Մայիսի 9-12-ը Թել Աւիվում անցկացուող Միջազգային երաժշտական մրցոյթների համաշխարհային ֆետերացիայի (WFIMC) 57-րդ գլխաւոր վեհաժողովում Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթն ընտրուել է որպէս WFIMC-ի անդամ։ Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթն այսուհետեւ կ’անդամակցի մի պատկառելի ու հեղինակաւոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցոյթներ, ինչպիսիք են Չայկովսքու անուան, Պրիւքսէլի Եղիսաբեթ թագուհու անուան, Մոնրէալի երաժշտական միջազգային մրցոյթները։
Միջազգային երաժշտական այս կառոյցը հիմնադրուել է 1957 թուականին։ Այսօր համաշխարհային այս ֆետերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցոյթներ։ WFIMC-ի նպատակն է բացայայտել խոստումնալից և տաղանդաւոր երիտասարդ երաժիշտներին։
Մեծ պատիւ է Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթի անդամակցումը WFIMC-ին։ Այն նոր հեռանկարներ է բացում եւ եւս մէկ քայլ է հայկական մշակոյթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։
Յատկապէս ուրախալի է այս լուրը ստանալ Արամ Խաչատրեանի անուան միջազգային 9-րդ մրցոյթի նախօրէին, որը կը մեկնարկի Յունիսի 6-ին Երեւանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի ծննդեան 110-րդ տարեդարձի օրը։
Նշենք, որ Արամ Խաչատրեանի անուան միջազգային մրցոյթը դարձել է Հայաստանի այցեքարտը դասական երաժշտութեան աշխարհում։ Այն մեծ հեղինակութիւն է վայելում ամբողջ աշխահում եւ տարեցտարի աւելի լուրջ մրցակցութիւն է ունենում բաւականին յայտնի միջազգային մրցոյթների հետ։
«Արամ Խաչատրեան- Մրցոյթ՚» Մշակութային Հիմնադրամ