Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում հայտարարեց Եվրամիության և Հայաստանի ասոցացման նոր մոդելի անհրաժեշտության մասին: Այս հարցն օրակարգ է մտցրել Հայաստանը կամ Հայաստանն է դրել շրջանառության մեջ՝ սեպտեմբերի 3-ից հետո, երբ խայտառակ կերպով հրաժարվեց եվրաասոցացման գործընթացից և ընտրեց Մաքսային միությունը:
Այդ ժամանակ ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից սկսեցին հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ հետ Ասոցացման քաղաքական մասը: Եվրամիությունը դրան արձագանքեց մերժումով, ընդ որում` ոչ թե քմահաճության, այլ պարզապես տեխնիկական անհնարինության ու անիմաստության պատճառով: Եթե Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը դուրս է գալիս, քաղաքական մասը վերածվում է մի անպետք թղթի: Եվրոպան փորձեց Հայաստանին մի քանի անգամ բացատրել այդ պարզ բանը: ՀՀ իշխանությունների շահերից չէր բխում դա հասկանալը, և նրանք շարունակում էին, շարունակեցին մինչև վերջերս. Տիգրան Սարգսյանը հրաժարական տալուց առաջ հայտարարեց Բրյուսելում, ուր մեկնել էր ԵԺԿ գագաթնաժողովին, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը, ինչպես Ուկրաինան: Եվրոպացիները բացատրեցին նաև Ուկրաինայի պահը` ասելով, որ Ուկրաինան տնտեսական մասից չի հրաժարվել, պարզապես այն կստորագրի ավելի ուշ, իսկ Ռուսաստանի հետ հակադրությունը ստիպում է գոնե քաղաքական մասը, որ տեխնիկապես ավելի պարզ է, ստորագրվի ավելի արագ՝ անհապաղ: Սակայն ՀՀ իշխանությունների շահերից չէր բխում նաև այդ պարզ բանը հասկանալը:
Հիմա Հայաստան է եկել Ֆրանսիայի նախագահը ու հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է այլ մոդել գտնի: Ու ստացվում է, որ ԵՄ դիրքորոշումը փոխվել է և պատրաստ են Հայաստանի հետ, այսպես ասած, առանձին բաղադրիչով թուղթ ստորագրել: Արդյո՞ք դա իսկապես այդպես է, այսինքն արդյո՞ք իսկապես փոխվել է Եվրոպայի մոտեցումը այսօր: Օլանդից առաջ Երևանում քաղաքական մասի ստորագրման հնարավորության մասին խոսել էր նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: Իսկ Գերմանիան ու Ֆրանսիան ԵՄ առաջատար տանդեմն են, քաղաքական առաջատարները:
Եվ ուրեմն` կարծեք թե կան հիմքերը կարծելու, որ ԵՄ դիրքորոշումը փոխվում է: Սակայն համարձակվում ենք կարծել նաև, որ սա այդպիսի հիմքերի մասին խոսելու բավական մակերեսային ելակետ է: Եթե Գերմանիան ու Ֆրանսիան խոսում են, դա դեռ չի նշանակում, որ գործում են: Ի վերջո, նույն Օլանդը Երևանում հայտարարում է, որ Հայաստանի ՄՄ անդամակցության մեջ խնդիր չի տեսնում: Այսինքն` Ֆրանսիան Երևանում ճանաչում է Պուտինի գերակա իրավունքը: Իսկ Պուտինի գերակա իրավունքը նշանակում է ՀՀ-ԵՄ հարաբերության տոտալ և խստագույն վերահսկողություն:
Առաջանում է, մեղմ ասած, անտրամաբանական վիճակ՝ Օլանդը Հայաստանում հայտարարում է Պուտինի գերակա իրավունքը ճանաչելու մասին, բայց հետո խոսում է ԵՄ հետ ասոցացման նոր մոդելի մասին: Եթե Օլանդի փոխարեն լիներ, ասենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, սոցիալապես անապահով մի կին և նույն բանն ասեր Սերժ Սարգսյանին, Ս. Սարգսյանը երևի կասեր՝ եկել նոր ասոցացման մասին ես խոսում, Պուտինի հետ իմ գործերը փչացնում ես, որ ի՞նչ անես: Բայց, ասոցացման նոր մոդելի մասին խոսում է Օլանդը, ոչ թե Մալաթիա-Սեբաստիայից մի կին, ու Օլանդի կողքին Սերժ Սարգսյանն արդեն այլ բան է ասում՝ կրկնում է, որ Հայաստանը հավատարիմ է ԵՄ առաջ ստանձնած պարտավորություններին: Բայց ախր չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ԵՄ-ը կոմունալ վճար չէ, որ Հայաստանը պարտավոր լինի վճարել թե Եվրամիության, թե Ռուսաստանի համար: Դրանք տարբեր տնտեսական, քաղաքական, մշակութային, քաղաքակրթական հարթություններ են, որոնց միջև ներկայումս աշխարհում ավելի ու ավելի մեծ անջրպետ է առաջանում: Եթե մարդը հայտարարում է, որ հավատարիմ է ԵՄ հետ հարաբերություններին, հարց է առաջանում՝ իսկ ՌԴ հետ հարաբերություննե՞րը:
Հասարակության առաջ հասկացությունները նենգափոխում են և ամեն ինչ հանգեցնում, այսպես ասած, իրավաբանական սուբյեկտների միջև հարաբերությունների` հայտարարելով, խոսելով տնտեսական ֆորմացիաների, ֆորմատների, հարթությունների կանոնակարգերի համադրման և այլնի մասին: Բայց չէ՞ որ պետությունը միայն իրավաբանական սուբյեկտ չէ: Ավելին` պետության իրավաբանական սուբյեկտությունը ընդամենը քաղաքական սուբյեկտության ֆորմալ հիմք է:
Այսինքն` խոսքը տնտեսական ռեժիմների համադրման մասին չէ, այլ պետության քաղաքական կենսագործունեության, որը պետք է ունենա քաղաքակրթական պլատֆորմ: Այստեղ Եվրամիությունն ու Ռուսաստանն անհամատեղելի են: Ով չի հասկանում այդ ամենը և խոսում ՄՄ-ի ընդունելիության ու ԵՄ ասոցացման մասին` կամ չի պատկերացնում խնդիրները և պետության կենսագործունեության առանձնահատկություններն ու առանցքային հենասյուները ամբողջ խորությամբ, կամ զբաղված է հասարակությանը մոլորեցնելու գործով՝ դրա տակ լուծելով արդեն բոլորովին այլ խնդիրներ, արդեն կարևոր չէ, թե ինչ բնույթի, քանի որ ինչ բնույթի էլ լինեն՝ մի բան հստակ է, որ դրանք կապ չունեն հասարակության ու Հայաստան պետության շահերի հետ: