Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է ռուսական “Sputnik”-ի թուրքական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Եթե (Հայոց ցեղասպանության հարցը–Ակունքի խմբ.) օրակարգում ընդգրկի, ի՞նչ պիտի լինի, եթե չընդգրկի, ի՞նչ պիտի լինի»:
Չավուշօղլուն նաև իր վրդովմունքն է հայտնել Սոչիի համագումարում Թուրքիայի ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) առաջնորդ Միհրաչ Ունալի մասնակցության առնչությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախորդ օրը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին:
Ընթրիքի ընթացքում ունեցած ելույթում Մակրոնն անդրադարձել է հայ համայնքին հուզող մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:
«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք այդ պայքարը տանում ենք` հիշելով և Հանրապետության օրացույցում Ցեղասպանության հիշատակման համար օր ամրագրելով»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշումը կընդունվի առաջիկա ամիսներին:
Akunq.net