ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
1869 թուականը նշանակալից է հայ մշակոյթի պատմութեան մէջ: Այս թուականին են ծնուել Կոմիտասը, Յովհաննէս Թումանեանը, Լեւոն Շանթը, Երուանդ Օտեանը: Թերեւս ուրիշ անուններ էլ կան, բայց յիշատակուածներն արդեն բաւական են այդ տարեթիւը չափազանց բախտաւոր համարելու, նաեւ պարտք զգալու արժանավայել կերպով նշելու այդ տարում ծնուած ազգի մեծանուն զաւակների ծննդեան տարեդարձները: Տարօրինակն ու ցաւալին այն է, սակայն, որ Հայաստանում որոշուած է նշել միայն Կոմիտասի եւ Թումանեանի ծննդեան 150-ամեակները: Բազմաթիւ միջոցառումներ են կազմակերպւում նրանց պատուին՝ դասախօսութիւններ, համերգներ, ցուցահանդէսներ եւ այլն: Ե՛ւ Կոմիտասը, ե՛ւ Յովհաննէս Թումանեանը հայ իրականութեան վիթխարի կերպարներն են, եւ ինչպիսի տարողութեամբ էլ որ նշենք նրանց յոբելեանները, պիտի թուայ, թէ չափազանց քիչ ենք երախտահատոյց լինում նրանց: Միւս կողմից, արդեօք երախտամոռութիւն չէ՞ եւ մշակոյթի համապատասխան մարմինների մեծ թերացումը, անտեսել եւ շրջանցել կամ հպանցիկ անդրադառնալ մեծատաղանդ Լ. Շանթին, յատկապէս Երուանդ Օտեանին: Վերջինս, Յակոբ Պարոնեանից յետոյ եւ նրա կողքին երկրորդ հայ մեծ երգիծաբանն է:
Ե. Օտեանը սերում է Օտեան նշանաւոր գերդաստանից, որ գործել է Կ. Պոլսում, 19-20րդ դարերում եւ տուել է մի շարք նշանաւոր գործիչներ: Գերդաստանի հիմնադիրը Կեսարիայից Կ. Պոլիս տեղափոխուած, լայն կրթութեան տէր Պօղոս Օտեանն է, որ աշխատել է արքունի ճարտարապետ Գ. Պալեանի հետ, նրա հովանաւորութեամբ դարձել նախ գրագիր, ապա՝ արքունի ճարտարապետ: Օտեան ընտանիքին են պատկանում թարգմանիչ Խաչիկ Օտեանը, մանկավարժ Եվփիմէ Օտեանը, բացառիկ ազնւութեամբ յայտնի Գրիգոր Օտեանը, որ մաս է կազմել Ազգային Սահմանադրութեան մշակմանը: Այսօր, երբ շատ ենք քննարկում սահմանադրութեան հարցը, արդեօք վստա՞հ ենք, որ գեթ Ազգային Ժողովի պատգամաւորները տեղեակ են, որ արեւմտահայութիւնը սահմանադրութիւն մշակեց դեռեւս 19րդ դարի երկրորդ կէսին, այն էլ Թուրքիայի դժնդակ պայմաններում: Այս մասին եւս լռում եւ շրջանցում ենք, չենք խօսում եւ ուսուցանում այն մասին, թէ արեւմտահայութիւնը չգիտցաւ միայն մեռնել, այլ ոգորումների հրաշալի դրուագներ արձանագրեց հայոց պատմութեան մատեանում, մինչդեռ սրանք կարեւոր են համազգային դաստիարակութեան եւ ինքնավստահութեան հաստատման համար: Անորոշ է, թէ այս մատնանշումերն ինչպէս պէտք է հասնեն պատկան մարմիններին:
Օտեան ընտանիքի ամենանշանաւոր ներկայացուցիչը երգիծաբան, լրագրող եւ հրապարակագիր Երուանդ Օտեանն է, որի ծննդեան 150 տարին լրանում է այս տարի: Նրա անունը եղել է թրքական իշխանութեան համար անբարեյոյս անձանց ցուցակում, 1915-ին հրաշքով փրկուած մտաւորականներից է, որը եթէ զոհուէր, ապա ամէն տարի պիտի յիշուէր Զօհրապի, Վարուժանի եւ միւսների կարգին, իհարկէ մեծաւ մասամբ իր դիմանկարի ցուցադրութեամբ: Տարագրութեան եւ եղեռնի շրջանին է նուիրուած ականատեսի իր «Անիծեալ Տարիներ» յուշագրութիւնը:
Մեծ է Ե. Օտեանի ներդրումը հայ գրականութեան մէջ, սկսած իր ֆելիետոններից (թերթոններէն-Խմբ.), պատմուածքներից մինչեւ հազարաւոր հրապարակախօսական յօդուածներն ու երգիծական դիմանկարների շարքը: Յայտնի են նրա «Յեղափոխութեան Մակաբոյծները», եռամաս «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպերը, «Թաղականին Կնիկը», «Ընտանիք, Պատիւ, Բարոյական»ը եւ այլ գործեր, ինչպէս նաեւ հայ վիպագրութեան մէջ առանձնակի տեղ ունեցող «Ապտիւլ Համիտ Եւ Շէրլօք Հոլմս», «Սալիհա Հանըմ Կամ Բանակը Բռնաւորին Դէմ» պատմա-արկածային վէպերը: Ե. Օտեանը զբաղուել է նաեւ թարգմանչական աշխատանքով. թարգմանել է Է. Զոլայի, Լ. Տոլստոյի, Ֆ.Դոստոեւսկու, Մ. Տուէնի, Մ. Գորկու գործերը:
Ե. Օտեանը մեր երկրորդ մեծ երգիծաբանն է, որն իր արժանի տեղն է գրաւել Յ. Պարոնեանի կողքին եւ որի յիշատակին է նուիրուած յարգանքի եւ երախտագիտութեան այս խօսքը, իր ծննդեան 150-ամեակի առթիւ: