“ՅՈՅԺ ԿԱՐԵՒՈՐ ԵՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՄԸ ԲԱՆՏԻՆ ՄԷՋ ԳՐՈՒԱԾ ԵՒ ԿԷՍ ԴԱՐ ԵՏՔ ԼՈՅՍ ՏԵՍԱԾ”
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Տարիների ընթացքում ես ուսումնասիրում էի գաղութահայության տրամադրություններն ու նրանց քաղաքական հոսանքները, գիտականորեն զննում նրանց հոգեբանությունը հայ ժողովրդի աննախադեպ աղետի՝ կոտորածների շարքի լույսի ներքո:
Ինձ հատկապես մտահոգում էին մեր երիտասարդ սերնդի տրամադրությունները, սերունդ, որը ծնվել էր Հայրենիքի սահմաններից դուրս կամ մանուկ հասակից, իրերի բերումով, հայտնվել էր արտասահմանում: Գիտական հոգեբանությունը վաղուց է ապացուցել, որ աղետներ տեսած և մեծ արհավիրքների, ցնցումների ենթարկված ժողովուրդները, հատկապես փոքր ժողովուրդները, սկսում են տառապել հոգեկան ետընթացով, որն արտահայտվում է պարտվողականության տարբեր դրսևորումների ձևով: Աղետի ենթարկվածը, հոգեպես խիստ ուժասպառվելով, ամեն ինչ կորած է համարում. լքում է իր պատմական առաքելությունը, կրավորաբար և հնազանդորեն համակերպվում իր վզին փաթաթված քաղաքական ճակատագրին: Նախ և առաջ նրան պատում է թերարժեքության տանջալից զգացումը, որի պատճառով դառնում է քաղաքական հոռետես, մշակույթի տեսակետից՝ անստեղծագործ: Հոգեպես նա դառնում է անիշխան, ժխտելով ամեն մի արժեք, հեղինակություն, իշխանություն, դառնում է զզվելի անձնապաշտ, փոքրոգի ու խորթ հասարակությանը և սկսում հետապնդել սոսկ մեկ առօրեական նպատակ` իր սեփական հացն ու հանգիստը: Որպես «ուրացող» (պարտվողական)` նա լքում է իր դիրքերը ողջ ճակատով: Իր գոյության պայքարը նա արտաքին ճակատից տեղափոխում է իր ներաշխարհը, որի հետևանքով ավելի է «կոտրվում», ուժասպառվում: Այսպիսով նա մոռացության է մատնում իրեն սպառնացող արտաքին վտանգը՝ թշնամուն:
Միով բանիվ, նա անընդունակ է դառնում նոր պայքարի, ճիգի, զոհողության, դուրս ընկնում պատմության հունից և սկսում է քարշ տալ իր անստեղծ ու անիմաստ գոյությունը՝ հարուցելով իր հանդեպ ազգերի զզվանքն ու խղճահարությունը:
Հայկական պարտվողականությունը արտահայտվեց նաև հիվանդագին կրոնականությամբ: Ընդհանուր քայքայման պայմաններում հայկական գաղթօջախներում առաջացան բազմաբնույթ անհեթեթ աղանդներ. «ռուհչիներ», որոնք իրենց հոգու փրկության համար քարոզում էին հրաժարվել ազգային –հասարակական կյանքից, «անդենականներ», որոնք, հայերի երկրային հայրենիքը համարելով անիրական, հորդորում էին նվիրվել անդենական, երկնային հայրենիքին, «վերամկրտչականներ»՝ նույնքան ապազգային, հակահասարակական և հիվանդագին:
Իսկ Ստամբուլում թուրքական իշխանությունների խորհրդով կազմավորված «հայկական կոմիտեն» հայերին քարոզում էր՝ իրենց համարել «լուսավորչական թուրքեր»:
Այս պատկերը լրացնում էին հայկական կուսակցությունները, որոնք ներքին տարաձայնություններով հայության մեջ առաջ էին բերում պառակտումներ և ազգային ոգու սառեցում:
Այսպիսով գաղութահայերը, տրվելով կույր պարտվողականությանը, սկսել էին ջուր լցնել հայ ժողովրդի գոյության թշնամիների ջրաղացին, խելահեղ պոռթկումով ձգտելով սեփական պարտությունն ու դժբախտությունը դարձնել վերջնական:
Մի խոսքով, սփյուռքի մեր գաղթօջախներում ստեղծվել էր մի մթնոլորտ, որում մեկ միլիոնի հասնող գաղութահայերը, ի ուրախություն թուրքերի, փորձում էին ինքնասպան լինել:
Այդպիսին է հայ իրականության մերօրյա պատկերը գաղթօջախներում: Այնտեղ ինձ վիճակվեց ապրել խոր ողբերգություն՝ ազգային ամոթի ողբերգություն: Սակայն տասնամյակների ուսումնասիրություններն ու մտորումներն ինձ հանգեցրին մի այլ ճշմարտության ևս. պարտվողականությամբ տառապող ժողովուրդներն անբուժելի չեն, կյանքը հարափոփոխ վերածնունդ է, հնարավոր է և մեր գաղթօջախների հայության առողջացումը: Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն վերանորոգմամբ, որն էլ հնարավոր է միայն սեփական պատմության իրական արժեքները վերապրելու ճանապարհով:
Մեկնվելով այս վերլուծությունից՝ ես հայրենասեր –գաղափարապաշտի խորին մտահոգությամբ ձեռնարկեցի մեր երիտասարդ սերնդի կազմակերպման գործը՝ նրան համարելով ամենակարող վերակերտիչ գործոնը:
Քանի որ գաղութահայության ամենամեծ զանգվածն ապրում է ԱՄՆ –ում, որտեղ և մեր սերնդին ամենամեծ վտանգն է սպառնում (ի դեմս ամերիկյան միջավայրի ամենակուլ, ձուլող հատկության), ես Ցեղակրոն շարժումը սկզբնավորեցի Ամերիկայում:
Ցեղակրոն շարժումը ոչ մի ընդհանուր բան չունի և չէր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն, նախ և առաջ, բարեփոխիչ շարժում –վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառնված արժեքներով: Միայն թուրքամետ, պարտվողական ու պատմագիտության ասպարեզում տգետ հայը կարող է պարսավել Ցեղակրոն շարժումը:
Ցեղակրոն շարժումը ոչ թե կուսակցություն է, այլ Ուխտ: Նրա կազմակերպություններն այդպես էլ կոչվում են՝ Ուխտեր: Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին: Մամիկոնյանների պես՝ ցեղակրոնը դավանում է ազգին անշահախնդիր նվիրվածություն և հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն:
Իմ շարժման անհրաժեշտությունը թելադրված էր մի շարք այլ կարևորագույն դրդապատճառներով ևս:
Քեմալական իշխանության հաստատման առաջին իսկ օրերից, թուրքերը՝ բարբարոս, բայց արթուն քաղաքական բնազդով օժտված մի ազգ, փորձեցին մեզ ոչնչացնել նաև բարոյապես: Թուրքիայում կատարված հայերի ցեղասպանությունն արդարացնելու կամ, ծայրահեղ դեպքում, հասկանալի դարձնելու նպատակով, թուրքերը մի շարք եվրոպական ծախու գրչակների ու հասարակական գործիչների աջակցությամբ, հակահայկական քարոզչության արշավ սկսեցին: Հայկական սպանդին հետևեց բարոյական եղեռնը՝ հայերի վարկաբեկումը: Ամերիկյան ու եվրոպական ամբիոններից ոչ թուրքերը հաճախակի հայտարարում էին. «Իրենց անարգ բնավորության պատճառով հայերը դարձան թուրքերի նողկանքի, այլ ոչ թշնամության զոհերը»: Այսպիսով մեղադրվում և վարկաբեկվում էին միլիոնավոր զոհերը, իսկ արդարացվում՝ մարդասպաները: Հակահայկական քարոզչությունը պնդում էր, որ մեղավոր են սպանվածները և ոչ մարդասպաները՝ հայերին վերագրելով գոյություն չունեցող արատներ.
ա) քոչվորականություն, իբր հայերն իրենց հողը չեն սիրում,
բ) տնտեսական բնագավառում՝ անամոթ գիշատչի վերաբերմունք իրենց «զոհերի» նկատմամբ,
գ) բարոյականության բնածին պակաս, որի հետևանքով և հակահասարակական կեցվածք և այլն:
Ահա թե ինչպես էին թուրքերը հայերին ներկայացնում ամերիկյան և եվրոպական ժողովուրդներին:
Այդ հակահայկական քարոզչությունը իրենց ռազմական, առևտրական ու մամուլի կցորդների հետ միասին վարում էին թուրքական դեսպանություններն ու հյուպատոսությունները: Դրանում ակտիվ դեր էր խաղում և արտասահմանի թուրք ուսանողությունը: Հակահայկական քարոզչությամբ հատկապես աչքի էին ընկնում գրող Խալիդե հանըմը, Վեհիբ փաշան և ԱՄՆ –ում թուրքական դեսպան Մուխտար բեյը:
Բնականաբար, թուրքական ծավալուն քարոզչությունը որոշ երկրներում պետք է խթաներ հակահայկականությունը:
Նման իրավիճակում, երբ հայկական կուսակցություններն ու կրոնական հատվածները, փոխանակ հակազդելու թուրքական քարոզչությանը, ելել էին իրար դեմ, մեր վերաստեղծված Ցեղակրոն Ուխտերը ձեռնամուխ եղան հակաթուրքական քարոզչությանը՝ ի պաշտպանություն իրենց անարգվող Ցեղի: Նրանք հավաքեցին հայերի ու թուրքերի մասին տարբեր փիլիսոփաների, պատմաբանների, մարդաբանների, գրողների, աշխարհագրագետների արտահայտած կարծիքներ և ներկայացրեցին ամերիկյան ու կանադական ժողովուրդների դատին: (Հայամետությամբ հայտնի Կրաֆտ Բենարը հայկական հարցին նվիրված իր գրքերից մեկում ցավով նշում է, որ եվրոպայում հայերին համարում են «թալանչի ժողովուրդ»: Իսկ ջերմ հայասեր Նանսենն իր «Խաբված ժողովուրդ» գրքում 1914 թվականին ցավով հիշեցնում էր, որ հայը, չնայած իր բարձր հոգևոր առաքինություններին, մարտունակ չէ):
Կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարևորագույն հանգամանք ևս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել հայկական հարցն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ: Ցեղակրոն շարժումը կոչված էր հայությանը տեր դարձնելու Թուրքիայից ունեցած տարածքային պահանջներին: «Լոզանը – երբե՛ք» կարգախոսը զարդարում էր Ցեղակրոն Ուխտերի առաջին ծրագիր –կանոնագրքի տիտղոսաթերթը: Մեզ համար Հայկական հարցի պատմությունը չէր սպառվում թուրքերի համար բարենպաստ Լոզանի պայմանագրով: Ցեղակրոն ուխտերը, ի հակակշիռ հին սերնդի, շարունակում են մնալ Թուրքիայի պարտատերերը:
Որտեղ էլ լինի ցեղակրոնը, ինչպիսի ընկերային դիրք էլ գրավի, նա կշարունակի մնալ հպատակն ու մարտիկը Հայաստանի: Ցեղակրոն շարժման առաջացրած խանդավառությունն ու ձեռք բերած հաջողությունը աննախընթաց երևույթներ էին մեր գաղութներում: Մեկ ու կես տարվա ընթացքում այն իր դրոշի շուրջը համախմբեց մոտ 6000 երիտասարդների ու պատանիների, որոնք երդվել էին Հայաստանից դուրս ևս հայ մնալ:
Շարժումն ուներ Ուխտեր Հյուսիսային Ամերիկայում, Կալիֆորնիայում, Կանադայում, իսկ տեղերի երիտասարդության նախաձեռնությամբ Ուխտեր ստեղծվեցին նաև Խարբինում, Սիրիայում, Իրանում, Թրակիայում, Երուսաղեմում, Բուլղարիայում: Մեր համարյա բոլոր գաղութներից ինձ էին դիմում իրենց երկրներն այցելելու առաջարկով՝ համախմբելու տեղի երիտասարդությանը և հաղորդակից անելու նրան Ցեղակրոն շարժմանը:
