ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) Ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոր ձևաչափով: Հայաստանում այն կհեռարձակվի նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով 18:00-ին Հանրային հեռուստատեսության եթերով և կտևի շուրջ 3 ժամ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2020-21 թվականներին իրականացված լայնածավալ ծրագրերը Հայաստանում և Արցախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է ՀՀՀ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև Հանրային հեռուստաընկերության կայքէջում: Ավելի ուշ այն նույնպես կհեռարձակվի արբանյակային կապով, իսկ նոյեմբերի 25-ից հետո հասանելի կլինի նաև Հիմնադրամի կայքէջում: