«ԼՐԱԳԻՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԹՐՔԱԳԷՏ ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆԻ ՀԵՏ
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացուած փորձագէտ, թուրքագէտ Հայկ Գաբրիէլեանը:
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Գաբրիէլեան, Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը յայտարարել է Ադրբեջանին լիակատար աջակցութեան մասին, աւելին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն նշել է, որ պատրաստ են զոհել կեանքը յանուն Ադրբեջանի։ Տեսակէտ կայ, որ պէտք է Թուրքիայի այս անգամուայ ակտիւութիւնը (աշխոյժութիւնը- Խմբ.) շատ աւելի լուրջ ընդունենք։ Դուք դրա համար հիմքեր տեսնու՞մ էք։
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Նախորդ տարիներին Թուրքիան Արցախեան հիմնախնդրի կարգաւորման հարցում շարունակ հանդէս էր գալիս ադրբեջանամէտ, սակայն իրականում Ադրբեջանին ոչինչ չտուող յայտարարութիւններով եւ փոխարէնը Ադրբեջանից ստանում էր տնտեսական հսկայական օգուտներ։ Արդիւնքում գոհ էին թէ՛ Թուրքիան, թէ՛ Ադրբեջանը։
Ընդ որում՝ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համատեքստում իր 3 նախապայմաններից «զարմանալիօրէն» առաջին պլան էր մղում հէնց Արցախեան հիմնախնդիրը, որն ուղիղ չի առնչւում նրան (իսկ Կարսի պայմանագրի ճանաչումն ու Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հիմնախնդիրն ուղիղ առնչւում են նրան)։
Իրավիճակը մի փոքր այլ է ներկայումս, եւ ես սկսել եմ աւելի լուրջ ընդունել Թուրքիայի այսօրինակ յայտարարութիւնները մէկ պարզ պատճառով, որ վերջին տարիներին ակնյայտ է դարձել նրա ծաւալապաշտական քաղաքականութիւնը, տարածաշրջանային տարբեր երկրներում ռազմական ապօրինի միջամտութիւններն իրականացնելը, այդ երկրներում ապօրինի ռազմական ներկայութիւն հաստատելն ու ընդլայնելը, միջազգային հանրութեան ու օրէնքների բաց տեղերից եւ նաեւ թողտուութիւնից օգտուելը։
Այս ամէնը բնականաբար ոգեւորում են թուրքական իշխանութիւններին եւ մղում նորանոր արկածախնդրութիւնների, իսկ դրանք նրանց անհրաժեշտ են, քանի որ «արտաքին թշնամու» կերպարը շատ անհրաժեշտ է։ Թուրքական իշխանութիւնները այդպիսով ցոյց են տալիս, որ «հերոսական» կռիւ են տալիս այդ «արտաքին թշնամիների» դէմ, որոնք «ցանկանում են մասնատել» Թուրքիան։ Բացի այդ, «արտաքին թշնամու» կերպարը թուրքական իշխանութիւններին հնարաւորութիւն է տալիս սեփական խնդիրների, տնտեսական դժուարութիւնների պատասխանատուութիւնը բարդել նրանց վրայ։
Առաջին անգամ ես աւելի լուրջ ընկալեցի Էրդողանի (երեկուայ) սպառնալիքը՝ ուղղուած Թուրքիայում ապօրինի աշխատող եւ բնակուող տասնեակ հազարաւոր հայերին (ՀՀ քաղաքացիներ) արտաքսելուն։ Մինչդեռ առնուազն 2010 թուականից սկսած՝ նա սպառնում էր վտարել «100000 հայի»՝ յայտարարելով, որ «իրենք աչք են փակում նրա վրայ, որ այդ մարդիկ ապօրինի են աշխատում եւ բնակւում Թուրքիայում»։ Եւ ես այդ սպառնալիքը լուրջ չէի ընկալում՝ համարելով, որ դա կարեւոր յաղթաթուղթ է նրա ձեռքում՝ համայն աշխարհին ի ցոյց դնելու սեփական «մեծահոգութիւնը»։
Էրդողանը նախկինում յայտարարել է, որ եթէ 1990ականներին Թուրքիան ուժեղ լինէր, ապա թոյլ չէր տայ «Ղարաբաղի օկուպացիան» («գրաւումը»- Խմբ.)։ Այդպիսով նա իրեն դրել է այնպիսի դրութեան մէջ, որ հայ-ադրբեջանական լարուածութեան աճին զուգահեռ ինչ որ առումով հարկադրուած է լինելու որոշակի հակաքայլեր ձեռնարկել մեր նկատմամբ, եւ Թուրքիայում ապօրինի գտնուող ՀՀ քաղաքացիները խոցելի են այս համատեքստում։
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ինչու՞ Թուրքիան այդքան արագ արձագանգեց եւ իր աջակցութիւնը յայտնեց, արդեօք Թուրքիան իրականում տեղեկացուած էր նախապէս յարձակման մասին։
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Ես տաւուշեան լարուածութեան հիմքում, յետին պլանում տեսնում եմ Ռուսաստան-Թուրքիայ գազային հակամարտութեան գործօնը (նմանատիպ էր իրավիճակը Ապրիլեան թէժացումից առաջ՝ կապուած «Թուրքական հոսք» եւ «Անդրանատոլիական» գազատարների կառուցման հետ, թէ նրանցից որ մէկը կը կառուցուի աւելի շուտ)։
Ռուսաստանը, որը վերջին տարիներին ապահովել է Թուրքիայի գազամատակարարումների 55-60 տոկոսը, շարունակ անվիճելի ձեւով զբաղեցնում էր առաջին տեղը, սկսել է զիջել իր դիրքերը եւ այդպիսով կորցնել իր անչափ կարեւոր գազային լծակը Թուրքիայի նկատմամբ, որը շարունակ քայլեր է ձեռնարկում ռուսական գազից ունեցած մեծ կախուածութիւնը նուազեցնելու համար (2015թ․ Նոյեմբերի 24ի «ինքնաթիռային» յայտնի միջադէպը լուրջ խթան հանդիսացաւ թուրքական կողմի համար)։
2019թ․ արդիւնքներով՝ Թուրքիան գրեթէ 40 տոկոսով նուազեցրել է ռուսական գազի ներկրումը եւ փոխարէնը 30 տոկոսով մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումը, որը շատ աւելի էժան է թուրքական կողմի համար։ Արդիւնքում Ադրբեջանը նախորդ տարի դուրս է եկել երկրորդ տեղ՝ գազամատակարարումների ծաւալով գերազանցելով Իրանին։
Եւ սա ամէնը չէ․ թուրքական իշխանութիւնների տուեալներով, 2020թ․ Մարտից սկսած՝ Ադրբեջանը գազամատակարարումների ծաւալով դուրս է եկել առաջին տեղ, իսկ Ռուսաստանը նահանջել է միանգամից երրորդ հորիզոնական՝ զիջելով նաեւ Իրանին։ Սա իսկապէս մղձաւանջ է Ռուսաստանի համար, դժուար պատկերացնելի ու ընկալելի նրա համար։
Սակայն Ռուսաստանի համար խնդիրները չեն աւարտւում այսքանով․ 2020թ․ Հոկտեմբերից մեկնարկելու են ադրբեջանական գազի մատակարարումները Եւրոպային՝ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ), «Անդրանատոլիական» (TANAP) ու «Անդրադրիատիկ» (TAP) գազատարներով։ Ստացւում է, որ ադրբեջանական գազի պատճառով Ռուսաստանն իր «գազային» ազդեցութիւնը կորցնում է Թուրքիայում, որն ինքնին գազի սպառման խոշոր շուկայ է, եւ հիմա էլ հերթը հասնում է Եւրոպային։ Եւ սա այն դէպքում, երբ այս տարի ռուսական «Գազպրոմի» եկամուտները նուազել են 52,6 տոկոսով։
Նկատենք, որ ադրբեջանական կողմն այս համատեքստում ընդլայնել է ԲԹԷի հնարաւորութիւնները, որպէսզի Թուրքիան կարողանայ նախկին 6,5 միլիարդ մ3ից բացի, ստանայ եւս 6 միլիարդ մ3, իսկ Եւրոպան՝ 10 միլիարդ մ3 ադրբեջանական գազ։
Այլ կերպ ասած՝ ԲԹԷի հզօրութիւնը 6,5ից հասցուել է աւելի քան 20 միլիարդ մ3ի, այդպիսով ԲԹԷի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը աճել է եռակի (ընդ որում՝ յետագայում ծրագրուած է աւելի մեծացնել այս թուերը, այդ թւում՝ նաեւ միջինասիական երկրներից գազամատակարարումների շնորհիւ)։ Իսկ ԲԹԷն անցնում է Ադրբեջանի Թովուզ քաղաքով (ՀՀ սահմանին գազատարի ամենամօտ հատուածը հէնց այստեղ է), վերջին օրերի ռազմական գործողութիւնները հէնց այս գօտում են ընթանում։
Այդտեղով է անցնում նաեւ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նաւթամուղը, որով Միջերկրական ծով է ուղարկւում ադրբեջանական նաւթի զգալի մասը։ Մինչդեռ ԲԹՋից առաջ ադրբեջանական նաւթի զգալի մասը ուղարկւում էր Սեւ ծով՝ «Բաքու-Նովոռոսիյսկ» նաւթամուղով։
Այսպիսին է իմ դիրքորոշումը Տաւուշեան թէժացման հանդէպ, իմ կողմից առաջին հերթին ինքս ինձ համար բարձրացրած երկու կարեւոր հարցերի պատասխանը․ 1) ինչու՞ հէնց հիմա, 2) ինչու՞ հէնց Տաւուշեան ճակատում։ Համարում եմ, որ Տաւուշեան ճակատը թէժ կը լինի այսուհետ, քանի որ Ռուսաստանը ցանկանում է ուղերձներ, զգուշացումներ յղել Թուրքիային, որ եթէ նա որոշել է զգալիօրէն հրաժարուել ռուսական գազից, յոյսը դրել է ադրբեջանական գազի մատակարարումների վրայ, ապա չպէտք է մոռանայ, որ ԲԹԷն (նաեւ ԲԹՋը) Տաւուշեան ճակատում կարող է ժամանակ առ ժամանակ պայթել։
Այնպէս, որ թուրքական կողմի ակտիւ եւ կոշտ արձագանգը Տաւուշեան լարուածութեանը, ես ընկալում եմ որպէս առաջին հերթին Ռուսաստանին եւ ոչ թէ Հայաստանին հասցէագրած արձագանգ։ Նոյն կերպ էլ Հայաստանին Ռուսաստանի (Սերգեյ Լաւրով) յայտնած աջակցութիւնն առաջին հերթին ընկալում եմ որպէս Թուրքիայի դէմ արած յայտարարութիւն։
Մեր անելիքներից կարեւոր եմ համարում միջազգային հանրութեանը յստակ ուղերձ յղելը, որ մենք ոչ մի պարագայում չենք պատրաստւում պայթեցնել ԲԹԷն (նաեւ ԲԹՋն), առաւել եւս Հոկտեմբերից յետոյ, քանի որ տուեալ դէպքում Եւրոպան կը զրկուի ադրբեջանական գազից, եւ մենք խնդիրներ կ’ունենանք նրա (եւ բնականաբար Թուրքիայի) հետ։ Գազատարի պայթեցման սադրանքներ նոյնպէս կարող են լինել յետագայում, որպէսզի փորձեն դրանց պատասխանատուութիւնը դնել մեզ վրայ։ Ես անգամ չեմ բացառում, որ յետագայում բանը հասնի նրան, որ Թուրքիան կը փորձի իր զինծառայողներին տեղակայել Ադրբեջանում՝ ԲԹԷի երկայնքով։
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.– Ինչպէ՞ս էք գնահատում ՀԱՊԿ յայտարարութիւնը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաւասարութեան նշան դնելը։
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Բնականաբար, բացասական եմ գնահատում, սակայն անցեալի փորձը ցոյց է տուել, որ պէտք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ ՀԱՊԿից, պէտք չէ աւելորդ պատրանքներ տածել նրա նկատմամբ։ Տաւուշեան լարուածութիւնը հերթական անգամ ապացուցեց դա։ Կարծում եմ՝ իսկապէս զարմանալի կը լինէր, եթէ ՀԱՊԿն արձագանգէր պատշաճ եւ ոչ թէ «աւանդական» ձեւով։ Ակնյայտ է, որ ՀԱՊԿի կանոնադրութեան հաւաքական պաշտպանութեան մասին 4րդ յօդուածը չի գործում, եւ իր անատամ պահուածքով ՀԱՊԿը հէնց ինքն է վարկաբեկում իրեն։ Ամէն դէպքում ՀԱՊԿին բարդ օրեր կը սպասեն, եթէ Տաւուշեան ճակատը վերոնշեալ պատճառներով թէժ մնայ այսուհետ։