Մի քանի օր հետո նշելու ենք Սարդարապատի հերոսամարտի և Հանրապետության տոնը։ Որևէ տոն չի կարող համեմատվել պետականության կերտման, հաստատման տոնի հետ։
Առաջին հանրապետության ծնունդը 1918-ի այս օրերին ինքնին անհավատալի մի բան էր։ Հայոց ցեղասպանությունից հետո շատ կարճ ժամանակ էր անցել։ Այդ հանրապետությունը, հետևաբար՝ Խորհրդային Հայաստանը, հետևաբար՝ ա՛յս Հայաստանը, մենք կարող էինք նաև չունենալ։
Դժնդակ այն օրերին թուրքական բանակները շարժվում էին դեպի Մայր Աթոռ։ Արամ Մանուկյանի, Դրոյի գլխավորությամբ հայ ժողովուրդը կանգնեցրեց թուրքական հորձանքը՝ կերտելով Սարդարապատ ու Բաշ Ապարան։
Մի քանի օր անց՝ 1918-ի հունիսի սկզբին, հայ քաղաքական գործիչները և առաջին հերթին ՀՅԴ-ն, Բաթումում Հաշտության և բարեկամության պայմանագիր կնքեցին Օսմանյան կայսերական կառավարության հետ։ Առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, հենց Օսմանյան կայսրությունն էր։
Այսպիսով, ՀՅԴ-ն հաշտության կնքեց թուրքերի հետ՝ առաջ բերելով հայ քաղաքական այլ կուսակցությունների և զորավար Անդրանիկի զայրույթը։ Շատերը ՀՅԴ-ի քայլը համարեցին դավաճանական։
Բարեբախտաբար, ՀՅԴ-ի շարքերում կային Հովհաննես Քաջազնունու, Արամ Մանուկյանի նման խոհեմ և պատմության ու պետականության առաջ պատասխանատվություն կրող մարդիկ, ովքեր հանուն Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեղմելով ատամները, ձեռք մեկնեցին թուրք ջարդարարներին։
Ամիսներ անց հայկական պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյան, Ալեքսանդր Խատիսյան և Միքայել Պապաջանյան, ուղևորվեց Պոլիս և հանդիպումներ ունեցավ հայ ժողովրդի թիվ մեկ և երկու ջարդարարներ Թալեաթի ու Էնվերի հետ։ Նրանք հանդիպեցին նաև սուլթանի հետ և շնորհակալություն հայտնեցին, որ թուրքերը չխոչընդոտեցին Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը։
Հայ քաղաքական շատ կուսակցություններ ու լրատվամիջոցներ Պոլիս մեկնած հայերին պիտակեցին դավաճաններ։
Արամ Մանուկյանը Խալիլ Կուտ փաշայի միջոցով հաց բերեց սովահար հայ ժողովրդին, Երևանի կայարանում անձամբ գրկախառնվեց թուրք ջարդարարի հետ։
1991-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին փորձերը կատարեց Թուրքիայի հետ լեզու գտնելու, այս անգամ ՀՅԴ-ն Երրորդ Հանրապետության առաջին նախագահին պիտակեց թրքամետ ու դավաճան։
Երբ Տեր-Պետրոսյանը մեկնեց Անկարա՝ մասնակցելու Թուրգութ Օզալի թաղմանը, սփյուռքյան լրատվամիջոցները կրակ էին թափում Լևոնի վրա։
Շատերը բողոքում էին, թե ինչու է Հայաստանը (որ գրեթե բոլոր կողմերից շրջափակված էր) 1992-1993-ի խավար ձմռանը հաց ներկրում Թուրքիայի տարածքով։ Ի դեպ, այդ հացը թուրքական էր, Թուրքիայի ամբարներից էր։
Այդ հացը լուռ ու մունջ, եթե հասնում էր, ուտում էինք բոլորս, այդ թվում Լևոնին թրքամետ համարողները։
Երբ Սերժ Սարգսյանը փորձ արեց (անհաջող) լեզու գտնել թուրքերի հետ, այս անգամ ևս մենք նրա քայլերը, մեղմ ասած, չգովաբանեցինք, իսկ ՀՅԴ-ն գործող նախագահին հիշեցնում էր՝ «Մի՛ դավաճանիր»։
Քանի դեռ «թուրք» բառը սղոցում է հայի ուղեղը և տակնուվրա անում նրա հոգին, մենք չենք կարողանալու սառը դատողությամբ հարաբերվել մեր արևմտյան հարևանի հետ։
Ես գիտակցում եմ, որ անգամ «հարևան» բառի գործածումը կարող է առիթ տալ տողերիս հեղինակին մեղադրելու թրքամետ կամ դավաճան լինելու մեջ, բայց ո՞ր պատով տանք մեր գլուխները, երբ Թուրքիան մեր հարևանն է։ Այո՛, գուցե սա հնչում է որպես անեծք, բայց այդպես է՝ ուզենք, թե չուզենք։
Քանի դեռ «թուրք» բառը սղոցում է հայի ուղեղը և տակնուվրա անում նրա հոգին, մենք ստիպված ենք լինելու ցնծալ ու հոգեկան բավարարություն ստանալ Հայաստանից հազարավոր մղոններ հեռու գտնվող երկրների նախագահների ու քաղաքական-հասարակական գործիչների՝ Թուրքիայի հասցեին արվող կոշտ հայտարարություններով։
Սա էլ է ընտրություն։
Ի՞նչ կարող ենք անել՝ Թուրքիան չի բացում սահմանը, չի ուզում դիվանագիտական հարաբերություններ հաստատել, աջակցում է մեր մյուս հարևան Ադրբեջանին։