ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան, անդրադառնալով Գեղարքունիքի մէջ ատրպէյճանցի զինուորներուն անօրինական ամրացման աշխատանքներուն՝ գրած է հետեւեալը. «Հրապարակում ենք փաստերով վերլուծութիւն Գեղարքունիքի մարզի գիւղերի անմիջական հարեւանութեամբ ադրբեջանական զինուած ուժերի անօրինական (unlawful) տեղակայումներից եւ անօրինական (unlawful) ամրացման աշխատանքներից մէկի վերաբերեալ: Նրանց յանցաւոր արարքների ու ներկայութեան պատճառով ՀՀ գործարար ընկերութիւնը չի կարողանում օգտուել ՀՀ կառավարութեան որոշմամբ ու Կադաստրի կոմիտէի սեփականութեան վկայականով իրեն օրինական հատացուած 200 հա. տարածքից, որից 75ի վրայ կառուցել է երկու հողմակներ, ապօրինաբար (unlawfully) զրկուել է գործարարութեամբ զբաղուելու իրաւունքից, իսկ կրած վնասը, իր հաշուարկով, 5 միլիոն դոլար է: Աւելին, ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչութիւնը յայտնուել է ադրբեջանական զինուած ծառայողների թիրախում. վտանգուած է պարբերական գնդակոծութիւններով խաթարուած է մարդկանց խաղաղ կեանքն ու անվտանգութիւնը, ոտնահարուած է կեանքի իրաւունքը, մարդիկ զրկուած են սեփականութեան իրաւունքից ու գիւղատնտեսութեամբ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից: Այս փաստերը կ՚ուղարկուեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպէս նաեւ ՀՀ պետական մարմիններին ու Հասարակական կազմակերպութիւններին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով»:
28 Հոկտեմբերի Ազգային ժողովի նիստին, «Պետական սահմանի մասին» օրէնքին մէջ լրացումներ կատարելու մասին օրինագիծի քննարկման ընթացքին, Հանրապետութեան պաշտպանութեան փոխնախարար Արման Սարգսեան եւս անդրադարձաւ այս հարցին՝ նշելով, թէ ատրպէյճանական զինուժը կը փորձէ շինարարական ամրութիւններ կառուցել Հայաստանի ինքնիշխան տարածքին մէջ, բայց հայկական կողմը կասեցուցած է զանոնք։ Ան ընդգծեց, որ անոնք ապօրինի կերպով ներթափանցած են հոն:
«Խօսքը, մասնաւորապէս, Հայաստանի Գեղարքունիքի մարզի մասին է, այն սահմանամերձ շրջանների, որտեղ Մայիսի 12ից տեղակայուած են ադրբեջանցի զինուորականները: Ադրբեջանական կողմից պարբերաբար ծանր ինժեներական (ճարտարացիտական) տեխնիկայի (ճարտարարուեստի) կիրառման, իրենց մարտական ??դիրքեր տանող ճանապարհներ հարթելու փորձեր են արւում: Այնուամենայնիւ, մեր կողմից այդ բոլոր փորձերը կանխւում են, եւ այդ մասին բազմիցս ասուել է», նշեց Սարգսեան։