https://radar.am-Radar Armenia-ի հետ զրույցում Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձավ միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, որքանո՞վ էր այն արդյունավետ։
– Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը վերածվում է հերթական հանդիպումների շարքի։ Ուշագրավն այն է, որ Եվրախորհուրդը, կարծես, փոխարինում է ԵԱՀԿ-ին, որի մասին որևէ ակնարկ չի եղել։ Արդյունավետության մասին խոսելը, կարծում եմ, վաղ է։ Կոնկրետ կետը վերաբերում է ճշտված ժամկետին՝ սահմանազատման օրակարգով համատեղ հանձնաժողով կազմելու։ Հայտարարությունում տեղ գտած մնացյալ կետերը ուղերձներ պարփակում են, իհարկե, սակայն դեռևս կոչերի և ընդհանրությունների սահմաններում են։ Դրանցից կարևորագույնը ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովման, միջադեպերի կանխարգելման և լարվածության թուլացմանն է վերաբերում, ինչը հայկական կողմի առաջադրանք էր՝ բանաձևված Ադրբեջանի 5 կետանոց խաղաղության ծրագրի երևանյան արձագանքում։
– Հայտարարվեց, որ հանձնարարվել է ԱԳ նախարարներին՝ սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի վերջնարդյունքը, ընդ որում՝ կարճ ժամանակում։
– Չեմ կարծում, որ խոսքը կարճ ժամկետներում գործընթացի սկսման մասին է։ Ժամկետը վերաբերում է համատեղ հանձնաժողովի նշանակմանը։ Հիմա աշխատում է միջնորդական երեք տարբեր ձևաչափ։ Առաջինը՝ Մոսկվան, որ մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ իրականացրեց, երկրորդը՝ Անկարան, որ փոխկապակցում է Երևան-Անկարա երկխսությունը Երևան-Բաքու առաջադրվող բանակցությունների հետ և դրանով դառնում անուղղակի միջնորդ, և երրորդը՝ Բրյուսելը, որ ակտիվ միջնորդում է։ ԵԱՀԿ-ի շրջանցումը, կարծում եմ, պետք է բացատրել դրանով, որ ներկա պայմաններում շատ բարդ է նման ձևաչափում ընդգրկել երկրներ, որոնց հարաբերությունները գերլարվել են Ուկրաինայի պատերազմի պատճառով։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կիրառում են պատժամիջոցային քաղաքականություն երրորդ երկրի հետ։ Եվրախորհրդի կամ Բրյուսելի աշխուժացումը նաև դրանով է բացատրվում։
– ՀՀ վարչապետը նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ եղել է Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի։ Ինչու՞, ի՞նչ է դա նշանակում։
– Բրյուսելը դեռևս առաջնորդվում է համահավասերացման կամ անհասցեականության խաղի կանոնով։ Հակառակ նրան, որ առաջին անգամ տարբեր երկրների հայտարարություններում հասցեականությունը պարզ էր։ Կարծում եմ՝ միջնորդի կարգավիճակի պահպանման նպատակով է, որ ուղիղ գնահատական չի տրվել։ Բայց անվտանգության գոտու ստեղծման մասին ներառված կետը, ըստ էության, ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելու համար է։
– Վարչապետը կրկին նշեց, որ Ադրբեջանի կողմից առաջարկած դրույթներում անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը։ Ի՞նչ է անհրաժեշտ՝ այդ օրակարգին հասնելու համար։
– Հայկական կողմի համար անընդունելի է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կամ համաձայնվելը, որ հետագայում ևս որևէ տարածքային պահանջ չպետք է ունենալ իրարից։ Այս բոլորը ընդունելի կլինեին, եթե հստակեցված լիներ, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ։ Բոլորովին այլ բան է միջազգային միավորի անդամակցելով՝ անուղղակի տարածքային ամբողջականություն ճանաչելը, բոլորովին այլ բան՝ հատուկ երկկողմ պայմանագրով տարածքային ամբողջականությունների փոխճանաչումը։ Եվ սա բազմաթիվ երկրների է վերաբերում, որոնք ունեն տարածքային վեճեր։
– Կողմերը պայմանավորվել են նաև՝ մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցերով։ Հնարավո՞ր է սեղմ ժամանակահատվածում հասնել դրան։
– Սեղմ ժամկետը վերաբերում է համատեղ հանձնաժողովին։ Սահմանազատման գործընթացը երկար պրոցես է, մանավանդ, որ նման գործընթացները կախված են ռուս-թուրքական հարաբերությունների ելևէջներից։ Հիմա արդեն՝ նաև Բրյուսելից, իսկ Բրյուսելը, կարծում եմ, իր միջնորդական քայլերը համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, իսկ ԵԱՀԿ-ն Եվրախորհրդով կամ Եվրամիությամբ փոխարինելը այս հանգրվանին, ըստ էության, Մոսկվայի դուրսմղումն է։ Դրա համար էլ խոսքը անմիջական կարգավորումների մասին չէ։
Անուշ Մկրտչյան