Առնօ Բաբաջանեանի Ծննդեան 100ամեակը
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Սոյն յօդուածի ենթախորագիրը պատկանում է հայ երաժշտութեան երկրորդ հանճար (Արամ Խաչատրեանից յետոյ) Առնօ Բաբաջանեանին, որի երաժշտական մտածողութիւնը, ազգային երաժշտութեան ակունքներէն եկած բնատուր տաղանդին վրայ աւելցած է երաժշտական տարբեր ժանրերում դրսեւորելու մոլեռանդ ձգտումը, որ ժառանգեց իր երկու ուսուցիչներից` Արամ Խաչատրեանից եւ ռուս յօրինող Սերգէյ Ռախմանինովից:
Այս օրերին փառահեղ պայմաններում պիտի նշուէր Բաբաջանեանի ծննդեան 100ամեակը, սակայն ժահրի պատճառով ստիպուած եղանք բաւարարուել մանր-մունր հաղորդագրութիւններով եւ Երեւանի Կարապի լճի մօտ տեղադրուած յօրինողի բրոնզաձոյլ արձանի առջեւ ծաղկեփնջեր դնելով:
Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ երաժշտի գերեզմանի վրայ չանել այդ արարողութիւնը: Հարցրէք իւրաքանչիւր երեւանցի երաժշտասէրի, թէ ո՞րտեղ է թաղուած հանճարեղ կոմպոզիտորը: Վստահ եմ, հիմնականում պատասխանը կը լինի` «Էլ ո՞ւր, Կոմիտասի այգում, Երեւանի պանթէոնում»:
Այո՜, այդպէս պիտի լիներ, սակայն, ցաւօք, այդպէս չէ:
Հինգ տարի առաջ Դիմատետրի բազմաթիւ նիւթերի մէջ առաջինը, որ գրաւեց ուշադրութիւնս` հետեւեալն էր.
Ինձ բոլորովին անծանօթ մի հեղինակ` Քոչար Ոսկանեան անունով (հաւանաբար յօրինուած անուն-մականուն), ռուսերէնով երկարաշունչ մի յօդուած էր գրել տաղանդաւոր դաշնակահար եւ համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանի մասին` կապուած նշանաւոր հայորդու ծննդեան 95ամեակի հետ:
Յօդուածի բովանդակութիւնից դժուար չէր ենթադրել, որ հեղինակը Առնօ Բաբաջանեանի ընտանիքին մօտ կանգնած անձնաւորութիւններից մէկն է, որովհետեւ նա երգահանի ծննդեան թուականի հետ կապուած մի այնպիսի յայտարարութիւն է անում, որը չկայ եւ կամ ես չեմ հանդիպել որեւէ այլ աշխատութեան մէջ:
Քոչար Ոսկանեանը գրում է, որ Առնօ Բաբաջանեանը ծնուել է 1921 թուականի ոչ թէ Յունուարի 22ին, այլ 21ին, այսինքն Լենինի մահուան օրը: Անհամ համեմատութիւնից զերծ պահելու համար, խելացի որոշումով, անսալով պատկան մարմնի թելադրանքին, ծնողները համաձայնուել են մէկ օր առաջ տանել երեխայի ծննդեան թուականը:
Յօդուածի հեղինակը բաւական ցայտուն սարկազմով (կծու, սպանիչ ծաղր) հարուածի տակ էր դրել Հայաստանի մշակոյթի նախարարութեանը, որ արժանիօրէն չի նշել Բաբաջանեանի ծննդեան 95ամեակը, այլ բաւարարուել է մի խումբ անյայտ մարդկանց հետ ծաղկեփունջ դնելով Երեւանի ամենահին, Թոխմախ անունով յայտնի գերեզմանատանը հանգչող Բաբաջանեանի գերեզմանի վրայ: Յօդուածագիրը միանգամայն իրաւացիօրէն, սրտի ցաւով է նկարագրում Առնօ Բաբաջանեանի մահուան եւ թաղման մանրամասները: Պարզւում է, որ ինքը` Բաբաջանեանն է կտակ թողել, որպէսզի իրեն հողին յանձնեն Հայաստանում, հակառակ պարագային, եթէ այդ կտակը չլիներ, անկասկած նրան կը թաղէին Մոսկուայում:
Եւ տարօրինակն այն է, որ այդ օրերի (1983) Հայաստանի իշխանաւորները, ի մասնաւորի իշխող կուսակցութեան առաջին քարտուղարը, որ անուն էր հանել որպէս ազնիւ, մաքուր, դասական երաժշտութեան գիտակ, վախենալով մոսկովեան իշխանութիւններից (միանգամայն անտեղի) չհամարձակուեց Առնօ Բաբաջանեանին արժանիօրէն հողին յանձնել Կոմիտասի անուան այգու Պանթեոնում` հայ մշակոյթի եւ գրականութեան մեծերի հարեւանութեամբ:
Արդիւնքում` Բաբաջանեանի դին հողին յանձնուեց Թոխմախգէօլի գերեզմանատանը, հայ բեմի անզուգական վարպետ Աւետ Աւետիսեանի եւ…, եւ, որքան էլ արտառոց հնչի, Անկախ Հայաստանի առաջին տարիներին անփառունակ վախճանով կեանքին հրաժեշտ տուած Հայաստանի գլխաւոր դատախազ Հենրիկ Խաչատրեանի հարեւանութեամբ:
Նայելով Դիմատետրի մէջ տարիներով անխնամ թողնուած ծուռմռտիկ, դժգոյն, անշուք երեք տապանաքարերի լուսանկարները, սարսափի զգացումով է խառնւում ներաշխարհդ: Վստահաբար, գրող-լուսանկարիչը նպատակ է ունեցել հասարակութեան ուշադրութիւնը բեւեռել արտառոց «Եղբայրական» գերեզմանի վրայ, միեւնոյն ժամանակ առաջարկելով, միանգամայն իրաւացի, երկու խոշորագոյն արուեստագէտների շիրիմները տեղափոխել Երեւանի Քաղաքային Պանթէոն:
Այսօր ուղղակի հրամայական է ստիպել Հայաստանի պատկան մարմիններին, ի մասնաւորի չորս տառանի յապաւումի նախարարութեան մէջ «տեղաւորուող» մշակոյթի բաժնին, որպէսզի նրա աշխատանքի շնորհիւ, մեր հանճար Առնօ Բաբաջանեանի շիրիմը իր տեղը գտնի նրա սերնդակից յօրինողներ Ալեքսանդր Յարութիւնեանի, Էդուարդ Միրզոեանի եւ Կոնստանտին Օրբելեանի շիրիմների հարեւանութեամբ: Ուստի, խնդրում եմ միանալ իմ կոչին ու հրատարակել այս յօդուածը թէ՜ հայաստանեան մամուլում եւ թէ Սփիւռքի ողջ տարածքին: Հայաստանի կոմպոզիտորների միութիւնը առաջինն է, որ պիտի միանայ այս անդուլ պայքարին:
Այժմ, թարմացման համար, մի կողմ թողնենք Առնօ Բաբաջանեանի մեծածաւալ դասական գործերի մասին խօսելը ու անցնենք նրա փայլուն, փոքրածաւալ գործիքային գործերին, հայ ու օտար (ի մասնաւորի ռուս) երաժշտասէրների ամենասիրած բաբաջանեական երգերին, դաշնամուրային մանրանուագներին ու ֆիմլերի երաժշտութեանը:
Սկզբից ասենք, որ Առնօ Բաբաջանեանի բոլոր երգերը ներծծուած են հայկական
ժողովրդական երաժշտութեան հնչերանգներով, մի երեւոյթ, որ գալիս է նրա ուսուցիչ
Խաչատրեանից: Եթէ Խաչատրեանը ժողովրդական, աշուղական երաժշտութիւնը օգագործում էր գործիքային երաժշտութեան մէջ, Բաբաջանեանը երգեր յօրինելիս էր
օգտւում ժողովրդական երաժշտութիւնից: 30 տարեկան հասակում ստեղծելով «Հերոսական բալլադ» կոթողային ստեղծագործութիւնը, կոմպոզիտորը նոյն ժամանակ յօրինեց «Հայկական ռապսոդիա» դաշնամուրային փայլուն, շէնշող մի գործ, որի մէջ յարութիւն առաւ հին երեւանցիների ամենասիրած «Այ բաղմանչի, բաղմանչի…» (այգեպան) երգի քնքուշ մեղեդին, որին յաջորդում է փոթորկոտ, հայկական ժողովրդական պարին համապատասխան խառն ռիթմով պարը:
Բաբաջանեանի յաջորդ դաշնամուրային գործերն են «Էլեգիա»ն ու «Նոկտիւրն»ը: Առաջինում հնարամտօրէն, երկակի մեղեդային ընթացքով փառաւոր տեսք է ստացել Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը, որը, ինչպէս ասում են` լսես` հա լսելդ կը գայ…: Յիշեցնեմ, որ «Էլեգիա»ն նուիրուել է Արամ Խաչատըրեանի յիշատակին: «Նոկտիւրն»ը կոթողային գործ կարելի է համարել: Այն չափազանց տարածուած է նաեւ երգի տեսքով: Այս առնչութեամբ հետաքրքիր է հետեւեալ փաստը:
Բաբաջանեանի կեանքի մայրամուտին, մեծանուն երգիչ Իոսիֆ Կոբզոնը խնդրում է յօրինողին երգի վերածել «Նոկտիւրն»ի սքանչելի մեղեդին` իր երգացանկում ընդգրկելու համար, սակայն Բաբաջանեանը մերժում է եւ ասում. «Իմ մահից յետոյ, խնդրեմ, ինչ որ ուզէք` կարող էք անել»: Կոմպոզիտորի մահից յետոյ «Նոկտիւրն»ը վերածւում երգի եւ դառնում Կոբզոնի երգացանկի ամենատարածուած երգերից մէկը: Այնուհետեւ այն կատարում են այլ երգիչներ, նոյնիսկ զուգերգի տեսքով:
Անցեալ դարի 70ականներից սկսած Բաբաջանեանի համար շարժուն ասպարէզ դարձաւ էստրադային երաժշտութիւնը, եւ նրա այդ ժանրի երգերը դարձան պահանջ` ողջ սովետական երկրում: Բոլոր երգիչների համար օրուայ հացի պէս անհրաժեշտութիւ դարձաւ նրա երգերը կատարելը:
Բաբաջանյանը համաշխարհային հռչակի արժանացաւ հիմնականում իր էստրադային, տարածուն երգերով: Այդ ժանրի առումով նրան կարելի է համարել նախկին խորհրդային ողջ տարածքի եւ եւրոպական նախկին դեմոկրատական երկրների երաժշտասէրների ամենասիրուած երգահանը, աւելին` այդ ժանրի ԱՍՏՈՒԱԾԸ:
Բաբաջանեանը մեծապէս նպաստել է հայկական էստրադային երգի զարգացմանն ու առաջընթացին: Նրա մահից գրեթէ 40 տարի անց, այսօր էլ բազմաթիւ հայ եւ օտար (հիմնականում ռուս) հանրայայտ աստղեր են կատարում Բաբաջանեանի հրապուրիչ, շոյիչ, երբեմն էլ առնական, պարային ռիթմերով հարուստ երգերը:
Բաբաջանեանը Հայաստանի եւ Ռուսաստանի ամենասիրուած ու հեղինակաւոր երգաստեղծն է:
Յիշենք նրա «Երեւան», «Առաջին սիրոյ երգը» եւ «Երեւանի սիրուն աղջիկ» երգերը: Ըստ որում մինչեւ օրս էլ շատերին թւում է թէ վերջինը ժողովրդական երգ է: Նոյնն է պարագան «Հարսնացուն Հիւսիսից» ֆիլմի աւարտին հնչող ռուսական ժողովրդական երգի վերաբերեալ: Սրտմաշ, հոգեթով, գողտրիկ, փայլուն կատարմամբ ռուսական Ժողովրդականացած այդ երգը Բաբաջանեանի գլուխ-գործոցներից մէկն է:
Յիշենք նաեւ Բաբաջանեանի ամենատարածուն երգերից մի քանիսը. «Գեղեցկութեան թագուհի», «Ժպտայ,», «Մի շտապիր», «Շնորհակալ եմ քեզ», «Եղիր ինձ հետ», «Կանչիր ինձ», «Հարսանիք» եւ այլն:
Առնօ Բաբաջանեանը երաժշտութիւն է գրել բազմաթիւ հայկական ֆիլմերի համար, որոնցից երկուսը` «Հարսնացուն Հիւսիսից» եւ «Երջանկութեան մեխանիկա» ժապաւէնների երաժշտութիւնը Բաբաջանեանը յօրինել է իր կեանքի վերջալոյսին` տուրք տալով մտերիմ բարեկամ, տաղանդաւոր բեմադրիչ Ներսէս Յովհաննիսեանի խնդրանքին: Այս երկու ֆիլմերն էլ մեծ ժողովրդականութիւն են վայելու հայ աշխարհում եւ յաճախ են ցուցադրւում հայկական եւ ռուսական հեռուստատեսութեամբ:
Առնօ Բաբաջանեանի միակ երգչախմբային գործը «Ազգ փառապանծ» խմբերգն է, որը վեր է ածուել մի տեսակ հիմներգի: Այս խմբերգի առաջին մասում կենդանութիւն է առել սրտմաշուկ Գիքորին կենդանացնող «Տիգրանիկս չուխայ չունի, հանդ է գնում ոտաբաց» հոգեթով երգի մեղեդին:
Հիմնականում բնակուելով Մոսկուայում, կոմպոզիտորը մտքով, հոգով, ամբողջ էութեամբ շնչում էր Հայաստանով, ապրում նրա առօրեայով: Որպէս մարդ հաղորդական էր, անմիջական, ընկեր էր բոլորի հետ: Բնութիւնից ունենալով խոշոր քիթ, երբեք քիթը բարձր չէր պահում ոչ մէկի առջեւ:
Լաւ է ասել Առնօ Բաբաջանեանը. «Երաժշտութիւնը պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի»:
Այս յօդուածն աւարտելու պահին յայտնի դարձաւ, որ Ռուսաստանի իշխանութիւնները որոշել են Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100ամեակի կապակցութեամբ, 2021 թուականը դարձնել Բաբաջանեական Տարի: Առաջին ձեռնարկը տեղի է ունեցել Յունուարի 22ին, որի ծրագրում հնչել են կոմպոզիտորի բացառապէս նուագախմբային գործերը: Ամբողջ տարուայ ընթացքին Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում լաւագոյնս կ՛արժեւորուի մեր հայրենակից, ՄԵԾ ՀԱՅ Առնօ Բաբաջանեայի հիասքանչ երաժշտութիւնը: