ԺԱՆԳԱՌՔ
Երեկոն հետզհետե հեղհեղում է շղարշների գույները
Երկնային հափշտակության շշունջների ելեվէջով․
Տիեզերական մի գեղարվեստ,
Որ հասել է աստվածային շնորհության։
Խորհուրդը ելնում է դարերի անհունից
Եվ բարբառում է իմաստի այբուբենը։
Մտորումների հովերը ցրում են հուշեր,
Որպես աստանդական թափթփված փոշի,
Կաթնծիրում սփռում ոսկեփայլ դարմանը,
Որոնումների ու գտածների աստղաբույլը․
Երեվութապես անկախ,
Բայց իրականում բնազդական մղումով։
Հասարակական ու ընկերային զգացումների,
Կարիքների ու պահանջների խտացումն է,
Որ դրդում է զոհաբերության և նվաճումի,
Դարերը զարդարող խոշոր գաղափարների
Իրագործման ու տարածման։
Կենսավետ ու բեղուն շարժ,
Քաղաքական մեծ ու հրապուրիչ մղում,
Որ մարդկային բախտի
Աստվածային հզոր ոգին է ու շունչը,
Որ ահագնության է մղում
Մտովի բեվեռված տիրական մտածումին․
Բանականությունը այլեվս ցոլացող ուղենիշ է,
Ընթացքը ճակատագրական ու վերջնական։
Ո՞րն է հաղթանակի ճամփան,
Ո՞վ է օրավուրի տիրակալը,
Ո՞վ է ուղղություն տալիս ընթացքին։
Արդյոք բա՞խտը, դիպվա՞ծը,
Պատահականությո՞ւնը, բնա՞զդը,
Մեր մեջի շնչող անծանոթ գոյությո՞ւնը,
Թե՞ աշխարհների արարիչը․․․
Աստղերը առկայծում են,
Ոտնակոխված, պաղ լուսինը սահում է։
Ծավալում հրաշալի ու ահռելի
Հեքիաթներ են կատարվում,
Որոնց մասնակից ենք,
Դերակատար ենք
Ու չտեղեկացված, անգիտակ։
ՄԱՆՈՒՇԱԳՈՒՅՆ ԹԵՐԹԵՐ
Մանուշագույն թերթերով նա մի ծաղիկ է դալար,
Նա մի աղջիկ է քնքուշ, մանուշակի պես բուրյան,
Նրա մեղրոտ շուրթերին սրտի խոսքեր սիրահար,
Ու մեղրագույմ աչքերում երազներ կան աննման։
Նա եկել է հայրենի հեռուների կարոտով,
Ու ծվարել իմ սրտի ջերմ խորքերում սերերիս,
Մանուշակի թերթեր է սփռում վրաս հոգեթով,
Եվ հեքիաթներ է պատմում, որ սիրելի են սրտիս։
Պատանության արեվով բացվող մի օր է եղել,
Պարտեզի մեջ թափառող մեն պարանի մի խնդուն,
Թիթեռներ է որսացել, գույներով է հմայվել,
Եվ ինչ որ բան զգացել սրտում պահել է թաքուն։
Ու հուշերում իր վառման պահել է ցոլքը աչքի,
Որ դիպել է ու խանձվել այն աղջկա հայացքով…
Որ թիթեռի թեվերով թրթռում է առաջին,
Բայց բռնել չի կարենում իր դողացող մատմերով։
Հիացումի ու սիրո սարսուռով եմ սրսըփում,
Փշաքաղվում եմ ամբողջ պարման սիրով հնօրյա…
Նա մի աղջիկ է քնքուշ, մանուշակի պես բուրում,
Մանուշագույն թերթեր է նա շաղ տալիս իմ վրա։
ԳՈՒՅՆԻ ՄԱՏԻՏՆԵՐ
Մեր պարտեզի երփներանգ ծաղիկների գույներն եք,
Որ արեվն է ներկել ձեզ իմ իղձերի ցոլքերով,
Թիթեռները հույսերիս թեվածում են սիրահեվք
Ձեր գույներով զուգվելու երջանկությամբ ու խինդով։
Այժմ տենչում եմ, որ կյանքս ներկեք սիրո հրաշքով,
Լցնեք սիրտս կենսաբուխ նրա սրտի ջերմությամբ,
Սերերի մեջ իմ փնտրած հաղորդության նշխարքով,
Ու խաղողի քաղցրության անխառն հյութի արբությամբ։
Եվ ուզում եմ, որ ներկեք կյանքիս ճամփեն կանաչով,
Վարդագույնով գալիքի հորիզոնը ճառագի,
Իսկ տարածքները ներկեք շուտ հասնելու կարճույթով,
Ու եզրերի պերճաշուք ճոխ ծոպերով արծաթի։
Իմ ուզածները գույնեք որպես արդեն ունեցած,
Ընկերներիս հաստատեք անկեղծության որակով,
Գծագրեք կերպերը նվիրությամբ քանդակված,
Փոխօգնության անկաշառ պատրաստակամ խնամքով։
Համբերությունս հողի գույն արեք հանց հողեղեն,
Արցունքներս դուք ներկեք ուրախության երփներով,
Չտեսնելու անգույնով՝ չուզածներս չհիշեմ,
Որ չեմ պահում նույն ծալքում ուր շարված եք գույներով։
Իմ գունավոր մատիտներ, իմ արյամբ եմ ձեզ ներկում,
Յոթ գույներով ճառագող, տարիքովս խելահաս,
Պահում եմ իմ դպրոցի նկարչության տետրակում,
Ուր մտքերս եմ խզմզել, հասել ահա այս օրվաս։