https://www.1in.am-«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
Էրդողանը հայտարարել է՝ մենք վճռական ենք բարելավելու մեր հարաբերությունները Եգիպտոսի և Պարսից ծոցի երկրների հետ: Ձեր կարծիքով ինչո՞վ է սա պայմանավորված, Թուրքիայի պատմության մեջ սա նոր է՞ջ է Պարսից ծոցի երկրների և Եգիպտոսի հետ հարաբերությունների առումով:
Նոր էջի մասին խոսելն իմաստ չունի: Բանն այն է, որ Թուրքիայի հարաբերությունները արաբական աշխարհի մի շարք կարևոր երկրների հետ վերջին տարիներին շատ լարված էին: Օրինակ, Եգիպտոսի հետ լարվածությունը պայմանավորված էր նրանով, որ Թուրքիան շատ սերտ կապեր ունի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ, որն, ինչպես գիտեք, Եգիպտոսում եկել էր իշխանության, բայց զինվորականները նրանց հեռացրին իշխանությունից: Դրանից հետո թուրք-եգիպտական հարաբերությունները կտրուկ վատթարացան: Բացի դրանից Եգիպտոսի հետ Թուրքիայի խնդիրները կապված են Լևանտոն, Միջերկրական ծովումայն հակասությունների հետ, որ կան երկու երկրների միջև: Դա Միջերկրական ծովում հայտնաբերված էներգակիրների հետ է կապված, թե ով նրանցից պետք է դրանցից օգտվի: Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան այն ժամանակ, երբ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանեցին սաուդցի մի գործչի: Դրանից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները վատացան: Սրանք կոնկրետ խնդիրներ են, բայց բանն այն է, որ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կա մրցակցություն իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնելու համար: Թուրքիան ձգտում է իսլամական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել, բայց ինչպես գիտեք, և Եգիպտոսը, և Սաուդյան Արաբիան շատ կարևոր են իսլամական աշխարհում և արաբական աշխարհում: Մյուս կողմից ես տեսնում եմ, որ Էրդողանի քաղաքականությունը ունի հետևյալ առանձնահատկությունը. Նա առանց երկար մտածելու գնում է հարաբերությունների սրման, վիրավորում է տարբեր երկրների ղեկավարներին, Թուրքիան նրա ղեկավարության ներքո այդ երկրների նկատմամբ իրեն շատ սանձարձակ է պահում, բայց կարմիր գծերը աշխատում է չանցնել: Երբ մոտենում է կարմիր գծին, Էրդողանը գործի է դնում գաղտնի ծառայությունները: Մասնավորապես թուրքական հետախուզական ազգային ծառայության ղեկավարն Էրդողանի մտերիմ գործակիցն է և նրա միջոցով ինքը սկսում է հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հիմա մենք այդ գործընթացի ականատեսն են, երբ Թուրքիայի և այդ երկրների գաղտնի ծառայությունների միջև սկսում են բանակցություններ, ինչը կամաց-կամաց հանգեցնում է միջպետական երևացող հարաբերությունների կարգավորման: Այս փուլում մենք տեսնում ենք, որ և Էմիրությունների հետ, և Եգիպտոսի հետ, և Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել: Ինչո՞ւ է նա դա անում, որովհետև ինչպես ասացի, բացի կարմիր գծերից, ԱՄԷ-ի հետ Թուրքիան շահագրգռված է հարաբերություններ հաստատել իր տնտեսական այն ծանր վիճակից դուրս գալու համար: Ինչպես հայտնի է, վերջերս տեղի ունեցավ Աբու Դաբիի թագաժառանգի այցը Թուրքիա, և նա խոստացավ Թուրքիային աջակցություն ցուցաբերել շատ մեծ քանակությամբ, որը միանգամից թուրքական լիրայի կուրսը բարձրացրեց: Այսինքն Թուրքիան շահագրգռված է արաբական նավթով ու գազով հարուստ երկրների հետ հարաբերությունները կարգավորել և դրա միջոցով սեփական տնտեսությունը բարելավել:
Հայտնի է, որ Թուրքիան Աբու Դաբիի վարչակազմի հետ 11 մլրդ դոլարի նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել:
Բացի դրանից, այդ երկրները, մասնավորապես, արաբական երկրներից Կատարը, Արաբական Էմիրությունները Թուրքիան դիտարկում է որպես շուկա իր ռազմական արդյունաբերության արտադրանքը նրանց վրա վաճառելու համար: Դրա համար անհրաժեշտ է այդ երկրների հետ հարաբերությունները կարգավորել: Սա է Էրդողանի քաղաքականությունը:
Ի՞նչ է սպասվում Թուրքիային, որտեղ ընդդիմությունն ակտիվացել է, անհապաղ ընտրություներ է պահանջում, լիրան կտրուկ անկում է ապրել: Սա արդյոք կարո՞ղ է արագացնել Էրդողանի իշխանության ավարտը:
Չեմ կարծում, թե այդպիսի բան կլինի: Ինչպես գիտեք, ընդդիմությունը պահանջում է, որ տեղի ունենան վաղաժամկետ ընտրություններ, բայց Էրդողանը կտրուկ դեմ է դրան: Ես համոզված եմ, որ նա դրան չի համաձայնի, 2023 թվականին Թուրքիայում տեղի կունենան և խորհրդարանական, ևև նախագահական ընտրություններ, ինչպես և նախատեսված էր: Հիմա Էրդողանի կուսակցությանը և իրենց կոալիցիայի վարկանիշը հավասարվել է մի փոքր պակաս է ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության վարկանիշից: որոշ հարցումներ ցույց են տալիս, որ վարկանիշները հավասար են, որոշ հարցումներով մի քիչ Էրդողանի կոալիցիան է ուժեղ, կամ ընդդիմադիր կոալիցիան է ուժեղ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ հիմա Թուրքիայում քաղաքական դաշտը հետևյալ տեսքն ունի. երկու գլխավոր ուժերը՝ Էրդողանն ու Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցությունը համարյա հավասար ուժեր են: Բայց մինչև ընտրություններ շատ ժամանակ կա, ես համոզված եմ, որ այդ հարաբերակցությունը կփոխվի: Էրդողանը կփորձի փոխել այդ հարաբերակցությունը հօգուտ իր կուսակցության հետևյալ կերպ. Նա արդեն տարիներ շարունակ փորձարկում է հետևյալ մոդելը, երբ երկրի ներսում տեղի են ունենում կամ քաղաքական, կամ տնտեսական դժվարություններ, իր կուսակցության վարկանիշը նվազում է, ինքը գտնում է հնարավորություն արտաքին քաղաքականության ոլորտում ինչ-որ մի հերթական ավանտյուրան կազմակերպել, մխրճվում է տարբեր հակամարտությունների մեջ, սկսում է լարվածությունը ուժեղացնել, բնակչության ուշադրությունը շեղվում է այդ ուղղությամբ և դրանով հաղթահարում է ներքին դժվարությունները: Ես համոզված եմ, որ նման մեթոդ նա կփորձի կիրառել նաև այս անգամ: