ՆՈՐԱՅՐ ՇՈՂԻԿԵԱՆ
Թուրքիան Երուսաղէմի Հին քաղաքում հայկական եւ քրիստոնէական թաղամասերի դէմ ակտիւ (աշխոյժ-Խմբ.) գործունէութիւն է ծաւալում։ «Արմէնպրէս»ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում է Jewishpress-ը:
Բնակիչները լրատուամիջոցին պատմել են թուրք պաշտօնեաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին համոզել են նրանց ժխտել 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացուած Հայոց Ցեղասպանութիւնը եւ տեղի քրիստոնեաներին պատկանող գոյքի ձեռքբերման այլ գործողութիւններ:
Տեղի բնակիչներից մէկը նշել է թուրք դիւանագէտի մասին, ով առաջարկել է Կախաբադիջանի ընտանիքին, որը հազուագիւտ հաւաքածու ունի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ հազարաւոր լուսանկարների եւ փաստաթղթերի, դադարեցնել իր գործունէութիւնը եւ խուսափել փաստաթղթերի ու տեղեկատուութեան տարածումից:
Կախաբադիջանի ընտանիքն իր կեանքը նուիրել է թուրքական կոտորածներին եւ այդ թեմայով մի քանի կարճամետրաժ ֆիլմ է թողարկել: Իլեա Կախաբադիջանը, ում պապը վերապրել է զանգուածային սպանութիւնները, պատմել է, որ հանդիպման մեկնարկից ընդամէնը 40 րոպէ էր անցել, երբ դիւանագէտը փորձել է զարգացնել այդ մասին խօսակցութիւնը:
«Ես հասկացայ, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել իմ գործունէութիւնը», նշել է Իլեան:
Իլեան ընդգծել է, որ թուրք ներկայացուցիչն իրեն չի սպառնացել, սակայն յաւելել է՝ ասելով. «Ամէն դէպքում ես նրան ելք եմ ցոյց տուել, եւ նա հասկացել է, որ հայ համայնքը պատրաստ է մինչեւ վերջ գնալ կոտորածի հարցով: Ես կարծում եմ, որ դա կարող է լինել: Մենք կը սպասենք եւս 100 տարի, բայց մենք չենք վերացնի փոխհատուցման մեր պահանջը, քանի դեռ չենք հասել այն վճարման մասին համաձայնութեան, որը Իսրայէլը ստորագրել է Գերմանիայի հետ»:
Թուրքական համոզելու փորձերը ներառում են նաեւ հայերի համար նախատեսուած ֆինանսական դրամաշնորհներ: Թաղամասի անշարժ գոյքի սեփականատէրերն ասում են, որ թուրքական կառավարութեան ներկայացուցիչները վերջերս տարբեր կարիքների համար 3000 դոլար արժողութեամբ մի քանի դրամաշնորհներ են առաջարկել, սակայն նրանց առաջարկներն ամբողջութեամբ մերժուել են հայերի կողմից, ովքեր ասում են, որ «դրանք լռելու համար դրամաշնորհներ են», որոնք կոչուած են երաշխաւորելու, որ թուրքական կառավարութիւնը դատի չի տայ 1915-1917 թուականների զանգուածային սպանութիւնների համար:
Հայերի ոչնչացումը կանխամտածուած եւ համակարգուած ցեղասպանութիւն էր, որը Օսմանեան կայսրութեան կողմից իրագործուեց Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նրա տարածքում հայ բնակչութեան դէմ:
Նոյնիսկ Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ թուրքերը, քրդերն ու արաբները շարունակում էին հայերին սպաննել ընդհուպ մինչեւ 1923 թուականը: Թուրքիայում հայերի մօտ կէսը՝ մօտ 1.5 միլիոն մարդ, սպաննուել է:
ԹՈՒՐՔԻԱՆ ԳՆՈ՞ՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ
Լրատուամիջոցը տեղեկացել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցուած են եղել՝ յայտնաբերելով, որ իրենց տներից մէկն իր իրական արժէքը երեք անգամ գերազանցող գնով վաճառուել է մուսուլմանի։ Հետաքննութեան ընթացքում պարզուել է, որ հայկական անշարժ գոյքի գնման ֆինանսաւորումը ստացուել է Թուրքիայից:
Այս միջադէպից յետոյ համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպէսզի հաշուի առնեն իրադարձութիւնների շղթան, եւ միջոցներ են ձեռնարկել, որպէսզի կանխեն թուրք համայնքի ակտիւների արտահոսքը: Հայերի մէջ դեռ վաղեմի վախ կայ, որ թուրքերը աւելի շատ սեփականութիւն են գրաւելու կամ գնելու:
Մի քրիստոնեայ վաճառական, որը ցանկացել է անյայտ մնալ, ասել է, որ թուրքերը վերջերս Յորդանանի վաքըֆին յանձնել են սեփականութեան մասին շատ հին վկայութիւններ, որոնցից մի քանիսը ցրուել են, այդ թւում՝ Օսմանեան դարաշրջանի փաստաթղթերը եւ հայկական եւ քրիստոնէական թաղամասերում սեփականութեան մասին փաստաթղթերը:
Հայերը թաղամասում չեն թաքցնում իրենց մտավախութիւնները թուրքական նախաձեռնութիւնների վերաբերեալ, բայց վստահութիւն են յայտնել, որ թուրքերը հարցերի նրբանկատութեան պատճառով բաց չեն դիմադրի նրանց:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՃՈՂ ԱԿՏԻՒՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
Երուսաղէմում Թուրքիայի աճող ակտիւութիւնն (աշխուժութիւնը-Խմբ.) ու «Մահմեդական եղբայրներ»ի աջակցութիւնը Իսրայէլի մտահոգութիւնն են առաջացնում։ Իսրայէլի զինուած ուժերի հետախուզական բաժինն իր վերջին ամէնամեայ հետախուզական գնահատման մէջ առաջին անգամ Թուրքիային՝ որպէս սպառնալիք է ճանաչել:
Իսրայէլի պաշտօնեաները յաճախ են բարձրացրել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու հնարաւորութեան հարցը՝ որպէս Իսրայէլի դէմ թուրքական գործունէութեանը պատասխան, որը ներառում է Թուրքիայում «Համաս»ի ահաբեկիչների շտաբ-բնակարանի տեղակայումը:
Տարիներ շարունակ Իսրայէլը ձեռնպահ է մնացել Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից՝ վախենալով, որ նման ճանաչումը վնաս կը հասցնի Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններին:
Թուրքիան հետեւում է Հայոց Ցեղասպանութեան մասին բոլոր հրապարակումներին եւ այդ հարցը շատ կարեւոր է համարում Թուրքիայի Ազգային անվտանգութեան համար: Թուրքերը չեն թուլացրել նաեւ Երուսաղէմում հայերին համոզելու իրենց փորձերը՝ դադարեցնել իրենց յիշատակի միջոցառումները:
Վերջին տարիներին թուրք զբօսաշրջիկների հոսքը Երուսաղէմի Հին քաղաք աւելացել է՝ զբօսաշրջային երթուղիներում մզկիթների ներառուելու եւ Երուսաղէմ ուղեւորութիւնների ծախսերի մէջ թուրքական կառավարութեան մասնակցութիւնից յետոյ:
Թուրքական ոչ-առեւտրային կազմակերպութիւնները Երուսաղէմում աշխատում են ամէն օր՝ օգնելով գլխաւորապէս «Մահմեդական եղբայրներ»ի եւ Երուսաղէմի կրօնական գործունէութեանը:
Իլեա Կախաբաջանը պատմել է, որ թուրք զբօսաշրջիկները Հին քաղաքում նոյնպէս վերջին շրջանում աշխատում են հայերի դէմ՝ խափանելով Հայոց Ցեղասպանութեան մասին պաստառներն ու հրապարակումները: Թաղամասի պատերին հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածուել:
Թուրքական «Ժառանգութիւն» միութիւնը ընդլայնել է իր գործունէութիւնը քաղաքում կրթութեան, մշակոյթի, անշարժ գոյքի եւ սոցիալական ապահովութեան ոլորտներում:
Նմանապէս, Թուրքիայի համագործակցութեան եւ համակարգման գործակալութիւնը նոյնպէս ակտիւօրէն մասնակցում է Երուսաղէմի մի քանի նախագծերին: Տասնեակ մզկիթներ ու տներ վերանորոգուել են թուրքերի կողմից:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»