Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան
ԾԽ-ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնը հրապարակել է իմ ուսումնասիրությունը Լիբանանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների կուլիսային պայքարի և ներքին բանակցությունների մասին:
Իմ գործընկերներ Aharon Shekerdemian-ի, Սագօ Արեանի, և Լիբանանի, Իսրայելի ու Իրանի այլ գործընկերների տեղեկատվական աջակցությամբ գրված այս հոդվածում բացում եմ փակագծերը, թե ինչու են Լիբանանում փորձում փոխել իշխանությունը, ինչով է խանգարում Հզբոլլահ կազմակերպությունը վարչապետ Սաադ Հարիրիին և ինչ կուլիսային կապեր ունի Հարիրին իր պաշտոնական հակառակորդների հետ:
2019թ. հոկտեմբերի 17-ից Լիբանանում անսպասելի բռնկված սոցիալական բողոքի ցույցերը մի քանի օր անց վերածվեցին կառավարության հրաժարականի պահանջի, իսկ արդեն նոյեմբերի կեսին հստակ երևացին միջազգային դերակատարներն ու տարածաշրջանային լարվածության նոր օջախի հիմքերը: Լիբանանի ներքին խնդիրների վերաբերյալ հայտարարություններ և իշխանության հասցեին խիստ կոչեր են հնչեցնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ, մինչդեռ այն, ինչ առաջին հայացքից անակնկալ սկսվեց ու օրերի ընթացքում թափ հավաքեց Մերձավոր Արևելքի մինչ այժմ կայուն այդ երկրում, նախևառաջ պայմանավորված է Լիբանանի հարևանների կոնկրետ ծրագրերով:
Լիբանանն ընդամենը վերջին տասնամյակում է հասցրել ուշքի գալ մոտ 15 տարի տևած (1975-1990) քաղաքացիական պատերազմից, որին զոհ գնաց 144.000 մարդ [1]: 2005թ.-ին Բեյրութի կենտրոնում Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո երկիրը կրկին հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի մեջ, ինչից 2006-ին օգտվեց Իսրայելը և հարձակվեց՝ «Հզբոլլահ» կուսակցության դեմ հակաահաբեկչական պայքար ծավալելու պատճառաբանությամբ [2]:
«Հզբոլլահ»-ի գործոնը
«Հզբոլլահ»-ը Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորում է [3], որը 1970-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ազդեցիկ ուժ դարձավ Լիբանանում և հետագա տարիներին Իսրայելի դեմ մարտնչող հիմնական ռազմական կառույցն էր: Մտնելով Լիբանանի քաղաքական դաշտ՝ «Հզբոլլահ»-ը շարունակեց հակաիսրայելական գործունեությունը՝ ստանալով ռազմական և ֆինանսական աջակցություն Իրանից [4]:
3 4 օր տևած պատերազմում մարդկային ու ռազմական զգալի կորուստի և միջազգային ճնշման հետևանքով՝ 2006-ին Իսրայելը ստիպված դուրս եկավ Լիբանանից: Հետագայում Հրեական պետությունը, սակայն, «Հզբոլլահ»-ից ազատվելու համար ԱՄՆ աջակցությամբ շարունակեց Լիբանանին ճնշելու քաղաքականությունը, սակայն իրանական աջակցությամբ այդ կառույցի դերը Լիբանանի քաղաքական կյանքում շարունակում էր մեծանալ: 2009թ. խորհրդարանական ընտրությունում «Հզբոլլահ»-ը 128 տեղից ստացավ 12-ը, իսկ 2018-ին մանդատների թիվն ավելացրեց ևս մեկով [5]:
«Հզբոլլահ»-ի պատմական ու երդվյալ հակառակորդ է համարվում լիբանանյան քաղաքական դաշտի մեկ այլ խաղացող՝ «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացված է 8 մանդատով: Այս կուսակցության հիմնադիր ղեկավարն է Լիբանանում «բժիշկ» մականունով հայտնի Սամիր Ժահժահը, ում անունը կապվում է 1978թ. Լիբանանի նախագահ Սուլեյման Ֆրանժեի որդու, հարսի և թոռնուհու դաժան սպանության, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ բիզնես կապեր ունենալու հետ [6]:
Փողոցային պայքարի պատճառներն ու առիթը
«Հզբոլլահ»-ը և «Լիբանանյան ուժեր»-ը խորհրդարանում անզիջում պայքար են մղում, և հանրության շրջանում տնտեսական ու սոցիալական քաղաքականության փոխադարձ հակաքարոզչություն իրականացնում: Վերջին տարիներին Լիբանանում սոցիալական խնդիրներն ավելի ակնառու են դարձել, ինչը չի ժխտում անգամ իշխանությունը՝ միաժամանակ չկարողանալով գտնելով լուծման ուղիները:
1 0.452 կմ2 տարածք ունեցող մերձավորարևելյան այդ փոքր երկրում ապրում է 6,859,408 մարդ (2018) [7], աղքատության մակարդակը 19% է, արտաքին պարտքը գերազանցում է 86 մլրդ ԱՄՆ դոլարը, որը երկրի ՀՆԱ-ի 150%-ից ավելի է: Համաշխարհային բանկը ճգնաժամային է գնահատել Լիբանանի տնտեսական դրությունը [8]` կառավարությանը կոչ անելով ցնցումներից խուսափելու համար կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, սակայն ինչպես ժողովուրդն է ասում, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
Լիբանանի կառավարությունը 2019թ. հոկտեմբերի սկզբին սոցիալական ներքին լարվածության պայմաններում հայտարարեց միջազգային պահուստային ֆոնդերից ևս 11 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ վերցնելու մտադրության և մի շարք հարկեր բարձրացնելու մասին. հարկ սահմանվեց ինտերնետային WhatsApp հավելվածից օգտվելու համար [9]:
Սա այն կայծն էր, որը դարձավ մեծ հրդեհի պատճառը. 2019թ. հոկտեմբերի 17-ին հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ դժգոհելով տարիներ շարունակ կուտակված սոցիալական դժվարություններից, կոռուպցիայից ու կառավարության անգործությունից: Բողոքի ցույցերի արդեն երկրորդ օրը հնչեցին պահանջներ՝ պաշտոնից հեռացնել կոռուպցիոն պատմությունների մեջ ներքաշված մարդկանց, իրականացնել տնտեսական արդյունավետ քաղաքականություն և արագորեն բարելավել լիբանանցիների սոցիալական վիճակը [10]:
Նույնիսկ Լիբանանի կառավարությունը չի ժխտում, որ երկրում կա սոցիալական մեծ լարվածություն. Transparency international միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով՝ 2018-ին 180 երկրների շարքում Լիբանանը կոռուպցիայի բարձր մակարդակով զբաղեցրել է 138-րդ տեղը, բնակիչներին էլեկտրաէներգիա և ջուր անբավարար է մատակարարվում, մարդկանց եկամուտն ու ծախսերը խիստ անհավասար են, ինչի հետևանքով վարկային բեռը Լիբանանի քաղաքացիների համար տարեցտարի ծանրանում է:
վելի ամբողջական պատկերացում կազմելու համար բերենք մի քանի փաստ.
Նվազագույն աշխատավարձը Լիբանանում 400-466 ԱՄՆ դոլար է, միջին աշխատավարձը 1000 ԱՄՆ դոլար է, սակայն կոմունալ, կենցաղային ծախսերն այնքան շատ են, որ անգամ միջինից բարձր աշխատավարձ ստացողի համար է դժվար դիմակայել:
Այսպես, հացը Լիբանանում արժե 0.85-1 դոլար (405-477 ՀՀ դրամ), ձուն՝ 0.23$ (110 դրամ), խմելու ջրի 1 լիտրը՝ 0.60$ (286 դրամ), կաթի 1 լիտրը՝ 2.08$ (990 դրամ), 1 կգ տավարի միսը՝ 12.15$ (5800 դրամ):
Բեյրութում ավտոբուսի տոմսն արժե 1.34$ (640 դրամ), տաքսիի 1կմ-ն՝ 1.40$ (670 դրամ), բենզինի 1 լիտրը՝ 0.84$ (400 դրամ):
Լիբանանի տարածքում բջջային հեռախոսով 1 րոպե խոսակցության արժեքը տատանվում է 0.34$-ի սահմաններում (163 դրամ), մալուխային ինտերնետի ամսավճարը միջինում 51$ է (24.000 դրամ):
Հագուստը ևս թանկ հաճույք է Լիբանանում՝ ջինսե տաբատը Բեյրութի խանութներում վաճառվում է միջինում 97$-ով (46.000 ՀՀ դրամ), կաշվե դասական կոշիկը՝ 90-137$-ով (43.000-65.000 դրամ) [11]:
Ստացվում է՝ 2 երեխա ունեցող՝ 4 անդամից բաղկացած լիբանանյան ընտանիքի միջին մակարդակի պահանջների բավարարման համար ամսական ծախսվում է 3500$, այն դեպքում, երբ ընտանիքի մեկ անդամի միջին հնարավոր եկամուտը 1000-1500$ է: 1500$-ից ավելի աշխատավարձ ստանում է լիբանանցիների խիստ փոքր մասը, հետևաբար ծախսերն ու եկամուտները ոչ միայն չեն համապատասխանում, այլև մարդկանց ստիպում են կարիքների բավարարման համար նոր վարկեր վերցնել:
Ահա այդպիսի սոցիալական լարվածության պայմաններում կառավարության նախաձեռնած հարկային կոշտ քաղաքականությունը փողոց հանեց իրենց կենսամակարդակից դժգոհ լիբանանցիներին: Սոցիալական բողոքը, սակայն, հաշված օրերում վերածվեց քաղաքական պայքարի: Արդեն հոկտեմբերի 20-ին՝ ցույցերի 3-րդ օրը, մոտ կես միլիոն մարդ Լիբանանի ամբողջ տարածքում փողոց էր դուրս եկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Վարչապետ Սաադ Հարիրին, որի նկատմամբ հանրային դժգոհությունը գագաթնակետին էր հասել, կարողացավ դիմադրել 13 օր: Հոկտեմբերի 29-ին նա հայտարարեց հրաժարականի մասին, ինչը ոգևորության ալիք բարձրացրեց հանրության շրջանում: Աղքատության բարձր մակարդակ ունեցող Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է 4.1 մլրդ դոլար, որը համաշխարհային սանդղակում 522-րդն է [12]:
Սաադ Հարիրիի բարեկամները՝ նրա դեմ պայքարողների առաջնորդներ
Ու շադրության է արժանի ևս մեկ իրողություն. սոցիալական բողոքը քաղաքական պահանջների վերածած կուսակցությունների կազմում հիմնականում այն ուժերն են, որոնք վարչապետ Հարիրիի հետ դաշինքով հայտնվել են խորհրդարանում և այժմ էլ նրա հետ գործընկերային կապեր ունեն: Այդպիսի առանցքային դեր է ստանձնել «Լիբանանյան ուժեր» կուսակցությունը, որի առաջնորդ Սամիր Ժահժահը մի կողմից խորհրդարանում «Մարտի 14-ի կոալիցիա»-ի կազմում աշխատում էր վարչապետ Հարիրիի հետ, մյուս կողմից՝ փողոցում ցուցարարների առաջ կառավարությանը հեռացնելու և երկրի կառավարման արմատական փոփոխություններ անելու կոչեր անում: Ժահժահը լիբանանյան ոչ ստանդարտ կառավարություն ձևավորելու ջատագովներից է, որի դեպքում, փաստորեն, առ ոչինչ են ճանաչվում 2018-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, և կառավարությունը կազմվում է ոչ թե խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, այլ բացառապես արհեստավարժ մասնագետներից, որոնք պետք է մշակեն և իրականացնեն տնտեսական արդյունավետ քաղաքականություն [13]:
Վարչապետ Հարիրիի կառավարության դեմ պայքարող նրա խորհրդարանական գործընկերների գլխավոր թիրախը «Հզբոլահ»-ն է, որին ցանկանում են դուրս մղել երկրի կառավարման համակարգից: «Լիբանանյան ուժեր»-ը սկզբունքորեն դեմ է, որպեսզի նոր կառավարության մեջ լինեն քրիստոնյաներ, նույն կարծիքին է նաև հրաժարական տված վարչապետ Հարիրին, մինչդեռ «Հզբոլլահ»-ը պնդում է հակառակը: Հենց «Հզբոլլահ»-ի դեմ էլ փողոցային պայքարում հանրությանը տրամադրում է Սամիր Ժահժահի գլխավորած «Լիբանանյան ուժեր»-ը, որին գումարվում են «Հզբալլահ»-ի հետ համագործակցող ուժերի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները (Միացյալ Նահանգները «Հզբոլլահ»-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն) [14]:
Ի պատասխան՝ «Հզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը հոկտեմբերի 25-ին դիմեց Լիբանանի հանրությանը՝ նշելով, որ անհնազանդության գործողությունները երկիրը կտանեն քաոսի և քաղաքացիական պատերազմի: Նասրալլահը նաև բաց տեքստով շեշտեց, որ Լիբանանի անկայունության համար մեղավոր են արտաքին ուժերը, հատկապես՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան [15]:
«Հզբոլլահ»-ից ազատվելու փորձերը
Մ իջազգային լրատվամիջոցներն ու փորձագիտական կենտրոնները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են վերոնշյալ երեք պետությունների կողմից Լիբանանի նկատմամբ ոտնձգությունների փորձերին: Քանի որ Լիբանանը ավանդաբար իրանական ազդեցության գոտում է՝ շնորհիվ «Հզբոլլահ»-ի ուժի և հեղինակության, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան տարբեր միջոցներով պարբերաբար փորձում են դուրս մղել «Հզբոլլահ»-ը Լիբանանի կառավարման համակարգից՝ վերացնելով Իրանի ազդեցությունը Լիբանանում, իմա՝ ամբողջ տարածաշրջանում և հատկապես՝ Իսրայելի սահմանի մոտ:
2017-ին «Հզբոլլահ»-ից ազատվելու քայլ արվեց նաև վարչապետ Սաադ Հարիրիի միջոցով: Ըստ ամերիկյան The New York Times-ի բացահայտումների՝ Սաուդյան Արաբիայում ստվերային բիզնես գործունեություն ծավալող Հարիրին [16] 2017թ. նոյեմբերի 4-ին անակնկալ այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ Սալման Իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդի հետ մի քանի ժամ տևած հանդիպումից հետո սաուդական հեռուստատեսությանը հարցազրույց տվել և հայտարարել, որ հրաժարական է տալիս, քանի որ իրանական կողմից իր կյանքին վտանգ է սպառնում, որը կարող է իրականացնել «Հզբոլլահ»-ը [17]: Ավելի ուշ պարզվեց, որ Հարիրին չի կարող լքել Սաուդյան Արաբիայի տարածքը, քանի որ ենթարկվել է տնային կալանքի, և Լիբանանի նախագահ Միշել Աունի կոչով միջազգային հանրության ճնշումների ներքո Սաուդյան Արաբիան բաց թողեց Հարիրիին, որն էլ հայտարարեց, թե փոշմանել է հրաժարականի առումով և կուլիսային բանակցություններով հաշտություն կնքեց «Հզբոլլահ»-ի և Իրանի հետ:
Սաադ Հարիրիի անունը, սակայն, այլ գործողություններով ևս կապված է Սաուդյան Արաբիայի հետ: Մասնավորապես, 2012թ. դեկտեմբերի 12-ին Սիրիայի կառավարությունը Սաադ Հարիրիի և 2 պաշտոնյայի ձերբակալման միջազգային հրամանագիր տվեց, ովքեր ներքաշված են եղել Սաուդյան Արաբիայից սիրիացի ապստամբներին ու ահաբեկիչներին զենք մատակարարելու գործընթացի մեջ [18]:
Լիբանանում կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի հետ սերտաճած լինելու համար մեղադրվող Հարիրին, սակայն, այժմ այնքան չի քննադատվում, որքան հակաիսրայելական տրամադրություններով հայտնի և «Հզբոլլահ»-ին պաշտպանող նախագահ Միշել Աունը: Վարչապետի հրաժարականից հետո «Լիբանանյան ուժեր» կուսակցության մանիպուլյացիոն քարոզչական հնարքներով հանրության համար թիրախը փոխվեց՝ Սաադ Հարիրիից անցնելով նախագահ Միշել Աունին: Այժմ հենց նա է մեղադրվում կոռուպցիայի, տնտեսական անհաջողությունների և արտաքին սխալ քաղաքականության համար [19]: Դրան գումարվում է նաև ԱԳ նախարար Ջիբրան Բասիլի հետ նախագահի ընտանեկան կապը: Լիբանանի նախագահը մեղադրվում է իր փեսային պետական բարձր պաշտոնի տեղավորելու և այդկերպ արտաքին քաղաքականությունն իր վերահսկողության տակ պահելու համար [20]:
Այսպիսով, արագ տեմպերով հանրության աչքում հեղինակազրկվում են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք չեն համագործակցում ԱՄՆ-ի, Իսրայելի կամ Սաուդյան Արաբիայի հետ: Այդպիսի ուժերի թվում են նաև հայկական ավանդական կուսակցությունները, որոնք հիմնականում խորհրդարանում ներկայացված են նախագահ Միշել Աունի՝ «Մարտի 8-ի կոալիցիայում», որը հայտնի է քրիստոնյաների նկատմամբ հավասար պայմաններ ապահովելու դիրքորոշմամբ [21]:
Լիբանանի հայերին սպառնացող վտանգը
Լ իբանանահայ բնակչության թիվը ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, հասնում է 250.000-ի (Լիբանանի ընդհանուր բնակչության 6.5%-ը): Այլ աղբյուրներ խոսում են ընդամենը 40-50 հազարանոց համայնքի մասին: Անկախ ամենից, Լիբանանի հայերը զգալի դեր ունեն, օգտվում են անկախ համայնքային կյանք վարելու, կրոնական, մշակութային, կրթական հաստատություններ ունենալու իրավունքից, նաև ակտիվ ներգրավված են երկրի կառավարման համակարգում: Լիբանանի խորհրդարանում կա 6 հայ պատգամավոր orbeli.am, զբոսաշրջության և սոցիալական հարցերի նախարարությունների ղեկավարները նույնպես հայ են [22]: Լիբանանում է նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից մեկը՝ Կիլիկիո կաթողիկոսությունը Անթիլիասում:
Ինչպես 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին, 2019թ. հոկտեմբերի 17-ից սկսված ներքին բախումների ժամանակ ևս լիբանանահայերը հնարավորինս չեզոք դիրքորոշում են որդեգրել, թեպետ լիովին դուրս մնալ գործընթացներից հնարավոր չէ: Նախ՝ հայկական համայնքի պատգամավորներից 3-ը ներկայացված են նախագահ Միշել Աունի «Մարտի 8-ի կոալիցիա»-ում, ինչը նշանակում է, որ փողոց դուրս եկած ընդդիմադիրների համար ՀՅԴ-ն ներկայացնող այս պատգամավորներն ու նրանց ընտրազանգվածը ևս թիրախ են: Մյուս կողմից, փողոցային պայքարի մեջ ներքաշված են բազմաթիվ շարքային լիբանանահայեր, որոնք բողոքի ակցիաների ժամանակ առաջնորդի դեր են ստանձնում. ակնառու կերպարներից է Բեյրութի կենտրոնական փողոցներն արգելափակած ցուցարարներին առաջնորդող Ջոել Պետրակյանը: Նա նախագահ Աունի և կառավարության ակտիվ ընդդիմախոսներից է և կոչ է անում ամբոխին չբանակցել և պահանջել իշխանության հեռացումը [23]: Ընդդիմադիր ճամբարի հիմնական առաջնորդ, քրիստոնյաների երդվյալ հակառակորդ Սամիր Ժահժահը պնդում է, որ նոր կառավարությունում քրիստոնեական համայնքներին պետք է զրկել արտոնություններից [13]՝ տողերի արանքում առաջ մղելով սուննի մահմեդականների լիազորությունների մեծացումը: Այդ գործընթացում «Լիբանանյան ուժեր»-ի թիկունքում փողոց դուրս եկած միլիոնի հասնող զանգվածն է և Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությունը:
Ամբոխը գրգռելու մանիպուլյացիաները
Ն ախահեղափոխական Լիբանանում փողոցային պայքարն ավելի սրելու համար նոյեմբերի 12-ից գործի դրվեցին ամբոխին գրգռելու այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպես ցուցարարների համատարած սպանությունների մասին լուրերի տարածումն է և խանութների թալանը: Նոյեմբերի 12-ին անհասկանալի պայմաններում, առանց բախումների տարածքով անցնող մեքենայի վարորդը Բեյրութում կնոջ ու երեխաների աչքի առաջ գնդակահարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալաա Աբու Ֆախըրին[24]: Զոհված ընդդիմադիրը միանգամից կնքվեց որպես «հայրենիքի նահատակ», սկսվեցին համատարած մոմավառություններ ամբողջ Լիբանանում, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, մայրաքաղաքի ու խոշոր բնակավայրերի ցուցարարները քարկոծեցին ոստիկանության ծառայողներին ու պետական հաստատությունները, փակեցին մայրուղիներ ու թունելներ, որոշ հատվածներում անգամ աղյուսից պատեր կառուցեցին՝ դիրքավորվելով փողոցային մարտերի բարիկադներում [25]:
Նույն օրը ԶԼՄ-ները տարածեցին Լիբանանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ լիբանանահայերի արագ տարհանում կազմակերպելու մասին, սակայն ժամեր անց ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ իրավիճակը վերահսկելի է [26]:
Բողոքի ակցիաների մասնակիցներին ոգևորեցին Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունների սատարող հայտարարությունները: Մասնավորապես, նոյեմբերի 17-ին Լիբանանում ԱՄՆ դեսպանությունը պաշտոնական հայտարարություն տարածեց. «Մենք աջակցում ենք Լիբանանի քաղաքացիներին՝ նրանց ցույցերի և ազգային միասնականության արտահայտման համար» [27]:
Լիբանանի շուրջ աշխարհաքաղաքական շահերն ավելի ակնառու դարձան այդ հայտարարությունից հետո: ԱՄՆ պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերը բացահայտ ասաց, որ պետք է աջակցել Իրաքի և Լիբանանի ժողովուրդներին` ձերբազատվելու համար Իրանի ազդեցությունից [28]: Իրանական ազդեցության դեմ պայքարի ակտիվ մասնակից է համարվում Լիբանանի ֆինանսների նախկին նախարար, 75-ամյա գործարար Մուհամեդ Սաֆադին, ում էլ վարչապետի պաշտոնում առաջարկել է հրաժարական տված Սաադ Հարիրին: Սաֆադիի անունը, ի դեպ, սերտորեն կապված է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ [29]: Նրա թեկնածությունը հաստատվելու դեպքում կարող է կասկածից վեր լինել, որ սաուդյան ֆինանսական ներարկումների միջոցով նախ փորձ կարվի բավարարել լիբանանյան հանրության սոցիալական պահանջները, ապա նույն այդ հանրությանը տրամադրել «Հզբոլլահ»-ի, հետևաբար՝ Իրանի դեմ:
BBC-ի արաբական ծառայությունն արդեն ակտիվորեն հոդվածներ ու ծաղրանկարներ է հրապարակում Իրանի և «Հզբոլլահ»-ի թեմաներով՝ Լիբանանի բնակչությանը մատուցելով մեկ նշանաբան՝ «Իրաքից Լիբանան մեկ հեղափոխություն է և այն չի մեռնի» [30]:
Թեև Լիբանանի նախագահը և քաղաքական մի քանի ուժեր առաջարկել են ընդառաջ գնալ ցուցարարների և նրանց առաջնորդների պահանջներին և կառավարություն կազմել ոչ թե խորհրդարան մտած կուսակցությունների ներկայացուցիչներից, այլ բացառապես տեխնոկրատներից [31], սակայն փողոցը գրաված ընդդիմությունը մերժեց նաև այդ առաջարկը՝ պահանջելով դաշտից հեռացնել իրանամետ «Հզբոլլահ»-ին և դրանից հետո միայն կազմել նոր կառավարություն: Նոյեմբերի 18-ից հետո լարվածությունը հասել է այն աստիճանի, որ բանակն արգելափակել է մայրաքաղաք Բեյրութը, և փողոց դուրս գալիս մարդիկ մեծ մասամբ հատուկ անցագրեր են ստանում, երթևեկությունը, բանկային համակարգը, կոմունալ սպասարկման ծառայությունները կաթվածահար են:
Այսպիսով, ամփոփելով փաստերը, կարող ենք եզրակացնել, որ Լիբանանը, ամենայն հավանականությամբ, կլինի 2011-ից մեկնարկած «Արաբական գարնան» հերթական պետությունը, որտեղ իշխանության արմատական փոփոխությամբ տեղի է ունենում ոչ միայն կառավարման համակարգի, այլև երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն:
Դեռևս 2005-ից Սաուդյան Արաբիայի հետ ֆինանսական սերտ կապեր հաստատած նախկին վարչապետ Սաադ Հարիրին կարողացավ ճիշտ ժամանակին հրաժարական տալ՝ խուսափելով տնտեսական խնդիրների պատասխանատվությունից և հանրության զայրույթն ուղղորդել իր քաղաքական հակառակորդների՝ իրանամետ և ռուսամետ նախագահի թիմի դեմ: Եթե սոցիալական խնդիրներից քաղաքականի վերածված բողոքի ցույցերի արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնի այս պահին ամենահավանական թեկնածու Մուհամեդ Սաֆադին, ապա Լիբանանի իշխանության բարձրագույն օղակներն ամբողջությամբ կանցնեն Սաուդյան Արաբիայի ազդեցության և հսկողության տակ, ինչի հետևանքով զգալիորեն կթուլանան Իրանի դիրքերը, հատկապես, եթե նոր կառավարությունը՝ Սաուդյան Արաբիայի դրդմամբ քրեական մեղադրանքներ առաջադրի «Հզբոլլահ»-ի նկատմամբ: Այդպիսի սցենարը կարող է իրատեսական լինել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի քարոզչական արշավը Լիբանանի ներքին անկայունությունը շարունակական դարձնելու և իրանամետ ուժերի դեմ հանրությանը տրամադրելու ուղղությամբ՝ այդ նպատակի համար օգտագործելով Սաուդյան Արաբիայի փողերը:
Ռուսաստանի շահերը ևս առանցքային են տարածաշրջանում: Ռուսական ռազմածովային ուժերը ազատ տեղաշարժվում են Միջերկրական ծովում և ցանկացած ժամանակ կայանում Լիբանանի ափերին՝ վերահսկողություն հաստատելով ամբողջ տարածաշրջանի նկատմամբ: Լիբանանում ունեցած իր մեծ ազդեցությամբ ու դիրքով Իրանն էլ մշտական ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ «Հզբոլլահ»-ի ձեռամբ պարբերաբար սպառնալով Իսրայելի անվտանգությանը:
Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում Ռուսաստանն ու Իրանը մեծ հավանականությամբ կզրկվեն իրենց ազդեցության լծակներից: Այդպիսի պարագայում վտանգ կարող է սպառնալ նաև լիբանանահայությանը, քանի որ խորհրդարանում հայ պատգամավորները հիմնականում ընդգրկված են «Հզբոլլահ»-ի հետ նույն խմբակցությունում:
[1] https://en.wikipedia.org/wiki/Lebanese_Civil_War
[2] https://en.wikipedia.org/wiki/2006_Lebanon_War
[3] https://en.wikipedia.org/wiki/Hezbollah
[4] https://en.wikipedia.org/wiki/Hezbollah_(Iran)
[5] https://en.wikipedia.org/wiki/2018
[6] https://en.wikipedia.org/wiki/Samir_Geagea
[7] https://en.wikipedia.org/wiki/Lebanon
[8] https://www.worldbank.org/en/country
[9] https://www.24news.am/news/61637
[10] https://golosislama.com/news.php?id=37395
[11] https://traveltables.com/country/lebanon
[12]https://ru.wikipedia.org/wiki/%D0%
[13] http://www.aztagdaily.com/archives/465139
[14] https://news.am/arm/news/530881.html
[15] https://rossaprimavera.ru/news/9366a1f7
[16] https://www.nytimes.com/2017/12
[17] https://en.wikipedia.org/wiki/Saad_Hariri
[18]https://www.vedomosti.ru/politics
[19] https://eadaily.com/ru/news/2019
[20] http://www.ng.ru/world/2019-10-24/
[21] https://en.wikipedia.org/wiki/March_8_Alliance
[22] https://armenpress.am/arm/news/935210.html
[23] https://eadaily.com/ru/news/2019
[24] https://svpressa.ru/accidents/news/248817/
[25] http://www.aztagdaily.com/archives/465630
[26]https://www.facebook.com/armembleb
[27] https://regnum.ru/news/polit/2780507.html
[28] https://www.lragir.am/2019/11/12/493169/
[29] https://en.wikipedia.org/wiki/Mohammad_Safadi