https://www.azatutyun.am – Ռոբերտ Զարգարյան
Գորիս-Կապան ավտոճանապարհի` Խորհրդային Միության քարտեզներով Ադրբեջանի տարածքով անցնող 21 կիլոմետր հատվածների անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ շփման գծի մի կողմում հայ սահմանապահները կտեղակայվեն, իսկ մյուս կողմում՝ ադրբեջանցիները։
Նախարարությունը հայտնում է, որ առաջիկա օրերին հավելյալ պարզաբանումներ կտրվեն։
Իր հերթին, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և, ԱԱԾ-ի վստահեցմամբ, այդ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկությունը:
Իսկ մինչ այդ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը անվտանգության նկատառումներով սյունեցիներին հորդորել է չանցնել Հայաստանի Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։
Վերջին օրերին սյունեցիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ուղերձով դիմելով քաղաքացիներին, հայտնեց, որ թեև այս փոփոխությունները որոշակի բարդություններ ու անհարմարություններ են ստեղծում, այդուհանդերձ, այս աշխատանքներն արվում են Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու ու երաշխիքներն ամրապնդելու համար։ «Ինչպե՞ս: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ՝ Հայաստանի Հանրապետության տարածք, սրանից բխող հետևանքներով: Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում», – հայտարարեց վարչապետը։
Նոր սահմաններով Սյունիքի մարզկենտրոն Կապանի օդանավակայանը հայտնվում է ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ։
Այսօր «Ազատության» հարցերին պատասխանած կապանցիների մի մասը պնդեց, որ ռուս սահմանապահները չեն կարող ապահովել իրենց անվտանգությունը։
«Ռուսը ի՞նչ ա անելու, գալու ա ընդե՝ ինձ համար նստի՞։ Միջում մենք ենք։ Չեմ հավատում, իհարկե չեմ հավատում», – ասաց մի տղամարդ։
Մի կին էլ հարցին՝ ապահովության զգացում ունի՞, արձագանքեց․ – «Ընդհանրապես, ընդհանրապես, ամեն պահի վախը մեր մեջ է, և սպասվելիքը կա, որ մենք էսպես չենք կարա ոչ քայլենք, ոչ ապրենք, ոչ խոսենք։ Ռուսը ինչ ապահո՞վ ա, ջիգյար, ամեն մի մետրի վրա ռուսը ինձ հետ պետք ա քայլի, ռուսը քայլում ա՞՝ ոչ։ Կարող ա 100 մետրի վրա էդ վարորդի մեքենան փչանա, կանգնի, սարքի, էդ 100 մետրի վրա ռուս չկա, կանգնելուց կարող ա վերցնեն, տանեն կորցնեն։ Սխալ ե՞մ ասում՝ ոչ, բոլորը դա շատ լավ տեղյակ են»։
Քաղաքացիներից մեկն էլ հիշում է 90-ականները, երբ Գորիս-Կապան ճանապարհից մարդկանց անհետացման մասին լուրերի պակաս չկար․ – «Պատերազմի տարիներին, որ սկիզբը սկսել է, ընդեից հայուրավոր մարդիկ են գողացել թուրքերը, տարել, շատ։ Այ տենց ա, ապահովություն չկա, չկա, չի էլ լինելու»։
Հակառակ կարծիքն ունեցողներ էլ կան, ասում են՝ անհանգստանալու կարիք չկա․
«100 տոկոսով ապահովելու ա, հա։ Խնդիր լինելու ա, ո՞նց չի լինելու, էլի նույն ձևի էլի՝ իրանք մեզնից են վախենում, մենք՝ իրանցից։ Թուրքն ինչ ա՞, որ թուրքից վախում ես։ Տենց էլ կա, չէ՞։ Տենց ա լինելու, լավ ա լինելու»։
«Ադրբեջանցին պիտի մտածի, որ Սյունիքը դա քնած վիշապ ա, եթե արթնացրեց, իրանց համար շատ վատ կլինի, ուրիշ ոչինչ։ Սահմանապահները, բնականաբար, պահելու են։ Ես դրանում գրեթե 100 տոկոս վստահ եմ»։