Ստորև ներկայացնում ենք պատմաբան Ռոնալդ Գրիգոր Սյունիի Գերմանական Die Zeit շաբաթաթերթում հրատարակված հոդվածի հայերեն թարգմանությունը.
Պատմությունը խուսափողական է, բայց անխուսափելի: Հերքված ու խեղաթյուրված լինելով, այնուամենայնիվ, այն լուծում է իր վրեժը: Փաստերը պետք է ի վերջո առերեսվեն, հետևանքները՝ ընդունվեն: Երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համոզել չաջակցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության պնդումներին, Մերկելը խորհուրդ տվեց նրան «հաշտվել» սեփական երկրի պատմության հետ:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին (1915 թվականի ապրիլի 24), երբ երիտթուրքական կառավարությունը ձերբակալեց և աքսորեց Ստամբուլի վեց հարյուր հայ առաջադեմ մտավորականների ու քաղաքական գործիչների, որոնց մեծ մասը սպանվեց հենց թուրքական կառավարության գործակալների կողմից, Էրդողանը աննախադեպ ուղերձ հղեց այդ ճակատագրական տարվա իրադարձությունների մասին՝ ցավակցություն հայտնելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի, ինչպես նաև մահմեդականների կրած ծանր կորուստների համար: Եվրոպան, ԱՄՆ-ը և Թուրքիայի հայերը ողջունեցին հաշտեցմանն ուղղված նրա քայլը, սակայն պաշտոնական Երևանը և սփյուռքահայերից շատերը մերժեցին նրա քայլը, որով նա 1915-ի իրադարձությունները չէր ճանաչում որպես ցեղասպանություն և նույն նժարի վրա էր դնում հայերի ու մահմեդականների կրած տառապանքները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մնացել է մեկ տարի, և թուրքական կառավարությունն արել է փոքրիկ, սակայն նշանակալից քայլ: Շատ պատմաբաններ, որոնք վաղուց ճանաչել են 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն, ափսոսում են, որ այդ քայլն ավելի համարձակ ու անկեղծ չէր: Օսմանյան միլիոնավոր հպատակներ մահացան Համաշխարհային պատերազմի ընթացքում, սակայն նրանց փորձը արմատապես տարբեր էր: Թուրք, քուրդ և մահմեդական այլ տղամարդիկ ու կանայք զոհվել են կամ որպես զինվոր, կամ կայսրությունում պատերազմի հետևանքով առաջացած հսկայական անկազմակերպվածության և տեղաշարժերի հետևանքով:
Շատերը մահացան հիվանդություններից ու սովից, ինչը անմիջական հետևանքն էր նրանց հարևան հայերի ու ասորիների բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների՝ արհեստավարժ հողագործներ, արհեստագործներ, առևտրականներ, որոնց աշխատանքն ու ժառանգությունը ոչնչացան նրանց բռնի տեղահանման ու Սիրիայի անապատներ աքսորելու հետևանքով: Քրիստոնյա հայերն ու ասորիները երիտթուրքական կառավարության կողմից միտումնավոր կերպով թիրախի էին վերածվել որպես ներքին թշնամիներ, և ազգային ու կրոնական պատկանելության հիման վրա տեղահանվել իրենց բնակավայրերից: Նրանց գույքը բռնագրավվեց, և հարյուր հազարավորները, ըստ որոշ գնահատականների՝ ավելի քան մեկ միլիոնը, մահացան զինված օսմանցիների ձեռքով:
Ըստ որոշ սահմանումների՝ երբ որևէ երկրի կառավարությունը էթնիկ, կրոնական կամ մշակութային կոնկրետ խմբի վերացման է դատապարտում և միտումնավոր կերպով պատճառ հանդիսանում նրա ֆիզիկական ու մշակութային ոչնչացմանը, այդ գործողությունները որակավորվում են որպես ցեղասպանություն:
Այս փաստն է, որ ներկայիս թուրքական, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսրայելի ու այլ երկրների կառավարությունները հրաժարվում են ճանաչել:
Թուրքական հանրությունն առաջ է անցել սեփական կառավարությունից: Պատմաբաններ, սոցիոլոգներ, հնէաբաններ և այլ գիտնականներ արդեն հասկացել են 1915-ի Ցեղասպանությունը, իսկ թուրք լրագրողները, համալսարանների ուսանողներն ու դասախոսները բացահայտել են Օսմանյան կայսրության ավարտն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադրումն ուղեկցող սարսափելի իրադարձությունները: Թուրքիայի քուրդ քաղաքացիները, որոնք ներկայացնում են միլիոնավոր այլախոհ ձայներ, վաղուց են ճանաչել Ցեղասպանությունը, որին մասնակցել են իրենց ապուպապերը: Առաջադեմ թուրք մտավորականությունը կազմակերպել է համաժողովներ, հրատարակել գրքեր, գրել հոդվածներ և հայտնվել հանրության առաջ՝ բացելու թուրքական անցյալի մութ էջերը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը, պատմությանն առերեսվելը ոչ միայն ազնիվ ու ինտելեկտուալ քայլ է, այլև ունի խոշոր քաղաքական նշանակություն: Այն ոչ միայն կարող է սկսել լուծել Հայաստանի ու Թուրքիայի միջև առկա հակասություններն ու թշնամանքը, այլև առերեսվելով անցյալին և ընդունելով, որ ոճրագործություն է կատարվել, կառավարությունը կարող է աջակցել թուրքական քաղաքացիական հասարակության այն շերտին, որը երկրի ամենալուսավոր և ժողովրդավար ուժն է:
Վարչապետ Էրդողանը մեջբերեց թուրքական մի ասացվածք, որը հայերի կողմից ևս օգտագործվում է՝ կրակը ընկած տեղն է այրում: Ամեն ազգություն իր ցավն է զգում և դժվարությամբ է հասկանում ուրիշների ցավը: Սակայն երկու ժողովուրդների հաշտեցումը՝ հայերի ու թուրքերի, որոնց բախտ է վիճակվել ընդմիշտ կողք կողքի ապրել, պահանջում է ոչ միայն համատեղ պատմության և միմյանց տառապանքների ճանաչում, այլև սթափ հայացք, թե ինչպես է վարվել օսմանյան կառավարությունն իր քրիստոնյա հպատակների հետ:
1915 թվականի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի Հանրապետության ժխտողականության դարը պետք է մոտենա ավարտին: Թուրքիան կարող է օրինակ վերցնել այն երկրներից, որոնք կատարել են սեփական պատմության մեջ առկա թաքնված չարիքն ընդունելու ցավոտ քայլը: Իհարկե, ինչպես Էրդողանն ասաց՝ «Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է», սակայն նա բաց թողեց մի բան՝ ո՞րն էր այդ ցավի սկզբնաղբյուրը: Ո՞վ է կրակը վառել և ուղղել ամենախոցելի մասին․ այս փաստի ընդունումը կդառնա առողջացման քայլերից մեկը: