Նայրի Հոքհիքեան
Երանի հոգով աղքատներին…
Ճանապարհը սիրո, հպարտության
Որ ձգվես, կհպվես ամպերին,
Հիմա ողբում է վաղվա մենությամբ,
Բորենու քրքիջն ականջին։
Ճանապարհն անանց բարձունքի,
Որ քար է, անտառ ու առու,
Հիմա լուռ ու մենակ մի այրի,
Մոխրացած տան դիմաց ու այգու։
Նույն գետն է, կարկաչը նույն ջրի,
Որ նույն սերը կտա օտարին,
Այն սերը’ որբացած աղբյուրի,
Որ նորից կորցրեց հայրենին։
Ու վերջին հայացքով դառնացած,
Հերթական հրաժեշտ ու նահանջ,
Անկռիվ քայլ հետ’ մեր անցած
Հաղթական քայլերթից փառապանծ։
Քո վերջին հայացքում միգամած,
Տեսնում եմ արտասուքը որբի,
Մի՛ երգիր, խնդրում եմ, տառապած
Հերթական երգը կարապի։
Դու քար ես, անտառ ես ու առու,
Դու դարձար վաճառքի ենթակա,
Չեմ կարող տեսնել քեզ դժգույն,
Իմ հոգի, առանց քեզ կյանք չկա։
Ես կգամ քո սիրո հետևից,
Հավատա, ես կգամ ոչ մենակ,
Քեզ սիրել չեմ կարող ես հեռվից,
Քեզ համար պիտ կերտեմ հաղթանակ։
Արցախ, Քարվաճառ, նոյեմբեր 2020