«Կառավարութիւնը Պէտք Է Յետ Կանչի Հարկային Օրէնսգրքի Փոփոխութիւնների Նախագիծն Ու Մասնագիտական Քննարկումներ Սկսի»
Վարեց՝ ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ
Հարկային օրէնսգրքի փոփոխութիւնների նախագծի շուրջ «Իրատեսը» զրուցել է տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:
ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ.- Հարկային օրէնսգրքի նախագիծը խորհրդարանում ընդունուեց առաջին ընթերցմամբ: Ինչպէ՞ս էք գնահատում քննարկումների ընթացքը:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Հարկային օրէնսգրքի փոփոխութիւնների նախագծի մշակման եւ ներկայացման գործընթացը համակարգուած չէր, նոյնիսկ ձեւական բնոյթ էր կրում. անընդհատ փոփոխւում էր նախագիծը, ինչի հետեւանքով անգամ ամբողջովին հակասական մօտեցումներ ներառուեցին փաթեթի մէջ, իսկ Ազգային ժողովի հանրային լսումներն ուղղակիօրէն ձեւական բնոյթ էին կրում ու անարդիւնաւէտ էին: Կիսադատարկ դահլիճում անցկացուած լսումներին չկարողացան մասնակցել ու ելոյթ ունենալ բազմաթիւ քաղաքացիներ, տնտեսագէտներ, բիզնեսի ներկայացուցիչներ: Յատկանշական է, որ համահարթեցման հարկային քաղաքականութեանը դէմ են Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցութիւններն ու արտախորհրդարանական հիմնական քաղաքական ուժերը, ինչը գործող իշխանութիւններին մտորելու տեղիք պէտք է տայ:
ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ.- Հարկային օրէնսգրքում փոփոխութիւններ իրականացնելու նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինեանը որակել էր «շրջադարձային փոփոխութիւնների նախագիծ»: Իրօ՞ք շրջադարձային է:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Այս հարկային օրէնսգրքով յեղափոխական շրջադարձ չենք կարող ունենալ, քանի որ վերջինս ուղղուած է սպառման հարկմանը, ինչի հետեւանքով զգալի վնաս կը կրեն հասարակութեան խոցելի խմբերը: Երկարաժամկէտ եւ ներառական աճի ապահովման համար մեր կառավարութիւնը նախ պէտք է արդիւնաւէտ եւ արդար բաշխի ներկայումս ստեղծուող ազգային արդիւնքը: Այս փոփոխութիւնները չեն քննարկուել հանրութեան հետ, բայց այժմ, ժողովրդի անտեղեակութիւնից օգտուելով, փորձ է արւում ընդունելու հարկային օրէնսգրքի փոփոխութիւններն այնպէս, ինչպէս նախորդ իշխանութիւնն ընդունեց պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրէնքը:
ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ.- Յայտնի է, որ մի շարք տնտեսագէտներ, այդ թւում նաեւ դուք, համահարթեցման սկզբունքի մասով համակարծիք չէք նոր կառավարիչների հետ:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Այո, մենք կողմ ենք պրոգրեսիւ (յառաջդիմական-Խմբ.) հարկային համակարգին, դէմ՝ համահարթեցմանը, քանի որ այն խաթարում է սոցիալական արդարութիւնն ու հասարակական համերաշխութիւնը: Պրոգրեսիւի հիմքում որոշակի տնտեսական, սոցիալական սկզբունքներ ու մօտեցումներ են ընկած: Առաջին սկզբունքն այն է, որ շատ ունեցողը պէտք է շատ վճարի: «Շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը պէտք է գործի: Պետութիւնը հարուստ մարդկանց գոյքի պաշտպանութեան ու սպասարկման համար աւելի մեծ գումարներ է ծախսում, քան փոքր կամ քիչ գոյք ունեցողների համար, հետեւաբար նրանք եւս պատրաստ են շատ վճարելու: Բացի այդ, շատ ունեցողը պատրաստ է շատ վճարելու, եթէ իմանայ՝ այդ գումարները կ՛ուղղուեն հանրային բարիքների ստեղծմանը, օրինակ՝ անվճար կրթութեանը, առողջապահութեանը, առողջ շրջակայ միջավայր ունենալուն: Իսկ մեր պետութիւնը նման քաղաքական մոդել (նախագիծ-Խմբ.) չի առաջարկում: Այս դէպքում, միանշանակ, հարկային քաղաքականութեան ու կառավարութեան մշակած ծրագրի միջեւ խզում կայ: Մասնաւորապէս՝ կառավարութիւնը յայտարարում է, որ ձգտում է ներառական աճ ունենալ, իսկ դա ենթադրում է, որ արդիւնքը պէտք է բաշխուի լայն խմբերի կամ լայն շերտերի միջեւ: Համահարթեցման մոդելը դա չի ապահովում, այլ հակառակ երեւոյթին է յանգեցնում. ամէն մէկն իր եկամուտը հնարաւորինս պէտք է պաշտպանի: Այս դէպքում գործում է բոլորի համար նոյն հարկային դրոյքաչափը: Հետաքրքիր երեւոյթի հետ գործ ունենք, երբ կառավարութիւնը դեռեւս յստակ չի նախանշել տնտեսական զարգացման իր մոդելը, սակայն որոշել է առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնել: Դա նոյնն է, երբ չես որոշել՝ ինչ մակնիշի աւտոմեքենայ ձեռք բերել, բայց անիւ արդէն գնել ես: Տրամաբանական ու փիլիսոփայական սխալ մօտեցում է, բայց այս կառավարութիւնը շարունակում է այդ մօտեցմամբ առաջնորդուել:
Սխալ է նաեւ այն մօտեցումը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պնդում է՝ ի՞նչ պարտադիր է, որ աղքատները ծխեն կամ ոգելից ըմպելիքներ օգտագործեն: Աղքատ խաւը նոյնպէս կարող է օգտուել նման ծառայութիւններից ու ապրանքներից, եւ պետութիւնը չպէտք է հարկային բեռն անհամաչափ ձեւով դնի նաեւ նրանց վրայ: Ճիշդ դիտարկում չէ, որ եթէ դրանք ոչ առաջին անհրաժեշտութեան ապրանքներ են, թող հասարակութեան բոլոր խմբերը վճարեն: Ոչ, նոյնիսկ այն դէպքում, երբ այդ ապրանքներն առաջին անհրաժեշտութեան չեն, յարաբերականօրէն պէտք է վճարել:
Ողջունելի է, երբ կառավարութիւնն ասում է, թէ մտադիր է պրոգրեսիւ գոյքահարկի քաղաքականութիւն վարել, բայց մինչ այս պահը նման մոդել չկայ սեղանի վրայ: Եթէ ցանկանում ենք որեւէ հարկային քաղաքականութիւն իրականացնել, պէտք է համակարգուած ձեւով իրականացնենք՝ հաշուի առնելով մի շարք գործօններ:
ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ.- Համահարթեցումից բացի անհանգստացնող է՞լ ինչ դրոյթներ կան:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Այս փոփոխութիւնների հիմնաւորման մէջ նշուած է, որ դրանք ուղղուած են ներդրումային միջավայրի բարելաւմանը, սակայն կառավարութիւնը, ինքն իրեն հակասելով, չեղարկում է օրէնքի այն դրոյթը, որ ձեռնարկատէրերին երաշխիք է տալիս՝ պետութիւնը մէկ տարուայ ընթացքում նոր հարկատեսակ չի սահմանի, հարկադրոյքաչափերն էլ չեն բարձրանայ: Անհասկանալի է նաեւ իշխանութիւնների այն մօտեցումը, որ համահարթ քաղաքականութիւնը ներդրուելու է մի քանի տարով, որպէսզի գործատուները, աշխատողները, ցածր եկամտային հարկի պայմաններում, յայտարարագրեն իրենց իրական եկամուտները՝ յետագայում նորից անցնելով պրոգրեսիւ հարկման: Սակայն ոչ մի հարկատու չի յայտարարագրի իր իրական եկամուտները, իմանալով, որ յետագայում աւելի շատ հարկ պէտք է վճարի: Նման իրավիճակ էր 2014ին՝ շրջանառութեան հարկի դրոյքաչափը 1 տոկոսով նուազեցնելիս: Օրէնքի հեղինակներն այն ժամանակ կարծում էին, որ ՓՄՁ սուբյեկտները ցածր հարկի պայմաններում աւելի շատ ՀԴՄ կտրոններ կը տրամադրեն, ստուերից դուրս կը գան, սակայն դա տեղի չունեցաւ, քանի որ կառավարութեան ներկայացուցիչները յայտարարում էին, որ յետագայում բարձրացնելու են դրոյքաչափերը: Եւ ի՞նչ ստացուեց՝ կառավարութիւնը գրանցեց, որ պետական բիւջէ հարկերը նուազ քանակով են մուտքագրուել, ստուերային տնտեսութեան մակարդակն էլ նոյնն է մնացել:
ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ.- Կառավարութիւնը ցանկանում է նուազեցնել շատ աշխատավարձ ստացողների հարկերը, ինչի հետեւանքով պետական բիւջէում մօտ 27 մլրդի պակասուրդ է լինելու: Ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Ցանկանում է բարձրացնել որոշ հարկեր, որ այդ պակասուրդը փակուի: Վերջին 6-7 ամիսների ընթացքում կառավարութիւնը, առանձին խմբերի ճնշման տակ, հրաժարուեց տարբեր լրացուցիչ հարկային մուտքերից: Իրաւաբանների ու փաստաբանների ճնշման տակ, օրինակ, հրաժարուեց վերոնշեալ ոլորտի մարդկանց աւելացուած արժէքի հարկով հարկումից, կամ՝ գազաւորուած ըմպելիքներ արտադրողների ճնշման տակ հրաժարուեց ակցիզային հարկի չափեր ներդնելուց: Այժմ ասում են, թէ հաշուարկներ են արել եւ, մի տեղ նուազեցնելով, մի տեղ բարձրացնելով, կարող են որոշակի հաւասարակշռութեան բերել դաշտում, բայց վերջին 7 ամիսներին կտրուկ փոփոխութիւններ են եղել, որոնք որեւէ ձեւով չեն արտացոլուել Հարկային օրէնսգրքի փոփոխութիւնների ներկայացուած նախագծում: Ըստ էութեան, սկզբնական հաշուարկները պէտք է զրոյացնել ու նոր հաշուարկներ սկսել: Այս պայմաններում կառավարութիւնը պէտք է հետ կանչի ներկայացուած նախագիծն ու քաղաքական տարբեր ուժերի, հասարակական միաւորումների հետ սկսի մասնագիտական քննարկումներ: Հանրային լսումների ընթացքում համակարգուած մօտեցումներ ձեռք կը բերուեն, քանի որ այն հարկային քաղաքականութիւնը, որ հնարաւոր է ներդնել, սերունդների հարց է լուծելու: Վստահ կարող եմ ասել, որ յաջորդ իշխանութիւնը միանշանակ փոխելու է համահարթեցուած հարկային քաղաքականութիւնը: Այդպէս է եղել նաեւ Սլովակիայում, Չեխիայում եւ այլն, երբ նոր քաղաքական ուժը, տեսնելով, որ համահարթեցման քաղաքականութեան կիրառման պատճառով պետական բիւջէի մուտքային մասը կրճատուել է, պետական պարտքն՝ աւելացել, հրաժարուել է դրանից:
ՍԵՒԱԿ ՎԱՐԴՈՒՄԵԱՆ.- Նոր կառավարիչներն ասում են, թէ հարկային բարեփոխումներով պայքարելու են ստուերի դէմ: Որքանո՞վ է դա իրատեսական:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Դա իրատեսական չէ, քանի որ մենք ունենք շահութահարկի 20 տոկոս դրոյքաչափ: Անկախ նրանից՝ տուեալ ընկերութիւնը որքան շահոյթ է ստանում, վճարում է միեւնոյն 20 տոկոս շահութահարկը: 20 տարուց աւելի է՝ գործում է այս համակարգը, բայց ընկերութիւնների մեծ մասը շահագրգռուած չի եղել կամ չի ներկայացրել իրական շահոյթի չափը: Հետեւաբար, այն մօտեցումը, որ համահարթեցումից յետոյ մարդիկ կը յայտարարագրեն իրենց եկամուտները, սխալ է: Աւելին ասեմ՝ մարդկանց մեծ մասի եկամուտները չեն աւելանալու, այլ գործատուներն են որոշակի խնայողութիւններ անելու, քանի որ յաճախ, երբ բանակցութիւններ են վարում գործատուների հետ, խօսում են յստակ մաքուր աշխատավարձի մասին: Մարդ եթէ ուզում է, որ իր մաքուր աշխատավարձը, օրինակ, 200 հազար դրամ լինի, նրան չի հետաքրքրելու՝ գործատուն 28, թէ 23 տոկոս կը ներառի «կեղտոտ» աշխատավարձի մէջ, քանի որ «մաքուր» աշխատավարձը մնալու է նոյնը: Այսինքն, եթէ իրավիճակից օգտուելու են, ապա հիմնականում գործատուները, ոչ թէ աշխատողները: Հետեւաբար, պէտք է բարելաւենք եւ պարզեցնենք հարկային վարչարարութիւնը, ինչը թոյլ կը տայ հարկել ստուերային տնտեսութիւնը եւ գերշահոյթները: