Երիտասարդ գիտնականի ամպիոն
Էռնեստ Ավանեսովը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս է, դասավանդում է «Ընդհանուր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժություն» առարկան։
Նրա գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են դպրոցականների շարժողական պատրաստության նորարարական մոտեցումների բացահայտմանը՝ մասնավորապես, մարզական ուղղվածության ֆիզիկական դաստիարակության մեթոդիկայով։ Տպագրվել է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ամսագրերում և ժողովածուներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և այլուր։ Զեկույցներով հանդես է եկել շատ միջազգային ու հանրապետական գիտաժողովներում, որոնցից են՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ամենամյա հանրագումարային համաժողովները, Սուրգուտի պետական համալսարանում կազմակերպված «Բնակչության տարբեր շերտերի ֆիզիկական դաստիարակության, սպորտային պարապմունքների, տուրիզմի և առողջացման ծրագրերի կատարելագործումը» վերնագրով X հոբելյանական միջազգային գիտագործնական գիտաժողովը և այլն. «Պատվով ներկայացրել եմ Հայաստանն ու բոլոր ելույթներս մեծ հետաքրքրություն են ներկայացրել գիտաժողովի մասնակիցների շրջանում: Բազմիցս արժանացել եմ նրանց գովասանքներին ու գնահատականներին»:
Որպես անհատ գիտնական՝ ինքն անձամբ համագործակցում է միջազգային գիտական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելոռուսի, Մոլդովայի և այլ երկրներից. «Ինչ էլ որ անում եմ հիմնականում իմ միջոցներով և իմ ջանքերով եմ անում»:
«Ցավալի է, որ այսօր մեր երկրում հատկապես երիտասարդ գիտնականներին այդքան մեծ ուշադրություն չեն դարձնում: Ես անչափ շնորհակալ եմ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն օգնեց ինձ մի քանի տարի առաջ գիտաժողովի գործուղման ուղևորության ծախսերս հոգալ: Նման քայլերն ուրանալ չի կարելի: Սակայն լավ կլիներ, որպեսզի պետական կառույցների կողմից բացի գործուղման ուղևորության ծախսերից, նաև համապատասխան երկրում աշխատանքային գործուղման շրջանակներում` բնակվելու, սնվելու և գործուղման հետ կապված այլ ծախսեր հոգալու հարցերի լուծման իրական քայլեր ձեռնարկվեին: Այս խնդրի լուծման համատեքստում կարելի է համագործակցել օտարերկրյա համանուն պետական կառույցների հետ»: Կարծում է, որ գոնե տարին մեկ անգամ ցանկացած ոլորտի երիտասարդ մասնագետը պետք է գործուղվի արտասահման, որպեսզի առավել լավ պատկերացում կազմի մասնագիտության առանձնահատկությունների մասին: Մյուս կողմից, իր համոզմամբ` դա չի արվում, քանզի օտար ցանկացած երկրում լինելով ոչ մի որակյալ երիտասարդ մասնագետ այլևս չի ցանկանա վերադառնալ և շարունակել իր աշխատանքը տվյալ երկրում և պայմաններով: Դրա համար էլ աշխարհից մեկուսացված են պահում: Մեր երկրում մոտակա ժամանակներս ոչ մի լուրջ հեռանկար չի տեսնում. «Կուսակցական «ծրագրերից» դուրս ոչ մի լուրջ աջակցություն էլ չկա ու չի լինելու. դա էլ լավ հասկանալի է, թե ինչու են անում: Ես դրանցում չկամ, չեմ էլ ցանկանում լինել: Որևէ կուսակցության շքանշանները կուրծքներին իրենց օլիգարխ և կարևոր մարդ երևակայող երիտասարդները պարզապես նյարդայնացնում են ինձ: Մյուս կողմից շատ զվարճալի է կողքից հետևել նրանց լուրջ դեմքերին, հատկապես, երբ շատերին գիտես անձամբ…»
– Էռնեստ, Ձեր աշխատանքները միայնա՞կ եք անում, թե՞ համահեղինակությամբ, ի՞նչ ձեռքբերումներ ունեք։
– Ինչպես ցանկացած երիտասարդ, ով զբաղվում է գիտությամբ ես նույնպես ունեմ գիտական ղեկավար, որը շատ է օգնում իմ գիտական աշխատանքն իրականացնելիս իր խորհուրդներով և ոգեշնչում է ինձ: Սակայն, եթե խոսքը վերաբերում է գիտական հոդվածներին, ապա հիմնականում, իմ աշխատանքների հեղինակը ես եմ, չնայած ունեմ նաև մի քանի տպագրված հոդված, որոնք կատարել ենք համահեղինակությամբ՝ իմ գիտական ղեկավարի հետ: Դեռ ուսանող տարիներին իմ մի քանի գիտական աշխատանքները ճանաչվել են լավագույնը, որոնց համար ստացել եմ պատվոգրեր: Մեկ անգամ էլ արժանացել եմ «Գիտելիք» անվանական կրթաթոշակի` ՀՀ ԿԳՆ-ի և Ռուս-հայկական համագործակցության ասոցիացիայի կողմից: Դրա մեջ մեծ էր իմ գիտական ղեկավարի և բուհի ղեկավարության լուման:
– Վերջին երկու տարվա ընթացքում եղան տարբեր մրցանակաբաշխություններ երիտասարդ գիտնականների համար։ Դուք դրանց դիմե՞լ եք։
– Այդ մրցույթների մասին գերադասում եմ շատ չխոսել, քանի որ, ամեն դեպքում, ես չեմ ընդունում, որ գիտնականն ինքը հայտ պետք է ներկայացնի որևէ մրցույթի մասնակցելու համար: Նա պարզապես իր թանկարժեք ժամանակը չպետք է վատնի նման բաների վրա։ Իմ կարծիքով, դա պետք է անի համապատասխան ոլորտի որևէ մի կամ մի քանի լուրջ մասնագետներ, կամ փորձագետներ… ինչպես կցանկանաք՝ անվանեք։ Թող մեծամտություն չհամարվի, բայց այսօր ես շատ բացթողմումներ եմ տեսնում գիտության ոլորտում։ Օրինակ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցանակաբաշխության պայմանները քննարկելիս՝ ես առաջարկեցի, որ լինի առանձին ուղղվածություն մանկավարժական գիտությունների ներկայացուցիչների համար։ Բայց դա անտեսվեց անհասկանալի պատճառներով, և ինձ առաջարկեցին մեկ այլ անհասկանալի ուղղվածության ներքո հանդես գալ, և ես դա մերժեցի… Լավ չէ, որ մի քանի մարդկանց է վստահված ամբողջ երկրի երիտասարդ գիտնականների աշխատանքի գնահատման գործը: Գոնե ցանկացած ոլորտի մեկական ներկայացուցիչ լինի: Չեմ ցանկանում խոսել այս մրցանակաբաշխությունների մասին…
… Լուրջ չեմ վերաբերվում այդ մրցանակաբաշխություններին: Ինձ համար ամենամեծ գնահատականն իմ աշխատանքին տալիս է իմ գիտական ղեկավարը: Չեմ ընդունում, որ այլ բնագավառի մեկ-երկու հոգի կարող են իմ աշխատանքը գնահատել հավուր պատշաճի: Իսկ դա հենց այդպես է լինում մեր պրակտիկայում… Իսկ թե՝ ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել զարգացման համար՝ թող մտածեն այն մարդիկ, ովքեր ահռելի գումարներ են ստանում պետական բյուջեից այդ նպատակով…
– Լավ, եկեք խոսենք այլ թեմաներից։ Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներ, չէ՞ որ ըստ տրամաբանության` երկրի ինտելեկտուալ պոտենցիալի զարգացումը պետք է լինի մեր ղեկավարության հատաքրքրությունների կիզակետում։
-Միշտ էլ հայտնի է եղել, որ խելացի մարդկանց դժվար կամ առհասարակ անհնար է կառավարել: Ներկայումս ստեղծված իրավիճակը ձեռնտու է որոշ մարդկանց, ովքեր, ներողություն արտահայտությանս համար՝ ոչխարի հոտի պես ժողովրդին տանում են ուր որ ցանկանում են: Չերկարացնեմ, բայց ասեմ որ անկուսակցական եմ… ու այլ ենթադրություններ չանեք… Այսօր որոշ կուսակցություն կոչվածները ամեն ինչ վերջացրել հիմա էլ ցանկանում են իբրև գիտության ոլորտը «ոտքի հանել»: Լավ գիտակցում եմ, թե ինչի են այդպես անում, կարծում եմ Դուք էլ եք հասկանում… Այնպես են անում, որպեսզի խելացի մարդիկ թողնեն հեռանան, որպեսզի այս երկիրը հեշտ լինի թալանել չգիտակցելով, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական իրավիճակում: Մենք պետք է փայփայենք ամեն մի հավանական հայ զինվորին ու նրան, ով վաղը հարկ եղած դեպքում կմեկնի պատերազմական դաշտ…
… Այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհն օգտվում է արտասահմանյան գրանտների հնարավորություններից, սակայն դա անելու համար պետք է ունենալ համապատասխան գիտակցություն: Պետք է երիտասարդացնել գիտությունը: Ու դա ոչ միայն թե նրա համար, որպեսզի գիտության համապատասխան ուղղվածությունները շարունակեն իրենց գործունեությունը, այլ հատկապես այն բանի համար, որ թարմ և նորարար մտքեր գան գիտություն, քանզի դա է այսօր կարևորը: Աշխարհն առաջ է շարժվում, իսկ մենք էլ ոչ թե դոփում ենք տեղում, այլ նույնիսկ հետ ենք գնում մեծ քայլերով… դեպի ոչնչացում:
– Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
Անշուշտ, հատկապես կարևոր է երիտասարդ գիտնականների սոցիալական վիճակի բարելավումը…. Դրան հասնելու ճանապարհներից մեկն է գիտական հոդվածների տպագրության դիմաց երիտասարդ գիտնականներին վճարելը: Կարևոր է նաև երիտասարդ գիտնականներին բնակարան տրամադրելու հարցն իսկապես լուծելը: Այն, ինչ այսօր մեզ ներկայացնում են համապատասխան նախարարություններն իբրև կոնկրետ այդ խնդրի լուծում` պարզապես կարելի է զվարճալի ներկայացում համարել…
Իսկ գիտակազմակերպչական տեսակետից՝ հիմնական խնդիրը իսկապես արժեք ունեցող գիտական աշխատանքների իրականացումն է, այլ ոչ թե ինքնանպատակ ատենախոսությունների պաշտպանությունը… պետք է էապես բարեփոխել ատենախոսությունների պաշտպանության թույլատրելու կանոնակարգն ու ավելի լրջացնել այն…
Ուրիշ շատ քայլեր կարելի է անել։ Օրինակ, որքանով որ ես տեղեկացված եմ, շատ երկրներում՝ հատկապես Եվրոպական պետություններում, վաղուց գործում է PostDoc համակարգը: Այդ համակարգի տարատեսակներից են ներհամալսարանական դրամաշնորհները: Անշուշտ, դրանք լրացուցիչ խթան կհանդիսանան հատկապես սկսնակ, երիտասարդ գիտնականների համար:
– Ինչպե՞ս եք վերաբերում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը, ֆինանսավորման ավելացման պահանջին։ Դա չի՞ հակասում գիտնական լինելուն։
– Ես չեմ ընդունում այն միտքը, որ արվեստագետը, սպորտսմենը կամ գիտնականը պետք է ապրի աղքատության մեջ, որպեսզի կոչվի լավ արվեստագետ, սպորտսմեն կամ գիտնական: Դրա հետ մեկտեղ նշեմ, որ եթե թերթենք պատմության էջերը՝ ամենալավ ու ճանաչված արվեստագետները, սպորտսմեններն ու գիտնականները հենց եղել են խղճուկ ընտանիքների ներկայացուցիչներ: Սակայն այսօր ժամանակներն այլ են: Տվյալ ոլորտներից յուրաքանչյուրում շոշափելի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են լուրջ գումարներ: Ինձ, օրինակ, գոնե գործուղումների համար են անհրաժեշտ: Շփումն արտասահմանյան կոլեգաների հետ շատ մեծ բան է տալիս մասնագետին, սակայն դրա համար ևս գումարներ են անհրաժեշտ: Ինչպես նաև լավ գիտնականը պետք է արժանավայել ապրի: Երիտասարդ և առհասարակ յուրաքանչյուր գիտնական պետք է կարողանա ազատ զբաղվել գիտությամբ, բոլորովին չմտահոգվելով իր և ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման ուղիներ որոնելու հարցերով:
Ինչ վերաբերվում է երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում, ես ինքս դրան չեմ մասնակցում, մի տեսակ տարօրինակ գործունեություն է ծավալվում այդ հարթակում որոշ մարդկանց կողմից: Չեմ ցանկանում ծավալվել այդ մասին, բայց իմ կարծիքն ունեմ դրա վերաբերյալ: Եթե դա իրականում լիներ պայքար Հայաստանում գիտության զարգացման համար, ապա կողջունեի… ցավոք հիմա դա անել չեմ կարող…
– Ի՞նչ կասեք կոռուպցիայի մասին՝ գիտության մեջ դա կա՞։
– Իսկ ո՞վ է ասել, որ մեր երկրի տնտեսությունը, բնապահպանությունը, առողջապահության կամ մեկ այլ ասպարեզ դրանից զերծ է: Ավելին՝ այդ ոլորտներում էլ ավելի մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Կասեմ, որ այսօր դա մեր երկրում օրինականացված է ամենուր: Գիտության ոլորտում այսօր լուրջ գումար չկա, էլ ի՞նչ կոռուպցիայի մասին է խոսքը։ Չնայած այդ առումով գիտությունը, ինչպես նաև մեր երկրի յուրաքանչյուր ոլորտ, ունի մի շարք թերություններ: Իհարկե, ինքս չեմ առնչվել այդ խնդրին, համենայն դեպս, մեր բուհում այս առումով ամեն ինչ կարգին է: Դա գալիս է նաև տվյալ հաստատության ղեկավարությունից: Հանրապետությունում գուցե և լինեն նման գիտակրթական հաստատություններ, ովքեր ներգրաված են այդ ամենի մեջ…
– Լավ, բայց վերջին տարիներին ընդհանրապես որևէ դրական միտում, առաջընթաց չկա՞։
– Ոչ մի լուրջ առաջընթաց էլ չկա… Այն դեպքում, երբ որոշ նորմալ երկրներում գիտնականները հոդվածներ տպագրելու դիմաց գումարներ են ստանում, մեզ մոտ հակառակն է՝ դեռ մենք ենք տալիս գումար, որպեսզի իրենք մեր աշխատանքը տպագրեն: Դա տարօրինակ չէ՞։ Հանրապետությունում առհասարակ գիտական հադվածների տպագրության գործընթացը բիզնեսի է վերածվել, և որոշ մարդիկ օգտվում են դրա պտուղներից: Միայն մեր բուհի գիտաժողովների ժողովածուում է, որ անվճար տպագրություններ են կատարվում՝ ընդ որում, ոչ միայն տվյալ բուհի աշխատակիցների, այլ նաև շատ այլ մասնագետների աշխատանքներ…
– Կհամեմատե՞ք գիտական աշխատանքը Հայաստանում և արտասահմանում։
– Ես իմ գիտական գործունեությամբ շրջանակում գործուղումների այդքան էլ շատ չեմ եղել, սակայն հասցրել եմ իմ գիտական աշխատանքի խնդիրներից ելնելով` փորձի փոխանակում կատարել տեղի մասնագետների հետ: Ասեմ, որ հիմնական տարբերությունն, իհարկե, մարդիկ են ավելի ճիշտ՝ նրանց վերաբերմունքը գործին և գործընկերներին: Շատ կամեցող են, երիտասարդներին լայն հնարավորություններ են տալիս: Ես ապշած էի իրենց վերաբերմունքից իմ նկատմամբ և շատ շոյված էի: Անկախ իրենց պաշտոնից և կոչումից, իսկ նրանցից շատերը, գիտության դոկտորներ էին և պրոֆեսորներ, կային նաև դեկաններ ու վարչական այլ աշխատողներ, ինձ հետ շատ բարեհամբույր էին, և ես բավականին շատ բան քաղեցի իրենցից: Բավականին օգնեցին ինձ՝ տրամադրելով համապատասխան գրականություն։ Ծանոթացա շատ մասնագետների հետ, որոնց մինչ այդ ճանաչում էի միայն հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրված հոդվածներով և այնտեղ զետեղված նրանց լուսանկարներով: Մինչ այսօր նրանցից շատերի հետ համագործակցում ենք, փոխանակվելով տարբեր գիտաժողովների և ֆորումների մասնակցության հրավերներով:
Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանում, իմ կարծիքով, բացակայում է լուրջ համագործակցությունը Հայաստանի այլ հաստատությունների և առավել ևս արտերկրի գիտակրթական հաստատությունների հետ: Բոլորը պարփակված են իրենց մեջ և իրենցից դուրս չեն ցանկանում տեսնել ու լսել ոչ-ոքի: Շատերը չափից դուրս մեծամիտ են, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները: Շատ քչերն են, ովքեր գիտակցում են, որ իրենց մեծությունը նաև նրանով է որոշվում, թե ինչպիսի երիտասարդ սերունդ են թողնում իրենց ետևից: Իհարկե, պետք է համախմբվել ոլորտ առ ոլորտ ավելի լուրջ ուժերով հանդես գալու միջազգային դրամաշնորհների դիմելիս: Չնայած նորից կրկնեմ, որ դրանով պետք է զբաղվի համապատասխան գերատեսչությունը ԿԳՆ-ն և Գիտության պետական կոմիտեն: Այս կառույցները միայն գիտության վիճակի տարեց տարի վատթարացման փաստն արձանագրողի դերում են հանդես գալիս…
– Բավական քննադատաբար եք տրամադրված, կարո՞ղ է Հայաստանում չեք տեսնում Ձեր ապագան:
– Միանշանակ, ցանկանում եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում մնալ: Սակայն կարծում եմ, որ մոտ ժամանակներս գոնե որոշ ժամանակով պետք է մեկնել որևէ այլ երկիր, որտեղ իսկապես գնահատվում է մարդու, մասնավորապես գիտությամբ զբաղվող անձանց աշխատանքը: Թող ոչ ոք ինձանից հայրենասեր չձևանա, պարզապես՝ հայրենասիրությունն ինձ համար հենց այնպես շարքային վեցվանկանի խոսք չէ: Դու կարող ես լինել Աֆրիկայում, բայց մնալ ՀԱՅ և կարող ես լինել Հայաստանում, բայց կործանել այն… Կներեք, բայց ես իրատես մարդ եմ: Ես պաշտում եմ երկիրը, որտեղ ապրում եմ այժմ և իմ մասնագիտությունն ու շատ եմ ցանկանում ինքնաիրականացվել դրանում: Իսկ դրա համար տվյալ պահին լայն հնարավորություններ կան ցավոք միայն Հայաստանից դուրս: Մեր երկրում բարեփոխումներ կատարելու ցանկությունս բավականին մեծ է, սակայն ցավալի է, որ դրա հնարավորությունները դեռ շատ քիչ են…
Զրույցը վարեց Մանե Հակոբյանը