Պարզ է, որ հիմա հարց կտաք՝ ինչու որոշեցի համեմատությունն անցկացնել հե՛նց Սինգապուրի հետ և ոչ թե, ասենք, Զիմբաբվեի կամ Մոզամբիկի։ Ասե՛մ. քանի որ մեր երկիրն, այսօրվա դրությամբ, ավելի շատ նմանություններ ունի Սինգապուրի հետ, քան վերոնշյալ երկուսի։ Բան չունեմ ասելու, էս տեմպով որ գնանք, մի 5 տարուց արդեն ազատ կարող ենք համեմատվել նաև վերոնշյալներ հետ, եթե իհարկե նրանք արագ ու տեմպով զարգանալու ռազմավարություն չմշակեն։
Դե իհարկե չեմ ասում, թե տարբերություն ընդհանչապես չկա, իհարկե կա, բայց՝ չնչին, համարյա չերևացող։ Օրինակ այն, որ Սինգապուրն ընդամենը քաղաք է, իսկ մենք՝ պետությո՛ւն։ նա կառուցված է ինչ–որ ճահճոտ կղզու վրա, իսկ մենք չոր ու մաքուր տեղում։ Հետո՝ նա չունի ոչ մի բնական ռեսուրս, նույնիսկ խմելու ջուրը բերում է Մալազիայից և Ինդոնեզիայից: Իսկ մենք ունենք սառնորակ աղբյուրներ ու հանքային ջրեր, մոլիբդեն ունենք, ոսկի, որ լավ փնտրենք, մի քիչ խորը փորենք, նավթ–բան էլ կգտնենք:
Հիմա անցնենք նմանություններին։ Առաջին հերթին՝ Սինգապուրի ու մեր, այսինքն՝ Հայաստանի անկախության գործընթացներն ահագին նմանություն ունեն: Անկախանալուց անմիջապես հետո նրանց նախագահն էլ, մերն էլ, առաջին հերթին նստեցրին հղփացած ու կասկածելի ճանապարհով հարստություն դիզած իրենց բարեկամ–ծանոթներին, մենակ թե Սինգապուում էդ ժողովրդին բանտ նստեցրին, մեզ մոտ՝ բարձր պաշտոնների։
Այնուհետև։ 1959թ. անկախացած Սինգապուրում իշխանության առաջնային խնդիրներից է եղել՝ հասնել նրան, որ Սինգապուրի անկախությունը միջազգային ճանաչում ստանա: 1965-ից երկրները սկսեցին հերթով ճանաչել Սինգապուրի անկախությունը: Մեր մոտ էլ նման մի բան եղավ, ուղղակի նմանությունը հակառակ կողմից էր. մեր անկախանալը միանգամից ճանաչեցին բոլորը, բայց հիմա մենք «հարմար երկիր» ենք փնտրում, որ կախյալանանք՝ անունը դնելով փոխշահավետ համագործակցություն։
Տեսնո՞ւմ եք, թե ինչքան նմանություններ կան, համեմատությունները շարունակվում են, ու դեռ չեմ ասել գլխավորը՝ գիտությո՛ւնը։
Ուրեմն՝ համ Սինգապուրում, համ մեզ մոտ գիտության հանդեպ մեծ հարգանք կա երկրի ղեկավարության կողմից, է ի՞նչ անենք, որ էդ հարգանքը տարբեր ձևերով է արտահայտվում, Սինգապուրում հարգանքից ելնելով զարգացնում են գիտությունը, մեզ մոտ՝ հարգանքից ելնելով, վերացնում։ Նրանք պայքարում են գիտության համար, մերոնք՝ գիտության դեմ։
Սինգապուրը էդքան զարգացավ ու տնտեսությամբ այսօր մրցում է աշխարհի ամենազարգացած երկրների հետ, իսկ տեղի ունեցած այդ զարգացման հրաշքի հիմքում ընկած է անհատական գործոնը: Մեր այս հետընթացի հիմքում էլ անհատական գործոնն է ընկած։ Չկարծեք, թե հեշտ բան էր երկիրն ալան–թալան անել էնպես, որ նոր սերունդը զարմանքով լսի, թե մենք գործարան–ֆաբրիկաներ ենք ունեցել, արտադրություններ, զարգացած տնտեսություն ու գիտություն ենք ունեցել։ Գիտություն զարգացնելը մեր անհատների շնորհքն էր։ Իսկ հիմա մեր մյուս անհատները՝ մասնավորապես նախագահն ու վարչապետը, հետևողականորեն շնչահեղձ են անում երկրում գիտությունը։ Եվ չկարծեք, թե հեշտ բան է դա. գիտնականները ամեն կերպ պայքարում են, չեն ուզում համակերպվել։
Ժամանակակից տնտեսագետները զգուշացնում են, որ շուտով կթևակոխենք տնտեսության նոր դարաշրջան: Ընդ որում, այն երկրները, որոնք գրանցում են ինովացիոն առաջընթաց, ճգնաժամ չեն ունենա: Հետևաբար, եկել է ժամանակը, որ գիտության հետ կապված խնդիրների լուծմամբ զբաղվեն լրջորեն։ Տարբեր երկրներ տարբեր մեթոդներ են օգտագործում՝ ինովացիոն առաջընթաց գրանցելու համար:
Սինգապուրն օրինակ, խնդրին հետևյալ լուծում է տալիս` այն իր երկիր է հրավիրում տարբեր երկրների քաղաքացիների, վերջիններս հետագայում դառնում են Սինգապուրի քաղաքացի, ստանում են անվճար բուհական, հետբուհական կրթություն, ինչպես նաև վարձատրվում են շատ բարձր` աշխատելով տարբեր գիտահետազոտական լաբորատորիաներում: Մեր երկիրն էլ է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ. Նա Սինգապուր և այլ երկրներ մատակարարում է հայ գիտնականներ, մտածող ուղեղներ։ Սինգապուրն ընդունում է, մենք՝ ճանապարհում։
Սինգապուրը գիտության զարգացման համար երկիր է բերում միջազգային հիմնադրամների միջոցները, ինչը տարեկան կազմում է 84 500 ԱՄՆ դոլար՝ մեկ գիտնականի հաշվով: Մեր գիտնականը դրամով է ստանում՝ տարեկան մոտ 840 500 դրամ` յուրաքանչյուր գիտնականին։ Դե մի քիչ իրական թվից շատ եկավ ամսվա կտրվածքով, բայց ոչինչ, կարևորը՝ նմանություններ գտնելն է։
Սինգապուրն այսօրվա լուսավոր օրին հասել է համառ ու անզիջում պայքարի արդյունքում, մերոնք էլ պայքարում են ապագայի անգիտություն, անզարգացում ու անհայ Հայաստան ունենալու համար։ Կարևորը պայքարելն է։
Սինգապուրում անկախանալու հենց սկզբից կասկածելի ճանապարհով հարստություն ունեցողներին նստեցրին դատարանի աթոռին ու ասացին՝ բացատրիր խնդրեմ հատիկ–հատիկ, թե որտեղից քեզ էսքանը։ Բացատրե՞ց ու համոզեց, որ արդար ճանապարհով է, ասացին՝ հաջողություն, գնա տուն, բայց չմոռանաս հարկերը մուծել, իսկ եթե չկարողացավ, ասացին՝ հայդա բանտ, ունեցածն էլ պետականացրին։
Հե՜յ գիդի… պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդ, մեզ մոտ նման մի բան անեին. նախագահա–վարչապետախառը, Կճոյանա–օֆշորախառը, դատաիրավական համակարգով, օլիգարխ–չինովնիկով, ռեկտորատ–դեկանատով բանով հավաքեին տանեին ուղղիչ աշխատանքային գաղութ, էդ միլիարդներն էլ ուղղեին հայկական գիտությանը։ Համա թե կծաղկեր հաաա՜ գիտությունը Հայաստանում…կտայինք կանցնեինք սաղին`Ամերիկայով-բանով…
Ես մի բան ասեմ. չասեք՝ չլինող է… չլինող բան չկա, ժողովուրդ ջան, Սինգապուրը ձեզ օրինակ։
Էնքան զարմանալի բան ասացի, որ համեմատական մտքիս թելը կտրվեց։ Լա՜վ, էդ՝ հետո, հիմա…
Չէ, էլ բան չեմ ասում, մտածեք…
Արամ Պապայան