«…Հիմա եթե անգամ ինձ 1000 հատոր փաստաթուղթ էլ տրամադրեն, այլևս չեն կարող պատկերացումս փոխել այն ամենից հետո, ինչ տեսա այսօր: Այն, որ 1915 թּ ամռանը մարդկանց` կին, մանուկ, տարեց, ստիպել են, հարյուրավոր կիլոմետրեր քայլելով, այստեղ հասնել, չի կարող բացատրվել և ոչ մի «ռազմական միջոցառմամբ»: Դա միայն մեկ մեկնաբանություն ունի` բնաջնջել աքսորված մարդկանց: Անգամ այսօր եթե փորձ անեն հազարավոր մարդկանց քարավաններով, ավելին` ոչ թե հունիս-հուլիս, այլ ապրիլ ամսին ստիպել քայլելով այստեղ գալ, դա կնշանակի, որ ցանկություն ունեն նրանց ոչնչացնել: Դա չեք կարող հասկանալ, քանի դեռ չեք տեսել Դեյր էլ-Զորը: Կամ էլ շատ լավ կհասկանաք Դեր Զորի շրջանը տեսնելուց հետո…»,- թուրքական «Ռադիկալ» օրաթերթում գրում է լրագրող Ջենգիզ Չանդարը «Մի ապրիլի 24 Սիրիայի անապատում» վերնագրով հոդվածում1:
Թեև ժամանակակից թուրք լրագրողը, 2010 թ. ապրիլ ամսին (և ոչ թե ամառվա տապին) այցելելով Դեր Զոր, անապատը սեփական աչքերով տեսնելուց հետո համոզվում է, որ հայ ժողովրդին այստեղ տարագրելու միակ պատճառը կարող էր լինել հայոց բնաջնջումը, և այլևս ոչ մի վավերագրի կարիք չի զգում` դրանում համոզվելու համար, բայց և այնպես` դեռ կարելի է բազմաթիվ փաստաթղթեր տրամադրել Հայոց ցեղասպանությունը ժխտել փորձող թուրք պատմաբաններին և մտավորականներին: Այդ վավերագրերից մեկն էլ 1920 թ. ապրիլի 28-ին Օսմանյան Կայսրության ռազմական արտակարգ ատյանում ընդունված դատավճիռն է2, որը հեռակա կարգով մահվան է դատապարտել Դեր Զոր սանջակի (մարզի) նախկին մութասարրիֆ (կառավարիչ) Զեքի բեյին: Սույն փաստաթղթում մեկ անգամ ևս հավաստվում է, որ Դեր Զոր աքսորված հայերն այստեղ զոհվել են ոչ միայն կենսական ծանր պայմանների պատճառով, որն անխուսափելի էր, այլև օսմանյան կառավարության հրահանգով կոտորվել են վերոհիշյալ Զեքիի կազմած հեծյալ և հետիոտն հրոսախմբերի կողմից:
Ինչպես հայտնի է, Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության այլ շրջաններից տարագրված հայերն ուղարկվում էին Սիրիայի անապատները, այդ թվում նաև` Դեր Զոր: Թեև հայերն աքսորի ճանապարհներին ենթարկվել են սահմռկեցուցիչ ջարդերի, բայց և այնպես, ըստ Արամ Անտոնյանի՝ «…ամենէն զարհուրելի եղեռնագործութիւնները եւ մեծագոյն ջարդերը կատարուեցան 1916-ին եւ անկէ ետք, այն հեռաւոր անապատներուն մէջ»3: «Մեծ ոճիրը» գրքի հեղինակը պատմում է, որ 1916 թ. հետո, երբ ողջ հայությունը քշվել էր Սիրիայի անապատները, և նրան էին միացել նաև Կիլիկիայի հայերը, այստեղ կառավարությունից ստացված հրահանգով կազմակերպվեց երեք մեծ ջարդ, որոնցից առաջինը` Ռես-ուլ-Այնում, որտեղ կոտորվեց 70 հազար հայ, երկրորդը` Ինթիլլիում, որին զոհ գնաց 50 հազար հոգի, և ի վերջո` Դեր Զորի անապատում, որն ամենազարհուրելին էր և ամենազանգվածայինը դրանց մեջ (200 հազար մարդ): Ի դեպ, ինչպես նշում է Արամ Անտոնյանը, վերոհիշյալ թվերը վերաբերում են միայն ջարդերի միջոցով կոտորված հայերին, իսկ եթե հաշվենք այդ երեք վայրերում հիվանդություններին, առանձին սպանություններին, սովին ու ծարավին զոհ դարձած հայերին, ապա նրանց թիվը կանցնի մեկ միլիոնից4:
Վարդապետ Գրիգորիս Պալաքեանը «Հայ Գողգոթան» վերնագրով իր հուշերում ներկայացնում է երկու հայ զինվորների վկայությունները, որոնց համաձայն` Դեր Զոր հասած հայության բեկորները դարձել են անապատի ավազակներից բաղկացած զինված հրոսախմբերի զոհը5:
Ինչպես նշեցինք, այդ ավազակախմբերը ղեկավարվում էին Դեր Զոր սանջակի (մարզի) մութասարրիֆ (կառավարիչ) Զեքի բեյի կողմից, որի մասին հետևյալն է գրում այստեղի զարհուրելի կոտորածների ականատես, Հայոց ցեղասպանությունից վերապրած Արուշ Վարդանյանը. «Պաղտատէն եկաւ փաշա մը` Զեքի կամ Զոհետի, որոշ չեմ յիշեր անունը, եւ հրաման հանեց, որ «Տէր Զորի մէջ հատ մը հայ չպիտի մնայ», որովհետեւ հայերը սկսած էին խանութներ բանալ, առեւտուրով, հացագործութիւնով եւ երկաթագործութիւնով զբաղուիլ: Այս հրահանգին համաձայն` բոլոր հայերը ղրկուեցան Սուվար (…): Սուվարի մէջ գտնուող յաղթական այրերը նախ զատեցին եւ ջարդուելու համար ղրկեցին Մերկետէ լեռը, որ վայրին յարմարութեան համար վերածուած էր սպանդանոցի (…): Կարաւանները ընդհանրապէս իրիկուան դէմ կը հասնէին Մերկետէ եւ ջարդը տեղի կ’ունենար հետեւեալ օրը առաւօտուն, մերթ գնդակահարութեամբ, մերթ սուրով, մերթ գաւազանով` որուն ծայրը հաստատուած էր գունտ երկաթ մը կամ կապար մը եւ կամ քարկոծելով ու վառելով (…)»6:
Թեև Դեր Զորի կոտորածն ի սկզբանե էլ նախատեսված էր օսմանյան կառավարության կողմից, սակայն այստեղի ջարդը շտապեցնելու առիթ էր դարձել Բաղդադի վերագրավման ծրագիրը: Ինչպես նշում է Արամ Անտոնյանն իր վերոհիշյալ գրքում, թե’ գերմանական և թե’ օսմանյան իշխանությունների կողմից կոտորածն արագացնելու հրահանգի շարժառիթ էր ծառայել այն հանգամանքը, որ Եփրատի այն հատվածը, որի մոտ հավաքվել էր հայ գաղթականների մնացորդացը, «Յըլդըրըմ» բանակի պարենավորման գիծն էր, և հենց այդ մասից պետք է տարվեին բոլոր թնդանոթներն ու ռազմամթերքը7: Հեղինակը հայտնում է, որ թեև այստեղ հասած հայ բեկորների հարցը վերջնականապես լուծելու (իմա` ոչնչացնելու) խնդրին հետամուտ էին թե’ Հալեպի կուսակալ Մուստաֆա Աբդուլհալիք բեյը, թե’ Դեր Զորի պատգամավոր Նուրի էֆենդին, որի մասին, ի դեպ, նույնպես հիշատակվում է Դեր Զորի դատավճռում` որպես հայոց կոտորածների մեջ հանցավոր կասկածյալի, որի դեմ օրինական հետաքննություն իրականացնելու համար պահանջվում էր գրություն հղել դատախազությանը8, թե’ Էյուբ բեյը և թե’ երիտթուրքական կոմիտեի պատվիրակ Ջեմալ բեյը, սակայն այս հարցում ամենաանհամբերը Դեր Զորի կառավարիչ Զեքի բեյն էր9: Արամ Անտոնյանը հետևյալ կերպ է ներկայացնում Դեր Զորում կազմակերպված կոտորածի պատմությունը. «Ժողովուրդը հանուեցաւ Տէր Զօրէն առանձին խումբերով, Մուսուլ տարուելու պատրուակով: Բայց անոնք չկրցան Շէտտատէէն անդին անցնիլ: Մինչեւ Շէտտատէ երկարող ճամբուն վրայ, Զէքի Պէյ ընտրեց գլխաւորաբար Մարաթի եւ Սուվարի անապատները, եւ որովհետեւ կարելի չէր ամբողջ այդ բազմութիւնը սպաննելով հատցնել, ստեղծեց արուեստական սով մը (…)»10: Հեղինակը հայտնում է նաև այստեղի հայոց եղեռնի գործում Դեր Զորի կառավարչին աջակցած ոճրագործների անունները, որոնք, սակայն, չեն հիշատակվում դատավճռում, և ցույց տալիս Զեքիի դաժանության աստիճանը. «Զեքի Պէյի կը գործակցէին Զօրի երեսփոխան Մուհամմէտ, Անէի Միւտիր Թուրքի Մահմուտ, Քօմիսէր Մուսթաֆա, Րէս-Իւլ-Այնի թաղապետութեան տնօրեն Հիւսէին Պէյ իր երկու զաւակներով, Սուվարի Միւտիր Շէյխ Սիւլէման, Հասիչէի Միւտիր Էյսա Սխթա, Չէրքէս Էօմար ալ Հաքիմ, գաղթականներու առաքման պաշտօնեայ Ապտուլլահ Փաշա.- մի միայն կարեւորագոյնները կը յիշենք: Զեքի Պէյ` ասոնց ջարդի եռանդը միշտ արծարծուն պահելու համար` յաճախ ձիուն վրայէն կը ծռէր, պզտիկ տղաքը թեւերնուն կը բռնէր, կը դարձնէր մէկ երկու հեղ ու գետին զարնելով` ջախջախելով կը մեռցնէր ու կ’ըսէր իր արբանեակներուն.
Մի’ կարծէք թէ անմեղ մը մեռցուցի. ասոնց նոյն իսկ նորածինները յանցաւոր են, որովհետեւ վրէժի սերմը պիտի կրեն իրենց մէջ. կ’ուզէ՞ք վաղուան մասին ապահով ըլլալ, մի’ խնայէք նաեւ պզտիկներուն:
Եվ անոնք չէին խնայէր…»11:
1919-1921 թթ. հայոց կոտորածների մեղադրանքով Օսմանյան կայսրությունում հարուցված շուրջ 63 դատական գործերի շրջանակներում տեղի է ունեցել նաև Դեր Զոր սանջակի ջարդերի դատաքննությունը, որի նիստերի արձանագրությունները, ցավոք, չեն հասել մեզ, սակայն Դեր Զորի մութասարրիֆ (կառավարիչ) Զեքի բեյին հեռակա կարգով մահվան դատապարտող դատավճիռն արձանագրվել է օսմանյան «Ալեմդար» օրաթերթի կողմից: Պետք է նշել, որ Դեր Զորի կառավարիչը սույն դատավճռով մահվան է դատապարտվել հեռակա կարգով, քանի որ գտնվում էր փախուստի մեջ: Դատավճռում ընդգծվում է, որ դատաքննության ժամանակ հարցաքննված բազմաթիվ վկաների ցուցմունքների համաձայն` Դեր Զորի կառավարիչ Զեքին Օսմանյան Կայսրության տարբեր շրջաններից դեպի Դեր Զորի սանջակ տեղահանված բազմաթիվ հայերի, դարձյալ տեղահանության պատրվակով, աքսորել է այլ շրջաններ` իր իսկ կողմից հրոսակներից կազմված հեծյալ և հետիոտն չեթեների միջոցով, և որ նրա պարտադրանքով այս հրոսախմբերը ճանապարհին մեղադրյալի ներկայությամբ հարձակվել են հայերի վրա, հափշտակել վերջիններիս մոտ գտնվող դրամները և իրերը, շատերին դաժանաբար սպանել և ոչնչացրել Խաբուր գետի ավազանի հեղեղատներում:
Ստորև առաջին անգամ հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք Դեր Զորում հայերի կոտորածների դատաքննության արդյունքում կայացված մահվան դատավճիռը.
Դեր Զորի դատավարության արդյունքում կայացված դատավճիռը
Մահապատժի դատավճիռ
«(Դեր) Զորի սանջակ (մարզ) աքսորված հայերի սպանության և ոչնչացման, ինչպես նաև` նրանց ունեցվածքը հափշտակելու և կողոպտելու մեջ մեղադրվող, ներկայում փախուստի մեջ գտնվող (Դեր) Զորի նախկին մութասարրիֆ (սանջակի կառավարիչ) Զեքի բեյի նկատմամբ իրականացված դատաքննության արդյունքում, քանի որ մահմեդական և ոչ մահմեդական բազմաթիվ վկաների` երդվելուց հետո հերթով տված վկայությունների և հետաքննության փաստաթղթերի բովանդակության, ինչպես նաև` այնպիսի ապացույցների շնորհիվ, ինչպիսիք են նրա` փախուստում գտնվելու հանգամանքը և օրինական մտքերի ընթացքի և խղճի վրա ձևավորված կարծիքը, հաստատվել է, որ վերոնշյալը Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից (Դեր) Զորի սանջակ տեղահանված ու վերաբնակեցված բազմաթիվ հայերի, դարձյալ տեղահանության պատրվակով, աքսորել է այլ շրջաններ` հրոսակներից իր իսկ կողմից կազմված հեծյալ և հետիոտն չեթեների միջոցով, և որ նրա պարտադրանքով այս հրոսախմբերը ճանապարհին մեղադրյալի ներկայությամբ խմբակային հարձակվել են հայերի վրա, հափշտակել վերջիններիս մոտ գտնվող կանխիկ դրամը և իրերը ու հայերից շատերին չափազանց ողբերգական ձևով սպանել և ոչնչացրել Հաբուրի ավազանի հեղեղատներում, ապա վերոհիշյալ Զեքի բեյի` թալանի ու կողոպուտի, ինչպես նաև մարդասպանության ստոր արարքի դրդած հանցագործը լինելու պատճառով միաձայն վճռվել է նրան հեռակա կարգով պատժել և Կայսերական քաղաքացիական-քրեական օրենսգրքի 45-րդ հոդվածի մատնանշմամբ, Զինվորական-քրեական օրենսգրքի 173-րդ և Քաղաքացիական-քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածների համաձայն` դատապարտել մահվան, և նրա գույքը բռնագրավելով` հանձնել գրասենյակին, իսկ վերոհիշյալ հանցագործություններում ներգրավված ու դրանց մասնակից լինելը հաստատող՝ հետաքննության փաստաթղթերում հիշատակված Զորի նախկին պատգամավոր Նուրի էֆենդու և վերոհիշյալ Զեքի բեյի` մութասարրիֆ եղած ժամանակ Ժանդարմերիայի և Ցամաքային (կանոնավոր) զորքի հրամանատարությունների և Ոստիկանական կոմիսարության ներկայացուցիչների, ինչպես նաև` տեղի դատախազի նկատմամբ ևս օրինական հետաքննություն իրականացնելու համար գրություն հղել Դատախազությանը, թեև դեռ հնարավոր չի եղել պարզել, թե արդյոք տեղի դատախազը հանդես եկե՞լ է այն օրինական նախաձեռնությամբ, որն ի պաշտոնե հարկադրված էր անել` վերոհիշյալ գործողություններն իր աչքի առաջ կատարված լինելու դեպքում»12:
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
Ծանոթագրություններ
- Cengiz Çandar, “Suriye çölünün ortasında bir 24 Nisan…”, Radikal Gazetesi, 25.04.2010.
- Դատավճռի լատինատառ օսմաներեն տարբերակը հրապարակվել է Թաներ Աքչամի և Վահագն Դադրյանի կազմած «Տեղահանություն և կոտորածներ. Ռազմական արտակարգ ատյանի արձանագրությունները: Միություն և առաջադիմություն կուսակցության դատավարությունը 1919-1922 թթ.» գրքում և գտնվել օսմանյան «Ալեմդար» օրաթերթի 1920 թ. ապրիլի 30-ի համարում, տե’ս Vahakn N. Dadrian, Taner Akçam, “Tehcir ve Taktil” Divan-ı Harb-i Örfî Zabıtları. İttihad ve Terakki’nin Yargılanması 1919-1922, İstanbul, 2008, s. 715-716.
- Արամ Անտոնեան, Մեծ ոճիրը, Պօսթըն, 1921, էջ15:
- Նույնը, էջ 18-19:
- Գրիգորիս Վարդ. Պալաքեան, Հայ Գողգոթան, Ա. Հատոր, Բ. Տպագրութիւն, Պէյրութ, 1977, էջ 469:
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), Գ. Հրատարակութիւն, Պէյրութ, 1987, Սահմռկեցուցիչ վկայութիւններ, էջ 537-544:
- Արամ Անտոնեան, նշվ. աշխ., էջ 78:
- Deyr-i Zor Davası Karar Sureti, Cezâ-yı İ’dâm, “Alemdar” Gazetesi, 30 Nisan, 1920.
- Արամ Անտոնեան, նշվ. աշխ., էջ 105-106:
- Նույնը, էջ 109:
- Նույնը, էջ 111:
- Deyr-i Zor Davası Karar Sureti, Cezâ-yı İ’dâm, “Alemdar” Gazetesi, 30 Nisan, 1920.
Death Penalty of Zeqi Bei, the Governor of Der Zor (1920)
Summary
Meline Anumyan
The paper discusses the Ottoman military tribunal’s 1920 decision about the Armenian massacres in Der Zor, on the account of which Zeqi Bei, the ex-governor of Der Zor region of the Ottoman Empire was sentenced to death. This legal document once again confirms that Armenians deported to Der Zor died not only because of inevitable hardships of the deportation, but because they were massacred by cavalry and infantry gangs, which were formed by above mentioned Zeqi and were acting under the command of the Ottoman government. While the Der Zor massacre, which took the lives of 200 Armenians, was planned by the Ottoman government in advance, it was rushed by the plans to recapture Bagdad. By this ruling of the tribunal the governor of Der Zor was sentenced to death in absentia, because he was in hiding at that time. It is emphasized in the tribunal’s ruling that, as numerous witnesses testified, the Der Zor governor Zeqi extradited many Armenians that were deported to Der Zor from various regions of the Ottoman Empire out of Der Zor for the pretended purpose of further deportations, however, while on their way, the Armenians were attacked by Zeqi’s gangs. Acting according to Zeqi’s orders and in his presence, the gangs seized the belongings of the Armenians and brutally killed many of them in the vicinity of Khabur River.