ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
«Հայը Պիտի Ապրի` Հակառակ Իր Դահիճներուն:
Ժանիքի Դէմ Ժանիք, Թաթի Դէմ Թաթ Վրիժառու»
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
Փոքր էի, դեռ գրել-կարդալ չգիտէի, մայրս միշտ մեզ համար կարդում էր տարբեր բանաստեղծութիւններ` տարբեր գրողներից, յատկապէս` արեւմտահայ: Անբացատրելիօրէն միայն երկու բանաստեղծութիւն էր անմիջականօրէն ազդել իմ վրայ, աւելի ճիշդ` այդ երկուսի մի քանի տողերը, լսածս պահից, պատկերաւոր կերպով տեղաւորուել էին իմ մէջ եւ ապրում ու շնչում էին ինձ հետ: Առաջինը «Բանուորուհին» բանաստեղծութիւնից էր, երկրորդը` «Կարօտի նամակ», Վարուժանից: Անշուշտ վերնագրերին շատ յետոյ ծանօթացայ:
50-ական թուականներն էին, համատարած աղքատութիւնն էր իշխում: Մեր տունը, ուր անցել էր մանկութիւնս, փողոցի վրայ էր գտնւում, բնականաբար անցուդարձը անպակաս էր:
Փողոց նայող պատուհանի տակ էր իմ մահճակալը, եւ փոքրուց զգայուն քուն ունենալուս պատճառով, ամէն մի անցուդարձ կամ փոքրիկ մի ձայն արթնացնում էր ինձ: Յատկապէս ձմրանը, վաղ առաւօտեան, պատուհանիս տակից քայլողներից ոմանք միշտ հազում էին եւ կարծես դիտաւորեալ կանգնում էին հէնց մեր պատուհանի տակ հազալու: Տաք վերմակի տակ կծկուած հալ ու մաշ էի լինում նրանց հազի հետ, աւելի փաթաթւում վերմակիս, պատկերացնում էի, թէ որքան են մրսում, երեւակայութեամբ նրանց նոյնացնում մօրիցս լսած` Վարուժանի նկարագրած աղքատ, ուժասպառ բանուորուհու հետ, «Պատուհանիս տակէն, ամէն առաւօտ, ուրուականի պէս կ՛անցնիս». եւ «կը լսեմ քունիս մէջէն ձայնն հազիդ, որ ծոցդ աղուոր կը տանջէ», եւ նրանց հազը կապում իրենց աղքատ, հիւանդ վիճակին: Այսպէս նրանց հետ տանջուելով` երեւակայութեամբ ուղեկցում էի նրանց, մեզնից ոչ հեռու գտնուող գործատեղին, որի ահաւոր պայմանների մասին միշտ խօսում էին մեծերը:
Առաւօտեան ուրախանում էի` մօրս տեսնելով տանը, երջանիկ էի, որ նա այդ հիւանդոտ բանուորուհու վիճակին չէ: Եւ այսպէս, տարիներ շարունակ:
Իսկ երկրորդը «Կարօտի նամակ»-ն էր:
Իմ մեծ մայրս, որին Մեծիկ էինք ասում, Եղեռնից կրկնակի փրկուածներից էր: Իր երեք տղայ զաւակներից միայն մէկն էր փրկուել իր հետ, որը սակայն հեռաւոր Հալէպում էր մնացել: Այդ տարիներին Խորհրդային Հայաստանից արգելուած էր նոյնիսկ նամակագցել արտասահմանի հետ, եւ բոլոր հայրենադարձները կարօտախտով էին տառապում, էլ չեմ խօսում նրանց դժուար կեանքի, վախի, դժգոհութեան մասին:
Մեծ մայրս գիշեր-ցերեկ տառապում, հալ ու մաշ էր լինում իր միակ որդու կարօտից, միշտ արցունքով խօսում ու պատմում նրանից, Աստծուց խնդրում, որ գոնէ մէկ անգամ էլ նրան տեսնի, նրա շունչը զգայ եւ նոր մեռնի: Իր արցունքների հետ տառապում էի նաեւ ես, իմ փոքրիկ երեւակայութեամբ նոյնացնում էի իր վիճակը Վարուժանի սրտաճմլիկ տողերի հետ «Դեռ մինչեւ ե՞րբ հէք գլուխդ ես չսեղմեմ լանջքիս տաք», եւ` անվերջ աղօթում, որ Մեծիկս միանայ, գրկի իր որդուն այնպէս ջերմօրէն, ինչպէս մեզ էր գրկում:
Մայրս պատմել էր նաեւ, որ Վարուժանը Մեծիկիս ծննդավայրից էր` Սեբաստիայից, եւ թուրքերն էին սպաննել նրան, ինչպէս եւ` իր հօր ծնողներին, հօրս ծնողներին, Մեծիկիս ծնողներին ու զաւակներին: Այս նմանութիւններով Վարուժանը իմ հարազատն էր դարձել, կարծես մեր ընտանիքի անդամը լինէր:
Եւ այսպէս, մանկական խաղերիս հետ, նախակրթարանի, դպրոցի աստիճանական բարձրացման հետ, Վարուժանը ապրեց ինձ հետ` որպէս իմ հարազատը, ամէնուրեք մնաց ինձ հետ իր երկու ազդեցիկ բանաստեղծական տողերով ու ճակատագրով, վստահաբար ձեւաւորեց իմ մանուկ հոգին, մինչեւ հասաւ նրան իսկապէս ճանաչել-բացայայտելու պահը:
Այդ այն պահն էր, երբ սահմռկում ես ինչ-որ անբացատրելի ուժի հանդիպելիս, երբ փորձում ես բառերի վերածել տպաւորութիւնդ, եւ բառերը կորցնում են իրենց իմաստը:
Ես մօտեցայ նրան թեթեւ, հին ծանօթի ու մտերիմի անհոգ ինքնավստահութեամբ եւ յանկարծ բախուեցի մի վիթխարի ուժի, որն ինձ կքեց, եւ բնականաբար հասկացայ, որ ինձ հետ ապրեցրել եմ հսկայ տաղանդի, բացարձակ անտեղեակ, թէ ո՞ւմ տողերն են ինձ յուզել:
Այն ստիպեց ինձ փնտռել, փորփրել, իսկապէս ճանաչել իրեն, թէ ինչպէ՛ս հեռաւոր գաւառում աղքատութեան մէջ ծնուած, փոքր տարիքից ընտանիքից հեռու, միայնակ իր ճանապարհը հարթած երիտասարդը, հասկանալով իր ներքին տաղանդի առկայութիւնը, իր ընտանեկան ազգանունը փոխեց Վարուժանի եւ ոչ միայն հայ բանաստեղծութեան մէջ դարձաւ անկրկնելի, այլ նաեւ օտար երկրի համալսարանում իր յիշատակը յարգել պարտադրեց, աշխարհի տարբեր լեզուներով թարգմանուած եւ գնահատուած մեծութիւն եղաւ:
Անշուշտ տարիներ տեւեց իմ բացայայտումը, մինչեւ իր պարզ բանաստեղծութիւնը ինձ համար դարձաւ մի ողջ ժողովրդի ու երկրի ճակատագրի դառը պատմութեան էջ, նուիրական երազանքների անկատար խուրձ, տարբեր քաղաքակրթութիւնները իրար շաղկապող արժէքաւոր դասագիրք:
«Քաղցր երիտասարդ մըն էր, երբ զինք ճանչցայ: Հակառակ Եւրոպային` ուրկէ կու գար իր ուսման ընթացքը բոլորած: Չունէր Եւրոպան սպառած տղոց ո՛չ յոգնութիւնը, ո՛չ անիմաստ մեծամտութիւնը: Կը հաւատար մեր արժէքներուն, աւանդութէանց, դերին, բոլոր իր ընկերներուն նման, բայց այդ հաւատքը մտքէն պիտի չանցընէր համբաւի պատուանդան կամ գահաւորակ ընծայելու» (Յ. Օշական, «Համապատկեր», 6-րդ հատոր, էջ 185):
Այսպէս է ներկայացրել Վարուժանին արեւմտահայ մեր բացառիկ վիպասան ու դժուարահաճ քննադատ Յ. Օշականը «Համապատկեր»-ի իր վերլուծականում:
Արեւմտահայ գրականութիւնը 200 տարուց աւել պատմութիւն էր արձանագրում, երբ Դ. Վարուժանը գրական ասպարէզ իջաւ:
Պետականութիւնից, քաղաքական մտածողութիւնից զուրկ թրքահայութիւնը, համիտեան բռնապետական ճնշման անբարենպաստ պայմաններում, զարմանալիօրէն տնտեսական վերելքի հետ նաեւ մշակութային վերելք էր ապրում, յատկապէս` գրական ասպարէզում հայ լեզուի զարգացման, յղկման մէջ, որը եւ նպաստեց արեւմտահայ գրականութեան վերելքին, առաւելապէս` բանաստեղծութեան իւրայատուկ լեզուահնչեղութեանն ու մշակմանը:
Քիչ ժողովուրդներ կան, որոնք արիւնարբու բռնատիրութեան մէջ մտածում են իրենց մշակութային առաջադիմութեան մասին: Այդ առումով, արեւմտահայութեան պատմութիւնը իւրայատուկ տեղ է գրաւում:
Ցաւօք, մինչ օրս դեռ լրջօրէն ուսումնասիրուած չէ արեւմտահայ գրականութեան այդ ժամանակաշրջանը, երբ բիւրեղացուեց, իր յուզականութեան մէջ երաժշտական հնչեղութիւն ընդգրկելով` հարստացաւ արեւմտահայ բանաստեղծական լեզուն: Ուսումնասիրուած չէ, թէ ինչո՞ւ այդպիսի ծաղկունք ապրեց արեւմտահայ գրական մտածելակերպը` իր մէջ ներառելով ազատութեան ձգտում, հայրենիքի գաղափար, համամարդկային սէր, արուեստի նրբագոյն զգացողութիւն ու կատարեալին հասնելու ձգտում:
Բռնատիրութեան օրէ օր աճող անտանելի ճնշումները, ժողովրդի ընկերային եւ քաղաքական քայքայուած վիճակը ամբողջովին ներկայանում է գրականութեան, նշանակալիօրէն բանաստեղծութեան միջոցով` ողջ գրականութիւնը դարձնելով տուեալ ժամանակաշրջանի պատմական անցեալն ու ներկան պատկերողը:
Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ հայերի վիճակը գնալով ծանրանում էր, երկրում տիրող համիտեան պարբերական ջարդերի, բռնութիւնների, կողոպուտների, անվերջանալի ճնշումների պատճառով: Ողջ հայութիւնը հոգեկան ծանր ապրումներից էր անցնում: Հայը որքան էլ փորձում էր ամէն կերպ խոնարհ հպատակութեամբ իր գոյատեւման միջոցները գտնել, միեւնոյն է` ամէն ինչ պայթում էր իր գլխին, բռնութեան ծուղակը իր շուրջն էր հիւսւում, հայը խեղդւում էր իր արեան հեղեղում: Ահա թէ ինչ է գրում «Դրօշակ»-ը` 1896-ին. «Բանտերը լեցուած են հայերով: Ընդհանրապէս առանց պատճառի կը ձերբակալեն, հարցաքննութիւն կամ մանրամասն խուզարկութիւն չկան, միայն մարդուն անունն ու ուրտեղացի ըլլալը հասկնալէ վերջ կ՛աքսորեն, բայց ստանան գիտէ` թէ ո՛ւր. Շատեր ծովին յատակը կ՛իջնեն, ցամաք ելլողներն ալ անօթութենէ կամ տանջանքներէ կը մեռնին»:
Այս բռնատիրութեան, ոճիրի, համատարած անապահովութեան ժամանակաշրջանում էլ 1884թ, ապրիլ 20-ին Սեբաստիոյ Բրգնիկ գիւղում կրթուած, գրագէտ, բայց հազիւ իր ընտանիքի կարիքները հոգացող Գրիգոր Չպուգքեարեանի եւ Թագուհի Պաղտիկեանի յարկի տակ ծնւում է ընտանիքի առաջին արու զաւակը, որին կոչում են Դանիէլ` ի յիշատակ մօր մեծ հօր, որի խիզախ կերպարը յետոյ նա կենդանացրել է իր«Եիկիտ Տոնէյ» դիւցազնավէպում: Թէեւ իր անուան հետ կապուած մէկ այլ դիպուած էլ կայ: Ըստ որոշ աղբիւրների, հայրը եկեղեցում Դանիէլ մարգարէի էջն է կարդալիս լինում, երբ հաղորդում են անդրանիկ որդու ծնունդը, եւ որդու անունը կնքում է Դանիէլ: Ամէն դէպքում երկու վարկածներն էլ ընդունելի են:
Դանիէլն իր մանկութիւնն անցրել է Բրգնիկ գեղատեսիլ գիւղում` առանց հօր ներկայութեան, աւելի մօր եւ մեծ մօր հոգածութեան տակ, միշտ հօր կարօտով, միշտ նրան երազելով: Չքաւոր ընտանիքի հոգսը գոնէ մասամբ բաւարարելու համար հայրը այլ շրջաններում է աշխատել, աւելի յաճախ` Պոլսում: «Դեռ հազիւ թիթեռներ որսալու հասակիս մէջ` հայրս պանդխտած է Պոլիս, եւ մայրս, ձմեռային երկար երեկոները, թոնրատունը նստած, երեւակայութիւնս օրօրած է ենիչերիներու եւ գայլերու պատմութիւններով»: Այդ ենիչերիները յետոյ պատմութիւնից իրականութիւն են դառնալու իր համար:
Նա բաւական ուշ գրաճանաչ է դառնում, 10 տարեկանին, Բրգնիկի ծխական դպրոցում:
1896-ի համիտեան կոտորածի օրերին ձերբակալում են հօրը: Երկար ժամանակ ընտանիքը նրանից տեղեկութիւն չունենալով` մայրը` 12 ամեայ Դանիէլի հետ մեկնում է Պոլիս` ամուսնուն գտնելու: Վերջապէս նրան գտնում են բանտում: Չքաւոր ընտանիքի հոգսը ամբողջովին ընկած էր մօր եւ մեծ մօր ուսերին: Պոլսում մօրը յաջողւում է հազիւ գրաճանաչ դարձած Դանիէլին տեղաւորել Սագըս-Աղաճիի Մխիթարեանների գիշերօթիկ նախակրթարանում:
Ինչպէս` բոլոր գաւառից մեծ քաղաք եկածների, այդպէս էլ 12-ամեայ զգայուն, անհամարձակ Դանիէլի վրայ ծանր տպաւորութիւն է թողնում Պոլիսը, յատկապէս երբ յաճախակի ականատես է լինում փողոցում կատարուող հայերի ջարդերին, որը անջնջելի ծանր հետք է թողնում իր զգայուն հոգում, մանաւանդ երբ բանտում այցելում է շղթայակապ հօրը: Այդ տեսակցութեան ցնցիչ տպաւորութիւնը տարիներ կրելով իր մէջ` յետոյ աւելի սթափ վերածում է բանաստեղծութեան, «Հօրս բանտին մէջ» վերնագրով:
Դեռ փոքր էի, եկայ քեզի մենաւոր,
Մութ զընդանիդ մէջ այցի՛,
Մայրս հիւանդ էր, կը շրջէի ես ազատ
Մէջտեղ բանտի եւ մահճի:
Հօր այդ հիւծուած, լռակեաց թշուառութիւնը անասելի ալեկոծում է 12 ամեայ իր զգայուն հոգին, նա ուզում է նրան
«Տալ ընդգրկումի մը մէջ տաք`
Ազատ աշխարհը դուրսի»,
բայց անշուշտ անկարող այդ ամէնին, մանկական իր ընկալմամբ, նա փորձում է հօրը մասնակից դարձնել իրենց տան անց ու դարձին, տեղեկացնում է մեծ մօր մահը, մօր հիւանդութիւնը, մայրը հիւանդացել էր թոքախտով, մինչեւ իսկ, որ իրենց վարդենին էլ չորացել է, երբ կոպտօրէն կրկին ետ են տանում հօրը:
«Ու ես երկար ետեւէդ պիշ նայելով,
Հայր իմ մինակ, հոն լացի.
(Մինչ կուրծքիս տակ բաշ կը թօթուէր ոխ մը նոր)
Սիրտս աչքերէս քամեցի»:
Նախակրթարանից յետոյ շարունակում է իր ուսումը Գատըգիւղի Մխիթարեան վարժարանում, ուր իր վրայ մեծ ազդեցութիւն է թողնում իր հայերէնի ուսուցիչ վարդապետ Արիստակէս Քասգանտիլեանը, որը տեսնելով իր աշակերտի մէջ գրելու մեծ շնորհք` ոչ միայն քաջալերում, այլ մինչեւ իսկ սրբագրում է նրա բանաստեղծական առաջին փորձերը եւ յանձնում տպագրութեան: «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նուագները» վերնագրով, որը, ինչպէս ինքն է նշում` «Այս փնջիս ծաղիկներու մէջ հոգիս ու սիրտս խառնած եմ, զի ծաղիկ շատ կը սիրեմ»: Իսկապէս դրանք անմեղ պատանու սրտի պարզագոյն զեղումներն են:
Այդ ընթացքում հայրն ազատւում է բանտից, աշխատանք գտնում Պոլսի իջեւանատներից մէկում, որն իրեն հնարաւորութիւն է տալիս յաճախակի հանդիպելու, յատկապէս արձակուրդներին հօր հետ լինելու, ճանաչելու նրան: «Արձակուրդներս ընդհանրապէս անցած են հօրս քով, Խաւլար խանը, հայ պանդուխտներու հառաչանքներու եւ վէրքերու տրոփիւնին ունկնդիր», գրել է նա: Նա կապւում է հօրը, գնահատում նրա ե՛ւ գիտելիքը, ե՛ւ կրթութիւնը եւ Վենետիկից մօրը գրած նամակում հետեւեալն ենք կարդում.
«Եղբօրս կրթութիւնը հօրս թողուցէք, դուք միայն սիրեցէք զինքը եւ խնամեցէք: Երջանի՜կ է այն մանուկը, երբ կրթող հայր մ՛ունի եւ` խնամող մայր մը, ըսածս գիտեմ»:
Վարժարանը դեռ չաւարտած, նոյն Քասգանտիլեանի յանձնարարականով, որպէս առաջադէմ աշակերտի, նրան ուղարկում են Վենետիկ` Մուրատ Ռափայէլէան վարժարանում ուսումը շարունակելու: Իր յանձնարարականում ուսուցիչը գրել է. «Լաւ նայեցէք, նոր Մկրտիչ Պեշիկթաշլեան կը ղրկեմ»: Վենետիկում ուսանելու չորս տարիները թէեւ բաւական դժուար տարիներ են եղել իր համար, սակայն այն մեծ ազդեցութիւն է ունեցել իր մտային ձեւաւորման վրայ:
Այստեղ էլ նա շարունակում է գրել բանաստեղծութիւններ, որոնք հիմնականում համիտեան ջարդերի եւ հօր աշխատած իջեւանատանը ծանօթացած պանդուխտների դժուար կեանքի, հալածանքների մասին էին:
Ուսումն աւարտելուց յետոյ, 1905-ին, որպէս բացառիկ ուսանողի, նրան ուղարկում են Պելճիքա` Կանտի համալսարանում բարձրագոյն ուսում ստանալու, Մխիթարեանների ծախսերով, որոնք, ըստ իր նամակների, բաւական ուշացումով վճարելով, նիւթական շատ դժուարին վիճակի են մատնել իրեն:
Կանտում նա սիրահարւում է, դժբախտաբար սէրը անփոխադարձ է մնում, իրեն խաբուած է զգում եւ անչափ ծանր տանում իր առաջին սիրոյ պարտութիւնը, խորը յուսահատութեան մատնւում`
Սիրտս է յոգնած, վիրաւոր.
Ո՛չ մէկ գարնան ծաղիկներուն կը սպասէ,
Կին մը ապուշ մոլուցքով
Զայն բզկտեց:
Բաւական երկար ժամանակ հոգեկան այդ բզկտումները հետում են իրեն: Այդ սիրոյ մասին յետոյ նա անդրադառնալու է «Տրտունջք» իր գլուխգործոցի մէջ, սակայն այդ վիճակից դուրս է գալիս, երբ կարդում է Ժընեւում նոր լոյս տեսած Սիամանթոյի «Հայորդիներ» շարքը, որը միանգամից սթափեցնում է իրեն: Ազգի մեծ ցաւը կարծես փարատում է իր ընկճուածութիւնը եւ գրում է. «Երբ հայութիւնը կը խեղդուէր սուրի ու սովի մղձաւանջի մէջ, ես չուզեցի տեղի տալ իմ անհատական ցաւերուս ու նախընտրեցի երգել Ցեղիս սիրտը»: Հետագայում նրա կապը սերտանում է Սիամանթոյի հետ` ե՛ւ ստեղծագործութեամբ, ե՛ւ անձնապէս, հանդիպում են իրար, ինչպէս Սիամանթոն է նշել` «Նեմանի գեղածիծաղ ափերուն վրայ»: Նոյնիսկ 1913թ. Պոլսում Վարուժանը հանդէս է գալիս «Եարճանեանի քերթողութիւնը» դասախօսութեամբ, իրենց մտերմութիւնը շարունակւում է մինչեւ իրենց ողբերգական մահը:
(Շար. 1)