ԳԱՎԱՌ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ առավոտվանից Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային, առողջապահական հաստատությունների, այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներից,Արցախյան ազատամարտի մասնակիցներից, պատանի երկրապահներից եւ դպրոցականներից կազմված երթերը շարժվեցին դեպի Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձաններ՝ ծաղկեդրմամբ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին եւ նշելու Մայիսյան հաղթանակների տոնը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզկենտրոն Գավառ քաղաքում Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան այցելեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի, պետական ու տեղական ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ, դպրոցականներ: Իր հարգանքի տուրքը մատուցելու էր եկել նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերան, Գավառ քաղաքի բնակիչ, 92-ամյա Ռաֆիկ Կեվեյանը:«Ռազմական գործողություններին մասնակցել եմ 1944 թվականից:
Մեծ հաղթանակի օրը ես դիմավորել եմ գերմանական մի գյուղում: Մեր զորքը ցնծում էր հաղթանակի լուրից: Հետո տուն վերադարձա, ընտանիք կազմեցի, տունուտեղ հիմնեցի, զավակներ ու թոռներ ունեցա, հիմա էլ երջանիկ ծերություն եմ վայելում: Կրկնակի ուրախացա Շուշիի ազատագրման լուրից: Փառք ու պատիվ հայ զինվորին, որ կարողացավ պարտության մատնել մահացու թշնամուն, որի արդյունքում է միայն, որ վայելում ենք այսօրվա խաղաղությունը: Ամեն տարվա Մայիսի 9-ին խոնարհվելու եմ գալիս այս հուշարձանին՝ ապրելով առանձնակի հպարտություն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեծ հայրենականի վետերան Ռաֆիկ Կեվեյանը:
Գավառի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում տարած հաղթանակներին, որի ընթացքում Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը դրամական պարգեւներ հանձնեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից 5, Արցախյան ազատամարտում զոհված եւ վիրավորված 38, Հատուկ գնդի 4 եւ Հունգարիայի քաղաքական դեպքերի մասնակից 2 վետերանների ընտանիքներին:
Ճամբարակ խոշորացված համայնքում համայնքապետարանի աշխատակազմը, Ճամբարակի զորամասի հրամանատարությունը, պետական մարմինների աշխատակիցները մեկառմեկ այցելեցին համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի հուշարձաններ, նաեւ՝ Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին: Մարզի առանձին համայնքապետարանների կողմից եւս մեծարանքի եւ դրամական պարգեւների արժանացան Մեծ հայրենականի կենդանի մնացած վետերանները եւ Արցախյան ազատամարտում ու 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտի մասնակիցները, զոհվածների ընտանիքները: Մայիսյան Եռատոնը հանդիսավորությամբ նշվեց նաեւ մարզի տարածքում տեղակայված զորամասերում:
Խոսրով Խլղաթյան