ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի գրողներու միութեան 19րդ համագումարը տեղի ունեցաւ 11 Յուլիսին: Համագումարի օրակարգին վրայ էր Հայաստանի գրողներու միութեան (ՀԳՄ) նոր նախագահի ընտրութիւնը: Բաց քուէարկութեամբ եւ ձայներու ճնշող մեծամասնութեամբ միութեան նախագահի պաշտօնին վերընտրուեցաւ Էդվարդ Միլիտոնեան:
Համագումարը սկսաւ Միլիտոնեանի զեկուցումով՝ միութեան 4 տարիներու ընթացքին կատարած աշխատանքներուն մասին: Ան մասնաւորապէս նշեց, որ հաշուետու ժամանակաշրջանին ՀԳՄ վարչութեան, նախագահութեան եւ աշխատակազմի աշխատանքը եղած է ամէնօրեայ եւ ամփոփուած է «Գրական Թերթ»ին մէջ:
«Բոլոր ուղղութիւններով աշխատանքներ ենք տարել, որոնք պարբերաբար լուսաբանուել են նաեւ լրատուամիջոցներում: Այս ընթացքում վերանորոգուել է միութեան շէնքի առաջին յարկը: Տեխնիկապէս վերազինուել է դահլիճը: Վերանորոգուեց նաեւ Սեւանի հանգստեան տունը, որը գտնւում էր խարխուլ վիճակում: Այսօր մեր հաշուեհամարին ունենք 5 միլիոն դրամից աւել գումար, որը գոյացել է ամէնամեայ մարաթոնների միջոցով: Մօտ 10 միլիոն 500 հազար դրամ գումար մեր բարերարները նուիրել էին հիմնադրամի ֆոնդին: 40ից աւելի գրողների աջակցել ենք բուժօգնութիւն ստանալ: Բազմաթիւ գրողների ուղարկել ենք գործուղումների: Մենք աշխատել ենք նաեւ համայնքներում: Միայն Յովհաննէս Թումանեանի Թբիլիսի տան նորոգումն ու բացումը կարծում եմ հրաշալի նախաձեռնութիւն էր, որ սկսուել էր դեռեւս ՀԳՄ նախորդ նախագահի՝ Լեւոն Անանեանի օրօք: Մեր տնտեսութիւնը զարգացել է: Այնպէս ենք անում, որ կարողանանք ինքներս լուծել մեր բոլոր հարցերը: Հաշուետու տարուայ ընթացքում շուրջ 700 միջոցառում է անցկացուել: Շարունակելու ենք լաւ աւանդոյթները պահպանել: Նոր ծրագրեր էլ կան: Օրինակ նախաձեռնել ենք ամէնամեայ միջազգային գրական փառատօն անցկացնել: Այն կը նպաստի ժամանակակից գրականութեան տարածմանը», ըսաւ ՀԳՄ նախագահը:
Միլիտոնեան ՀԳՄ նախագահն է 2013էն ի վեր: