Գերմանաբնակ, ազգութեամբ թուրք Էրդալ Շահինիի «1915ի Դահճի Փոխակերպում» գիրքը պատմում է Հայոց Ցեղասպանութեան մասին, որտեղ հեղինակը նաեւ իրեն է մեղաւոր ճանաչում հայերի դժբախտ էջի համար:
Հրաւիրուած մամուլի ասուլիսին նա ընդգծեց, որ իրենք եւս մեղաւոր են Հայոց Ցեղասպանութեան մէջ, քանի որ թոյլ են տուել, որ այն տեղի ունենայ:
«2009-2010թթ.ին ես առիթ եմ ունեցել մասնակցելու բեռլինեան մի ժողովի, որտեղ յոյները եւ յատկապէս հայերը մօտենալով մեզ ասացին՝ դուք ձեզ վատ մի զգացէք, դուք մեղք չունէք, ձեր պապերն են արել: Ես ասացի եթէ ես համապատասխան կեցուածք չեմ ընդունում, կարծիք չեմ ասում, նշանակում է՝ ես էլ եմ շարունակում ցեղասպանութիւնը, ես նրանցից կը տարբերուեմ միայն այն դէպքում, եթէ քայլ անեմ: Ես չեմ տարբերուի ոճրագործից, եթէ լռում եմ, գործով պէտք է զանազանուեմ», ասաց նա:
Այս գիրքը լոյս է տեսել երեք լեզուներով գերմաներէն, թուրքերէն ու հայերէն: Ինչպէս բացատրեց հեղինակը՝ գերմաներէն գիրքը Գերմանիայում բնակուող թուրք հասարակութեան համար է, որ կարդան ու առերեսուեն իրենց պատմութեան հետ, ինչ որ բան փոխեն մտածելակերպի մէջ:
«Թուրքերէնը՝ թուրքալեզու համայնքի համար է, որ Թուրքիայում հնարաւորինս շատ մարդ կարդայ ու հարեւան ժողովրդի ցաւը կարողանայ ընկալել: Ես ուզեցի, որ գիրքը նաեւ հայերէն լոյս տեսնի, որ հայ ժողովուրդն էլ իմանայ՝ թէկուզ քիչ թուով, բայց կան մարդիկ, ովքեր իրենց հոգու ճիչն են արձակում», ասաց նա:
Էրդալ Շահինին նշեց, որ ներկայում մարդկանց մեծամասնութեանը չեն հետաքրքրում այս հարցերը. նրանք իրենց համար ընտրել են մի ուղի ու չեն տեսնում իրականութիւնը:
«Այս գրքով ես ներողութիւն չեմ խնդրում հայ ժողովրդից, որովհետեւ յանցանքը ներողութիւնով ծածկել հնարաւոր չէ: Պէտք է ինչ որ բան անել, այլապէս կը կրկնուի այս յանցանքը, գիրքը պարզապէս մարդկային ճիչ է: Ուզում եմ մարդկանց ասել, որ իւրաքանչիւրը մի բան պէտք է անի, որ կեանքը դառնայ աւելի արդար», ասաց նա:
http://www.tert.am/am/news/2014/10/09/erdal-shahin/