Թարգմանեց՝
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ
Ֆաթիհ Աքինի՝ Հայոց Ցեղասպանութեան մասին «Հատումը» ֆիլմում նկարահանուած թուրք դերասաններն իրենց տպաւորութիւններն են պատմել ֆիլմի մասին «Ակօս»ին:
Սերրայ Եըլմազ, դերասանուհի
«Ֆիլմն անդրադառնում է այն իրադարձութիւններին, որոնք մեր պատմութիւնը ցանկանում է աչքաթող անել, միաժամանակ, ներկայացնում է մի երկար ուղի: Նման գործ անելու համարձակութիւն ունենալը շատ դժուար է: Առաջին հերթին՝ պատմական վայրերի տեսարաններ ստեղծելու համար մեծ գումարներ են պահանջւում: Պէտք է ասեմ, որպէս աշխատակազմ, շատ համարձակ են եղել: Միշտ դժուար է աղէտներ ներկայացնելը: Մէկ ֆիլմում չէք կարող տասը պատմութիւն ներկայացնել: Աղէտի մի մասը մի պատմութեամբ կը ներկայացնէք: Այս ֆիլմում տեսնում էք պատմական ճշմարտութիւնը, որին ականատես է եղել մարդը՝ իր պատմութիւնով: Գուցէ աղէտը ներկայացնելու միակ միջոցը այն ցոյց տալը չէ: Իմ միակ քննադատութիւնն այն է, որ ֆիլմը կարող էր աւելի կարճ լինել, քանի որ այդ դէպքում անգամ չէր իմաստազրկուի: Կարծում եմ, որ այդ ֆիլմը դեր կ՛ունենայ ցաւերի վրայ հիմնուած պատմութիւնները լսելի դարձնելու գործում»:
Ռըզա Քոջաօղլու, դերասան
«Ֆիլմում ցաւերը ներկայացուել են մարդկային տեսանկիւնից, ամէն ինչին շատ զգայուն եւ նրբանկատ մօտեցում է ցուցաբերուել: Դրա իրականացման ընթացքում աչքաթող չեն եղել պատմական ճշմարտութիւնները: Միւս կողմից՝ ոչ մի ազգի չի ասւում՝ «դուք մեզ այսպէս էք արել, դուք այսպիսին էք»: Ֆիլմում պատմութիւնը ձգւում է մինչեւ Ամերիկա եւ նոյնիսկ անդրադարձ է արւում սպիտակ մարդկանց հնդկացիների հանդէպ վերաբերմունքին: Նրանց խնդիրը որպէս համամարդկային խնդիր ներկայացնելը ֆիլմը նոյնպէս դարձնում է համամարդկային խնդիր: Ֆիլմում ներկայացւում է իր զաւակներին կորցրած հօր պատմութիւնը, մի ընտանիքի ձուլումը: Աշխարհում շատ ազգեր նմանատիպ ցաւեր են ապրել: Քրդերը դեռ ապրում են: Քոբանիում եզդիները ապրում են: Այս ֆիլմը, դժբախտաբար, ներկայացնում է մինչ օրս շարունակուող իրականութիւնը: Նրանք, ովքեր դէմ են այս ֆիլմին, թող նախ դիտեն այն, յետոյ միայն գաղափարի, պատմութեան կամ արուեստի տեսանկիւնից քննադատել ցանկանալու դէպքում, խօսեն դրա մասին: Պէտք է սովորենք միմեանց լսել: Երբ դա արուի կինոյի, թատրոնի կամ գրականութեան միջոցով, դա աւելի հնարաւոր կը լինի: Որպէս արուեստագէտ՝ պատմութիւնները սերնդէ սերունդ փոխանցելը մեր գործի մի մասն է: Մենք պատմութիւններ փոխանցողներ ենք»:
Նեժաթ Իշլեր, դերասան
«Ֆիլմում մեր տեսած պատմական ճշմարտութիւնը տեղի է ունենում միլիոնից մէկ: Մեր շրջապատում այդ մասին միշտ խօսում են, բայց՝ ոչ հրապարակաւ: Այդ մասին կամաց-կամաց բարձրաձայնելը գուցէ աւելի լաւ է: Ֆիլմը նայելիս մտածեցի՝ իւրաքանչիւր ազգի պահարաններում կան դիակներ: Լաւ, իսկ մենք ինչո՞ւ դրա հետ չենք առերեսւում: Առերեսումը բոլորիս համար լաւ է լինելու: Աշխարհում ամէն լաւ բան ծնւում է գրականութեան, կինոյի եւ թատրոնի միջոցով: Էլ չեմ խօսում համարձակութեան մասին: Մեր գործի բնոյթը, հիմքը հէնց համարձակ լինելն է: Բայց Ֆաթիհ Աքինի արածն իսկապէս շատ ազնիւ արարք է: Այն ոչ միայն անցեալի, այլեւ ներկայի ցաւերն է ներկայացնում»: