Երեւանում լոյս է տեսել լրագրող, «Ազդակ»-ի աշխատակից եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագէտ Թաթուլ Յակոբեանի «Կանաչ ու սեւ. արցախեան օրագիր» գիրքը թուրքերէնով: Հեղինակի այս աշխատութիւնը 2008 թուականի Օգոստոսից ի վեր ունեցել է եօթը հրատարակութիւն, այդ թւում` արեւելահայերէն, արեւմտահայերէն (մեսրոպեան ուղղագրութեամբ), ռուսերէն, անգլերէն, արաբերէն եւ թուրքերէն լեզուներով:
Թուրքերէն հատորի թարգմանիչը եւ խմբագիրը Տիրան Լոքմագէօզեանն է: Ինչպէս թարգմանական, այնպէս էլ տպագրական ծախսերը հոգացել է Պէյրութից գործարար եւ բարերար Մելքոն Յակոբեանը, այս հատորը նուիրելով իր մեծ հօր` Մելքոն (Չաւուշ) Յակոբեանի յիշատակին, ով նահատակուել է 1915-ին` Սեբաստիայում, Արեւմտահայաստան: Գիրքը լոյս է ընծայել «Լուսակն» հրատարակչութիւնը: Թուրքերէն հատորի առաջին շնորհահանդէսը կը կայանայ յունուարի 22-ին` Երեւանի «Անի Փլազա» հիւրանոցում` մասնակցութեամբ թուրք յայտնի հրատարակիչ եւ մարդու իրաւունքների պաշտպան Ռակըփ Զարաքօլուի:
Այս տարի լրանում է Արցախեան շարժման 25-ամեակը, սակայն առաջին անգամ է Արցախի պատմութեան, պատերազմի ու բանակցային գործընթացի մասին համապարփակ աշխատութիւն հրատարակւում թուրքերէնով հայ հեղինակի կողմից:
«Լեռնային Ղարաբաղի պատմութեան, հայերի եւ ազրպէյճանցիների միջեւ դառը, ողբերգական անցեալի, 1991-1994 թուականների արիւնալի պատերազմի, հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի մասին թուրք ընթերցողը միշտ էլ հնարաւորութիւն է ունեցել տեղեկանալ, այդ թւում` ազրպէյճանական աղբիւրներից: Ես չեմ յաւակնում ճշմարիտ պատմիչի տիտղոսին, սակայն փորձել եմ հնարաւորինս անկողմնակալ լինել: Յաջողուե՞լ է դա ինձ: Այս հարցի պատասխանը, անգամ եթէ ինձ համար տհաճ լինի, պիտի տան ընթերցողը եւ ժամանակը», թուրքերէն հատորի նախաբանում գրել է Յակոբեանը:
Թարգմանութեան ընթացքում որոշ հատուածներ, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական վիճակին, ինչպէս նաեւ պատերազմին չառնչուող այլ մանրամասներ, կրճատուել են, որպէսզի թուրք ընթերցողը աւելի սահուն կարդայ գիրքը:
«Առաջիկայում ես մտադիր եմ թուրքերէն թարգմանել նաեւ իմ երկրորդ գիրքը` «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը», որը հայերէնով հրապարակուել է 2012 թուականի մարտին: Այն Հայաստանի եւ Թուրքիայի, հայերի ու թուրքերի յարաբերութիւնների մասին է` սկսած 1918-ից, մինչեւ մեր օրերը: Ես շնորհակալութիւն եմ յայտնում թուրք ընթերցողներին, որոնք կը կարդան այս հատորը եւ կը սպասեն իմ երկրորդ` «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի թուրքերէն թարգմանութեանը», գրքի առաջաբանում գրել է Յակոբեանը:
Նա յատուկ շնորհակալութիւն է յայտնել բարերար Մելքոն Յակոբեանին, ով ոչ միայն հովանաւորել է գրքի թարգմանութիւնն ու տպագրութիւնը, այլ գիտակցել Արցախի մասին նման գրքի թուրքերէնով թարգմանութեան կարեւորութիւնը:
«Կանաչ ու սեւ. արցախեան օրագիր» գիրքը հետաքրքրութիւն է առաջացրել նաեւ թուրք հրատարակիչների շրջանում: Սպասւում է, որ այն առաջիկայում կ՛ունենայ թուրքերէնով երկրորդ հրատարակութիւն Պոլիսում:
Վերջերս Պէյրութում լոյս էր տեսել «Կանաչ ու սեւ. արցախեան օրագիր» գիրքը արաբերէնով: Արաբերէն հատորի թարգմանիչը Դամասկոսի համալսարանի դոկտոր, Արաբ գրողների միութեան անդամ Նորա Արիսեանն է: Ինչպէս թարգմանական, այնպէս էլ տպագրական ծախսերը հոգացել է գործարար եւ բարերար Սարգիս Պուտաքեանը Պէյրութից` գիրքը նուիրելով ի յիշատակ իր մեծ մօր` Սիրուհի Պուտաքեանի: