Երիտասարդ գիտնականի ամբիոն
Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ Խաչիկ Պետրոսյանը սովորում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում: Ընդգրկված է ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում՝ որպես բուհական գիտության ներկայացուցիչ՝ Երևանի պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ): ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահն է, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի նախագահի տեղակալը՝ ուսումնագիտական գծով:
-Խաչիկ, որպես ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի անդամ, կարո՞ղ եք թվարկել ծրագրի իրականացման հիմնական արդյունքները, ինչպիսի՞ ձեռքբերումներ կան, իսկ կա՞ն թուլություններ, բացթողումներ, ձախողումներ, ինչպիսի՞ն են ծրագրի գործունեության լավացման ու հետագա զարգացման ուղիները:
-Ծրագրի արդյունք, բնականաբար, հանդիսանում են բոլոր այն ֆինանսավորված հայտերը, որոնց շնորհիվ իրագործվել են երկու տասնյակից ավել գիտական գործուղումներ և մեկ տասնյակից ավել գիտական միջոցառումներ: Մի քանի մրցույթներ դեռևս ընթացքի մեջ են, այդ թվում՝ գիտական դրամաշնորհների մրցույթը, ուստի, վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:
Պետք է նշեմ, որ ձախողումներ՝ ոչ, իսկ որոշ բացթողումներ եղել են, որոնք շտկվել են, և ղեկավար մարմնի աշխատանքի յուրաքանչյուր բաղադրիչ մշտապես կատարելագործվում է: Որպես թերություն կնշեի որոշ հայտատուների կողմից մասնակցության հանդեպ անփույթ վերաբերմունքը, ինչն արտահայտվում էր, օրինակ, բազմաթիվ սխալներով և բացթողումներով լրացված հայտերում:
–Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի:
-Ծրագիրը, որպես գիտության ֆինանսավորման այլընտրանքային բաղադրիչ, իր դրական ազդեցությունն ու արձագանքը թողել է և հիմքեր ունի՝ լինելու շարունակական:
-Արդարացնո՞ւմ է իրեն որոշումների ընդունման կոնսնսուսի սկզբունքը:
-ԵԳԱԾ-ի շրջանակներում ընդունված որոշումները ղեկավար մարմինը փորձում է հնարավորինս համապատասխանեցնել լավագույն տարբերակի սկզբունքին: Անձամբ ես, կարծում եմ, որ կոնսենսուսի սկզբունքը իրականացնել ֆինանսական հարցերում և մրցութային իրավիճակներում, ճիշտ չէ և առավել ռացիոնալ տարբերակը չէ:
-Իսկ ի՞նչ կասեք Ղեկավար մարմնի անդամների ռոտացիայի սկզբունքի վերաբերյալ։
-Ռոտացիայի սկզբունքը գործող և խելամիտ երևույթ է, եթե այն պարտադիր չէ կոնկրետ անդամի համար: Եթե գիտական կառույցը կամ նախաձեռնությունը, որից ներկայացված է ղեկավար մարմնի անդամը, չի տեսնում իր ներկայացուցչին փոխարինելու անհրաժեշտություն, և ներկայացուցիչն իրագործում է իր աշխատանքը՝ որպես ղեկավար մարմնի անդամ, ապա պարտադիր փոխարինման խնդիր չեմ տեսնում:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ Ս.Ա. Սարգսյանի ընտրական ծրագրում տեղ է գտել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասին հիշատակում. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։
-Հաշվի առնելով, որ այս ամենը գործող նախագահի նախաձեռնությունն է, ինչպես նաև՝ ծրագրի վերաբերյալ դրական արձագանքը, ստացված բազմաթիվ հայտերը, ծրագրի շնորհիվ կյանքի կոչված բազմաթիվ գիտական միջոցառումները, գիտական գործուղումները, որևիցե բացասական ակորդ չեմ տեսնում դրանում:
-Ընդլայնման պարագայում՝ եթե դա կազմի ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դրամ, ապա արդյո՞ք երիտասարդ գիտնականներին դա կգոհացնի։ Որքա՞ն ավելացում եք ակնկալում իրատեսորեն, որ կարվի, և որքա՞նը կլիներ գոհացուցիչ։
-Ձեր տված հարցին միանշանակորեն չի կարող պատասխանել ոչ ոք, քանի որ գումարը ուղղված է բավականին մեծ կոնտինգենտի, իսկ յուրաքանչյուր անհատի գոհունակության սանդղակը որոշվում է տարբեր գործոններով և խիստ ինդիվիդուալ է: Ակնկալիքների հիմքում պետք է լինեն գոնե հաշվարկներ, իսկ այս դեպքում շատ սուբյեկտիվ է ինչ-որ թիվ նշելը: Գոհացուցիչ կլինի, բնականաբար, այն ծավալը, որը գրեթե ամբողջությամբ կլուծի ոլորտում առկա խնդիրները, իսկ նման ծավալի ֆինանսական միջոցների առկայության դեպքում, կարծում եմ, դրանք կհատկացվեն պետական բյուջեի գիտական բաղադրիչի, այլ ոչ թե աջակցության ծրագրի տեսքով:
Մանե Հակոբյան