ԳԵՎՈՐԳ ՔՐԻՍՏԻՆՅԱՆ
Ժամանակի, միջավայրի եվ մարդու փոխկապակցության, հարաբերության մակարդակներում ձեվավորվում են համընդհանուր, ինչպես նաեվ անհատական գաղափարներ, գեղագիտական ըմբռնումներ ու ճաշակ, ոճական առանձնահատկություններ։ Ինչպես ասում են՝ որքան մարդ, այնքան ճաշակ, հատկապես՝ ոճ։ Համաշխարհային հին ու նոր գրականության խճանկարն այնքան բազմաշերտ է ու բազմագույն, որ մեր օրերի ոչ միայն ընթերցողն, այլեվ գրականագետն ու քննադատը, չեն կարող եվ պատշաճ էլ չէ, որ ընդհանուր դեղատոմս տան՝ ում որ հարկն է։ Այսօր նույնիսկ հարուստ ավանդություններով աչքի ընկնող հաստատություններն էլ խուսափում են միասնական մոտեցումներից։ Եվ քանի որ ստեղծագործական ընթացքը զուտ անհատական երեվույթ է, ապա նրա արգասիքը խորությամբ զգալու եվ գնահատելու համար, անհրաժեշտ է ելակետ ունենալ՝ նրանում, այդ ստեղծագործության մեջ երեվացող հերոսը, անհատը, որը անհատականացված, կերպավորված է ստեղծողի, նրան շունչ ու հոգի տվող գրողի, բանաստեղծի ձեռամբ, նրա ներշնչանքով։ Ուրեմն, տվյալ պարագայում բանաստեղծի ստեղծագործության էության գաղտնիքը պիտի փնտրել նրա անհատականության մեջ։ Սույն խոհերն անհրաժեշտորեն բխեցին բանաստեղծ Գրիշ Դավթյանի «Ափունքից ափունք» ժողովածուի մեջ ընդգրկված ստեղծագործություններին ծանոթանալիս։ «Ափունքից ափունք» խորագիրը բնութագրական է։ Գրքի առաջին բաժնում ընդգրկված բանաստեղծությունները («Երրորդ բուռ հող») բացահայտում են «Ափունքի» էությունը։ Դա սփյուռքահայի, սփյուռքում ստեղծագործողի, իրոք, յուրահատուկ էությունն է։ Կա մի հանգամանք։ Յուրաքանչյուր անհատականություն ունի իր զգայական աշխարհն ու իր ճշմարտությունը։ Այդ ճշմարտության լույսը կաթիլ առ կաթիլ յուրացվում է ստեղծագործական պրոցեսում։
Գրիշ Դավթյանը ստեղծագործական երկար ճանապարհ է անցել։ Ինքնատիպ եվ հետաքրքիր մտքեր ու զգացումներ են ձեվավորվել բանաստեղծի հայրենասիրական բավական երկարաշունչ գործերում։ Հայրենիքի, ժողովրդի ճակատագրի եվ հողի վերաբերյալ նրա ըմբռնումները մի տեսակ տարօրինակ ճշմարտություններ են, որոնք հատուկ են հայրենիքից հեռու, օտար Երկինքների տակ ծնված ու մեծացած հային, հատկապես մտածող, ստեղծագործող հային։ Մտորումների մի երկար, խորազգաց ու տանջալի հոսք է «Ձայն բարբառո․․․ առ Հայաստան» բանաստեղծությունը, որի մեջ արծարծվում են սփյուռքահայի հոգին ու միտքը, զգացումները տանջահար անող հարցեր, խնդիրներ, դրամատիկական խոհեր։ Հեղինակը ի վերջո փորձում է հաստատել, թե ի՞նչ է իր համար հայրենիքը, («Ո՞րն է Բաբո, մըր հայրենիք», Շիրազ)։ Հող չէ, ջուր չէ, օդ չէ, տուն չէ, սակայն, այնուամենայնիվ այդ ամենն է, որ հաստատագրվում է մտքով, զգացումով, ժառանգականությամբ, արյան կանչով, արյան գույնով, բջիջներով եվ այս ամենը երեվակվում ու քանդակվում են բառով ու խոսքով, անունով ու ազգանունով, բնազդով ու ենթագիտակցությամբ, պատմությամբ ու ներկայով։
Եվ դրանով է իմաստ ստացել
Բառը մեր լեզվին,
Ու գոյականը ոչ թե լոկ անուն
Այլ հող է դարձել,
Եվ գոյ է դարձել մեր անափ սրտում,
Դարձել է երկինք
Ու արեվ անշեջ
Դարձել ձգտումի անսուտ նպատակ,
Դարձել հայրենիք,
Դարձել Հայաստան․․․
Բանաստեղծական մտորումների բեռը դրամատիկական շեշտադրումներով ծավալվում ու բացվում է, իբրեվ մի դարավոր թնջուկ, որի ծալքերում թաքնված են հոգեբանական եվ հուզական հարցականներ։ Ի՞նչ են՝ Հայաստանը, հայրենի հողը, հայրենի եզերքները սփյուռքահայի համար, նրա խոհերի ու զգացմունքների ծալքերում․ ինչպե՞ս է նա հաղթահարել օտարության բազում ու բազմաձեվ ազդակները եվ մնացել հայ։ Աշխարհաքաղաքական բազում խոչընդոտները դիմագրավելու խորհուրդը բանաստեղծը համարում է հայի հաստատակամությունը, անխախտ հավատքը, ժառանգած ավանդությունները, պատմության դասերը, պայքարի եվ մաքառումների դաժան փորձությունները․
Հասկացել ենք մեր կարելիության
Սահմանն ու գիծը,
Ու թույլ չենք տվել, որ մեր ճակատին
Քսվի ժխտական սեվաթույր բիծը․․․
Եվ դա, արդարեվ, չի եղել հեշտին։
Ինքնահաստատման բազում կեռմաններով է անցել արտերկրի հայը՝ պահպանելով իր ինքնությունը, կյանքը, պատիվը, ապրելու իրավունքը։ Գրիշ Դավթյանի հայրենասիրական բանաստեղծությունները ժամանակակից սփյուռքահայի հոգեբանական ու մտածական նորանոր շերտեր են բացահայտում, հաստատում ու ձեվակերպում։ Եվ այդ գործերը առանձնանում են ինքնատիպ մտածողությամբ, բովանդակության հարստությամբ, գեղարվեստական մատուցման ժամանակակից ձեվերով, լեզվաոճական միանգամայն ինքնահնար կառույցով, որ չես կարող շփոթել․ իր մտածումն է, իր բառերն են, իր պատկերային շարքն է՝ բարդ վերամբարձությունից մինչեվ պարզությունն ու առօրյականը։ Շարակարգի մեջ սպրդում են բառեր ու արտահայտություններ, որոնք առաջին պահ թվում են անհասանելի, գրքային կամ բառարանային, հնացած, որոնց մասին երբ խորհում ես, զգում ես, որ դրանք, այդ բառամթերքը բանաստեղծի կողմից յուրացված ու մարսված են, եվ օգտագործված են տեղին։ Ահա դրանցից մի քանիսը՝ խազմական (խռովահույզ), հաշտից (զոհ), հրիտակ՝ (ժառանգություն), շկահյուն (ձայնային), կոփ (մուրճի ձայն), ատոքահասկ (հասուն), կայթռել (թռչկոտել), կտղանք (մոլուցք), անվկանդ (անսասան), թարշամ (թոռոմած), օրորհիշիշ (փսփսոց, հարահրոց):
Հոգեբանական-վերլուծական մտքի բացահայտման լավագույն նմուշներ են գրքի առաջին մասում տեղ գտած «Վերսփյուռ», «Պայքար այբուբենական», «Հայոց պատմություն», «Գաղությաին շուրջպար», «Հաղթերգ արցախյան», «Հայկ նահապետի ճամփով», «Երրորդ բուռ հող», «Գոչեմ հայրենյաց», «Եղծ սահմանաց»․․․ Ազատ ոճի, ինքնատիպ բանաստեղծությունները։ Բանաստեղծի ինքնության դրոշմը հրաշալի մարմնավորում է գտել այդ շարքի «Երրորդ բուռ հող» ինքներգության տողերում։ Այստեղ հայերգությունը ներթափանցված է զգացական անսպառ լույսով, խորունկ ու ջինջ հավատով, սիրո կրակով։ Հողի ու արյան հարազատության խորհուրդը վեհացնում է բանաստեղծին, որի անկեղծ զգացումները վարակում են ամեն մի ընթերցողի։
Ես հիմնականում կանգ առա գրքի առաջին բաժնի վրա, որն ինձ համակեց հայրենասիրական ըմբռնումների թարմությամբ, քանի որ հայ գրականության շահեկան թեման է դա, իմ ըմբռնմամբ՝ գրականությունը հայրենիք է․․․ Հատորի մյուս բաժինները ավելի հարուստ են բանաստեղծական խորքով ու հուզական շեշտադրությամբ, որոնց հիմնական հերոսը բազմաշերտ, բազմադեմ սերն է՝ իր զգացական կերպավորումներով։ Սիրո զանազան դրսեվորումներից ելնելով եվ ընթերցողին լավագույնս կողմնորոշելու նպատակով հեղինակը այդ թեման բաժանել է մի քանի գլուխների՝ «Երազունակ», «Աստղավառ», «Հեշտաթով», «Սեզոնային», «Օրավուր»։ Սույն շարքերի մի մասը վերջին տարիներին տպագրվել են մեր մամուլի էջերում։ Գրիշ Դավթյանը սիրալեցուն քերթող է, անսպառ՝ ոգեղեն թավուտները պեղելու իր անդադրում կրքով ու իմաստային թեվածումներով։ Նրա մոտ գերակշռում են ազատ, սպիտակ տողերով քերթվածները, ինչպես նաեվ դասական չափ ու կշռի, հանգավորման զանազանակերպ դրսեվորումները։ Գրիշ Դավթյանի քնարական հերոսը ընթերցողին է ներկայանում իր ջինջ ու պայծառ զգացումներով, ժամանակակից մարդուն հատուկ հոգեբանությամբ, ավելի քան ազատ ու անկաշկանդ՝ պահպանելով չափի զգացումը եվ գեղեցիկի, բարու եվ հավերժական սիրո թարմությունը։ Թերեվս կերպավորման եվ գեղագիտական առումով նորովի են հնչում հատկապես «Սեզոնային» բաժնում զետեղված քերթվածները։ Բնության, բնական երեվույթների ընկալման ու կերպավորման վաղուց մոռացված դուրյանական խորհուրդը զգացի նշված շարքի ստեղծագործություններում։ Դա սիրած էակի բարեմասնություններով բնության երեվույթները՝ արեվը, լուսինը, լճակը, վարդը, շուշանը ավելի գեղեցիկ ու թովիչ դարձնելու, ավելի հմայիչ տեսնելու բանաստեղծի ձգտումն է։
Սա հայ բանաստեղծության դասական բարեմասնությունների վերականգնման, խորացման, սքանչացման աղերսն է, որ միավորում, միահյուսում է մարդկային հոգու եվ բնության սքանչելիքները։ Ահա «Գարունը» գեղեցիկ քերթվածը․
Դու գալիս ես նրա քայլքով սեթեվեթ,
որ ճկում է մեջքը վտիտ
ու խուսափում է իմ գրկից,
որպես ամպը, որ փարում է լուսնյակին,
բայց սայթակում է մահիկից,
ու կուտակվում է
հոնքերիս մութ մռայլությամբ երազկոտ։ (էջ 136)
Այդ շարքի լավագույն բանաստեղծություններից են՝ «Անունն աշուն է», «Բռնկված ամառ», «Գարուն», «Հասունություն», «Գարունը աղջիկ է», «Ձմեռային», «Աշնան տերեվ», որոնց տողերում կենդանանում են ոչ միայն բնության բարիքները, այլեվ մարդը, սիրած էակը։ Ընդհանրապես Գրիշ Դավթյանի սիրերգությունը աչքի է ընկնում ժամանակակից մտածողության բազմալար շերտերով, համարձակ ու ազատ խոյանքով, կյանքի թարմացման ու գեղեցկացման գունային ու նկարչական պատկերավորությամբ։ Առանձնահատուկ է Գրիշ Դավթյանի բանաստեղծական պաատկերավորման մեթոդը։ Այն ավելի քան շոշափելի է եվ կենդանի, երբեմն կոշտ ու տեսանելի, քան եթերային, որ առաջին պահ կարող է շփոթեցնել ընթերցողին։ Այսպես․
Լուսինը խոստացավ միշտ նորել,
Եղջյուրի հեսանած սուր շեղբով
Գիշերվա մռութը փսորել․․․
Նրա «շեղբն» ու «մռութը» կարող ես ընդունել, կամ մերժել։ Սակայն ուշադիր եվ կրկնակի ընթերցմամբ կարող ես հայտնաբերել դրանց բանաստեղծական ճշմարտությունը, որը ինքնատիպ է եվ զուտ դավթյանական է։ Մի խոսքով՝ մենք գործ ունենք իր բանաստեղծական աշխարհը ինքնայրումով կերտած անհատականության հետ, որը մարդն ու նյութական աշխարհը ընկալում է պարզ, գոյապաշտական սկզբունքներով։
ԳԵՎՈՐԳ ՔՐԻՍՏԻՆՅԱՆ, Գլենդել, Կալիֆորնիա