ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Արեվի շողերը ժպտում են
Պայծառ ու սրտապարար ցոլքերով։
Հորիզոնից այն կողմ,
Կապուտակ անհունը
Հրապուրիչ է ու անսահման․․․
Քամին թռչկոտում է փողոցներում,
Անխափան շրջմոլիկի փսփսուքներով,
Չի թողնում որեվէ բան չդիպած։
Գերհզոր է ազատության սերը,
Ավելի,
Քան մահու սպառնալիքը։
Ազատ աշխարհում,
Արդար ու անդորր,
Երազները գողտրիկ են ու վառվռուն,
Գունեղ թիթեռների նման
Ոսկեթեվիկ ու սիրուն։
Անտառների անաղարտ թավուտներում
Թռչունները ծլվլում են,
Դայլայլում են
Կախարդական մեղեդիներ․․․
Մեղեդիները հոսում են,
Որպես աղբյուրներ կարկաչուն
Ու արծաթահունչ։
Աշխատող հոգիները
Արարումի ոգեվորությամբ
Սավառնում են
Բախտավորության թեվերով,
Կենսառատ, որպես
Գարնան նորածաղկ նշենին։
Իմ մտքի
Ու գրկի
Սերը։
Զմայլելի գեղանկար
Ու դյութական ապրում,
Թովչական պահի կախարդանքով,
Մարդեղական իրականությամբ
Գունեղ ու երփնավետ։
Թող վրձինս նկարի այն,
Թող կախարդական մատը դիպչի նրան,
Եվ հաղորդի շարժման քվանտը,
Որպես արարված կյանք․․․