Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ- ԱԶԳ
Հեռավոր 1975-ի սեպտեմբերյան մի խաղաղավետ երեկո Երպետհամալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Սմբատ Ավագյանը ինձ ու համակուրսեցուս` Կարինե Արամյանին «Արմենիա» հյուրանոց տարավ: Այստեղ մենք այցելեցինք Մոսկվայից ժամանած հայտնի գրականագետ, պրոֆեսոր Արշավիր Արշարունուն:
Զրույցի ընթացքում պրոֆեսորը մեզ պատմեց ԽՍՀՄ հիմնադիր Վ. Ի. Լենինի հետ իր հանդիպումների մասին, խորին ակնածանքով հիշատակեց ժամանակի լուսավոր մարդկանցից Ա. Լունաչարսկու, Ն. Մառի անունները, որոնց հետ 1920-ական թվականներին աշխատել է, հիմնադրել – խմբագրել «Գրական հանրագիտարան»-ը եւ այլն, – այլն:
Մոտ երկու ժամ տեւած զրույցն ասես մեր համալսարանական դասի շարունակությունը լիներ` ակադեմիական կոկիկ խոսքով ու ոճով -, անկեղծ ասած, այսօր այդ հանդիպումից սրտումս էական բան չի մնացել: Այ ուրի՜շ էր քիչ անց Ամիրյան փողոցում Հովհաննես Շիրազի հետ մեր` թեկուզեւ շատ կարճատեւ, «ոտքի վրա» պատահական հանդիպումը: Հախուռն, բնական, մարդկային ջերմությամբ առլեցուն այդ քաղցր հուշ պատառիկը հիմա էլ վառ է իմ սրտում…
…Մաշտոցի պողոտան ողողած լույսերի միջով ահա դեպի մեզ է գալիս ժողովրդի պաշտելի բանաստեղծը` առյուծաբաշ գլուխը վեհորեն աջ ու ահյակ թեքելով, մարդկանց սրտազեղ ողջյուններին պատասխանելով:
Մեր դասախոսը, ձեռքերը լայն տարածած, մոտեցավ Շիրազին, ողջագուրվեց ու հանդիսաձայն ասաց.
– Ջերմագին ողջո՛ւյն արդի հայ պոեզիայի Առյուծին:
Պոետական ինքնասիրությունից փոքր-ինչ շոյված` Շիրազը ուսերը թեթեւ ցնցեց, լայն ժպտաց ու այսպես խոսեց.
– Գիտեք, ոմանք ինձի Առյուծ կանվանեն, որ ես իրենց աղվես չըսեմ… Դու էդոնցից չես, չէ՞, Սմբա՛տ:
Թնդաց բոլորիս առողջ ծիծաղը:
Լսել էինք, որ ոչ ոք չէր նեղանում մեր անկանխատեսելի կենդանի դասականի դիպուկ բնութագրումներից, թեկուզ- վիրավորական խոսքից…
– Սերժ, հիմա մեր անունները կհարցնի ու քո ոչ հայկական անունը «պայթյուն» կառաջացնի, ճարդ տես,- ականջիս տագնապ հնչեցրեց Կարինեն:
Մենք, իհարկե, ծանոթ էինք Շիրազի նաեւ այն բանաստեղծություններին, որոնցում հայրենապաշտ պոետը երգիծել է ոչ հայեցի անձնանունները, խարազանել մեր բնակավայրերի խորթ, օտարաշունչ անվանումները:
Ով խուժել է` մի բան տիրել,
Իր անունն է վրան դրել…
– Սմբատ, էս սիրուն ջահելները ուսանողներդ ե՞ն, եւ ակնաթով հայացքը վրաներս` հարցրեց մեր դասախոսին, ապա դարձավ մեզ:
– Ձեր անունները ինձի կբաշխե՞ք:
Լսեց Կարինե անունը – աչքերը նկատելիորեն ժպտացին:
Հարցական հայացքը հիմա էլ ինձ վրա հառեց.
– Սեր,- ասացի` անվանս «աղմկահարույց» վերջին տառը ուղղակի «կուլ տալով»:
– Սերո` չէ, Սերոբ էլ` չէ, ճի՞շտ լսեցի, հենց Սե՞ր:
Ես կրկին հաստատեցի: Եվ նա շիրազավայել ընդհանրացումով եզրափակեց «նոր» անվանս հետ կապված «խնդիրը»` ասելով.
– Սե՛ր: Լա՜վ է: Էս աշխարհում ամեն լավ բան սիրուց կծնվե…
…Ճշմարիտ է, «պայթյունը» չկայացավ, սակայն մինչ- օրս հոգուս խորքում կռիվ ու վեճ կա` ինչո՞ւ խաբեցի մեծն Շիրազին: Սակայն նույն պահին ներսումս հակընդդեմ մի ուրիշ ձայն էլ է հնչում` իսկ ինչո՞ւ վիշտ ու զայրույթ պատճառեի սիրելի պոետին…
***
Հիշարժան է 1978-ին Երեւանի Արվեստի աշխատողների տանը Հովհաննես Շիրազին տեսնելու ընդամենը երեք-չորս րոպե տեւած բարեպատեհ առիթը: Այստեղ հանրապետության բոլոր քաղաքներից ու շրջաններից «Գիտելիք» ընկերության պատասխանատուներ, դասախոսներ ու քաղաշխատողներ էին հավաքվել:
Ընկերության պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի բացման խոսքի ավարտի պահին դահլիճում շշուկներ ալիքվեցին` վա՜հ, տեսե՛ք-տեսե՛ք, Շիրա՜զը…
Եվ իսկապես. ահա պատկառազդու պոետը դահլիճի սյունաշարքի կողքով վստահաքայլ անցավ, բարձրացավ նախագահություն: Մի պահ քար լռություն տիրեց, քանզի անկանխատեսելի, միջոցառմանը չհրավիրված, սակայն ամենուր համաժողովրդական անկեղծ սեր վայելող բանաստեղծի մուտքը ուղղակի անակնկալ էր,
Մեծահամբավ գիտնականը ոտքի կանգնեց ու ջերմ բարեւեց Շիրազին:
– Ժողովրդիս պարծանք գերաստղ, մեծահարգ Վիկտոր Համազասպի,- ասաց բարձր, խրոխտ ու ընդգծված հարգալիր շեշտով,- նոր լույս տեսած գիրքս եմ Ձեզ ընծա բերել:
Եվ մինչ գիրքը կհանձներ անվանի գիտնականին, բացեց այն էջը, ուր զետեղված ընտանեկան լուսանկարի կենտրոնում ալեհեր պոետն է` թեւատարած արծվի պես ութ զավակներին հովանի արած:
– Կուզեմ Դուք էլ, այս մարդիկ էլ, ամեն Աստծո օր ժողովրդին ասեք, որ մեր եղեռնազարկ ազգը միայն բազմանալո՜վ, ուժեղանալո՜վ պիտի բուժե սրտի խորունկ վերքը… Ահավասիկ, ես դրա օրինակը տվել եմ,- ասաց արագ, հանձնեց գիրքը ու իջավ, քայլերն ուղղեց դահլիճի ելքը:
Բոլորս ոտքի կանգնեցինք, սրտահույզ, բուռն ու անկեղծ ծափողջյուններով ճանապարհեցինք մեր կենդանի դասականին…