ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
«Հայը պիտի ապրի` հակառակ իր դահիճներուն:
Ժանիքի դէմ ժանիք, թաթի դէմ թաթ վրիժառու»
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
Կանտի ուսանողութեան տարիներին աշխուժ ելոյթներ է ունենում հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին դասախօսութիւններով: Հայրենիքից հեռու` նա աւելի ջերմ զգացումներով է կապւում իր հողին ու ժողովրդին, եւ եկող յուսահատական լուրերը նրան չէին ընկճում: «Հայը պիտի ապրի ժողովուրդներու սիրազօդ շղթային մէկ օղակը ըլլալու համար», այս հաւատով էր նա ապրում ու շարունակում իր ելոյթները:
1909-ին աւարտելով Կանտի համալսարանի քաղաքական գիտութիւնների բաժինը` նոր լիցքաւորումով վերադառնում է հայրենի իր ծննդավայրը` Սեբաստիա: Ահա թէ ի՛նչ ենք կարդում վերադարձից առաջ Կանտից Արշակ Չօպանեանին գրած իր նամակում. «Վաղը կ՛անցնիմ Վենետիկ, յետոյ Պոլիս եւ յետոյ` Բրգնիկ, Սեբաստիայի Սեւ հողերուն վրայ թողելու դրոշմը պանդխտական ոտքերուս: Դեռ չեմ կարող ըմբռնել, թէ Եւրոպան ի՛նչ հետքեր թողած է ուղեղիս եւ վարուելակերպերուս վրայ:
Առայժմ մնաք բարեաւ, սիրելի՛ պրն. Չօպանեան, հայրենական հողէն կը գրեմ դեռ: 25 յուլիս 1909թ, Կանտ»:
Սեբաստիա վերադառնալով` սկիզբ է դրւում իր ուսուցչական գործունէութեան: Նրա համար ազգային կրթութիւնն էր ամենակարեւորը, եւ մեծ եռանդով նետւում է այդ գործին: Նախ դասաւանդում է տեղի Արամեան վարժարանում:
Սեբաստիայում նա խենթի պէս սիրահարւում է տեղի մեծահարուստ Թաշճեանների դստեր` Արաքսիին, որին հայերէն եւ ֆրանսերէն էր դասաւանդում: Սէրը փոխադարձ է լինում, սակայն Արաքսիի ծնողները կտրականապէս մերժում են նրան, բայց երկար պայքարից յետոյ սէրը յաղթում է: Նրանց հարսանիքին մասնակցում է ողջ Բրգնիկը: Այդ մասին հետեւեալն ենք կարդում Թէոդիկին գրած իր նամակում. «Վերջապէս յաղթանակը տարաւ մաքուր եւ անկաշկանդ սէրը եւ հարբած Սվազը տեսակ մը հետաքրքրութեամբ հանդիսատես ըլլալէ վերջ` գիտցաւ գոնէ ծափահարել այդ ընտրութիւնս, եւ իմ ու նրա կամքի յաղթանակը: Ալ ասկէ վերջ գուցէ նոր յոյզեր ու նոր երգեր սպասես ինձմէ: Կը խոստանամ տալ, քանի որ մուսաս երկուք եղաւ:
Այս անգամ քեզի մտերմիկ քերթուած մըն է ղրկածս` աղջկանս վրայ գրուած, զօր մեզի հաճելի եղած է կոչել Վարուժնակ` հակառակ իր բուն անունին, որ Վերոնիգ է: Հայրական առաջին երգս ալ տարեցոյցիդ կը նուիրեմ»: (Թոքաթ, 15 մայիս 1912թ.)։
Որոշ ժամանակ անց հրաւիրւում է Թոքատ, Եդովկիա, ազգային Ճեմարանում դասաւանդելու, որից յետոյ Պոլիս` Բերայի Լուսաւորչեան Ճեմարանի տնօրէնի պաշտօնով, ուր փոխադրւում է ընտանիքով, եւ որը շարունակում է մինչեւ իր ձերբակալումը, այսինքն` երեք տարի:
Ճեմարանում նա մեծ փոփոխութիւն է մտցնում դասաւանդման մէջ, կրօնի դասաժամերը կրճատելով` աւելացնում է ազգային դաստիարակութեան` հայոց լեզուի, պատմութեան ժամերը: «Զանազան սպառնալիքներու տակ ինկած ազգ մըն ենք, որ պէտք ունինք մեր բոլոր տոհմային յատկութիւնները զարգացնելու», այս սկզբունքով շարունակում է իր դասաւանդումը, որի պատճառով անախորժ բախումներ է ունենում տեղի պատրիարք Թերզեանի հետ: Բայց արհամարհելով բոլոր յերիւրանքներն ու բամբասանքները` նոյն հաւատով շարունակում է իր պաշտօնավարումը:
1914թ. կարճ ժամանակով Պոլսում, Յ. Օշականի, Կոստան Զարեանի, Գեղամ Բարսեղեանի հետ հիմնում են «Մեհեան» գրական` նոր խօսքի, նոր ուղղութեան ձգտող հանդէսը, սակայն շուտով բաժանւում է խմբից եւ բանասէր, խմբագիր Յակոբ Սիրունու հետ խմբագրում «Նաւասարդ» գրական տարեգիրքը: Դժբախտաբար սա էլ առաջին հատորի հրատարակումից յետոյ սկսուած պատերազմի պատճառով կասեցւում է` երկրորդ հատորը լոյս չտեսած:
Նոյն տարի ծնւում է երկրորդ զաւակը` Արմէնը, իսկ երրորդ որդու` Հայկակի ծնունդը, այդպէս էլ չի տեսնում: Ճակատագրի չար դիպուածով որդին ծնւում է հօր սպանութեան օրը` 1915 օգոստոս 26-ին:
Արդէն մեծ ճանաչում ու սէր վայելող Վարուժանն էլ ողջ հայութեան հետ նոր ծրագրերով, յատկապէս հայրենիք այցելելու` «Կ՛ուզեմ համբուրել այն տեղերը, ուր նահատակ մը ինկած է, կամ հերոս մը ոտք դրած», իր ժողովրդին ամբողջապէս ճանաչելու մտածումներով է սկսում 1915թ. երբ յանկարծ ապրիլ 20-ով խորտակւում են ոչ միայն իր, այլ ողջ հայութեան ծրագրերն ու ապագան:
Որպէս ճանաչուած մտաւորական, ըստ Ցեղասպանութեան մշակուած ծրագրի, առաջին զոհերից է դառնում: Ձերբակալումից մի քանի օր առաջ լուրեր են տարածում, որ Վարուժանի անունը բացակայում է ոստիկանութեան ցուցակից, եւ ընկերները նրան առաջարկում են հեռանալ Պոլսից: Վարուժանը հրաժարւում է` ասելով, որ չի կարող թողնել ո՛չ հայրենիքը, ո՛չ ընտանիքը, նա պիտի մնայ իր ժողովրդի կողքին: Ապրիլ 20-ին երեք հարիւրից աւել հայ մտաւորականների հետ, գիշերով, իր տան մէջ ձերբակալւում է եւ ուղարկւում Չանղըրըի բանտ, ուր իր մտերիմ ընկերոջ եւ մեր մէկ այլ բանաստեղծ-բժիշկ Ռ. Սեւակի հետ օգոստոս 26-ին Այաշի Թիւնէյ գիւղի ձորերից մէկում գազանաբար յօշոտւում է վարձու թուրք աւազակների ձեռքով: Այդ նոյն աշնանը բնաջնջւում է նաեւ իր սիրելի ծննդավայրի` Բրգնիկի ողջ հայութիւնը:
Ամուսնու գազանային յօշոտումից յետոյ Արաքսին նրա խորհրդին հետեւելով` հեռանում է Պոլսից, երեխաների հետ տեղափոխւում է Միացեալ Նահանգներ, հաստատւում Քալիֆորնիոյ Ֆրեզնօ շրջանում եւ երեխաներին հայ մեծացնում: Ամուսնու մահից վեց տարի անց, 1921թ. Արաքսին ամուսնանում է ճարտարապետ Ժիրայր Աբիկեանի հետ, ընդունում նրա ազգանունը: 1963թ. զաւակները Նիւ Եորքից Երեւանի Չարենցի անուան Գրականութեան եւ արուեստի թանգարան են յանձնում իրենց հօր` Վարուժանի ողջ արխիւը:
Այս սեղմ կենսագրական գծերում անշուշտ ամփոփւում է իր տիտանական արուեստը:
Վարուժանի ողջ գրականութիւնը զարմանալիօրէն ամբողջովին հիմնուած է ազգայինի վրայ: Ասում եմ` զարմանալիօրէն, որովհետեւ իր հասունութեան շրջանը, մտքի, ճաշակի ձեւաւորումը հիմնականում նա ստացել էր հայրենի հողից հեռու` Վենետիկում եւ Պելճիքայում, Եւրոպայի սրտում, եւ այսօրուայ մեր մօտեցումով պէտք է, որ արհամարհէր իր երկրի ահաւոր անբարենպաստ պայմանները, եւ ինչպէս հիմա են վարւում, չվերադառնար հայրենիք, մնար ու ստեղծագործէր այնտեղ, գուցէ եւ` օտար լեզուով:
Սակայն հետաքրքիր երեւոյթ էր կատարւում ընդհանրապէս արեւմտահայ մտաւորականութեան մէջ: Համիտեան ջարդերի պատճառով ստիպողաբար, կամ բարձրագոյն ուսման համար Թուրքիայից Եւրոպա մեկնած հայ մտաւորականների մեծագոյն մասը յղկուած, նոր վարուելակերպ ու մտածողութիւն ձեռք բերած` խելայեղ կապուածութեամբ վերադառնում էր հայրենիք եւ նոր ստեղծագործական եռանդով լեցնում մթնոլորտը, մշակում, հարստացնում մայրենի լեզուն, գաւառներում ուսուցչութիւն անում, եւ անշուշտ` ստեղծագործում, նոր մտքերով ու գաղափարներով լեցնում մշակութային կեանքն ընդհանրապէս: 1899-ին «Նոր Կեանք»-ի իր խմբագրականում ազդեցիկ մտաւորական Արփիար Արփիարեանը այդ երեւոյթին հետեւեալ բնորոշումն է տուել. «Հայ ժողովուրդը առանց մտաւորական կեանքի` չի կրնար ապրիլ: Թուրքիոյ մէջ այսօր գերազանցապէս մտաւորական ժողովուրդ ենք: Իսլամները թուի առաւելութիւն ունին, մենք` մտքի»: («Նոր Կեանք», 1899, էջ 306):
Եւ իսկապէս, մտաւորականների մի հսկայ բոյլ` 26 տարեկանին Պոլսից հեռացած, մի քանի երկրներում` Աթէնք, Գահիրէ, Փարիզ, Վիեննա, Լոնտոն, Պոմպէյ ապրած Երուանդ Օտեանը, 18 տարեկանին Փարիզ, Սորպոնի համալսարան աւարտած Զապէլ Եսայեանը, Սրբուհի Տիւսաբը, 18 տարին նոր բոլորած, Եգիպտոս, Փարիզ, Ժընեւ, Լոզան, Ցիւրիխ, Միացեալ Նահանգներ ապրած Սիամանթոն, Էջմիածին, Պերլին, Փարիզ, Լոզան ապրած, աշխատած Կոմիտասը, Կոստան Զարեանը, Վարուժանից մէկ տարի փոքր, Լոզանի բժշկական համալսարանը աւարտած Ռուբէն Սեւակը, անշուշտ Վարուժանը եւ շատ ուրիշներ կրկին վերադարձել են Պոլիս, ողջ էութեամբ նուիրուել հայ մտքի, մշակոյթի, կրթութեան, արուեստի զարգացմանը, այն դէպքում, երբ հայութիւնը սկսել էր կորցնել իր դիմագիծը, արհամարհուած էր հայոց լեզուն, ցածր խաւի համար թրքախօսութիւնն էր, իսկ բարձր դասի համար ֆրանսերէնը, երբ նրանցից իւրաքանչիւրը կարող էր ստեղծագործել օտար լեզուով եւ աւելի ճանաչում ձեռք բերէր:
Չվերադարձողներն անգամ իրենց ապրած օտար երկրներում հիմնել են հայկական թերթեր, հանդէսներ` Արշակ Չօպանեան, Արփիար Արփիարեան, Սուրէն Պարթեւեան եւ այլոք, որոնք Եւրոպայում հայ խօսքն ու մշակոյթը տարածելու, զարգացնելու եւ ամենակարեւորը` Թուրքիոյ մէջ իրենց հայրենի հողերի վրայ հայութեան դէմ գործադրուող բռնութիւնները օտար պետութիւններին տեղեկացնելու համար իրենց կեանքն են ներդրել` իրենք ամենադժուարին պայմաններում ապրելով: «Ինչո՞ւ Եւրոպա կը գտնուինք» գրութեամբ «Նոր Կեանք»-ում կրկին Ա. Արփիարեանը պատասխանում է. «Հացի խնդրով չէ, որ հոս եկած ենք, դասալիքներ ալ չենք: Մեր հոս գալուն նպատակը անդին չարչարուող մեր եղբայրներուն տառապանքը վերջացնելն է» (1901թ.):
Այսպէս, արեւմտահայ ողջ մտաւորականութիւնը հասկանալով, որ իրեն հալածող թուրքի դէմ պայքարի միակ միջոցը հայ լեզուն ու մշակոյթը պահելն է, ամենակարեւորը` դրանով տառապեալ ժողովրդին արթնացնելն է, վերադառնում ու լծւում է այդ գործին, իր գիտելիքն ու ձեռք բերածը ներդնում դրա զարգացմանը, բացում վարժարաններ, միայն 1903-ին 800-ից աւել վարժարաններ են գործել, 6 օրաթերթ, որոնք բոլորն էլ, ըստ Արամ Անտոնեանի, վճարել են իրենց աշխատակիցներին: Արեւմտահայ մշակոյթի այդ նոր ծաղկունքը տեւել է մինչեւ 1915, վերջնական Եղեռնը: Վկան` գրքերի եւ հանդէսների, մամուլի իրերայաջորդ հրատարակութիւնները` 1908-ին Սիամանթոյի «Հայորդիներ» գիրքը, 1909-ին` «Կարմիր լուրեր բարեկամէս», Ատանայի ջարդերի առիթով, նոյն թուին` Վարուժանի «Ցեղին սիրտը», 1910-ին` Ռուբէն Սեւակի «Կարմիր գիրքը», Կիլիկիոյ ջարդերին նուիրուած: 1911-ին Զապէլ Եսայեանի «Աւերակներու մէջ», շարքը երկար է, դեռ չհաշուած` թարգմանութիւնները, թրքատառ հայերէն հրատարակութիւնները եւ այլն:
Պատահական չէ, որ Պոլիսը` արեւմտահայ մշակոյթի զարգացման այդ կեդրոնը, անբացատրելի ուժով է ձգել հայ ստեղծագործողներին, նոյնիսկ 1915-ի ջարդերից փրկուածներն անգամ հին կապուածութեամբ, 1918-ից յետոյ վերադարձել ու շարունակել են ստեղծագործել Պոլսում:
Վարուժանի բանաստեղծութիւնների առաջին շարքը, գրուած` 17 տարեկանին, ինչպէս վերը նշեցի, ստեղծել է Պոլսում, հրատարակուել է 1905թ. «Սարսուռներ» խորագրով, «Գեղունի» հանդէսում, ուր առաջին անգամ նա ստորագրել է ոչ թէ Չպուգքեարեան, այլ` Դանիէլ Վարուժան (Վարուժան նշանակում է առաջնեկ, անդրանիկ, հաւանաբար այդ առիթով է ընտրել), որը եւ դարձաւ իր մնայուն անունը, եւ որով յաւերժացաւ:
Իր այս շարքի առաջին` «Մուսային» բանաստեղծութեամբ աւետում է բանաստեղծ դառնալու իր տենչը. «Երգել, երգել կ՛ուզեմ ես» իր տողն է, նոյնիսկ երբ մուսան զգուշացնում է` յիշեցնելով բանաստեղծի անցնելիք դժուար ճանապարհը.
«Ի՜նչ, այս քընա՞րը կ՛ուզես, քնար սեւ փայտէ՜.-
Այս` վէրքերու գործիք մըն է, այս է հուր» ,«այս դագաղդ է»,
չի խախտում իր վճիռը` «Ես, անյողդողդ, ըսի անոր: Ըլլայ, տուր»: Եւ առանց դոյզն իսկ տատանուելու, անյողդողդ իր վճռին` այդ քնարով մինչեւ իր վերջին շունչը երգեց ոչ թէ իր անձնական, այլ իր ժողովրդի եւ մարդկութեան ցաւերը:
Այս շարքում պատառիկներ են իր մանկութեան երկրորդ շրջանից, երբ Պոլսում, 12 տարեկանին, իր երկրորդ մանկութիւնն էր ապրում միայնակ, ընտանիքի ջերմութիւնից հեռու, որը եւ կարծես միանգամից հասունացրել էր իրեն: Արդէն պատանի` իր ներքին դիտողականութեամբ նա կարողացել էր իւրացնել այդ քաղաքի ջարդերի, թշուառութեան, հալածանքների եւ մեծ քաղաքին յատուկ ցոփութեան իրական դիմագիծը, յատկապէս հօր հետ շփուելով` ականատես եղել կեղեքուող ժողովրդի ցաւերին, ամէնօրեայ նրանց վշտերին եւ իր զգայուն հոգով այդ ամէնը հաւաքագրելով իր մէջ` այն վերարտադրեց իր հաւաքածոյում:
«Հա՛յր, օրհնէ»-ում նա տալիս է իր շնորհքի հիմնական աղբիւրի հասցէն. հօրից իրեն փոխանցուած խորութեան հիմնական աղբիւրը, որն զգացել էր իր պատանութեան տարիներին.
«Իմ արիւնս է գոյացած քու քրտինքէդ,
Յոգնութեանդ ծիլն եմ տըխուր»
Իսկ շարքի յաջորդող բանաստեղծութիւններում` «Ձիւնէ դագաղը», «Մոխիրներուն առջեւ», «Մուրացիկը», «Վիժածը», «Հիւանդ է» եւ այլն, բացայայտւում էր իր զգայուն հոգին, ամենակարեւորը` իր սրտացաւութիւնը այլոց ցաւերի հանդէպ:
«Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ`
Մարմնաւորած իմ արիւնէս, շարժումէս»
Նա ամենեւին չէր սխալւում, այդ նոյն շարքում մարդ իրապէս մղկտում, սարսուռ է ապրում` թէկուզ «Ձիւնէ դագաղը» բանաստեղծութիւնը կարդալով: Անօթեւան, թշուառ հարբեցողի մահը մի ապարանքի աստիճանների վրայ, ուր ձիւնը իջնելով արդէն մեռած, սառած մարմնի վրայ` նրա դագաղն է դառնում: Ուրիշների ցաւով տառապելը աւելի մեծ առումով հանդիպելու ենք նրա հետագայ բոլոր գործերում:
Պատահական չէ իր պատասխանը բոլոր նրանց, որոնք փորձեցին Դուրեանի «Տխրութիւն» բանաստեղծութեան հետ համեմատել «Սարսուռներ» ժողովածուն եւ կրկնութիւն համարել այն: Նա համարձակօրէն պատասխանեց. «Դուրեանի տխրութեան շարժառիթը իր անձն է, իմինս` ուրիշները»: Չէ՞ որ ինքը նկարագրում էր ուրիշների տառապանքը:
Յիշեցնեմ` նա ընդամէնը 17 տարեկան էր:
Մուրատ Ռափայէլեանում սովորելու տարիներին ստեղծում է բանաստեղծութիւնների մի նոր շարք, որը շարունակում է յղկել, զարգացնել Կանտում ուսանելու տարիներին, եւ որը բաւական դժուարութիւններից յետոյ, տպագրւում է 1909-ին, «Ցեղին սիրտը» խորագրով:
Այս ժողովածույում արդէն հասուն բանաստեղծն է` անվերջանալի բռնութեան ու հալածանքի մէջ, իր ազգի տառապանքը ներկայացնողը, ուր բացայայտւում է նաեւ իր ընդվզող հոգին, որն ապրում ու շնչում էր իր ժողովրդի ճակատագրով, նրա անկախութեան գաղափարով, սեփական հողը ամէն միջոցով պահպանելու, նրա դարաւոր պատմութեամբ, առօրեայով, նրա գալիքով: Եթէ այս ամէնին կարելի է տալ մի ընդհանուր բնորոշում, դա հայրենասիրութիւնն էր, որը դարձել էր աշխարհահայեացք` ընդհանրապէս այդ շրջանի ստեղծագործողների համար: Սակայն Վարուժանի համար հայրենասիրութիւնը սոսկ աշխարհահայեացք չէ, այն իր ապրումն ու կեանքն է, որի մէջ ներառում է նաեւ ողջ մարդկութեան տանջող իրավիճակները:
«Ցեղին սիրտը» ժողովածուն բաժանւում է երկու տարբեր` իրար հակադիր խորագրերի` «Բագինին վրայ» եւ «Կրկէսին մէջ», որն ընդգրկում է նաեւ «Դիւցազնավէպեր»-ը: Ինչպէս հետագայում կը տեսնենք, սա Վարուժանի ոճն է, իրար հակադիր գործերը իրար շաղկապելով` ընդհանուր ասելիքին ծառայեցնել, որով իր տուածը դառնում է մեծ ու ընդհանրական:
Շարքն սկսւում է «Ձօն» բանաստեղծութեամբ, այն հիացնում է նրբօրէն մշակուած լեզուական գեղեցկութեամբ: Պատահական չէ, երբ 1907թ. Ա. Չօպանեանին գրած նամակում հետեւեալն ենք կարդում. «Ասկէ վերջ բաւական չէ քերթուածներս ստեղծել սրտիս կաթիլ-կաթիլ արիւնովը, այլ հարկ է զանոնք զգեստաւորել հայերէնի ամբողջ փառքովը եւ արուեստի ամբողջ նրբութեամբը» (1907թ. 31 դեկտեմբեր, Կանտ):
Եւ անկասկած նա մի իւրայատուկ արուեստով էր տիրապետում մեր լեզուի ողջ նրբութեանն ու հարստութեանը եւ` ոչ միայն լեզուի: Սակայն սա միայն լեզուի նրբութիւնը ցուցադրող ձօն չէ, դա միաժամանակ պայքարի՛, հայրենասիրութեա՛ն կոչ է: Ձօն է ողջ հայութեան, նոյն եղէգնեայ գրչով երգուած, որով դարեր առաջ հայրենի հողի հիմքն են գովերգել, որոնք դարեր պայքարել ու պահպանել են մեր հողն ու պատմութիւնը: Կարդալով այն, անվերջ մտածում ես` ինչպէ՞ս, ե՞րբ հասցրեց հաւաքագրել իր ժողովրդի անցած դժուարին ուղին այս երիտասարդը, որ հեռացաւ օտար երկիր դեռ պատանի հասակում: Ե՞րբ վերլուծեց նրա պատմութիւնը, ե՞րբ ծանօթացաւ նրա կորուստներին ու հերոսամարտերին, ե՞րբ հասկացաւ, որ միայն զէնքով կայ ազգին փրկութիւն»:
«Եւ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի,
Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ,
Գրիչս եղաւ անթրոց սըրտերու հնոցի…
Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ,
Եղէգնեայ գրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղէգան փող բոց ելանէր»
Այդ եղէգան փողով նա փափաքում էր Նեմեսիսի, վրէժի աստուածուհու, փոխաբերական արթնացումը տեսնել իր ժողովրդի մէջ:
Եւրոպայից ձեռք բերած ժողովրդային գաղափարները նրան մղում էին իր ժողովրդին արթնացնել, համախմբել, ոտքի հանել իր ազատութեան համար: Նա ամբողջովին յենւում էր իր ժողովրդի ներքին ուժերի արթնացման վրայ, որի մղիչ ուժը թուրքի ճնշումներից կուտակուած վրէժն էր դառնալու: «Ժողովուրդն է, ժողովուրդն է, որ կու գայ», կարդում ենք «Նեմեսիս»-ում`
«Եկաւ զանգուած մ՛իր բրտութեան մէջ նընջող
Եւ արթընցաւ Դիցուհի՜
Զերթ քարափերթ մ՛ըստրուկ ինկաւ մուրճին տակ,
Եւ կանգնեցաւ Վրիժուհի»:
ՇԱՐ. 2