ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱԼԵԱՆ
«Հրանտ Դինք» հիմնադրամի եւ Համազգայիaն Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան համատեղ ջանքերով Ստամբուլում կազմակերպուած «Հայկական ինքնութեան քննական մօտեցումները 21րդ դարում. խոցելիութիւն, առաձգականութիւն, փոխակերպութիւն» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում Օքսֆորդի համալսարանի շրջանաւարտ, հայ երիտասարդ ուսումնասիրող Հրակ Փափազեանը ներկայացրեց «Հայերը Թուրքիայում Եւ Այլ Հայերը» վերնագրով իր դոկտորական աշխատութիւնը, որի շուրջ աշխատելու ընթացքում Հ. Փափազեանը երկար ժամանակ է անցկացրել Թուրքիայում՝ շփուելով տեղի հայերի տարբեր խմբերի հետ: «Ակօս» թերթը յատուկ անդրադարձ է կատարել Հրակ Փափազեանի աշխատութեանն ու հետաքրքրական մանրամասներ հրատարակել թեմայի վերաբերեալ: Ստորեւ ներկայացնում ենք «Ակօս»ում տեղ գտած հարցազրոյցի հայերէն թարգմանութիւնը.
ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱԼԵԱՆ.- Կը պատմէ՞ք ձեր կեանքի պատմութիւնն ու այն, թէ ինչպէ՞ս սկսեցիք աշխատել Թուրքիայի հայերի թեմայով:
ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ.- Ծնուել եմ 1991թ., Բէյրութում: Սովորել եմ հայկական վարժարանում: Լիբանանի Ամերիկեան համալսարանի հաղորդակցութեան ֆակուլտետն աւարտելուց յետոյ Օքսֆորդի համալսարանում թէզ պաշտպանեցի սոցիալական անտրոպոլոգիայի (ընկերային մարդաբանութիւն-Խմբ.) թեմայով: Կարելի է ասել, որ դէպի անտրոպոլոգիա անցումիս հիմնական պատճառը հայ լինելս էր:
Մինչեւ համալսարան ընդունուելս փակ հայկական միջավայրում էի գտնւում, օտարազգի ոչ մի ընկեր չունէի: Համալսարանում սկսեցի ինքս ինձ հարցեր տալ ինքնութեանս մասին: Մեծանալով գետտոյի վերածուած մի շրջապատում՝ ես սովորել էի, որ հայ եմ, եւ իմ հայրենիքը Հայաստանն է:
Շուրջս գտնուող միւս մարդկանց ինքնութիւններն իմինից տարբեր էին, հեռու էին իմ հայկական ինքնութիւնից: Սկսեցին ի յայտ գալ իմ հայկական ինքնութեան հետ կապուած մի շարք հարցեր:
Քանի որ ես ամէն ինչ քննող մարդ եմ, չկարողացայ շարունակել կեանքս՝ մինչ այդ ինձ մատուցուած ամէն բանն այդպէս ուղղակի ընդունելով:
Սկսեցի հարցեր տալ, թէ «Ինչո՞ւ է իմ հայրենիքը Հայաստանը կամ Արեւմտեան Հայաստանը», «Ինչո՞ւ ծննդավայրս հայրենիքս չէ», «Այս ամէնը բնակա՞ն է, թէ ո»չ…
Միւս կողմից էլ Լիբանանում ստացածս կրթութիւնն աւելի շատ տեխնիկական էր, եւ տեսական մասը թոյլ էր մնացել:
Ահա այս երկու պատճառներով սկսեցի զբաղ-ուել անտրոպոլոգիայով: Մտածեցի, որ այդպէս կը գտնեմ ազգային ինքնութեանս հետ կապուած հարցերի պատասխանները: Եւ չսխալուեցի: Ստամբուլի հայերի հետ առաջին կապերս էլ այդ ժամանակ հաստատեցի:
Որոշեցի թէզս գրել Ստամբուլի հայկական համայնքի, այլ կերպ ասած՝ Թուրքիայի քրիստոնեայ հայ համայնքի շուրջ: Թուրքիայի հայ համայնքը դրսից շատ հետաքրքրական է: Խօսքը գնում է 2013-2014թթ. մասին: Դրանից 6 տարի առաջ սպաննուեց Հրանդ Դինքը, յետոյ Սեւակ Բալըքչըն, Մարիցա Քիւչիւքը… Միւս կողմից համայնքի մէջ ինչ որ շարժ սկսուեց: Սկսեցի նոյն համալսարանում դոկտորական աշխատանք գրել եւ այս անգամ աւելի լայն մի թեմայի՝ Թուրքիայի բոլոր հայերի թեմայի շուրջ աշխատելու համար եկայ Թուրքիա:
ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱԼԵԱՆ.- Թուրքիայի հայերին երեք հիմնական խմբի էք բաժանում: Կը պատմէ՞ք այդ մասին:
ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ.- Այո, Թուրքիայի հայերին երեք խմբի եմ բաժանում: Ի հարկէ, կան նաեւ ենթախմբեր:
Առաջինը Ստամբուլում ապրող աւանդական հայկական համայնքն է, այլ կերպ ասած՝ քրիստոնեայ հայերը: Լօզանի պայմանագրի համաձայն՝ Թուրքիայում միայն այլադաւաններն են փոքրամասնութիւն համարւում, եւ հայկական բնակչութեան հետ կապուած թուերը որպէս քրիստոնեայ գրանցուած հայերին են վերաբերւում: Այդ պատճառով այս խմբի մասին խօսելիս օգտագործում եմ քրիստոնեայ բառը: Այսինքն՝ պետութեան կողմից պաշտօնապէս որպէս հայ գրանցուած հայեր:
Երկրորդ խումբը Հայաստանի անկախացումից յետոյ Ստամբուլ եկած եւ հիմնականում փախստականի կարգավիճակով աշխատող հայաստանցի հայերն են:
Իսկ երրորդ խումբը մահմեդական հայերն են: Այս խմբին ես դասում են այն հայերին, որոնք մահմեդական լինելով հանդերձ ասում են՝ «Ես հայ եմ», կամ էլ պարզապէս իրենց անձնագրերում գրանցւում են որպէս մահմեդական:
ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱԼԵԱՆ.- Այս խմբերի համար ի՞նչ է նշանակում հայ լինել:
ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ.- Այս խմբերից ամէն մէկի համար հայ լինելը տարբեր իմաստ է կրում: Քրիստոնեայ համայնքի համար հայ լինելու ամենակարեւոր գործօնը քրիստոնեայ լինելն է: Հայկական եկեղեցու անդամ լինելն է: Այս մօտեցումը կայ ամէնուր: Սակայն այստեղ կայ նաեւ Լօզանի ազդեցութիւնը: Երբ առաջին անգամ տեսայ 1950ականներին տրուած թուրքական անձնագրի կրօնի բաժնում «հայ» բառը, շատ զարմացայ: Չգիտէի, որ դա արտացոլուել է անգամ պետական փաստաթղթերում: Այսինքն՝ քրիստոնեայ հայ էլ չէ, հէնց հայ էր գրուած կրօնի բաժնում: Գործնականում էլ է այդպէս: Օրինակ՝ մեր օրերում Հայ առաքելական եկեղեցու անդամ չհանդիսացող երեխաները հայկական դպրոցներում չեն գրանցւում: Դպրոցներն էլ քրիստոնեայ հայերին են պատկանում, հայկական դպրոցները՝ եկեղեցուն:
Հայաստանից եկած խմբերի համար հայկական ինքնութեան ամենակարեւոր սիւներից մէկը Հայաստանն է: Այս կէտում նրանց եւ տեղի աւանդական հայ համայնքի ճանապարհները բաժանւում են, եւ այդ վիճակը տեղիք է տալիս, որ այս երկու խմբերը հարցականի տակ դնեն միմեանց հայութիւնը:
Բացի այդ՝ Հայաստանից եկած խմբերի համար գոյութիւն ունեն որոշակի բարոյական արժէքներ, եւ նրանց պատկերացմամբ՝ «կարգին հայը» պէտք է տէր կանգնի հէնց այդ արժէքներին: Հակառակ դէպքում նրանք սկսում են հարցականի տակ դնել դիմացինի հայ լինելը:
Մահմեդական հայերը, ի տարբերութիւն միւս երկու խմբերի, փորձում են ինչ որ կերպ ձեւաւորել իրենց հայկական ինքնութիւնն ու աշխատում են, չենթարկուելով պետութեան կամ կրօնական կազմակերպութիւնների ազդեցութեանը, ապրել որպէս հայ: Այս խմբի համար հայ լինելը նման է դէպի անցեալը վերադառնալու մի գործընթացի: Օրինակ՝ երբ Մեհմեդի ընկերուհին նրան քուրդ է անուանում այն պատճառով, որ նա մեծացել է քրդական միջավայրում եւ մահմեդական է, Մեհմեդի պատասխանը հետեւեալն է լինում. «Ոչ, ես հայ եմ: Պապիկիս անունը Մկրտիչ էր, իսկ նրա հօր անունը՝ Գէորգ: Գուցէ մենք փոխել ենք մեր կրօնը, բայց քանի դեռ անցեալի այս անունները չեն փոխւում, ես էլ կը շարունակեմ հայ մնալ, ազգութիւնս հայ է»:
ՎԱՐԴՈՒՀԻ ԲԱԼԵԱՆ.- Կը մանրամասնէ՞ք այս երեք խմբերի միջեւ եղած փոխյարաբերութիւնները:
ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ.- Հայաստանցի հայերի եւ մահմեդականացուած հայերի միջեւ շատ քիչ շփում կայ: Հայաստանցիներից շատերը բաւականաչափ տեղեկացուած չեն մահմեդական հայերի մասին: Հարցնելու ժամանակ էլ շատ բարիդրացիական չեն արձագանգում: Նրանք էլ չեն կարողանում իրար կողքի դնել «իսլամ» եւ «հայ» բառերը: Սակայն Ստամբուլի քրիստոնեայ հայերի աստիճան կոշտ դիրքորոշում էլ չունեն այս հարցում: Քանի որ Թուրքիայի հայերի համար քրիստոնէութիւնն ու հայութիւնը ընկալւում են որպէս իրար շատ մօտ հասկացութիւններ, «մահմեդական հայ» հասկացութիւնն ընկալելը բարդ է: Կան, ի հարկէ, իմացողներ, ընդունողներ, սակայն ես խօսում եմ աւելի լայն զանգուածների ընդհանուր հայեացքների մասին: Նրանց համար անհաւատալի, երբեմն էլ անընդունելի է, որ մէկը կարող է հայ լինել եւ նամազ անել:
Իսկ ահա մահմեդական հայերը հարցականի տակ չեն դնում ո՛չ հայաստանցիների, ո՛չ էլ Ստամբուլի քրիստոնեայ հայերի ինքնութիւնները: Որովհետեւ նրանք զբաղուած են իրենց հայկական ինքնութիւնը վերադարձնելով կամ ապացուցելով: Ի հարկէ, նրանք բարձրաձայնում են այն մասին, որ մերժուած են քրիստոնեայ հայերի կողմից: Նրանք չեն ընդունւում նաեւ որոշակի թուրքական եւ քրդական շրջանակներում: Իսկ իրենց հայ լինելու մասին խօսելիս բախւում են քրիստոնեայ հայերի մերժման հետ:
«ԱԿՕՍ»