական կյանքում:
Այսպես, Թուրքիայի ամենաերիտասարդ ռեկտորը եղած Սեդաթ Լաչիները դեռևս 2005 թ. սեպտեմբերին Միջազգային ռազմավարական հետազոտությունների հաստատության մամլո օրգանում հրապարակված “Հայ դյոնմեները” հոդածում գրում էր. “Ամենակարևորն այն է, որ իրական ինքնության մասին իմանալով կամ չիմանալով` հայ և հույն դյոնմեները կարևոր դեր խաղացին Թուրքիայի և թրքության վերակառուցման մեջ: Անհնար է Թուրքիայի պատմությունը գրի առնել կամ ըմբռնել` առանց հասկանալու նրանց անցած ուղին: Բացի այդ` ուսումնասիրության է արժանի նաև դյոնմեների դերը Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ”[1]:
Ժամանակակից թուրքական մամուլը որոշակի տեղ է հատկացնում հավատափոխ եղած հայերի տեղաբաշխվածության, թվաքանակի, գործունեության ոլորտների հարցերին, բերում ծպտյալ հայերի` արմատներին վերադառնալու և կրոնադարձության դեպքերի օրինակներ:
“Միլլիգազեթե” թուրքական պարբերականը, 2005 թ. դեկտեմբերի 28-ի համարում տպագրված “Մեր մեջ գտնվող ծպտյալ հայերը” հրապարակման մեջ նշելով, թե “Թուրքիայում ներկայում ենթադրաբար ապրում են շուրջ 30-40 հազար հայեր, ովքեր երկար տարիներ կարողացել են թաքցնել իրենց ինքնությունը թուրքի և քրդի ազգության տակ”, ներկայացնում է հայտնի թուրք պատմաբան, պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեի տեսակետները սույն խնդրի շուրջ. “Հայերի վերաբերյալ իր ուսումնասիրություններով հայտնի դոկտոր-պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեի տեսակետի համաձայն` որպես մուսուլման հանդես եկող կրիպտո հայերը ներկայում շարունակում են պահպանել Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթները: Ջյոհջեն հայտնելով, որ վերջերս որոշ ուսումնասիրություններ են կատարվել այս մարդկանց վերաբերյալ, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մոտ ապագայում նրանք օգտագործվելու են հայերի երազանքներն իրականություն դարձնելու գործում: Ջյոհջեն նշում է, որ տեղահանությունից հետո իսլամացվածների թիվը կազմում է մոտ 100 հազար հոգի: Կրոնափոխ եղածները, մեծավ մասամբ, գրանցված են Ստամբուլի, Դիարբեքիրի, Ադըյամանի, Բաթմանի, Սվասի, Թունջելիի, Մալաթիայի, Էլազիգի, Կայսերիի, Մերսինի և Մարդինի նահանգներում: Ջյոհջեն բացատրում է, որ 1995 թ. հետո ավելացել են գաղտնի ու հավատափոխ հայերին առնչվող գործողությունները, իսկ 2003 թ. մուսուլմանի անվան տակ մոտ 120 հայ է հանդես եկել Չավուշօղլուում գտնվող եկեղեցին վերաբացելու խնդրագրով: Ջյոհջեն շեշտում է, որ նրանք հանդես են գալիս նաև իրենց նախկին գույքը հետ բերելու նախաձեռնություններով: Ըստ Ջյոհջեի` թեև նրանց մեջ կան իսկական մահմեդականներ, սակայն կրիպտո` գաղտնի հայերը մուսուլման են միայն անձնական վկայականներով: Ջյոհջեն ընդգծելով, թե համոզված է գաղտնի հայերի վտանգավոր լինելու մեջ, որպես օրինակ նշում է այն, որ հատկապես վերջին տարիներին նրանց ուղղությամբ աշխատանքներ են կատարվում հայկական խմբերի կողմից: Ջյոհջեն պաշտպանում է այն տեսակետը, ըստ որի` ջանում են նրանց հիշեցնել իրենց իրական ինքնության մասին և դրամական աջակցություն ցուցաբերում: Ջյոհջեն հայտնում է, որ համոզված է, թե հայերին գիտակցաբար կհիշեցնեն իրենց արմատների մասին, և վաղը-մյուս օր նրանք Թուրքիայի առջև հանդես կգան հողի, փոխհատուցման պահանջներով”[2]:
Ինչպես նշում է Ռուբեն Մելքոնյանը, պրոֆեսոր Սալիմ Ջյոհջեն նույնիսկ կարծիք է հայտնում, թե ծպտյալ հայերն այդ նպատակով մինչև 2015 թ. ահաբեկչական պայքար կսկսեն Թուրքիայում[3]:
Ծպտյալ հայերի ներգրավվածությունը ձախակողմյան հոսանքներում, ինչպես նաև ձախ ահաբեկչական կազմակերպություններում վերջին տարիներին թուրքական մամուլում հաճախակի հնչեցված տեսակետներից է, որը պարբերաբար մամուլի օրակարգ է բերվում նաև Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից: Վերջինս, ծայրահեղության մեջ ընկնելով, ՊԿԿ-ում նման հայերի թիվը հասցնում է մինչև 80 տոկոսի[4], իսկ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը 2010 թ. օգոստոսին ակնարկելով ՊԿԿ-ի հայ անդամների մասին` ասում է. «…հայկական ահաբեկչության ու ՊԿԿ-ի ահաբեկչության միջև գոյություն ունի սերտ համագործակցություն, նրանք արյան եղբայրներ են: Հայկական ահաբեկչության փուլից դուրս եկան. գործը հանձնեցին այս կողմին: Ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, բայց այն հանգամանքը, որ ահաբեկիչների մի մասը թլպատված չէ, արդեն իսկ խոսուն փաստ է: Այսինքն` դրանք ընդամենը խոսակցություններ չեն: Մենք լավ գիտենք` ով ինչ է”[5]:
Կրոնափոխ հայերի առնչությամբ թուրքական մամուլում արծարծվող թեմաներից մեկն էլ թուրքական ցեղապաշտությամբ տառապող հայտնի իսլամացած հայերն են:
Հարկ է նշել, որ որոշ նման հայեր էլ ոչ վաղ պատմության ընթացքում և ներկայում աչքի են ընկնում իրենց արտահայտված հայատյացությամբ և թուրք ազգայնամոլությամբ: Ինչպես իրավամբ նկատում է Ռուբեն Մելքոնյանը, այս դիրքորոշման մեջ թաքնված է հոգեբանական գործոնը, երբ. “…նրանցից շատերը հոգեբանորեն իրենց թշնամի են համարում հայության այն մասին, որը, ի տարբերություն իրենց, կարողացել է հավատարիմ մնալ իր արմատներին”[6]:
Նման հայտնի իսլամացած հայերի ցանկ է ներկայացնում Իբրահիմ Աքսոյը “Հայ թուրքերը” հոդվածում, որը տպագրվել է 2006 թ. օգոստոսին “navkurd” քրդական կայքէջում: Հոդվածն սկսելով “Թուրքական ցեղապաշտության ջատագովներն որքանով են իրականում թուրք” նախադասությամբ` հոդվածագիրը բերում է նման հայերի մի քանի օրինակներ, որոնց շարքում են նաև Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոքչենը, Թուրգութ Օզալի մայրը` Հաֆիզե Օզալը, Դևլեթ Բահչելին, Մեսութ Յըլմազը և այլք[7]:
Թուրքական մամուլում ծպտյալ և այլադավան հայության թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ արձանագրվեցին հատկապես 2007 թ. սկզբներին, որը պայմանավորված էր Հրանտ Դինքի թաղման արարողությանը “Բոլորս հայ ենք” վանկարկող հոծ զանգվածի մասնակցությամբ. “…Թուրքիայում գոյություն ունի մի լուրջ խնդիր` ծպտյալ հայերի հարցը, ըստ որի` այս պահի դրությամբ մեր երկրում են բնակվում մոտ 80 հազար գաղտնի հայեր: Դա խնդրի մի կողմն է, իսկ մյուսն այն է, որ այս ծպտյալ հայերի մի մասը կարևոր պաշտոններ է զբաղեցնում պետական հաստատություններում և կրթական համակարգում”,- 2007 թ. հունվարի 31-ին գրում է “cafesiyaset” թուրքական լրատվական կայքը:
2007 թ. սույն թեմայով քննարկումները դարձյալ ակտիվացան ամռան վերջերին, այն բանից հետո, երբ օգոստոսի 18-ին Կեսարիա քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ Յուսուֆ Հալաչօղլուն արտահայտեց այն միտքը, թե Թուրքիայում քրդերի մեծ մասն ունի թուրքմենական ծագում, իսկ ալևի քրդերը կրոնափոխ հայեր են, ովքեր անվանափոխ ու դավանափոխ են եղել իր խոսքերով` 1915 թ. “տեղահանությունից” փրկվելու նկատառումով:
Թուրքական մամուլում Հալաչօղլուի հայտարարության առնչությամբ արձանագրվեցին թե’ դրական, թե’ բացասական արձագանքներ: Սակայն, կարևորն այն էր, որ Հալաչօղլուն տեղիք տվեց կրոնափոխ հայության հարցի վերարծարծմանը, թեմա, որն անմիջականորեն առնչվում է Հայոց ցեղասպանությանը:
2007 թ. սեպտեմբերի 7-ին “Ռադիկալ” օրաթերթում տպագրվեց Ֆուադ Դյունդարի “Այն թեզը, որ իթթիհադականներն անգամ չեն արտահայտել. ալևի քրդերի հայկականությունը” վերնագրով հոդվածը, որում հեղինակն անում էր հետևյալ դիտարկումները. “…Հալաչօղլուն “ալևի քրդերի հայկականությանը” վերաբերող իր խոսքով ցանկացել է մի գնդակով երկու նապաստակ խփել` թե’ քրդերի թիվը քիչ ցույց տալ և թե’ ասել, որ 1915 թ. կոտորածներ չեն եղել, և որ անհետացած հայերն ալևի են դարձել: (…) Միակ բանը, որ կարելի է ի նկատի ունենալ նրա ասածներից, իսլամի ընդունման հետ առնչվող խնդիրն է: 1915թ. ամռանը, երբ հրապարակվում է “առանց բացառության բոլոր հայերի” տեղահանության հրամանը, լինում է զանգվածային մահմեդականացման դիմում, որովհետև հայերի համար դեպի մահ տանող աքսորից ամեն գնով ազատվելու և ողջ մնալու միակ ճանապարհը իսլամ ընդունելն էր: Երբ զանգվածաբար ի հայտ են գալիս իսլամ ընդունելու հարցումներ, Թալեաթ փաշան հրամայում է հավատափոխ եղածներին ազատել տեղահանությունից: Սակայն միայն 3 շաբաթ անց, երբ իսլամ ընդունել ցանկացողների թիվը լրջորեն մեծանում է, Թալեաթը հրամայում է, որ եթե անգամ կրոնափոխ էլ լինեն, գաղթից չազատվեն: Որոշ ժամանակ անց էլ հայտարարում է, որ հավատափոխ լինելու դիմումները չընդունեն, որովհետև նմանատիպ դիմումները “մոլորեցնող են ու ժամանակավոր”: Հրամայում է, որ պետք է ընդունել միայն այն ընտանիքների դավանափոխության դիմումները, որոնց թույլ է տրվել մնալ Անատոլիայում: Չնայած կենտրոնից եկած կտրուկ հրամանին` նահանգապետերն ու գավառապետերը շարունակում են ընդունել դավանափոխ լինելու մասին դիմումները, որից հետո Թալեաթը, իսլամ ընդունելու մասին գրավոր մի հրահանգ պատրաստելով, կտրականապես հրամայում է ոչ մի դավանափոխություն չընդունել` տեղահանությունից ազատվածներից ու կենտրոնի հրամանով իրենց տեղում մնացածներից բացի: Մի ճանապարհ է մնում` ամուսնությունը: Իթթիհադականները հրամայում են միայն ամուսնանալու պայմանով ընդունել մահմեդականացման հարցումները: Այսինքն` այդ հրամանով, ըստ էության, հայտնած են լինում, որ ընդունելի է միայն մուսուլման տղամարդկանց հետ ամուսնացող հայ կանանց կրոնափոխությունը”[8]:
Կրոնափոխ հայերի թեմայով թուրքական մամուլում պատահում են նաև իսլամացած հայերի հանդեպ դրական վերաբերմունք արտահայտող հոդվածներ, որոնցում հանդուրժողականություն է քարոզվում նման հայերի նկատմամբ:
Այսպես, օրինակ, “Յենիաքթյուել” հանդեսը 2007 թ. սեպտեմբերի 6-ի համարում այս թեմայով մի ծավալուն հոդված հրապարակեց` “Իրենց անցյալի հետ են առերեսվում նրանք, ում մեծ մայրերն ու մեծ հայրերը հայ են. պատմում են մուսուլման հայերը” վերնագրով: Հոդվածում նշվելով, որ կրոնափոխ հայերի մասին Հալաչօղլուի խոսքերը մեծ արձագանք են գտել, ընդգծվում էր նաև, որ տվյալ քննարկումը հասարակության որոշ շերտերում դեռ վախ և անհանգստություն էր հարուցում: Սույն հրապարակման մեջ բերված են նման մի շարք հայերի անհատական պատմությունները: Հոդվածում մեջբերվում է նաև “Թոփլումսալ թարիհ” ամսագրի նախկին խմբագիր, “Բիրզամանլար” հրատարակչության տնօրեն Օսման Քյոքերի կարծիքը, ըստ որի` հայերի մահմեդականացման դեպքեր են գրանցվել ոչ միայն 1915 թ., այլ թուրքերի` այս տարածքներ մտնելուց ի վեր: Քյոքերը նաև անհիմն է համարում Հալաչօղլուի այն պնդումը, թե հայերն իսլամացման միջոցով իբրև թե փրկվել են Ցեղասպանությունից. “… Անհնար է, թե հայերը, “մենք ալևի քուրդ ենք” ասելով, փրկվեին զինվորների ձեռքից, իսկ այն անտեր մնացած կանանց և երեխաների մահմեդականացումը, որոնց ամուսինները կամ հայրերը մահացել էին կամ էլ նախապես աքսորվել, ոչ թե բացառություն էր, այլ` այն ժամանակվա պետական քաղաքականություն”[9]:
Ծպտյալ և այլադավան հայերի խնդիրը թուրք լրագրողների կողմից քննարկվում է նաև կրթական համակարգում նման հայերի առկայության համատեքստում: Այսպես՝ 2008 թ. Մեհմեդ Շևքեթ Էյգին, “Միլլիգազեթե” օրաթերթում գրելով, թե դեռևս 2005 թ. օգոստոսին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդը Փարիզում հրատարակվող “Լա քղուա” պարբերականին տված հարցազրույցում հաստատել էր, թե ներկայիս Թուրքիայում գոյություն ունեն հայկական ծագմամբ մեկ ու կես միլիոն թուրքեր և մուսուլմաններ, և որ Հայոց պատրիարքարանի տվյալներով` ամեն տարի 60-ի չափ հայկական արմատներով մահմեդականներ են դիմում պատրիարքարան, որպեսզի վերադառնան իրենց կրոնին, նաև հիշեցնում էր, որ Թուրքիայում են պաշտոնավարում քրիստոնյա ծագմամբ մոտ 21 դեկաններ ու ռեկտորներ, որոնց տների գետնահարկերում կան գաղտնի զանգակատներ[10]:
Մեկ այլ ազգայնամոլ հոդվածագիր` Արսլան Բուլութը, 2008 թ. ապրիլի 6-ին հրապարակված “Ծպտյալ հայ ազգային կրթական համակարգում” հոդվածում ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ Ազգային կրթության նախարարության կողմից հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսվող աշխարհագրության դասագրքերում տպագրված Թուրքիայի քարտեզում Արարատ լեռը նշվել է հենց “Արարատ” ձևով` թուրքական “Աղրըի” փոխարեն, և շեշտում, թե “Հայոց ցեղասպանության պնդման խորհրդանիշ եղող” Արարատը թուրքական դասագրքերում հայերեն կարող էր գրել միայն “երակներում հայկական արյուն ունեցող մեկը”[11]:
Ինչպես նշեցինք, ծպտյալ հայերը թուրքական լրատվամիջոցներում շատ հաճախ ներկայացվում են որպես Թուրքիայի ամբողջականությանը սպառնացող վտանգ: Ըստ որոշ մամլո օրգանների` այն հայերը, ովքեր իսլամացվելով հանդերձ շարունակում են պահպանել իրենց հայկական ինքնագիտակցությունը, կարող են վրեժ լուծել Թուրքիայից: Այսպես, օրինակ, թուրք հեղինակներից Յուսուֆ Գեզգինը 2008 թ. մարտի 24-ին “Աքթիֆհաբեր”-ում հրապարակված “Անատոլիայի զարթոնքը և ծպտյալների միացյալ ճակատը” հոդվածում անում էր ոչ օբյեկտիվ հետևություններ ծպտյալ հայերի և մյուս ծպտյալների միաբանման մասին. “Սաբաթայականները տեսնելով, որ ՊԿԿ-ն ու ահաբեկչական արգելակն անգամ չկարողացան արգելք հանդիսանալ անատոլիացու զարթոնքին, ընտրեցին մյուս ծպտյալ օտարների հետ համատեղ ճակատ կազմելու ճանապարհը, ծպտյալներ, որոնց հետ նախկինում ախոյան էին եղել և առանձնապես չէին կարողացել համերաշխ ապրել պատմության ընթացքում”[12]:
Իսկ “Անայուրթգազեթեսի” թերթի հեղինակներից Մուստաֆա Նևրուզ Սընաջըն հիշյալ պարբերականի 2008 թ. ապրիլի 26-ի համարում տպագրված “3 Թե ծրագիրը և գաղափարը` կրիպտո” վերնագրով հոդվածում ահազանգում է, այսպես կոչված, “3 Թե” ծրագրի մասին, որը պետք է, ըստ հեղինակի, իրագործվի ծպտյալ հայերի միջոցով[13]: Նշենք, որ սույն ծրագիրն իր անվանումն է ստացել թուրքերեն tanıma (ճանաչում), tazminat (փոխհատուցում) և toprak (հող) բառերից, որոնք երեքն էլ սկսվում են t տառով:
2008 թ. դեկտեմբերի 16-ին “Թեքքիշիլիքգազեթե” թերթի լրագրողներից Հասան Թահսինը “Հայաստանի ընդարձակմանն ուղղված ջանքերը” հոդվածում նշելով Թուրքիայում ոչ քիչ թվով ծպտյալ հայերի գոյության փաստը, որոնց, ըստ հեղինակի, պարբերաբար աջակցել են ԽՍՀՄ-ն ու ՊԱԿ-ը, գրում է. “Ալևի քուրդ ինքնության տակ պատսպարված ծպտյալներն ունեն մեկ նպատակ: Նրանց հիմնական մտադրությունն է Մեծ Հայաստանի ստեղծման ծրագրին ծառայելը”[14]:
2008 թ. վերջերին ծպտյալ հայերի թեմայի վերարծարծման համար առիթ տվեց Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանի կողմից հրապարակ նետված Թուրքիայի նախագահ Գյուլի մոր հայ լինելու վարկածը: Արըթմանի հայտարարությանը որպես արձագանք` “Թարաֆ” օրաթերթի սյունակագիրներից Մուրադ Բելգեն հետևյալ հռետորական հարցերն էր ուղղում նշյալ պարբերականի 2008 թ. դեկտեմբերի 20-ի համարում` եզրահանգումները թողնելով ընթերցողներին. “…ինչպե՞ս է եղել, որ այդ հայ կինը թուրքի հետ է ամուսնացել: Ընտանիքը թո՞ւյլ է տվել և մեծ ոգևորությա՞մբ է ընդունել այդ ամուսնությունը: Թե՞ ընտանիք չի ունեցել: Եթե չի ունեցել, ապա ի՞նչ պատճառով: Ինչու՞ այս երկրում այսքան մարդկանց ընտանիքներում միշտ որևէ հայ կին է լինում (չգիտես ինչու երբեք` ոչ տղամարդ)”[15]:
2009 թ. այս թեման թուրքական մամուլում քննարկվում էր նաև Էրդողանի կառավարության ներկայացրած, այսպես կոչված, “քրդական և հայկական նախաձեռնությունների” շրջանակներում:
2009-ի հոկտեմբերին թուրքական մամուլում նկատելի էր ընդհանուր հայկական թեմատիկայի հանդեպ հետաքրքրության աճ, որը պայմանավորված էր ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ:
Նույն Մեհմեդ Շևքեթ Էյգին “Միլլիգազեթե”-ի 2009 թ. հոկտեմբերի 12-ի համարում տպագրված “Քրդական նախաձեռնությո՞ւն, թե՞ Հայկական հարց” վերնագրով հոդվածում արձանագրելով, թե Թուրքիայում գոյություն ունեն երկու տեսակի հայեր` բացահայտ և ծպտյալ, շեշտում էր գաղտնի հայերի ծրագրերը միշտ օրակարգում պահելու և գիտակցելու անհրաժեշտությունը[16]:
Միևնույն հեղինակը, 2010 թ. հունվարի 31-ին հրապարակված “Հայ որբեր” հոդվածում համոզմունք արտահայտելով, թե ծպտյալ հայերի մի մասը ցանկանում է վրեժ լուծել իր արտահայտությամբ “1915-18 թթ. աղետի” համար, մտահոգություն էր հայտնում, որ նման ծպտյալները ցանկանում են աղավաղել թուրքական մշակույթը և հատուկ քարոզչություն տարածելով` ճանապարհ հարթում Թուրքիայի մասնատման համար[17]:
Ծպտյալ և կրոնափոխ հայերի թեման թուրքական մամուլում շարունակում է քննարկվել նաև 2010 թ.: Անցյալ տարվա մարտի 30-ին իր սկանդալային հրապարակումներով հայտնի “Թարաֆ” օրաթերթը ներկայացրեց Բողազիչի համալսարանի պրոֆեսոր Սելիմ Դերինգիլի հարցազրույցը[18]: Պրոֆեսորն ընդգծելով, թե 1915-ին ոչ բոլոր իսլամացած հայերն են փրկվել մահից, շեշտում էր նաև, որ “դեռևս Թանզիմաթի ժամանակաշրջանից սկսած ցանկություն է եղել նվազեցնել հայ բնակչության թիվը, և պետությունը դեռ այն տարիներին բյուրոկրատական խնդիրներ է հարուցել ոչ մուսուլմանների համար”: Դերինգիլը հայտնում էր նաև, թե “հանրապետական շրջանում ևս հայերին ու բոլոր ոչ մահմեդականներին ուղղված ոչնչացման մի նոր ալիք է եղել, որը ոչ միշտ է արտահայտվել սպանելով: Ըստ պրոֆեսորի` այդ ոչնչացումը հանրապետական շրջանում կատարվում էր նաև մարդկանց կյանքի համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց կյանքը դժոխքի վերածելու միջոցով, երբ մարդիկ ստիպված գաղթում էին արտասահման. “Ես նոր եմ բացահայտել, որ դեպի Թուրքիայի արևմուտք գաղթել պարտադրող 1934 թ. Վերաբնակեցման օրենքը կիրառվել է նաև հայերի նկատմամբ”: Նա նաև խոսում էր այն ուշագրավ տարբերության մասին, որը նկատելի է օսմանյան և հանրապետական շրջանների միջև. “Այն դեպքում, երբ խալիֆայական պետություն Օսմանյան Կայսրությունում հայերը հնարավորություն ունեին պետական բարձր պաշտոններ զբաղեցնել, աշխարհիկ, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում խոսք անգամ լինել չի կարող որևէ հայի` Արտաքին գործերի նախարարություն, բանակ կամ ոստիկանություն մուտք գործելու մասին: Օրենքով ոչ մի արգելք չկա, բայց Թուրքիայի Հանրապետությունը էթնիկ արմատների վրա հիմնված կազմավորում է: Հավասարություն-մավասարություն, ամբողջը հեքիաթ է: Հեքիաթ է նաև քաղաքացիությունը: Հանրապետությունը ստեղծվել է “վստահելի և ոչ վստահելի” տարրերի հիման վրա”:
2010-ին ծպտյալ հայերի թեման ակտիվացավ հատկապես սեպտեմբեր ամսին, երբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցեցին նաև Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի իսլամացած զարմիկները, որոնք հրապարակավ հայտնեցին, որ մկրտվելու համար սպասում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը: Թեման անմիջապես լայն արձագանք ստացավ թուրքական լրատվամիջոցների կողմից, քանի որ այն արծարծվում էր Պոլսո հայկական համայնքի հոգևոր առաջնորդի մակարդակով: “Հյուրիեթը” 2010 թ. սեպտեմբերի 21-ին տպագրեց “Այլևս քրիստոնյա են գրել տալիս իրենց անձնագրերում” հոդվածը, որում ներկայացվեց Արամ Սրբազանի քրոջ թոռների անհատական պատմությունները[19]:
Չհապաղեց նաև Յուսուֆ Հալաչօղլուի բացասական արձագանքը, որը թեմային անդրադարձավ 2 օր անց` սեպտեմբերի 22-ին, “Թյուրք օջաքլարը” կայքէջում: Հալաչօղլուն հայտարարելով, որ Թուրքիայում են ապրում առնվազն 500 հազար ծպտյալ հայեր, առաջ քաշեց նաև այն տեսակետը, թե “ովքեր այս ճշմարտությունն ասելու համար իրեն մեղադրում են ցեղապաշտության մեջ և առանց դատի դատապարտում, այսօր հրապարակում են դա, որովհետև հող են նախապատրաստում հայերին փոխհատուցում տալու համար”[20]:
Նույն օրը “Յենի չաղ” օրաթերթը գրեց, որ “Թուրքիայի հիմնական խնդիրը ծպտյալ հայերն են”[21]:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ արևմտահայության մնացորդացի` ծպտյալ և այլադավան հայերի թեման վերջին 10 տարվա ընթացքում եղել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Իսլամացված և ծպտյալ հայերը թուրքական ԶԼՄ-ներում ներկայացվում են որպես սպառնալիք` ուղղված Թուրքիայի ամբողջականությանը, վտանգ, որը սպառնում է մասնատել Թուրքիան: Բայց և այնպես, թուրքական որոշ պարբերականներ դրական վերաբերմունք են արտահայտում նման հայերի հանդեպ` ներկայացնելով նրանց պատմությունների ողջ ողբերգականությունը: Հարկ է նշել, որ ծպտյալ և այլադավան հայերի խնդրի քննարկումները թուրքական մամուլում տեղիք են տալիս նաև նման հայերի առաջացման անմիջական պատճառը դարձած Հայոց ցեղասպանության հարցի արծարծմանն ու լուսաբանմանը:
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
[1] http://www.usakgundem.com/yazar/110/ermeni-d%C3%B6nmeler.html
[2]http://www.milligazete.com, 28.12.2005
[3] http://www.noravank.am/upload/pdf/321_am.pdf
[4]http://www.haber3.com/pkknin-yuzde-80i-ermeni–563161h.htm
[5] http://www. radikal.com.tr, 21.08.2010.
[6]ՌուբենՄելքոնյան, ՀայերիբռնիիսլամացումըՑեղասպանությանտարիներին. Ընթացքըևհետևանքները, Երևան, 2010, էջ 108:
[7] http://www.navkurd.net/nivisar/aksoy/ermeni_turkleri.htm
[8]http://www.radikal.com.tr/Radikal.aspx?aType=RadikalHaberDetayV3&ArticleID=825101&Date=27.04.2011&CategoryID=99
[9] http://www.yeniaktuel.com.tr/tur103,[email protected]
[10]http://www.milligazete.com.tr/index.php?action=show&type=writersnews&id=17302
[11] http://www.yg.yenicaggazetesi.com.tr/yazargoster.php?haber=3279
[12] http://www.aktifhaber.com/author_article_detail.php?id=3824
[13] http://www.anayurtgazetesi.com/default.asp?page=yazar&id=1350
[14] www.tekkisilikgazete.com/content/view/1399/5/
[15] http://www.taraf.com.tr/murat-belge/makale-annesi-ermeniymis.htm
[16]http://www.milligazete.com.tr/makale/kurt-acilimi-mi-ermeni-meselesi-mi-140545.htm
[17] http://www.milligazete.com.tr/makale/ermeni-yetimleri-151602.htm
[18] http://www.taraf.com.tr/haber/kurt-ermeni-cok-fazla.htm
[19] http://www.hurriyet.com.tr/gundem/15828167.asp
[20]http://www.yenikanal.com/guncel/226698-ProfDrYusuf-HalaoludanKimliklerine-Hrstiyan-Yazdranlarla-lgili-Bir-Deerlendirme.html
[21] http://www.yg.yenicaggazetesi.com.tr/yazargoster.php?haber=14987
Akunq.net