Երիտասարդ գիտնականի ամբիոն
Կարդաց ու հեգնեց.- «“մի քանի” սովորաբար նշանակում է, դե՜ ասենք, մոտ 2-3, իսկ Դուք մի քսան հարց եք տալիս… հիմա ես զբաղված եմ… ե՞րբ են Ձեզ պետք պատասխանները… ընդ որում, կան հարցեր, որոնց գուցեև չպատասխանեմ: Իմիջիայլոց, հարցազրույցների հարցերը լինում են կարճ և հստակ… իսկ ինչպե՞ս “գտաք” ինձ… Հայկյան մրցանակի ու ԵԳԱԾի դիմորդների ցա՞նկ… շատ բարի, կպատասխանեմ… իսկ ո՞ր կազմակերպությունն եք ներկայացնում… իսկ վերջնարդյունքը այս “հարցազրույցի” ինչպիսի՞ն է լինելու` հոդվա՞ծ… շատ բարի, իսկ ե՞րբ, լույս տեսնելուց հետո կասեք ծանոթանամ… չնայած դուք այդպես էլ կանեք, բայց, համենայն դեպս, ասեմ… հայոց լեզվի տեսանկյունից կարող եք խմբագրել տեքստը, իհարկե իմաստը թողնելով նույնը… հա, եթե չեմ սխալվում, մոռացել եմ նշել, որ ես դեռ ասպիրանտուրայի 3-րդ կուրսում եմ սովորում» :)
Գոռ Ալեքսանյանը սովորում է ասպիրանտուրայի 3-րդ կուրսում։ Աշխատում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ որպես դասախոս: Մասնագիտանում է աշխարհագրության ոլորտում, իսկ ավելի կոնկրետ՝ նեղ մասնագիտացումն ուղղված է գեոէկոլոգիայի ոլորտին: Աշխատում է աշխարհագրության և գեոէկոլոգիա գիտության տեսական-մեթոդաբանական խնդիրների վրա: Գիտական հետաքրքրությունների շրջանակում են նաև կայուն զարգացման հայեցակարգի հետ կապված հարցադրումները և հասարակության տարածքային կազմակերպման ռեգիոնալ հիմնախնդիրների տեսական-մեթոդաբանական ուսումնասիրությունները: Ունի 5 տպագրված աշխատանք, որոնցից չորսն առանց համահեղինակի են, իսկ մեկում համահեղինակ է իր գիտական ղեկավարի հետ՝ կատարված աշխատանքի 50/50 հարաբերությամբ:
Մասնակցել է 3 միջազգային գիտաժողովների` Սանկտ Պետերբուրգում (Վ. Պլեխանովի անվան լեռնային ինստիտուտ, «Ընդերքօգտագործման հիմնախնդիրները», «Подверженность областей Армении опустыниванию», 2010թ.), Պերմում (Պերմի պետական համալսարան, «Երկրաբանությունը զարգացող աշխարհում», «Становление геоэкологии как науки», 2012թ.) և Մինսկում (Մինսկի պետական համալսարան, «Աշարհագրական գիտությունները կայուն զարգացման ռազմավարության մշակման և գլոբալիզացման պայմաններում», «Географическая наследственносьт как основа устойчивого развития территориии», 2012): Բոլոր երեք գիտաժողովներին ներկայացված աշխատանքները տպագրվել են տվյալ գիտաժողովին ներկայացված հոդվածների ժողովածուի մեջ: Ընդ որում, Պերմի գիտաժողովը մրցութային էր, որտեղ իր աշխատանքը` «Становление геоэкологии как науки», ճանաչվեց սեկցիայի լավագույն աշխատանք և արժանացավ 1-ին կարգի դիպլոմի: Մինսկի գիտաժողովին ներկայացված աշխատանքում տեսականորեն հիմնավորել է աշխարահագրության մեջ նոր հասկացության` աշխարահագրական ժառանագականության էությունը, որի հետագա խորքային ուսումնասիրությունները մեր գիտությանը կտան ավելի կոնստրուկտիվ և հիմնարար բնույթ: Աշխատանքներին կատարված հղումների հետ կապված առայժմ տեղեկություններ չունի:
Միջազգային գիտական համագործակցություններում ընդգրկվածության մասին հարցին դեռևս չի կարող պատասխանել, քանզի իր մասնակցությամբ նոր են սաղմնավորվում նմանատիպ գործունեություններ: Ուղղակի, իրեն ընդգրկել են մի ծրագրի մեջ, որտեղ կատարելու է ծրագրի ղեկավարի օգնականի աշխատաքները:
Դրամաշնորհները կարևորում է, քանի որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու, բայց առայժմ ստացած դրամաշնորները եղել են այսպես կոչված travel-grant-ներ, որոնց շնորհիվ կարողացել է մասնակցել նշված գիտաժողովներին:
Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում անցած և այս տարի կիրառված երկու չափանիշն էլ համարում է բավականանին արդյունավետ։ Թե՛ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը, թե՛ հղումների թիվը ընդունելի են՝ որպես չափանիշ։ Ընդ որում, գուցե կարելի լինի դրանք միավորել: Նաև չափանիշ կարելի է համարել այն, թե տպագրված հոդվածի նյութը կիրառական ինչպիսի արձագանք է գտել, այսինքն՝ արտադրության ոլորտում ներդրվե՞լ է, թե՞ ոչ ու ինչպիսի օգուտ է տվել տնտեսությանը:
Հակիրճ թվարկելով Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները՝ ասաց. «Առաջինը` ներկայում մեր հասարակությունում մարդիկ չեն տեսնում գիտությամբ զբաղվելու ու կարճ ժամանակում օգուտ ստանալու հնարավորություն, երկրորդ` չկա համապատասխան գիտական մթնոլորտ, քանզի հասարակությունում իշխում են ռաբիսային տրամադրությունները և երրորդ՝ գիտությունը չի զարգանում, որովհետև ֆինանսավորումն այս ոլորտում արդյունավետ չի կառավարվում»:
Երիտասարդ գիտնականների համար վերջին երկու տարում իրականացված խրախուսական մրցանակաբաշխությունների վերաբերյալ ունի շատ դրական վերաբերմունք, քանի որ դրանք մեծացնում են գիտությամբ զբաղվելու ու «խելքով» գումար աշխատելու հնարավորությունները: Գուցեև դրանք լրջորեն չեն փոխում իրավիճակը, բայց ամեն դեպքում՝ փոխում են: Ի վերջո, կաթիլը քար է ծակում: Միգուցե կարելի է զարգացնել այդ մրցանակաբաշխությունները՝ ավելացնելով տրվող գումարի չափը և մրցանակակրին աջակցելով ներդնելու իր գաղափարները` կապեր հաստատելով արտադրության տվյալ ոլորտի գործարարների հետ:
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները՝ ֆինանսականը, լաբորատորիաների պակասը, նորագույն տեխնիկաների ու տեխոնոլգիաների ներդրման ցածր մակարդակը, սերունդների «պայքարը», վերպատրաստված մասնագետների պակասը։ Այս խնդիրները կարելի է լուծել տվյալ կոնկրետ խնդրի շահագրգիռ կողմերի փոխըմբռնման դեպքում:
PostDoc համակարգին այնքան էլ մանրամասն ծանոթ չէ: Ուղղակի ասում է, որ գիտության ոլորտում ցանկացած խորքային փոփոխություններ տալիս են լուրջ արդյունքներ, ինչը, կարելի է ասել, այդ համակարգը թույլ է տալիս: Հետևաբար կարելի է նախ՝ ավելի մասսայականացնել այդ համակարգի գաղափարախոսությունը, քննարկել տարբեր երկրների օրինակները և հետո տեղայնացնել ՀՀ-ի համար:
Երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ հարթակներում վերաբերում է նորմալ։ Գիտությամբ զբաղվել չի նշանակում կտրվել իրականությունից, ընդ որում, այնպիսի իրականությունից, որը հնարավորություն է տալիս իր ոլորտում առկա խնդիրները մասսայական դարձնել: Թե չէ, այդ դեպքում մենք պիտի այս հարցման հարցերին էլ չպատասխանեինք, քանզի դրանցով գիտական գործ չենք անում։
Նշելով, որ գիտության և կրթության ոլորտի կոռումպացվածության մասին համապատասխան իրավասու մարմինները միշտ հրապարակում են իրենց մոնիթորինգի արդյունքերը, հավաստիացնում է, որ իր ուսումնառության 9 տարիների ընթացքում իր հետ նման դեպք չի եղել: Չնայած հասարակական կարծիքն այնպիսին է, որ գիտության ոլորտը նույնպես կոռուպցիոն երանգներ ունի:
Վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում տեղաշարժ տեսնում է, բայց շոշափելի արդյունքեր՝ ոչ:
Արտասահմանում եղել է միայն գիտաժողովների կամ գործուղումների ժամանակ: Մեզ մոտ բավականին զարգացած է տեսական բազան, իսկ դրսում գիտությամբ զբաղվողներին հնարավորություն է տրվում իրենց տեսական գիտելիքները դարձնել կիրառական և «շոշափելի», տեսանելի:
Ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև համարում է թույլ:
-Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
–Այսպես ասեմ՝ կարճաժամկետ տեսլականով իմ մասնագիտական հետագա աճը Հայաստանում չեմ տեսնում, իսկ երկարժամկետ հեռանկարով տեսնում եմ: Ուղղակի ցավալին այն է, որ այդ կարճաժակետ տեսլականը բավանակին երկրաժամկետ է: