«Այն դատաւորը, որ ընդունակ չէ
պատժելու, ի վերջոյ դառնում է
յանցագործի մեղսակիցը»:
Գէօթէ
Գիւտ արած չենք լինի, եթէ ասենք, թէ զարմանքը այն զգացումն է, որ մեզ ուղեկցում է թէ՛ դժգոհութեան եւ թէ՛ գոհունակութեան առիթով։ Նորութիւն եւս չէ, որ զարմանալու շատ առիթներ ենք ունենում, երբ աւելի մօտից հետեւում ենք հայրենի իրադարձութիւններին։ Որպէս թարմ օրինակ այս առաւօտ երկրորդ նախագահի կալանման միջոցի խափանումն էր, որ մեծ դժգոհութիւնների պատճառ դարձաւ, եւ փողոցը լեցուեց ցուցարարներով։ Մենք տրամադրուած չենք եւ իրաւացի չի լինի իւրաքանչիւր որոշման հակառակուել, երբ այն մեր սրտովը չէ։ Պէտք է թողնել պատկան մարմիններին իրենց արդար աշխատանքը անելու, բայց չկա՞յ արդեօք զարմանալու տեղ։
Առաւել զարմանալի է խաժամուժը, որ ստեղծուել է ԱՄՈՒԼՍԱՐԻ ոսկու հանքերի շահագործման շուրջը։ Մէկ բան սկզբունքային է եւ անվիճելի, որ երբ որեւէ երկիր հում նիւթ է արտահանում, այն իր երկրի օգտին չէ, այլ գնողների, քանի որ գնորդները այն վերավաճառում են ապրանք դարձնելով եւ բազմապատիկ շահումներ ապահովելով՝ փշրանքներ թողնելով սկզբնաղբիւրին։ Այդպէս է հարստացել արեւմուտքը դարերի ընթացքին ստրկացնելով եւ թալանելով աֆրիկեան երկրները։ Նոյնը եղաւ մեզ մօտ, երբ 1800-ականներին ֆրանսացիները եկան եւ սկսեցին շահագործել Լոռիում եղած պղնձահանքերը, որ շարունակւում են մինչ այսօր։ Հետագային նրան միացան Քաջարանի պղնձամոլիբդենային բազմամետաղային հանքավայրերի մշակումը, որի թանկարժէք արտադրանքից մեզ մնում են միայն հարկային վճարումները, որով այդ ձեռնարկութիւնը հպարտութեամբ գրաւում է հարկատուների առաջին տեղը։ Զարմանալի չէ՞, որ մերոնք երբեք չփորձեցին գործընկեր դառնալ այդ հումքը գործածողների հետ եւ շարունակում են մնալ մատակարարի պաշտօնում։ Հոգ չէ, բաւական է, որ ձեռներէցների մի խումբ (ըստ երեւոյթին, որոնց հետ են բարձրաստիճան պաշտօնեաներ, եթէ ոչ ինչպէս հնարաւոր պիտի լինէր սովորական աշխատավարձով միլիարդներ կուտակել) կարողանում է ճարպակալուել՝ չյիշելով, որ որեւէ երկրի ընդերքը՝ սեփականութիւնն է ողջ ժողովուրդի։ Զարմանալի չէ՞, որ նոյն տրամաբանութեամբ օտարեցին Զոդի ոսկու հանքերը՝ մեզ տալով օտարի կարգավիճակ մեր հարազատ տան մէջ։ Այսօրուայ կռուախնձորը Ամուլսարն է, որի շահագործման ընդդէմ ելլնողները երիցս իրաւացի են, որովյետեւ նախ այդ ոսկու արտադրանքը մեր երկրի համար սպասուած օգտակարութիւնը պիտի չունենայ, բացի մի քանի տասնեակ գործատեղի ապահովելը։ Եւ զարմանալին այն է, որ ոմանք իրենց անձնական չնչին շահը պաշտպանելու նպատակով կոկորդ են պատռում, առանց հաշուի առնելով այդ հանքավայրի աշխարհագրական բարձր դիրքը, որ անմիջական վտանգ է ողջ տարածքը թունաւորելու ստորերկրեայ հոսանքների միջոցով Սեւանի ջրերի հետ խառնուելով։ Դարձեալ զարմանալի է, որ բթամտութեան, տգիտութեան կամ հաւկուրութեան պատճառով ոմանք մերժում են հասկանալ եւ ըմբռնել, որ անշտկելի սխալների փորձարկումը անթոյլատրելի է, որքան որ շահագործողները խոստանան պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել։
ՈՉ։
Բնական հաւասարակշռութիւնը խախտելու դէպքում « ԶՐՕ ՌԻՍԿ» գոյութիւն չունի, նամանաւանդ մեր ամբոխի գիտակցական մակարդակը հաշուի առնելով։ Զարմանալի չէ՞ արդեօք, որ այս գիշեր Հաղարծին գիւղի անտառում հենց անտառապահները քսանից աւելի ծառ են կտրել ճամբան փակելով։ Բարոյագիտական մեծ աշխատանք կայ անելիք։
Այս գորշ պատկերի կողքին չմոռանանք նշել, որ մեր երիտասարդ մարզիկները բազմաթիվ շքանշաններով են տուն դառնում, իսկ ով զարմանք՝ տասնչորսամեայ հայ դպրոցական աշակերտը մասնակցելով միջազգային տեքնիկ օլիմպիադային ոսկէ մեդալ է շահում։ Եթէ յիշենք Սոդոմ-Գոմորյան սկզբունքը, ապա յուսալքուելու տեղ չկայ։ Մեր երկիրը միայն նախկին նախագահներով եւ նրանց ստրկամէտ մանկլաւիկներով չէ բնակեցուած՝ կայ առողջ միջուկ։ Մի ծաղիկով եւս գարուն կարող է գալ։
Ռուբէն Յովակիմեան
14-08-18 Փարիզ