ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ամերիկան կրկին կը դարձնենք հզօր», այս խօսքերով Հանրապետական կուսակցութեան համագումարում Դոնալդ Թրամփն ընդունեց ԱՄՆ նախագահի պաշտօնում իր թեկնածութեան առաջադրումը: «Մեծ պատիւ է լինել ԱՄՆ նախագահի պաշտօնի հանրապետական թեկնածու: Ես յամառօրէն կ՛աշխատեմ եւ յուսախաբ չեմ անի ձեզ: Ամէնից առաջ՝ Ամերիկա՛ն», հանրապետական պատուիրակների քուէարկութիւնից յետոյ իր «Թուիթեր»եան էջում գրեց Թրամփը: ԱՄՆ փոխնախագահի պաշտօնի համար առաջադրուեց Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը:
Յուլիսի 18-21ը Քլիվլենդում (Օհայօ նահանգ) անցկացուած Հանրապետական կուսակցութեան համագումարում ենթադրւում էր, որ կը լինի ընդվզում Թրամփի թեկնածութեան դէմ, սակայն այդ ուղղութեամբ փորձերը ձախողուեցին:
«Շատ հանրապետականներ գոհ չէին, որ կուսակցութեան թեկնածուն պէտք է լինի Դոնալդ Թրամփը եւ սպասւում էր, որ կը լինի ապստամբութիւն: Այդ նպատակով, սակայն, բոլոր փորձերը խափանուեցին՝ ներառեալ ընտրութեան կանոնակարգը փոփոխելու առաջարկը, ըստ որի՝ քուէարկող պատուիրակները պէտք է ձայն տային իրենց խղճին համապատասխան: Թրամփի դէմ ընդվզման մի ձեւ էր նաեւ այն, որ Հանրապետական կուսակցութեան քաղաքական վերնախաւի բազմաթիւ դէմքեր ներկայ չէին համագումարին: Սակայն, ի վերջոյ, հանրապետականները համախմբուեցին Թրամփի շուրջ՝ ցոյց տալու համար, որ միասնական են, եւ թոյլ չտալու, որ Հիլարի Քլինթոնը այս ամէնից շահի: Որոշումը կայացուեց թերեւս այն սկզբունքի շուրջ, որ առաջնային է Քլինթոնի պարտութիւնը», մեկնաբանում է Հայ հանրապետականների ազգային կազմակերպութեան Գործադիր խորհրդի անդամ Պօղոս Փաթաթեանը:
Ըստ Փաթաթեանի՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ շատ հանրապետականների բացասական վերաբերմունքը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ վերջինս Հանրապետական կուսակցութեան դասական գաղափարախօսութեան կրողը չէ, այդուհանդերձ՝ ընդունելի են ազգային անվտանգութեան եւ տնտեսական հարցերում նրա մօտեցումները: «Թրամփի առաջադրմանը նպաստեց, եւ կարելի է ասել՝ կուսակցութեան ներսում իւրատեսակ փոխզիջման մթնոլորտ ստեղծեց փոխնախագահի պաշտօնում առաջադրումը Մայք Փենսի, ով մեծ հեղինակութիւն ունի կուսակիցների շրջանում: Նա յայտնի է որպէս փորձառու, կայուն ու հմուտ քաղաքական գործիչ, ով վստահելի է եւ կարող է հաւասարկշռել Թրամփին», նշում է Փաթաթեանը: Յատկանշական էր, որ Հանրապետական կուսակցութեան համագումարի ողջ ընթացքում կարմիր թելի պէս առկայ էր Հիլարի Քլինթոնի անունը: Հանրապետականները մատնանշելով պետքարտուղարի պաշտօնում նրա գործունէութեանն առնչուող աղմկայարոյց փաստեր՝ կոչ էին անում բանտարկել նրան:
Հայ Հանրապետականների ազգային կազմակերպութեան Գործադիր խորհրդի անդամը նշում է, որ Դոնալդ Թրամփը, թէեւ իրենց նախընտրած թեկնածուն չէ, սակայն նրանք ընդունում են այն թեկնածուին, ում ընտրել է ժողովուրդը նախնական ընտրութիւնների ժամանակ:
Հայկական հարցերի, մասնաւորապէս Հայաստան-ԱՄՆ յարաբերութիւնների, Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի ճանաչման վերաբերեալ Թրամփի եւ Փենսի դիրքորոշումների մասին հարցին ի պատասխան՝ Փաթաթեանը նշեց. «Որպէս Հանրապետական կուսակցութիւն, մեր առաւելութիւնն այն է, որ յստակ գիտենք հիմնական մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի կեցուածքը Հայոց Ցեղասպանութեան եւ Թուրքիայի նկատմամբ: Դոնալդ Թրամփը հայկական հարցերի մասին չի արտայայտուել, սակայն վերջին շաբաթներին, բաւական կոշտ է խօսել Թուրքիայի դէմ, որպէս ՆԱՏՕի անդամի՝ հարցադրում անելով, թէ ինչո՞ւ Թուրքիան չի կատարում պարտականութիւնները եւ վերջ չի դնում ահաբեկչութեանը: Միաժամանակ, Մայք Փենսը, Կոնգրեսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի քննարկման ժամանակ, ճանաչել է Ցեղասպանութիւնը, եւ 2005 թուականին, երբ կոնգրեսական էր, աջակցել է Բանաձեւ 316ի եւ 195ին», տեղեկացուց Պօղոս Փաթաթեանը: Նա նաեւ յայտնեց, որ Հանրապետական կուսակցութեան բազմամեայ ռազմավարագէտներից՝ Քէյթ Նահիգեանը, ում ամերիկեան քաղաքական շրջանակներում անուանում են «հայկական Ֆելինի»՝ աշխատանքին ստեղծագործական մօտեցման համար, նշանակուել է Դոնալդ Թրամփի արշաւի աւագ խորհրդական:
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի ընտրուելու հաւանականութեանը՝ Փաթաթեանը նշեց, որ Հանրապետական եւ Դեմոկրատ կուսակցութիւնների թեկնածուների ցուցանիշները շատ մօտ են: Յաղթանակի համար վճռորոշ կը լինի, թէ ինչպէ՛ս մրցակիցները կը դրսեւորեն իրենց՝ մինչ Նոյեմբերի 8ի համընդհանուր ընտրութիւնների օրը:
Նշենք, որ վիճակագրական տուեալների համաձայն՝ այսօրուայ դրութեամբ Թրամփին (40.7%) եւ Քլինթոնին (43.5%) տրուած ձայներին միջեւ յարաբերակցութիւնը կազմում է շուրջ երեք տոկոս։
Հանրապետական կուսակցութեան համագումարում, որը կրում էր «Ամերիկան կրկին դարձնենք հզօր» կարգախօսը, նաեւ ընդհանրացուած ներկայացուեցին կուսակցութեան դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ:
Չորսօրեայ համագումարի իւրաքանչիւր օրն ունէր իր խորագիրը: «Ամերիկան կրկին դարձնենք ապահով» նշանաբանի շրջանակներում, անդրադարձ եղաւ ազգային անվտանգութեան ու արտաքին քաղաքականութեան խնդիրներին, խօսուեց Բենգազիի ողբերգական դէպքերի մասին, գաղթականութեան համակարգին, որն ըստ հանրապետական խօսնակների՝ սպառուել է եւ սպառնալիքներ է ստեղծում երկրի անվտանգութեան համար: Յայտարարուեց նաեւ, որ Թրամփի վարչակազմը մանրամասնօրէն դիտարկելու է մասնագէտների կարծիքը, հետամուտ է լինելու ռազմուժի զօրացմանն ու Միացեալ Նահանգները ապահով ու անվտանգ երկիր դարձնելու ռազմավարութեան ստեղծմանը:
Երկրորդ օրուայ թեման էր Միացեալ Նահանգների տնտեսական վիճակը, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտութիւնը, ինչը լաւագոյնս կարող է իրականացնել Թրամփը, ով իր գործունէութեան ընթացքում այս հարցում մեծ ներդրում ունի: «Ամերիկան կրկին դարձնենք առաջինը» խորագրի ներքոյ հանդէս եկող խօսնակներն էլ ընդգծեցին երկրին՝ համաշխարհային առաջատարի դիրքերը վերադարձնելու անհրաժեշտութիւնը:
Հանրապետական կուսակցութեան համագումարում անակնկալներ այդուհանդերձ եղան: Հիմնական բանախօսներից ոմանք, այդ թւում՝ Թրամփի հանրապետական մրցակիցներից Թեդ Քրուզը, աջակցութիւն չյայտնեց Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով կուսակիցներին քուէարկել՝ առաջնորդուելով խղճով: Նախագահի հանրապետական թեկնածուի կնոջն էլ՝ Մելանիա Թրամփին, մեղադրեցին գրագողութեան համար: Ըստ փորձագէտների՝ նա իր ելոյթում մի քանի անգամ կրկնեց Միշել Օբամայի՝ 2008ին դեմոկրատական համագումարում հնչած ելոյթից արտայայտութիւններ:
Յ.Գ. Թերթը պատրաստ էր տպագրութեան՝ մինչ համագումարում Յուլիսի 21ին նախատեսուած Դոնալդ Թրամփի ելոյթը: Այս մասին՝ յաջորդիւ։