«Հայաստան-Սփյուռք գործակցությունն առավել ամրապնդելու hամար, պետք է Սփյուռքին շատ ներգրավել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, սերտ համագործակցության մեջ լինել՝ հաշվի առնելով բոլորի առաջարկներն ու տեսակետները»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ գործարար Հովել Շնորհոքյանը (Յովէլ Շնորհօքեան)՝ ընդգծելով, որ Հայկական սփյուռքը բազմաշերտ է, յուրաքանչյուր համայնք իր հիմնախնդիրներն ու հատկություններն ունի, որոնց անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել:
Հովել Շնորհոքյանը կարևոր է համարում սփյուռքահայերի ոգում հայադարձության, հայրենադարձության և ազգային պատականելիության սերմանումը, որպեսզի իրենց հպարտ հայ զգան և կապվեն Հայրենիքի հետ:
Նրա խոսքով, հանդիպում է սփյուռքահայերի, ովքեր տեղյակ չեն Հայաստանի լուսավոր ու դրական կողմերին, նույնիսկ գեղատեսիլ վայրերի մասին չգիտեն: Մեր զրուցակիցը հենց վերոնշյալ հանգամանքի վրա է առաջարկում ուշադրություն հրավիրել, ակտիվ աշխատանք տանել այս հատվածի հետ՝ այդպիսով նրանց խանդավառելով Հայաստան գալ:
«Այսօր համաշխարհայնացման դարաշրջանի ազդեցության տակ ենք գտնվում, որը խիստ բացասական է ազդում աշխարհասփյուռ հայերի վրա: Մեր ապահովությունը Հայրենիքում է, բոլորիս հայացքը պետք է դեպի Հայաստան ուղղված լինի և մտահոգ լինենք մեր երկրի առաջընթացն ապահովելու համար»,-ասաց Հովել Շնորհոքյանը:
Գործարարը մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով սեպտեմբերի 18-ից 20-ը կայացած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, որը կարծում է՝ կառուցողական մթնոլորտում է անցել: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ կատարած աշխատանքի, համաժողովը գրագետ կազմակերպելու և սփյուռքահայերին Հայաստանում համախմբելու համար՝ շեշտելով, որ նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումները Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացման և ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին զգալի արդյունք են տալու:
Հավելենք, որ Հովել Շնորհոքյանը ֆրանսիական «Hexagone» ժամագործական ընկերության նախագահն է, «Taime and Diamonds S.A.» դիստրիբյուտորական ընկերության հիմնադիրը, ֆրանսիական «Moog» և շվեյցարական «Tellus» ժամագործական բրենդների սեփականատերը:
Ծագումով լիբանանահայ Շնորհոքյանների համար, ովքեր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ լինելով հաստատվել են Լիբանանում, ժամագործությունը դարձել է ընտանեկան զբաղմունք դեռևս 1930-ական թվականներից: Սկզբում մեծ հորեղբայրն է ժամացույցներ վերանորոգել, ապա հայրը ղեկավարել է Միջին Արևելքում հայտնի շվեյցարական ժամացույցների ճանաչված տեսականիների ընկերությունը: Տոհմական ժառանգությունն այսօր շարունակում է պահպանել Հովել Շնորհոքյանը՝ եղբոր և հորեղբոր տղաների հետ միասին:
Գևորգ Չիչյան