Հենց այդ պատճառով էլ Դաշնակցությունը, որն իր տեղը կորցնելու վախից դրդված՝ հայ կյանքում երևան եկած ցանկացած նոր ուժի նկատմամբ թշնամական վերաբերմունք էր դրսևորում, հանդես եկավ ցեղակրոնության դեմ:
Երես թեքելով լաց լինելու քաղաքականությունից ու գթասրտություն քարոզելուց, ինչպես նաև պարտվողական գծից, որ կիրառում էին հին կուսակցությունները, նոր սերունդը տարերայնորեն նետվեց հարազատի գիրկը:
Ցեղակրոնությունը՝ դա կենդանի բողոք է, ցույց՝ մեր ժողովրդի քաղաքական կամքը նենգափոխած հին կուսակցությունների դեմ: <…>
<…> տրամաբանական ու հստակ է ցեղակրոնի վերաբերմունքն Անգլիայի՝ Թուրքիայի պաշտպանի նկատմամբ: Անհնար է լինել Թուրքիայի թշնամին, իսկ նրա պաշտպանի՝ բարեկամը: Ցեղակրոնները բարյացակամ են իրենց թշնամու թշնամիների նկատմամբ և թշնամություն են տածում իրենց թշնամու բարեկամների հանդեպ:
Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Անգլիան, որի հովանու ներքո ապրում են հարյուր միլիոնավոր մահմեդականներ, նախապատվությունը չի տա մի բուռ հայերին: Որպես իմպերիալիստական ժողովուրդ, անգլիացիները դաժան են, բարոյազուրկ (ինչպես հռոմեացիներն էին): Եթե նրանց շահերը պահանջեն, ապա կզոհաբերեն ոչ միայն հայ ժողովրդին, այլև տասնյակ այդպիսի ժողովուրդների:
Մենք ոչինչ չունենք՝ ո՛չ մեծ տարածք, ո՛չ մեծ քանակություն, ո՛չ տնտեսական մեծ հնարավորություններ, հանուն որոնց Անգլիան ցանկանա ճանաչել մեզ իբրև՝ թեկուզ անդրկովկասյան ժողովուրդների ընտանիքի իրավահավասար անդամ:
Արդեն երկար տարիներ Անգլիայի օրհնությամբ գործում է պանթուրքիզմը, որի ճանապարհի լայնքով տեղավորված է Հայաստանը, որը հեշտությամբ կարող է վերածվել Անկարայի ու Բաքվի միջև դիակների կամրջի: Ահա ինչով պետք է բացատրել Ցեղակրոն Ուխտերի թշնամանքը նաև Անգլիայի հանդեպ:
Այս մասին գիտեն և՛ թուրքերը, և՛ անգլիացիները, այդ պատճառով էլ վերջին տարիներին թուրքական մամուլի օրգանները մեղադրանքներ էին հնչեցնում միայն իմ հասցեին, իմ գործունեության դեմ, այլ ոչ թե Դաշնակցության:
Այն ժամանակ, երբ Դաշնակցության պատասխանատու գործիչներ Համո Օհանջանյանը, Ջամալյանը, Կարո Սասունին օգտվում էին Թուրքիայի բարեկամ երկրներ ազատ մուտք գործելու ու բնակվելու իրավունքից, 1937թ. հունական կառավարությունն ինձ մերժեց Եգիպտոս ուղևորվելու տարանցիկ վիզա տրամադրել՝ պատճառաբանելով, որ ես «Թուրքիայի անհաշտ և վտանգավոր թշնամին եմ»: Համանմանորեն, ինչպես Եգիպտոս մեկնելու դեպքում, ինձ նաև մերժեցին Պաղեստինի մուտքի վիզա հատկացնել: Իսկ Եգիպտոսի վիզան ինձ հաջողվեց ստանալ մի շարք աշխատանքներից հետո ու խոշոր կաշառքի միջոցով, ընդ որում, ինձանից ստորագրություն վերցրեցին, որ «ես Եգիպտոսում ոչ մի հրապարակային դասախոսությամբ հանդես չեմ գա ու ոչ մի ժողով չեմ հրավիրի»: