ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայ առաքելական եկեղեցւոյ Դամասկոսի թեմը իր երախտագիտութիւնը յայտնեց Սուրիոյ նախագահ Պաշար Ասատին՝ երկրի խորհրդարանին մէջ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալուն համար:
Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալպանտեան ուղերձ յղեց Սուրիոյ նախագահին, խորհրդարանին եւ բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումը ունեցան Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մէջ:
«Մենք Հայոց Ցեղասպանութիւնից փրկուածների երրորդ կամ չորրորդ սերունդն ենք: Այստեղ ապաստան են գտել բազմաթիւ հայեր՝ շնորհիւ սիրիացի եղբայրների: Տարիների ընթացքում դարձանք հասարակութեան անբաժանելի մասը: Այսօր մենք հնչեցնում ենք շնորհակալութեան աղօթք: Մենք ողջունում ենք Սիրիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման քայլը», կը նշուի ուղերձին մէջ։