«Ամոթ է լինել աղքատ՝ հարուստ պետության մեջ, անբարո է լինել հարուստ՝ աղքատ պետության մեջ»։ Այս հայտնի մտքին ես ավելացնում եմ նաև՝ անբարո է՝ լինել հարուստ և գիտությանը ներդրումներ չանել։ Անբարո է լինել աղքատ պետություն, միևնույն ժամանակ ահռելի գումարներ ծախսել ձևականությունների վրա, փոշիացնել, գրպանել՝ հազար ու մի բանի անվան տակ և համառորեն չգնալ բարեկեցիկ, հարուստ, զարգացած երկիր դառնալու հնարավոր միակ ճանապարհով՝ այդ գումարներն ուղղելով գիտությանը։ Անբարո է այդ բոլոր ծախսերը չկրճատել, երբ նոր սերունդը, հիասթափված ու դառնացած, հեռանալու պլաններ է կազմում: Պատկերացրեք մի ընտանիք, որը հազարավոր դոլարներ է ծախսում կնունքների, ծնունդների, տան եղած կահ–կարասին անընդհատ գերժամանակակիցով փոխարինելու և թարմացնելու վրա, իսկ երեխաները ցնցոտիների մեջ են, սոված ու զրկված կրթություն ստանալու հնարավորությունից։ Մի՞թե անբարո չէ։ Անբարո չէ՞ չօգնել երիտասարդին, որը ցանկանում, բայց չի կարողանում ստանալ համապատասխան կրթություն՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ստանալուց հետո էլ (ընդ որում՝ հատկապես լավագո՛ւյն կրթություն ստացած երիտասարդը՝ գիտնականը) կանգնում է գլուխկոտրուկի առաջ՝ ինչպե՞ս ապրել 35 հազար դրամով: Իսկ այդպիսիք Հայաստանում՝ ինչքա՜ն ուզեք։ Ուրեմն՝ հայր–պետությունը չգիտի՞, որ իր կատարած և՛ լավ, և՛ վատ ցանկացած քայլ բումերանգի պես վերադառնալու է իրեն:
Մի հայտնի հեքիաթանման իրական պատմություն կա այն մասին, թե ինչպես գիտելիքի համար արված ներդրումը մեծագույն լավության տեսքով վերադարձել է իրեն՝ ներդնողին, ինչպես նաև մարդկությանը։ Սա տեղի է ունեցել Անգլիայում։ Մի աղքատ հողագործ, ազգանունը՝ Ֆլեմինգ, մի օր դաշտում աշխատելիս լսում է կից ճահճի կողմից եկող խեղդվող տղայի փրկելու խնդրանքով աղաղակներ, նա նետվում է՝ փրկելու նրան, որն արդեն խրվել էր գոտկատեղից ցած։ Ֆլեմինգը պարանի օգնությամբ, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, հանում է տղային ճահճից։ Հաջորդ օրը ներկայանում է մի մեծահարուստ, շնորհակալություն հայտնում՝ իր որդուն փրկելու համար և ասում՝ «Ես ուզում եմ առատորեն վճարել Ձեզ՝ որպես շնորհակալություն»: Ֆլեմինգը պատասխանում է՝ «Ներեցեք, պարոն, ոչինչ պետք չէ, դա իմ մարդկային պարտքն էր»։ Այդ պահին ներս է մտնում Ֆլեմինգի որդին, քաղաքավարի կերպով խոնարհվելով, ողջունում հյուրին։ «Ձեր որդի՞ն է»: «Այո»,– հպարտությամբ պատասխանում է գյուղացին։ «Այդ դեպքում, թույլ տվեք Ձեր որդու կրթությամբ զբաղվել։ Եթե Ձեր որդին ժառանգել է իր հոր հատկությունները, ապա մի օր մենք կհպարտանանք նրանով»։
Այդ տղան Ալեքսանդր Ֆլեմինգն էր, որին ողջ աշխարհը հետագայում ճանաչեց՝ որպես պենիցիլինի գյուտի հեղինակ։ Տարիներ անց Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի շնորհիվ փրկեց ճահճում խեղդվող տղայի կյանքը, որն այս անգամ հիվանդացել էր ծանր թոքաբորբով։
Այս տղան Ուինսթոն Չերչիլն էր՝ պետական և քաղաքական գործիչ, լրագրող և գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, Բրիտանիայի վարչապետ:
Եթե այս պատմությունն անգամ ճշմարիտ չէ, այնուամենայնիվ շատ գեղեցիկ է, բարի, ուսուցողական։ Ուրեմն՝լավագույն ներդրումը կրթության և գիտելիքի համար ներդրումն է։ Լավագույն արդյունքն ու վարձատրությունը գիտելիքի ու նոր գյուտի ստացումն է։ Ցավոք, մեր երկրի իշխանական բարձունքներում խախտված են բարոյական շատ նորմեր։ Ոչ մի ուսուցողական օրինակ նրանց այլևս ոչինչ չի ուսուցանում, իսկ օտար երկրների փորձը եթե ընդունում են, ապա միայն իրենց գրպանն ավելի ուռճացնելու հեռանկար տեսնելու պարագայում։
Վերջին տարիներին գիտնականները, և մանավանդ՝ երիտասարդ, շատ են բարձրաձայնում ստեղծված անարդարության դեմ։ Սակայն կառավարությունը կույր է ու խուլ։ Փաստորեն, նրան ավելի ձեռնտու է կոչվել անբարո, քան արդարամիտ։ Իմ բացահայտ համակրանքը գիտնականների կողմն է, հետևաբար ես նրա՛նց եմ ուզում հիշեցնել ևս մի հետաքրքիր դեպք…
Նույն ինքը՝ Ուինստոն Չերչիլը, երբ արդեն 90 տարեկան էր, հրավիրվեց Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Հակառակ իր սովորության, այս հրավերը նա չմերժեց: Արդեն հասկանալի է, թե ինչ կատարվեց Անգլիայում, ի՜նչ լեփ–լեցուն էր դահլիճն ու ի՜նչ ծափողջյուններով էր թնդում այն: Այդ օրը Չերչիլն արտասանեց իր ամենահանրահայտ ճառը, որը տևեց մեկ րոպե և որը կազմված էր մեկ նախադասությունից՝
Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի՛ հանձնվեք…
Նարե Խուդոյան